Թեմական խորհրդի միամեայ գործունէութեան զեկոյցի բուռն քննարկում պատգամաւորական ժողովում

 
 
 
Յուլիսի 10-ին, 11-ին եւ 17-ին, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովը գումարեց երեք նիստ, որոնց ընթացքում պատգամաւորները ունկնդրեցին եւ քննարկեցին Թեմական Խորհրդի միամեայ զեկոյցը: Զեկոյցում հանագամանօրէն ներկայացւել էր Թեմական Խորհրդի աշխատանքները կրթական, շինարարական, եկեղեցիների, նիւթական եւ այլ բնագաւառներում: Այն ինչ բացատրւած էր այդ զեկոյցում, մեր համայնքի կառավարման համակողմանի պատկերն էր, որը կարելի է ամբողջութեամբ նաեւ ներկայացնել ժողովրդին: Այստեղ մենք կանդրադառնանք միայն մի քանի առաւել կարեւոր կէտերի, սակայն առաջարկում ենք Թեմական Խորհուրդը այն հրատարակի ամբողջութեամբ (երեւի չնչին յապաւումներով): Այն կարելի է տեղադրել Առաջնորդարանի կայքում: Մենք մեր հերթին պատրաստակամութիւն ենք յայտնում շարունակաբար, բաժին առ բաժին հրատարակել այն՝ «Յոյս»-ի համարներում: Այսպիսով ժողովուրդը առիթ կունենայ քննարկելու կատարւած աշխատանքը եւ բնականաբար նրա հարցերն ու քննադատութիւնները կունենան աւելի իրական հիմք:
 
ՀԱՄԱՅՆՔՆ ԻՐԱՊԷՍ ԳՈՅԱՏԵՒՈՒՄ Է ԾԱԽՍԵԼՈՎ ԻՐ ԳՈՅՔԵՐԸ
Ինչպէս զեկուցել էինք «Յոյս»-ի 123-րդ համարում, իրանական 1390 թւականի բիւջէն վաւերացւեց աւելի քան 2 միլիարդ թուման բացով: Դա նշանակում է, որ համայնքը, ինչպէս ասում են, իր գրպանից է ուտում, այսինքն՝ ընթացիկ ծախսերը փակելու համար վաճառում է իր գոյքերն ու կալւածները: Ընթացք, որն ամենացայտուն կերպով նկարագրում է համայնքի անկումը: Վերոյիշեալ զրոյցի ժամանակ հարց ուղղեցինք Թեմական Խորհրդին, թէ՝ ի՞նչ է ուզում անել այս ընթացքը կանխելու համար: Է. Բաբախա-նեանը այս հարցին պատասխանեց, որ այդ երկու միլիարդը միայն նախահաշիւ է, եւ իրական բացը շատ աւելի քիչ է: Այժմ ներկայացւել է իրական պատկերը. բացը միայն մի քիչ աւելի քիչ է` 1 միլիարդ 600 միլիոն թուման: Այդ բացը լրացնելու համար վաճառւել է ազգային մի կալւած եւ օգտագործւել է բանկում պահ դրւած գումարներից մօտաւորապէս 800 միլիոն թուման: Այսպիսով հարցը մնում է հարց, թէ ի՞նչ պիտի անել այս բացի հետ: Արդեօ՞ք պիտի շարունակել այս ընթացքը, մինչեւ ազգապատկան գոյքերը վերջանան: Պատգամաւորական ժողովը եւ Թեմական Խորհուրդը արդէն երկար տարիներ է, ինչ տեղեակ են այս փաստի մասին: Ի՞նչ ծրագրեր ունեն այս ընթացքը կասեցնելու համար: Սա այն գերխնդիրն է, որ համայնքը ղեկավարող մարմինները պիտի պատասխանեն:
 
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՒԵԱԼՆԵՐ
ԹԽ-ի զեկոյցի վերջում ներկայացւած էր մի շարք հետաքրքիր վիճակագրական տւեալներ, ո-րոնք ստորեւ ներկայացնում ենք մեր ընթերցողին.
Մկրտութիւն
2011-ի  բ վեցամսեակ      86
2012-ի ա վեցամսեակ     56
Մահ
2011-ի  բ վեցամսեակ  210
2012-ի ա վեցամսեակ 180
Ապահարզան
2011-ի  բ վեցամսեակ 18
2012-ի ա վեցամսեակ 13
Մկրտութեան վկայագիր
2011-ի  բ վեցամսեակ 353
2012-ի ա վեցամսեակ 306
Դպրոցների թիւ
2011-ի  բ վեցամսեակ 17
2012-ի ա վեցամսեակ 17
Աշակերտութեան թիւ
2011-ի  բ վեցամսեակ 3030
2012-ի ա վեցամսեակ 3030
 
ՉՓԱԿՒԱԾ ՀԱՇԻՒՆԵՐ
Երեքշաբթի, Յունիսի 17-ի նիստում, հաշւեքննիչ մարմինը ներկայացրեց իր տարեկան զեկոյցը, որի մի բաժինը յատկացւած էր չփակւած հաշիների խնդրին: Այդ զեկոյցից պարզւում էր, որ համայնքի հաշւապահութեան մէջ կան մօտաւորապէս 190 միլիոն թումանի չափ վճարումներ, որոնք դեռ հաշւեփակ չեն եղել եւ մասամբ չեն գրանցւել: Սա նշանակում է, որ գումարներ են վճարւել մարդկանց կամ մարմիններին, որոնք մասամբ կամ ամբողջութեամբ ծախսւել են յատկացւած գործերի համար, կամ ընդհանրապէս չեն ծախսւել, բայց յամենայնդէպս հաշիւը չի ներկայացւել եւ գործը չի փակւել: Այդ հաշիւների խոշորագոյններն են՝.
Մերի Օհանեան ազգապատկան շէնք                             108 մլն. թ.
Մաշհադի փասաժ 41մլն. թուման
Արամ սրահ                      18 մլն.թ.
Դոկտ.Սուլթանի ազգային կալւած                                           5.5 մլն.թ.
Մերի Օհանեան ազգապատկան շէնքի պարագան դարձաւ ժողովի քննարկման առարկայ: Հաշւեքննիչ մարմնի զեկոյցի համաձայն, այս հաշւին վերաբերող թղթածրարում ներկայացւած ֆակտորների(ստացականների) գումարը` 80 մլն. թումանը չի համապատասխանում ընդհանուր գումարին` 108 մլն. թումանին եւ դեռ այդ ֆակտորներն էլ մասամբ խնդիր ունեն:
Ժողովը Թեմական Խորհրդին յանձնարարեց նշւած հաշիւների հարցը հետեւել եւ այդ գումարների վիճակը պարզել։
 
ՄԱՆԿԱՊԱՐՏէԶՆԵՐԻ
ՏԱՐԵԿԱՆ ԹՈՇԱԿԸ`
750,000 ԹՈՒՄԱՆ
Թեմական Խորհրդի հաշւարկումների համաձայն, մեր մանկապարտէզների ծախսը իւրաքանչիւր աշակերտի համար տարեկան կազմում է 1.5 միլիոն թուման: Առաջարկ կար երկու փուլում գանձւած թոշակները հասցնել այդ գումարին: Սակայն պատգամա-ւորները նկատի առնելով մանկապարտէզների կարեւորութիւնը հայեցի դաստիարակութեան գործում, եւ չցանկանալով այս օրերի տնտեսական ծանր պայմաններում ծանրաբեռնել ժողովրդին, տարեկան թոշակը նշանակեցին 750,000 թուման: Յիշեցնենք, որ դպրոցներին ու յատկապէս մանկապարտէզներին է յատկացւում համայնքի բիւջէի ամենաբարձր նպաստը (սուբսիդը):
 
«ՍԱՀԱԿԵԱՆ» ԴՊՐՈՑԻ
ՇԷՆՔԸ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԱ՞Լ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԹԷ՞ ԾԵՐԱՆՈՑԻ ՎԵՐԱԾԵԼ
Պատգամաւորական Ժողովի նախկին որոշումների համաձայն, «Սահակեան» դպրոցի շէնքը պարսկական մի դպրոցի վարձով տալու համար պայմանագիր է կնքւել, բայց այդ պայմանագրի վերջնականացման վերջին փուլերում, Թեմական Խորհուրդը այն եզրակացութեան է եկել, որ այդ շէնքը պարսկական դպրոցի վարձով տալը կարող է ապագայում դժւարութիւններ յարուցել մեզ համար: Բայց Պատգամաւորական ժողովում բնաւ հարց չառաջացաւ, թէ ինչո՞ւ այդքան ուշ են նկատել, որ շէնքի վարձով տալը համայնքի շահերը չի ապահովում: Փոխարէնը՝ խորհրդակցութիւնը կենտրոնացաւ այն հարցի շուրջ, թէ հիմա ինչ անել շէնքը: Թեմականն առաջարկում էր, որ առայժմս 100 միլիոն թուման ծախսելով, այն բնակելի դարձնել եւ աստիճանաբար վերածել ծերանոցի: Կարծիքներ հնչեցին, որ այդպիսի շտապ որոշման կարիք չկայ: Ի վերջոյ ժողովը յանձնարարեց ՊԺ-ին, որ յառաջիկայ նիստում այդ շէնքի համար մտածւած նախագիծ ներկայացնի:
 
Ո՞ՒՐ ՀԱՍԱՒ «ԹՈՒՆԵԱՆ» ԴՊՐՈՑԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ինչպէս յայտնի է մեր ընթերցողին, Պատգամաւորական ժողովի 2011-ի Սեպտեմբերի 7-ի նիստին, հաշւեքննիչ մարմինը բացայայտում էր կատարել «Թունեան» դպրոցի շինարարական նախնական աշխատանքների հաշիւներում 30 միլիոն թումանի հաւանական չարաշահման մասին: Այս ընթացքում ՊԺ-ի եւ ԹԽ-ի դիւանները հետեւել են գործը եւ պատասխանատւութեան են հրաւիրել ժամանակի շինարարական մարմնի պատասխանատու Ժիրայր Նազարեանին, սակայն նա մերժել է ներկայ գտնւել ժողովներում, եւ բաւարարւել է գրաւոր բացատրութիւն ներկայացնել, որը համոզիչ չի եղել դիւանների համար:
Ի՞նչ պիտի անել այսպիսի դէպքերում: Դիմե՞լ պետական դատարան: Թւում է, թէ սա միակ ելքն է, սակայն ազգային մարմինները հասկանալի պատճառներով խուսափում են նման քայլի դիմել: Ժողովը որպէս վերջին ելք խնդրեց Սրբազան Հօրը, որ օգտւելով իր հեղինակութիւնից, պատկան անձնաւորութեանը պատասխանատւութեան կանչել:
 
«Յոյս» թիւ 127
25 Յուլիս 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *