Ինչու՞ Եղեռնի 100-ամեակի երկրորդ յանձնախումբ

 
 
Ինչպէս արդէն տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, բացի Թեհրանի հայոց թեմի կողմից ցեղասպանութեան  100-ամեակը ո-գեկոչելու համար կեանքի կոչւած յանձնախմբի, Թեհրանի մի շարք միութիւններ եւ կառոյցներ, այդ թւում «Րաֆֆի» համալիրը, «ԻԱՄՄ»-ն, «Արաքս» շաբաթաթերթը եւ Աշխարհատեսների կենտրոնի Նարմաքի եւ Մաջիդիյի մասնաճիւղերը, նոյն նպատակով կեանքի էին կոչել մի այլ յանձնախումբ: Նրանք յայտարարել են.
«Թէեւ արդար մտածումն ու պարզ բանականութիւնը կարող էր համայնքի բոլոր ուժերը միատեղել, սակայն անհերքելի փաստ է, որ Թեմականն իր կամքից անկախ չի կարողանում որդեգրել ազգային ուղղութիւն, ենթակայ մնալով ծանօթ այլամերժ կուսակցութեան, ինչը, բնականաբար, անընդունելի է մեզ համար»:
Այլ խօսքով, այդ յայտարարութեան համաձայն, Թեմականի կեանքի կոչւած յանձնախումբը «կուսակցական» է, եւ դրա համար էլ իրենք պարտադրւել են կազմել մի ուրիշ յանձնախումբ:
Նկատի ունենալով, որ ԹՀԹ յանձնախմբին մասնակցում են մի շարք մարդիկ, որ պարզապէս «կուսակցական», այսնինքն դաշնակացական չեն, հարց ուղղեցինք յայտարարութիւնը ստորագրողներին,թէ ինչու են նրանք այդ յանձնախումբը համարում կուսակցական, յստակ ինչ են եղել նրանց պահանջները Թեմականից, եւ ամենակարեւորը, իրենց կեանքի կոչած յանձնախումբը ինչով է տարբերւում Թեմականի յանձնախմբից իր քաղաքական գծի եւ հայեացքների տեսանկիւնից: Արաքսի խմբագիր պարոն Մովսէս Քեշիշեանի միջոցով վերոյիշեալ կառոյցներին ուղարկեցինք հետեւեալ հարցերը, որոնք արդէն քանի շաբաթ անց, եւ մի քանի անգամ հետեւելուց յետոյ, չկարողացանք ստանալ դրանց պատասխանները: Ահա մեր հարցերը.
 
1. Յայտարարել էք,որ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը «կուսակցական» է, մինչդեռ նրանում անդամակցում են անձնաւորութիւններ, որոնք պարզապէս դաշնակացականներ չեն: Օրինակի համար Անդրանիկ Սիմոնեանը, Ռոզիկ Աւանէսեանը եւ Վարուժ Սուրէնեանը: Ի՞նչ պայմաններ պիտի ունենար այդ յանձնախումբը, որպէսզի «կուսակցական» չլինէր:
2. Ի՞նչ քայլեր էք առել միասնական յանձնախումբ ստեղծելու ուղղութեամբ եւ ի՞նչ խոչընդոտների էք հանդիպել:
3. Ձեր յանձնախմբի եւ Թեմական խորհրդի կեանքի կոչած յանձնախմբի աշխատանքները իրենց քաղաքական բնոյթով ինչո՞վ են տարբերւում միմեանցից: Ենթադրենք, ձեր առաջարկած կամ ցանկացած անձնաւորութիւնները լինէին Թեմականի կեանքի կոչած յանձնախմբի անդամներ, ի՞նչ կանէին նրանք, որ ներկայի յանձնախումբը չի անում:
4. Ի՞նչ յստակ առաջարկներ կամ պահանջներ ունէք միասնական յանձնախումբ կազմելու համար:
5. Համառօտ տեղեկութիւններ ձեր մինչ այժմ տարած աշխատանքների եւ առաջիկայծրագրերի մասին: 
 
Նպատակ ունէինք ստացած պատասխանների հիման վրայ դիմել Թեմականին եւ ստանալ նաեւ նրանց պատասխան-բացատրութիւնները: Հնարաւոր չեղաւ:
Յամենայն դէպս, ուշ չէ: Վերոյիշեալ միութիւններն ու կառոյցները կարող են տալ իրենց պատասխանները, որոնք մենք անպայման կը հրատարակենք ու նաեւ կը յղենք Թեմականին կամ այլ պատասխանատու անձանց կամ մարմիններին:
Սպասում ենք վերոյիշեալ մի-ութիւններից, որոնք յաճախ են խոսում մամուլի միջոցով ժողովրդի հետ թափանցիկ խօսելու մասին, իրենց յստակ պատասխանները տալ վերոյիշեալ հարցերին. որպէսզի համայնքը աւելի պարզ պատկերացում ունենայ, թէ ինչու է երկու յանձնախումբ գործում Եղեռնի 100-ամեակի միջոցառումների ոլորտում:
 
 
«Յոյս» թիւ 188
21 Փետրւար 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *