Փոխւելու է թեմի կանոնագրութիւնը

 
ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Յունւարի 20-ի երեկոյեան Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ թեմիս Պատգամաւորական ժողովի 15-րդ նիստը: Նախկին նիստից անցել էր ութ ամիս: ՊԺ-ի ատենապետ Գէորգ Վարդանը այս ուշացման պատճառը բացատրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի Թեհրան այցելութեամբ, Նոր տարւայ արձակուրդի եւ նման հանգամանքներով:
Ժողովի օրակարգը թեմի կանոնագրի փոփոխութիւնն էր, որի անհրաժեշտութեան մասին տարիներ է, ինչ խօսւում է: Սակայն նախքան այդ, ներկայ պատգամաւորներից  5-ը համառօտ ելոյթներով իրենց մտահոգութիւնները կիսեցին ժողովականների հետ: Նրանց արտայայտութիւններում արծարծւեցին հետեւեալ հարցերը.
«Զանգ» ընկերութեան վաճառքի հարցը ու՞ր հասաւ:
Աւետիսեան բուժարանի սարքաւորումներ գնելու համար  նախատեսւած բիւջէն ինչու արագօրէն չի ծառայում իր նպատակին, որ բնականաբար օր օրի սղաճ է արձանագրում:
Ինչու՞ սրանից ամիսներ առաջ ուսուցիչների կողմից գրւած նամակին պատասխան չի տրւել:
Լաւ  կը լինի Պատգամաւորական ժողովը որպէս բարոյական պարտք հետաքրքրւի Երեւանում Մարկոս Գրիգորեանի ժառանգութեան ցուցադրութեան հարցով:
Դպրոցներում մաթեմատիկայի մակարդակն իջել է, ինչը մտահոգիչ է:
Եւ մի շարք այլ հարցեր, որ անպայմանօրէն կրկին կարծարծւեն ՊԺ-ի յառաջիկայ նիստերում, երբ պիտի քննարկւի գործող Թեմական խորհրդի երկամեայ գործունէութիւնը:
Ապա ժողովն անցաւ բուն օրակարգին: Սրբազան հայրը թեմի կանոնագրութեան վերանայման անհրաժեշտութեան մասին հետեւեալ կարեւոր արտայայտութիւնն ունեցաւ.
[Սրբազան հօր խօսքերը կարդայ այստեղ]
Սրբազան հօր բացատրութիւններից յետոյ այդ մասին արտայայտւեցին պատգամաւորներից մի քանիսը: Բոլորն էլ համաձայն էին, որ անհրաժեշտ է կանոնագրի փոփոխութիւնը, սակայն այն մասին, թէ  կանոնագրի ո՞ր յօդւածներն են խնդիր առաջացրել, եւ կանոնագրի ո՞ր մասերը պիտի փոփոխւեն, համարեա ոչ մի խօսք: Բոլորը համաձայն էին, որ պիտի այդ գործի համար յանձնախումբ կազմել, որ չպիտի շտապել, որ կան կէտեր, որոնք կարելի է արագ փոխել եւ կան նաեւ երկար ժամանակ պահանջւջող կէտեր:
Երեւի միայն Էլիպս Մասեհեանը մի քանի կոնկրետ կէտեր մատնանշեց: Ըստ նրա, կանոնագրութեան փոփոխութեան մասին նախկինում որոշում է կայացւել ՊԺ-ում, սակայն  այժմ իր արխիւում չի յաջողել գտնել պատկան փաստաթուղթը: Յամենայն դէպս, ըստ նրա, ՊԺ-ի եւ միութիւնների կապը աւելի օրգանական կարող է դառնալ, քանի որ Ազգային առաջնորդարանը միշտ օգնել է միութիւններին:
Թեմական խորհրդի ընտրութիւնները կարող են տարբեր կարգով կատարւել.օրինակ՝ ՊԺ-ը միայն ընտրի ԹԽ-ի ատենապետին եւ նա ինքը ընտրի իր թիմը:
Կանոնագրութեան եւ ընտրութիւնների կանոնագիրը լաւ կը լինի իրարից անջատել:
Կազմակերպչական յանձնաժողովը կարող է ակտիւանալ եւ այս հարցում իր առաջարկները բերել:
Իսկ Վալոդ Հախինեանը առաջարկեց, նախքան կանոնագրութեան քննարկումը, կազմակերպել մի սեմինար, ընդհանրապէս համայնքի խնդիրները քննարկելու նպատակով: Ըստ նրա, վերջին հաշւով կանոնագրութիւնը միջոց է, եւ նախ պէտք է տեսնել ինչ հարցեր գոյութիւն ունեն եւ դրանց լուծելու համար ինչպիսի կանոնագրութիւն է հարկաւոր: Սակայն սեմինարի առաջարկը ժողովականների հաւանութեան չարժանացաւ:
 
Ժոզէֆ Մեհրաբեանը` դէմ
Թւում է, թէ այսպէս կոչւած, անկախ պատգամաւորների խումբը, կամ աւելի պարզ հանգուցեալ Ալբերտ Քոչարեանի ոչ պաշտօնական խմբակցութիւնը, դեռ միակն է, որ կարող է հանդէս գալ աւելի կանխամտածւած կերպով եւ կոնկրետ առաջարկներով:
Վերջնական որոշումն այն եղաւ, որ կեանքի կոչւի յանձնախումբ կանոնագրութիւնը բարեփոխելու նպատակով: Պատգամաւորները այդ յանձնախմբի անդամների մասին իրենց առաջարկները առայժմ կարող են յանձնել ՊԺ-ի դիւանին:
Թւում էր, թէ ամէմ ինչ կարգին է, յատկապէս ժողովը աւարտւում էր նախատեսւածից աւելի շուտ, ինչը չէր կարող ժողովականներին (այդ թւում լրագրողներին) ուրախութիւն չպատճառէր: Սակայն պատգամաւոր ժոզէֆ Մեհրաբեանը առաջարկեց մի անգամ էլ ձայն տան: Յարգելի ատենապետը համաձայնւեց եւ փորձեց արտայայտւողների նոր ցանկ կազմել, սակայն բանից դուրս եկաւ, որ միակ խօսել ցանկացողը ինքը ժոզէֆ Մեհրաբեանն է եւ համարեա միակ պատգամաւորը, որ դէմ էր կանոնագրի վերանայմանը (կամ առնւազն հարցը մեծացնելուն): Ահա նրա համառօտ եւ պարզ խօսքերը.
«Դիւանը կը ների: Ակնկալում էինք, որ վերջին եզրակացութիւնը աւելի շուտ ասէիք: Մեր գործընկերները խօսեցին մի բանի մասին, որ բոլորիս համար պարզ էր: Կանոնագիրը պիտի փոխւի: Փոխւի: Հարց չկայ: Պէտք է յանձնախումբ կեանքի կոչւի: Կոչւի: Մեր որոշ գործընկերներ ման են գալիս էս կանոնագրի մէջ մի բաներ ճարեն, որ զարմացնում է: Ես խիստ դէմ եմ: Կանոնագրի մէջ շատ բան չկայ փոխելու: Հաւատացած եմ, որ շատ բան չկայ փոխելու: Անիմաստ պրպտումների մէջ ենք: Խօսում ենք, խօսում ու հասնում ենք ընտրութիւններին: Եւ վերջում էլ պարզ չենք ասում, որ Մաջիդիէյի բնակչութիւնը շատա, մի երկու հոգի աւելանայ: Կամ Նարմաքի բնակչութիւնը պակսելա, պատգամաւորների թիւը պակսեցնենք: Ես կարծում եմ ժողովի էս թանկ ժամը, որ բոլորինսա, – էս մասը կանոնագրին կապ չունի – խնդրում եմ դիւանը բոլոր էն հարցերը, որոնք արծարծւեցին, անկատար գործերը, էն ակնկալիքները, որ յանձնաժողովներն են ունեցել, մենք դրանց մասին պատասխան բերենք:
Մենք նայենք էս երկու տարւայ ընթացքին, որոշներս էս վեց տարւայ ընթացքին էս համայնքին ինչ տւեցինք: Դա կանոնագի՞րն էր մեղաւոր, թէ՞ որեւէ շրջանից երկու հոգի աւել  պակասն էր մեղաւոր »…
 
Այնուհետեւ ժողովը աւարտւեց, եւ մինչ պատգամաւորները դահլիճի դրսում  հիւրասիրւում էին, խոսակցութիւնները շարունակւում էին ներսում. այդ թւում լսեցի պատգամաւորներից մէկի խօսքերը, թէ՝ թող Թեհրանում էլ մի ընդհանուր համամասնական ընտրութիւն լինի, Նոր Ջուղայի պէս: կարիք չկայ թաղամասերի բաժանել Թեհրանը:
յառաջիկայ ժողովը տեղի կունենայ փետրւարի 17-ին կամ 18-ին, իսկ դրանից մի քանի օր յետոյ տեղի կունենայ Թեմական խորհըրդի նոր ընտրութիւն:
 
 
«Յոյս» թիւ 187
7 Փետրւար 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *