Ռուս զինվորը սպանել է Գյումրեցի ընտանիքի վեց անդամների

  
Քրէական գործը վերածվում է քաղաքական բողոքի
 
 
Երկուշաբթի, հունվարի 12-ին առավոտյան Գյումրում մի ընտանիքի վեց անդամների գտան մահացած: Զոհվել են ընտանիքի հայրն ու մայրը, որդին և հարսը, չամուսնացած աղջիկը և երկու տարեկան թոռնուհին, իսկ վեց ամսական թոռը դանակի հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով զորամասից փախուստի էր դիմել և դեպքի վայրում թողել էր իր զինվորական կոշիկները եւ զենքերը:
Ոստիկանության տվյալներով՝ Պերմյակովը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանի Բայանդուր գյուղի մոտ և ձերբակալվել:
Դեռեւս հայտնի չեն ոճրագործության դրդապատճառները, սակայն ժողովուրդը վրդովված է եւ պահանջում է, որ դատավարութիւն կատարվի Հայաստանի օրէնքներով: Քրեական այս արարքը մեկ անգամ եւս ծայր է տվել հայերի հակառուսական տրամադրութիւններին:Երկուշաբթի, հունվարի 12-ին առավոտյան Գյումրում մի ընտանիքի վեց անդամների գտնվեցին մահացած: Զոհվել են ընտանիքի հայրն ու մայրը, որդին և հարսը, չամուսնացած աղջիկը և երկու տարեկան թոռնուհին, իսկ վեց ամսական թոռը դանակի հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
 
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՌՈՒՍ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
Չորեքշաբթի երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը թեև սգում էր երկուշաբթի սպանված վեց հայրենակիցների համար, սակայն չէր ընկրկում ու պայքարում էր՝ ստիպելով գլխավոր դատախազին վստահեցնել, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում:
Հայրաքաղաք Գյումրու մի կողմում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, ըստ նախնական տվյալների, ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի հոգեհանգիստն էր, իսկ մյուս կողմում գյումրեցիները մի քանի բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով գործի լիարժեք և մանրակրկիտ քննություն, ինչպես նաև ռուս զինվոր Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին։
Ցերեկը գյումրեցիները բողոքի ավտոերթով ուղղվեցին դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան, սակայն իրավապահները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ հյուպատոսարանին, ինչին հաջորդեց հըր-մըշտոց, ապա ցույցի մասնակիցներն ուղղվեցին դեպի Շիրակի մարզպետարան, որտեղ նրանք ձվեր նետեցին շենքի վրա և ռուսերեն «Կոշկին դոմ» գրությամբ թղթեր փակցրեցին ապակիներին, ինչին ևս հաջորդեց հրմշտոց ոստիկանների հետ։
Սակայն գյումրեցիները շարունակեցին բողոքի ակցիան՝ այս անգամ շարժվելով դեպի Գյումրում տեղակայված ռուսական ռազմաբազա, որտեղ առաջացած լարվածությունը թուլացնելու փորձ արեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ փորձելով համոզել հավաքված հազարավոր քաղաքացիներին հեռանալ ռազմաբազայի տարածքից, և բողոքի ակցիան տեղափոխել դատախազության մոտ։
Ժամեր անց գյումրեցիները թեև հեռացան ռազմաբազայի մոտից, սակայն վերջնաժամկետ ներկայացրեցին ու պայմանավորվեցին հինգշաբթի՝ հունվարի 15-ին, Ավետիսյանների հուղարկավորությունից հետո, կրկին հավաքվել:
Երևանի Ազատության հրապարակում ևս շարունակվեց հիշատակի մոմավառությունը, որտեղից մոտ երկու հարյուր քաղաքացի շարժվեցին Հայաստանի նախագահի նստավայր՝ նույնպես պահանջելով ռուս զինծառայողին հանձնել հայ իրավապահներին:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարել էր, որ թեև հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, և բոլոր զոհերը Հայաստանի քաղաքացիներ են, սակայն գործի քննությունը Ռուսաստանի իշխանությունների իրավազորության ներքո է:
Սակայն չորեքշաբթի երեկոյան արդեն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո դուրս գալով նախագահի նստավայրից, լրագրողներին հաղորդեց, որ ոճրագործություն կատարած անձը օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի։
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը հանդես էր եկել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության վերաբերյալ պարզաբանմամբ՝ նշելով, որ «հետամուտ է լինելու ինչպես Հայաստանի տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը»։
«Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդըրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրես կուսակցությունը դեպքից միայն երկու օր անց՝ չորեքշաբթի երեկոյան ևս հայտարարություն է տարածել՝ խոր ցավակցություն հայտնելով, ինչպես նաև կիսելով հանրապետության քաղաքացիների վրդովմունքը «մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ», և պահանջել, որ Հայաստանի իշխանությունները «գոնե այսպիսի անփութությունից և անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչև վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»:
Գոհար Աբրահամյան
 
 
ԳՅՈՒՄՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆԴ ԿԱՏԱՐԱԾ ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԾԱԳՈՒՄ
 
Հայաստանի իրավապահ մարմիններին Գյումրում վեց հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացի՝ ծնունդով Չիտայից, 18-ամյա զինծառայող Վալերի Պերմյակովին չհանձնելը խախտում է թե’ Հայաստանի և թե’ Ռուսաստանի Սահմանադրությունները, պնդում է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանի խոսքով` իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը պետք է իրականացվեր Հայաստանում, և ենթադրյալ կասկածյալը պետք է պատասխանատվության ենթարկվեր Հայաստանի օրենսդըրությամբ սահմանված կարգով:
«Որոշումն ընդունվել է Հայաստանի տարածքից դուրս, որ այս գործի հետագա նախաքննությունը պետք է իրականացվի, համենայն դեպս, ոչ Հայաստանի իրավասու մարմինների կողմից: Ցավոք, մեր պետությունն ի զորու չէ շրջանցելու այդ որոշումը, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը` ինքնիշխանության մասին»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը պնդեց փաստաբանը:
Փաստաբանը, անդրադառնալով քաղաքական և պետական վերնախավի արձագանքներին, նկատեց, որ նրանց հայտարարությունները հակասական են՝ մասնավորապես նշելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնական հայտարարությունը, ով ասել էր, որ կասկածյալին Հայաստանում են դատելու:
Ըստ ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների` Պերմյակովը իր նախնական ցուցմունքներում նշել է, թե Ավետիսյանների տուն է մտել ջուր խմելու նպատակով, սակայն նրա բացատրություններից այդպես էլ պարզ չէ, թե դեպքերի զարգացումը ինչպե՛ս կարող էր հանգեցնել նման զանգվածային սպանդի:
«Նախաքննություն է ընթանալու «ջուր խմելու» նկատառումով, այն դեպքում, երբ նույն ռուսական լրատվամիջոցները հայտարարում են, որ նա վախեցել է մատնվելուց, 6 ամսական երեխան ինչպե՞ս կարող էր հայտնել այդ տղայի՝ զորամասի տարածքն ինքնակամ լքելու մասին: Հետևաբար, մենք գործ ունենք իսկապես լրջագույն հանցագործության հետ և պետք է հասնենք նրան, որպեսզի օբյեկտիվ նախաքըննության արդյունքում գոնե իմանանք, թե իրականում ինչ է կատարվել»,- նկատեց Նորիկյանը:
Անդրադառնալով 1995 և 1997 թվականներին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերին՝ փաստաբանը նշեց, որ տեղի է ունենում Սահմանադրության խախտում:
«Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են Հայաստանի իրավասու մարմինների քննությանը` օրենսդրությամբ սահմանված կարգով»,- համաձայնագրից մեջբերեց Նորիկյանը:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության գրասենյակը հայտարարել էր. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գըտնըվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»:
 
Աղբյուր` armenianow.com
 
 
«Յոյս» թիւ 186
24 Յունւար 2015 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *