Իրանը դատապարտեց Փարիզի ահաբեկչութիւնը, բայց նաեւ «Շառլի Էբդո»-ի արարքը

 
 
Իրանի արտգործնախարարութեան խոսնակ` Մարզիէ Աֆխամը դատապարտեց Փարիզի ահաբեկչական գրոհը, որի արդիւնքում սպանւեցին 13 հոգի: Նա յայտարարեց, որ նման բռնարարքներ անմեղ մարդկանց դէմ, դէմ է իսլամական ուսուցումներին: Նա միաժամանակ անընդունելի համարեց խօսքի ազատութեան անւան ներքոյ ծայրայեղութիւնները, կրօնական սրբութիւնների եւ դէմքերի նկատմամբ վիրաւորական եւ անյարգալից արարքները եւ դատապարտեց դրանք:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին եւս իր «Թուիթեր»-ի էջում գրեց հետեւեալը.
«Մենք դատապարտում ենք բոլոր բռնարարքները, ծայրայեղութիւնները եւ ահաբեկչական ակտերը, դա լինի Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում թէ’ Լիբանանում, ինչպէս նաեւ Փարիզում թէ’ Ամերիկայում:
«Շառլի Էբդո»-ի աշխատակիցների սպանութիւնեան յաջորդող այդ թերթի առաջին համարի վրայ իսլամի մարգարէի պատկերի տպագրութիւնը եւս վիճահարոյց դարձաւ ողջ աշխարհում: Իրանի արտգործնախարարութիւնը պաշտօնապէս դատապարտեց նման արարք եւ այն համարեց գրգռիչ սադրանք: Մուսուլման երկրների ղեկավարները եւս դատապարտեցին այդ գործը: Նոյնիսկ աշխարհի կաթոլիկների ղեկավար` Պապ Ֆրանսիսը այն անընդունելի համարեց:
 
 
«Այն, ինչ կատարվեց «Շառլի Էբդոյի» դեմ, սպասելի էր»
 
Փարիզում «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) շաբաթաթերթի խմբագրության վրա հունվարի 7-ի առավոտյան կատարված ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձան այդ երգիծական շաբաթաթերթի 10 լրագրող եւ 2 ոստիկան, ապա դրան հաջորդած եւս 5 հոգու՝ չորս պատանդի եւ մեկ ոստիկանի սպանությունը, փոթորկել են առաջադեմ աշխարհը: Երեկ Փարիզում ավելի քան մեկ միլիոն մարդու մասնակցությամբ ցույց էր կազմակերպվել, որին մասնակցում էին ոչ միայն ֆրանսիացիներ, այլեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ՝ ցույց տալու իրենց համերաշխությունը՝ ընդդեմ ահաբեկչության եւ հանուն խոսքի ազատության: Այն, որ բանավոր կամ տպագիր խոսքի, նկարի, ծաղրանկարի համար մարդ սպանելը չի ենթարկվում որեւէ տրամաբանության, թվում է՝ անվիճելի է, սակայն Charlie Hebdo-ի դեպքից հետո կատարվածի մասին աշխարհով մեկ սկսված բանավեճը ցույց է տալիս, որ վիճել կարելի է նաեւ այս հարցով: Անգամ ոչ մահմեդականների, քրիստոնյաների մեջ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ «պետք չէ վիրավորել մարդկանց կրոնական զգացմունքները, հակառակ դեպքում պատրաստ եղեք ամեն ինչի, այդ թվում՝ նման ծայրահեղ պատժի»: Այս տեսակետին հակադըրվում է երեկ Փարիզում միլիոնավոր մարդկանց կողմից հնչեցվող կարծիքը՝ խոսքի ազատությունը գերագույն արժեք է, կարելի է քննարկել, քննադատել, ծաղրել ամեն ինչ եւ ամենքին, այդ թվում՝ կրոնը, եւ դրա համար ոչ ոք իրավունք չունի մարդ սպանելու:
Տեսակետների այս բախումը, արժեհամակարգերի այս անհամատեղելիությունը ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ կամ ինչե՞ր կարող են հետեւել Եվրոպայի սրտում տեղի ունեցած սպանդին, այս խմորը դեռ ինչքա՞ն ջուր կվերցնի: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ արաբագետ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Արաքս Փաշայանից: Ըստ Ա. Փաշայանի՝ այն, ինչ կատարվեց «Շառլի Էբդոյի» դեմ, սպասելի էր. «Դրան նախորդել էին կրոնական ենթատեքստ ունեցող մի շարք ահաբեկչություններ, բռնարարքներ, բազմաթիվ անգամներ հրատարակվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանըկարները: Հիշենք, թե ինչպես 2005թ. դանիական «Գիլանդս-փոսթեն» պարբերականում իսլամի մարգարեի թեմայով 12 ծաղրանկարների հրապարակումը միջազգային ճգնաժամ առաջ բերեց, եւ հայտնի է «ծաղրանկարային պատերազմ» անունով: Եվրոպան դեռ երկար ժամանակ քննարկելու է կատարվածը: Իմ կարծիքով՝Փարիզի հունվարի 7-ի ահաբեկչությունն իր հնչեղությամբ ու դրամատիզմով շատ եզրեր ունի 2001 թվի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչության հետ: Դրան հաջորդեցին շատ անկյունաքարային դեպքեր: Կարծում եմ՝ Փարիզի ահաբեկչությանը եւս կհաջորդեն թե՛ եվրոպական, թե՛ միջազգային նշանակություն ունեցող անկյունաքարային գործընթացներ»:
 
Աղբյուր` Առաւօտ օրաթերթ, Հունվար 14, 2015 (հատված)
 
 
«Յոյս» թիւ 186
24 Յունւար 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *