Լեւոն Ահարոնեանի նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

 
 
Նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Վեհափառին
 
Վեհափառ տէր
Խորին յարգանքով ու ակնածանքով դիմում եմ Նորին Սրբութեանդ հետեւեալ հարցով:
Վերջին տարիներին քրիստոնեայ լուսաւորչական դաւանանքին հետեւող հայերի մէջ մի հարց է առաջացել, որ ես իբրեւ մի հայ լուսաւորչական քրիստոնեայ եւ «Յոյս» երկշաբաթաթերթի պատասխանատու այս խնդիրը ներկայացնելով ցանկանում եմ իմանալ պատասխանը:
Երբ Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը ժամանում է Իրան, նրան այսպիսի բարի գալստի մաղթանքներով են դիմում՝ «Աշխարհի բոլոր հայերի հոգեւոր առաջնորդ» եւ այդպէս էլ հրատարակում մամուլում,որ իհարկէ, մի խումբ գիտակից հայերի կողմից այդ հարցի վերաբերեալ բողոքներ եղան, եւ պիտի ասել, որ դա մի քիչ մեղմացրեց դրութիւնը:
Արամ Ա վեհափառի վերջերս Իրան այցելութեան ժամանակ մեր կենտրոնական Ս. Սարգիս եկեղեցում Թեմական խորհրդի կողմից պաստառներ էր փակցւել վերոյիշեալ տիտղոսով ու հանգամանքով  եկեղեցու դռան ճակատին: Այդ պաշտօնակոչումները մեր մտաւոր խաւին դուր չեկաւ, ինչպէս նաեւ ինձ եւ անհանգստացրեց շատերին:Ես մի յօդւածով «Յոյս» երկշաբաթաթերթում խիստ բողոքեցի եւ դա շատ լաւ արձագանք ունեցաւ Իրանում ու Հայաստանում: Նման սխալ պաշտօնակոչումները շատ վնասակար երեւոյթ են, քանի որ հայերը ցրւած են աշխարհի չորս կողմերը եւ կարող է ամէն մի համայնք նիւթական շահերից կամ քաղաքական ուղղութիւններից դրդւած մի հոգեւոր առաջնորդ ստեղծի եւ նրան շնորհի աշխարհի բոլոր հայերի առաջնորդի տիտղոսը:Այն ժամանակ պիտի մոմերի լոյսի տակ Էջմիածինը որոնել, որը դարեր շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի հաւատքի կենտրոնն ու  քրիստոնէութեան պաշտպանը: Իրանահայերը բարի գալուստ են ասել Կիլիկիայի կաթողիկոսութեան Խորէն վեհափառին ու Գարեգին վեհափառին, բայց  ոչ մէկն ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը չեն ունեցել եւ չի ասւել:Պիտի ասեմ, որ այդ հարցը մեծ դժգոհութիւն է առաջացրել մեր համայնքում:
Նորին Սրբութեանդ խոնարհաբար խնդրում եմ, մեզ՝ հայ ժողովրդի հաւատացեալ զաւակներիս լուսաբանել, թէ Հայաստանեայն Առաքելական Սուրբ Եկեղեցու նւիրապետական կարգերը որո՞նք են, որո՞նք են դրանց աստիճանակարգերը, որպէսզի հայ ժողովուրդն ընդհանրապէս, եւ իրանահայերը մասնաւորապէս, թիւրիմացութեան մէջ չլինեն եւ թոյլ չտան հոգեւոր ու աշխարհիկ որոշ պատասխանատուներ միտումնաւոր կերպով եւ իրենց քմահաճոյքից ելնելով այնպիսի արարքների դիմեն, որոնք վատ օրինակ  հանդիսանալով,  վատ հետեւանքների կը յանգեցնեն, յոռետեսութիւն, պառակտում ու երկփեղկում կառաջացնեն  հաւատացեալ ժողովրդի շարքերում, մինչդեռ հէնց նոյն անձինք շարունակ եւ ամենուրեք խօսում եւ քարոզում են միասնականութեան ու միաբանութեան մասին:
Միթէ՞ «Ամենայն Հայոց» ասելով ամբողջական, բոլոր հայերի իմաստը  չունի, ու երբ ըստ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու նւիրապետական կարգի, ասում ենք «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն», դա աւագութիւնը չի շեշտում, որ այստեղ, յատկապէս մեր համայնքում հոգեւոր դասի ու ազգային իշխանութեան պարագլուխները անհամեստաբար իրենց թոյլ են տալիս Կիլիկիոյ կաթողիկոսին պաստառներում եւ պաշտօնական հաղորդագրութիւններում իր իսկական հանգամանքով ու տիտղոսով չներկայացնել եւ խեղաթիւրել ճշմարտութիւնը, եւ այսպիսով վրդովմունք առաջացնել ժողովրդի մէջ:
Նախօրօք Ձերդ Սրբութեան ներողամտութիւնը հայցելով, կանխաւ շնորհակալութիւնս եմ յայտնում, սպասելով պատասխանին:
 
Որդիական ջերմ սիրով ու յարգանքով՝
Լեւոն Ահարոնեան
 
 
Մայր աթոռ Ս. Էջմիածնի պատասխանը
 
 
 
«Յոյս» թիւ 185
10 Յունւար 2015
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *