Ձմեռ Պապիկի սայլակը Ակունք Կենտրոնի դահլիճում

 
 
Նոր տարուն սպասում են յատկապէս երեխաները: Նրանց անմեղ սրտերը հաւատում են մեծերի կողմից յօրինւած Ձմեռ պապիկի առասպելին: Ամենասիրւած առասպելը, որ հոգիները լցնում է սիրով, յոյսով, ուրախութեամբ ու հաւատով:
Եւ երեխաները դիւրահաւատ են, աւելի լաւ, որ հաւատում են բարութեան ու խնդութեան մարմնացում  հոգատար պապիկի գոյութեանը:
Ձմեռ պապիկի սայլակը նստում է նաեւ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայ մշակոյթի տան յարկի տակ գտնւող Ակունք կենտրոնի դահլիճում: Այնտեղ երեխաներ են, թեհրանահայ համայնքի անդամներ, ովքեր զանազան պատճառներով զանազանւում են այլ երեխաներից: Նրանցից ոմանք ֆիզիկական տկարութիւններ ունեն, կամ լեզւական արատներ, ոմանք ի ծնէ ուշիմութեան ցածր գործակից ունեն: Հէնց այդ պատճառով էլ յատուկ ուշադրութեան են արժանի եւ յատուկ պայմանների մէջ պիտի խնամւեն:
Ահա, այս երեխաների յոյսի տունն է Ակունքը, որը 1998 թւականին հիմնադրւեց այդպիսի երեխաներ ունեցող վեց ընտանիքների կողմից: Նրանց մայրիկները հասկացան, որ իրենց երեխաներին հարկաւոր է առանձնայատուկ մօտեցում. հարկաւոր են մասնագէտներ, որոնք կը կարողանան օգնել այս երեխաներին:
Նրանք հիմա Ակունքի սաներն են, աւելի քան  35 հոգի: Մինչեւ հինգ տարի առաջ Տիկին Մարթան էր ղեկավարում կենտրոնը, այժմ այդ հոգսը իր վրայ է վերցրել Անգինէ Մարգարեանը: Նա իւրայատուկ երեխաների հոգեբանութիւն է սովորել համալսարանում, իր սիրած մասնագիտութեամբ է զբաղւում եւ ապրում` արդէն 12 տարի:
Տիկին Անգինէն սիրով խօսեց իր երեխաների եւ կենտրոնի մասին: Ակունքի սաները բաժանւած են երեք խմբերի` մանկապարտէզի, տարրականի օղակները եւ արհեստանոցը, վերջինս ներառում է մեծերին` 20-ից մինչեւ 51 տարեկան:
Անգինէ Մարգարեանը հանգամանօրէն պատմեց Ակունքում ընթացող աշխատանքների մասին: Նա եւ իր աշխատակիցները երեխաների համար ստեղծել են վերականգնողական, լեզւական , մարմնական եւ մտային զարգացման, հոգեբանական, դաստիարակչական եւ ուսումնական մասնագիտացւած պայմաններ:
Պարբերաբար ստուգւում են պայմանները, աշխատանք է տարւում թէ խմբական եւ թէ անհատական մակարդակներում:
Ցաւօք, հայ մասնագէտների պակաս է զգացւում. ուստի օգտւելով պարսիկ մասնագէտներից, փորձի եւ խորհուրդների ճանապարհով հայ աշխատակիցները կիրառում են բուժման մեթոդները եւ այն մատուցում երեխաներին հայերէն լեզւով: Ակունքում աշխատում են  21 հոգի:  Ըստ կանոնադրութեան, Կենտրոնը պիտի ինքնապահ լինի եւ մինչ այժմ այդպէս է եղել, բայց վերջին երկու Թեմական խորհուրդները նիւթապէս սատարում են Ակունքին:  Կենտրոնի բիւդջէտային ծախսերի մեծ տոկոսը հոգում են բարերար հայ եւ ոչ հայ բարեկամները, անհատները եւ միութիւնները:
 Կենտրոնի տնօրէնը պատմում է.-
«Ծնողների համագործակցութիւնը շատ է մեծացել, գալիս եւ օգնում  են մեզ եւ դա իրենց էլ է բաւարարում; Ծնողներին էլ տրւում է բարոյական, հոգեկան խորհրդատւութիւն, համագործակցում ենք մասնագէտների հետ: Մանկապարտէզի եւ տարրականի աշակերտները սովորում են երկրի կրթադաստիարակչական նախարարարութեան իւրայատուկ բաժնի ծրագրով եւ գրքերով:
Ունենք երգի, պարի, նկարչական, թատրոնի, երաժշտական եւ խեցեգործութեան բաժիններ, բոլոր երեխաները, ըստ իրենց կարողութեան մասնակցում են: Արհեստանոցում ստեղծում են իրենց ձեռքի եւ մտքի աշխատանքները, մեծ կամքի ուժով աւարտին հասցնում այն:  Արւեստի դպրոց աւարտած մեր ուսուցչուհիների խորհուրդներով, երեխաների ստեղծագործական աշխատանքները ձեւի, գոյնի, համադըրութեան եւ նախշերի առումով զարգանում եւ կատարելագործւում են: Ամէն տարի նոյեմբերին եռօրեայ տօնավաճառ ունենք եւ հասոյթը լրացնում է բիւջէի մի մասը:
Երեխաները, հիմնականում բոլորը, օգտւում են նորագոյն տեխնոլոգիաների հնարաւուրութիւններից` հեռախօս, թաբլեթ, ֆէյս բուք, եւ այլն: Գիտեն սիդի ռայթ անել, երաժշտութիւն ներբեռնել, եւ յետ չեն մնում նոր աշխարհից: Մեծ է երեխաների յառաջադիմութեան եւ մասնակի բուժումների արդիւնքները»-, իր խօսքն աւարտում է տնօրէնը:
Հարցնում եմ երեխաները ինչպէս են զւարճանում: «Նրանց տանում ենք  քաֆի շափ, փիքնիք, մարզաւան. ֆուտբոլ են նայում, Գիւլբենկեան դպրոցի եւ  միութիւնների սկաուտականները մեզ շատ են օգնում: «Սիփան»-ը  եւ Բարեգործականը Նոր տարւայ օրերին հիւրընկալում են մեզ: Բարեգործական ընկերութիւնն էլ Նոր տարւան  Ձմեռ պապիկ է բերոմ նւէրներով եւ այլն: Երեխաներին կինօ ենք տանում, Իրանի Մանուկների մտային զարգացման՝ «Քանունէ ֆեքրիյէ քուդաքան»-ի թատրոնի հետ կապի մէջ ենք, տիկնիկային ներկայացումներին ենք տանում, համերգների` յատկապէս Հայաստանից եկած երգիչների,  իսկ Շանթ-Շանթիկի ներկայացումներին միշտ հրաւէր ունենք:
Տօնավաճառի աւարտից յետոյ, դեկտեմբերի սկզբին արդէն երեխաները գրած են լինում իրենց նամակները Ձմեռ պապիկի հասցէով: Նոր տարւան յատուկ բիւջէ ենք ստանում բարերարներից, նւէրներ ենք գնում: Ձմեռ պապիկին դիմաւորում ենք տօնից մէկ օր առաջ եւ նւէրների մեծ տոպրակներով: Թեհրանահայ երգիչներ` Էդւին Հայրապետեանը, Դրօն եւ միւս երաժիշտները երեխաների համար ապահովում են ուրախ երգ ու նւագ: Այդ խանդավառութեան ու տօնական  հանդէսին սիրով մասնակից են նաեւ երեխաների ծնողները»:
Ահա, այսպէս: Մինչ մենք մտածում ենք տեսնես այս տարի միութիւնները Նոր տարւայ դիմաւորման համար քանի հարիւր հազար թումանով են ծախելու տոմսերը, ինչ շոր եմ հագնելու, մազերս ինչ գոյն  ներկեմ, կօշիկս ու պայուսակս ո՞ր բրենդից եմ գնելու, տեսնես ինչ են տալու մեզ ուտելու եւ յատկապէս խմելու այդ իւրայատուկ` Նոր տարւայ գիշերը, այսինչ ու այնինչ հիւրանոցում,-  մի մեծ խումբ նւիրեալ մարդիկ հոգ են տանում ծերերին, որբերին, կարիքաւորներին, իւրայատուկ երեխաներին, իրենց սիրայօժար ու անհատոյց սէրն ու գուրգուրանքը տալով նրանց, ովքեր աւելի մեծ պահանջ ունեն այդ սիրուն:
Թող Նոր տարին ձեզ ու մեզ, աշխարհի արդէն 7 միլիարդ մարդկութեանը, հեռաւոր ու յատկապէս Մերձաւոր Արեւելքին, Իրանին, Հայաստանին եւ այս տարածաշրջանին, աշխարհով մէկ սփռւած հայութեանը բերի միայն ու միայն խաղաղութիւն եւ Սէր:
Չկորցնենք մեր Յոյսը, Հաւատը եւ Սէրը, առ մարդն ու մարդկութիւնը:
 
«Յոյս» թիւ 184
20 Դեկտեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *