Նոր Տարին ծերանոցներում

 
 
Իրանահայ համայնքի ամենահին կառոյցներից մէկն է ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ-ԹԻՒՆԸ, որը 110 տարի անընդմէջ, իր նւիրեալ անդամուհիների անխոնջ աշխատանքներով, ամոքել է հազարաւորների վիշտը, հոգացել` ծերերի, որբերի, ուսման կարօտ երեխաների եւ երիտասարդների կարիքները:
ԹՀԿԲ ընկերութիւնը հիմնւել է 1905 թւականին եւ այս տարի` 2015-ին նշելու է իր հիմնադրման 110-ամեակը:
Բարեգործութիւնը հայ ժողովրդի եւ հայ կնոջ մէջ աստւածատուր շնորհ է: Բազմաթիւ են հայկական բարեգործական միութիւնները, կառոյցներն ու ընկերութիւնները, եւ աշխարհով մէկ սփռւած են:
Մեր   կողքին   է   110 – ամեայ ԹՀԿԲ ընկերութիւնը. Թեհրանի Ս.Աստւածածին եկեղեցու աղիւսաշէն գեղեցիկ շէնքում է ընկերութեան կենտրոնատեղին: Խընամքով պատրաստւած ընկերութեան տեղեկատու գրքոյկում, հէնց կազմի վրայ  գրւած է.
Պատիւ մեր բարեգործ ժողովրդին,  աստւածահաճոյ բարեգործութեամբ իր լուման չի խնայում` նւիրելու  Թեհրանի ՀԿԲ ընկերութեանը:
Մենք աւելացնում ենք`  Պատիւ ԹՀ Բ ընկերութեանը եւ 110 տարիների ընթացքում այդ կառոյցի յարկի տակ աշխատող հայ կանանց, անցածներին եւ ներկաներին:
Ընկերութեան ենթակայութեան տակ են 1950 թւականից` Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում «Ս. Գէորգ» ծերանոցը եւ աւելի ուշ` 1978 թւ.-ին  հիմնադրւած «Սօսէ Մայրիկ» տարեցների հանգստեան տունը:
 «Ս. Գէորգ»-ում այժմ ապահով ապաստարան են գտել 14 պապիկներ եւ մամիկներ: Ընկերութեան անդամների եւ ծերանոցի պատասխանատուների կողմից բոլորանւէր հոգածութիւն է ցուցաբերւում նրանց՝ բժշկական, առողջապահական, հանգստի եւ սննդի լաւագոյն պայմաններն են ստեղծւած նրանց համար:
Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցու եռօրեայ ուխտագնացութեան եւ ողջ տարւայ ընթացքում, կարդում ենք գրքոյկում,- կատարւող նւիրատւութիւնները մեծապէս օգնում են հոգալ ծերանոցների ծախսերի մի մասը: Տարեկան տօնավաճառը եւս եկամուտ է բերում ծերանոցին: Տօնավաճառին ցուցադրւում են անդամուհիների ձեռքի աշխատանքները եւ վաճառքի հասոյթը տրամադրւում է ընթացիկ ծախսերին:
Թեհրանի ՀԿԲ ընկերութիւնը ծերերի առողջապահական խնդիրները վստահում է ոլորտի մասնագէտներին, որոնք պարբերաբար եւ ըստ  կարիքի այցելում են ծերերին:
Ընկերութիւնը չի սահմանափակւել միայն ծերերի խնամքով: Այդ ժրաջան հայուհիները ապահովում են նաեւ 18 հայ ուսանողների եւ 20 աշակերտների ուսման ծախսերը, օժանդակում են 120 նպաստընկալ ընտանիքների կամ անհատների, վճարում 20 հիւանդների բուժման ծախսերը:
Նոր Տարին,  թէ «Ս. Գէորգ» ծերանոցում թէ «Սօսէ Մայրիկ» հանգստեան տանը, գալիս է Ձմեռ Պապիկով, նւէրներով, համադամ կերակուրներով:
ԹՀԹ թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Նոր Տարւայ յաջորդ օրը այցելում է ծերերին, տալիս իր օրհնութիւնը եւ բարեմաղթանքները, աղօթքով ու պահպանիչով`  յոյսով ու հաւատով լցնում նրանց հոգիները:
Մէկ առ մէկ թւել անհնար է բազմավաստակ բարեգործական այս ընկերութեան ծառայութիւնները. նրանք իրենց ուժն ու եռանդը, սէրն ու հոգատարութիւնն են նւիրել կարօտեալներին: 
Աւարտենք այս տեղեկութեամբ, որ Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան ծերանոցները համապատասխանում են գործող ստանդարտներին եւ համարւում են երկրի ամենաառաջնակարգ ծերանոցներից երկուսը:
 
«Յոյս» թիւ 184
20 Դեկտեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *