Նոր տարի-ամանոր-նաւասարդ-տարեմուտ-կաղանդ

 
ՇԱՔԷ Ա.ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
 
Նոր  տարին բոլորինն է:
Մանուկներինն ու ծերերինը, հարուստներինն ու աղքատներինը,  եւրոպացիներինն ու ասիացիներինը, առողջներինն ու հիւանդներինը: Բոլորի տօնն է Նոր տարին: Ամենատարածւած, ամենասիրւած, ամենասպասւած տօնը ողջ մարդկութեան համար:
Հազարաւոր տարիներ մարդկութիւնը ժամանակը մասնատել, բաժանել ու կարելի է ծւատել է, այն դարձնելով վայրկեանների, րոպէների, ժամերի, օրերի, ամիսների ու տարիների մի շղթայ: Այդ շղթայի ոսկեայ օղակն է Նոր տարին, որ մարդկանց հոգիները լցնում է ապագայի հանդէպ յոյսով, յոյզերով, խինդով, ակնկալիքներով:
Նոր տարին իր հետ բերում է այդ բոլորը` ցանկութիւնների մակարդակում; Որքանով են իրագործւում բարեմաղթանքները` չգիտենք; Գիտենք միայն, որ մարդկութիւնը հաւատում է նորոգւող տարւայ , Նոր տարւայ կէսգիշերային կախարդանքին, երբ բաց են երկնքի դռները, եւ լսելի են մեր աղօթքների ձայնը Տիրոջը, որից ակնկալում ենք երջանկութիւն, խաղաղութիւն, յաջողութիւն եւ առողջութիւն:
 
Հարուստները դրամական խնդիրներ չունեն, ուր ցանկանան` կը գնան մի գիշեր զւարճանալու, աստղաբաշխական գումարներ ծախսելով այդ մի գիշերի համար; Առողջներն էլ մինչեւ լոյս պարելու, գինովնանալու եւ զւարճանալու են, ընկերովի, ընտանիքում, բարձրաճաշակ հիւրանոցում կամ համայնքային միութեան յարկի տակ:
Ոմանք էլ նախընտրում են տանը մնալ տարեց ծնողների մօտ կամ խնամել շատ փոքրիկներին, ովքեր չեն կարող դիմանալ գիշերային զւարճանքի այդ ամբողջ աղմուկ-աղաղակին, երաժշտութեան խելայեղ ռիթմին; Նրանք, այդ փոքրիկները կարող են չքնել մինչեւ 12-ը, անհամբեր սպասելով Ձմեռ պապիկին, ստանալ իրենց նւէրները եւ քնել անուշ երազներով պարուրւած: Մանկապարտէզներում եւ դպրոցներում մի քանի օր առաջ են սպասում Ձմեռ պապիկին. նրանց համար Ձմեռ պապիկը աւելի շուտ է իջնում սարերից եւ սայլակը լեցուն տոպրակներով կանգնում դպրոցների ու միութիւնների դահլիճներում:
Իսկ ծերե՞րն ու հիւանդնե՞րը, ուր են նրանք եւ ինչ են անում Նոր տարւայ գիշեր.  նրանք ովքեր ընտանիք չունեն կամ յատուկ կարգավիճակում են, եւ չեն կարող մասնակից լինել Նոր տարւայ խրախճանքներին, ո՞վ է հոգում նրանց մասին:
Արդեօ՞ք յիշում ենք նրանց. Ծերանոցներում ապաստանած տատիկներին ու պապիկներին, ում կեանքի վերիվայրումները տարել հասցրել են մինչեւ Ս. Գէորգ եկեղեցու` Սրբի եւ Հայ կանանց բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ եւ ապրում են իրենց կեանքի վերջալոյսը:
Կամ յիշում ենք արդեօք նրանց, այն երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով նման չեն մեզ ու մեր զաւակներին. նրանք էլ ընտանիք ունեն, իրենց պէս ընկերներ, բայց հասարակութեան կողմից, կամայ – ակամայ մատնւած են անուշադրութեան եւ անտարբերութեան:
Մենք չենք սիրում, երբ մեզ Նոր տարուն յիշեցնում են կարօտեալների, կարիքաւորների, ծերերի ու հիւանդների մասին: Մարդկութիւնն այսօր ապրում է իր «Գլոբալ» հոգսերով` պատերազմների, ահաբեկիչների ու Էբոլա վիրուսի սարսափների լուրերով եւ ցանկանում է միայն մէկ գիշեր` Նոր տարւայ գիշեր չյիշել ոչ մի ուրիշ խնդրի մասին, քան իր խրախճանքի երեկոն:
Սակայն, երբ ասում ենք մարդկութիւնը մոռանում է կամ անտարբեր է, չենք մոռանում նաեւ նրանց, ովքեր առանձնայատուկ են: Նըրանք մարդկութեան առաքինութիւնների` նւիրումի, զոհաբերութեան, սիրոյ եւ հոգատարութեան կրողներն են: Նրանք են, որ մեզ թոյլ են տալիս խօսել մարդասիրութիւն հասկացութեան մասին:
 
«Յոյս» թիւ 184
20 Դեկտեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *