Բնության պահպանության թանգարանի նոր էջը

 
Արմինե Մելիք – Իսրայելյան
 
 
Հայաստանի բնության պետական թանգարանի  իր  63-ամյա կենսագրության մեջ վերազարթոնքի տասնամյա էջ ունի նաև … Տարածաշրջանի երկրներում  այս եզակի թանգարանը տասնամյակներ շարունակ  իր մեծ ներդըրումն է ունցել շրջակա միջավայրի խնդիրների իրազեկման մեջ, հանրությանը բնության հետ  սերտորեն ծանոթացնող, կապող մի գեղեցիկ ու հարուստ օղակ լինելով, կատարել է նաև մատաղ սերնդի էկոգիտելիքների, բնապահպանական մշակույթի տարածման կարևոր դեր հասարակության ներսում, – վստահեցնում են թանգարանի աշխատակիցները: Այսօր տարեկան 26000 այցելու ունեցող թանգարանը տոնական տրամադրությամբ էր լցված: Թանգարանի ցուցադրության  վերաբացման տասնամյակին նվիրված միջոցառումը նրա գործունեության անցյալի ու ներկայի մի ամփոփ հաշվետվություն էր կարծես, որտեղ բավականին խոսուն ներկայացվում էր անցյալի իրականությունն ու ներկայի հրաշալի լինելության հաստատումը թանգարանի մասին պատմող վավերագրական ֆիլմի միջոցով նաև: Երևանի Կապույտ մզկիթի բակային տարածքում երկար տարիներ գործող թանգարանը մզկիթի վերակառուցման աշխատանքների նախաձեռնումի հետ մեկտեղ 2006 թվականին թափառական ճակատագիր ունեցավ, որի ընթացքում ոչ միայն չէր կարող գործել, այլև վտանգված էին թանգարանային գույք հանդիսացող եզակի էքսպոնատներն ու կենդանական աշխարհը ներկայացնող ցուցանմուշները: Թանգարանն իր յուրահատուկ էքսպոնատ ցուցանմուշներով ու հուսահատ աշխատակիցներով վերջիվերջո հանգրվանեց Տիգրան Մեծի հասցեում գտնվող, նախկինում ազերիների դպրոցի առաջին հարկում` ժամանակի հետ գորշացած ու անմխիթար պայմաններում հայտնված, խոնավ կառույցում: Գլխներին կիսաքանդ տանիք ունեցող թանգարանի աշխատակիցներին նոր խնդիրներ էին տանջելու. թանգարանին հատկացված կառույցում, որը անհրապույր էր թե’ արտաքին և թե’ ներքին տեսքից, իրենց վերջնական քայքայումն էին ապրում ՀՀ – ում գործող իր տեսակի մեջ եզակի այս ուսումնադաստիարակչական, էկո – մշակութային կենտրոնի ողջ ցուցանմուշների  եզակի հավաքածունները, որոնք կրկին ձեռք բերելը հաճելի երազանք կմնար ընդամենը: Բնության թանգարանից կմնար միայն ժամանակի հետ մոռացվող անունը և անցյալի մամուլի էջէրում մերթ ընդ մերթ հայտնված ահազանգերը, որոնք թանգարանը փրկելու աղերսներ էին իրականում:  Իրանահայ ազգային գործիչ Լևոն Ահարոնյանի սրտացավ վերաբերմունքը հայրենիքում նման կենտրոնի պահպանման ու ժամանակակից ներկայացման գործում եղավ անգնահատելիորեն մեծ: Կիսամութ և գորշ շինության փոխարեն նույն հասցեում այսօր իր գրավիչ տեսքով այցելուին ուղղակի հրապուրում է ՀՀ բնության թանգարանը: Իրենց ելույթներով հանդես եկող հասարակական, քաղաքական գործիրները ևս մեկ անգամ շեշտում էին նման կառույցի գործունեության անհրաժեշտությունն ու նրա ունեցած դերը հասարակության մեջ բնապահպանական հայացք ձևավորելու գործում:   ՀՀ կառավարությունը  ի դեմս բնապահպանության նախարարության , կենսաբազմազանության  և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տանում է համակարգված քաղաքականություն , որի արդյունքում  իրականացվում են աշխարհում մեծ քանակությամբ եզակի բուսական և կենդանական տեսակների պահպանության, բը-նական պաշարների կայուն օգտագործման հզորությունների զարգացմանը ուղղված միջոցառումներ և այս շղթայի մեջ բավականին կարևոր օղակ է հասարակության լայն շերտերի մոտ բնապահպանական գիտակցության ձևավորման և իրազեկման իր գործառույթով, – իր շնորհավորանքի ու գնահատանքի ելույթում ասաց  ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
-Թանգարանի համար անուրանալի մեծ գործ կատարեց իրանահայ բարերար պարոն Լևոն Ահարոնյանը: Եթե չլիներ պարոն Լևոնի և իր տիկնոջ` Բելլայի հոգածությունը, այս թանգարանը այսօր չէր լինի: Բառերով նկարագրել հնարավոր չէ մեր երախտագիտությունը նրանց հանդեպ: Նրանց շնորհիվ ոչ միայն վերաբացվեց թանգարանի 13 տարի չգործող ցուցադրությունը , այլև շենքը հիմնանորոգվեց, կահավորվեց: Պարոն Ահարոնյանը  նաև իր անձնական հավաքածուն նվիրաբերեց  Հայաստանի բնության պահպանության թանգարանին , որոնք եկան համալրելու և հարստացնելու մեր ունեցածը: Ողջ ընտանիքով նրանք իրենց մեծ աջակցությունն ու սրտացավ վերաբերմունքն էին ցույց տալիս մեզ և երջանկահիշատակ դուստրը` Անետը և որդին , որ հաճախ է մեզ այցելում իր որդիների հետ : Այդպիսի հարազատ վերաբերմունք միայն կարող էին ունենալ նվիրյալ մարդիք : Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պարոն Ահարոնյանին, մեր թանգարանի մնայուն բարեկամին, -ասաց  թանգարանի փոխտնօրեն տիկին Ռուզան Զոբաբուրյանը:
Շնորհավորելով աշխատակիցներին պարոն Ահարոնյանը նշեց Հայաստանում նման թանգարան ունենալու կարևորությունը, ասաց, որ երջանիկ է զգում իրեն , որ կարողացել է նման մնայուն գործով ծառայել իր հայրենիքին, օգնել, որպեսզի սերունդներին փոխանցվի այն` ինչը իրականում արժեք է և արժանի է պատշաճ խնամքի:
-Իմ առաջին մուտքը այս թանգարան և ներկան բավականին տարբեր են և հարկ է, որ թանգարանը նաև ընդարձակվի և նոր ցուցասրահներ ունենա…Այն կարող է դառնալ միջազգային մի թանգարան, որտեղ միայն Հայաստանի ֆլորան չի, որ պիտի ներկայացվի: Հարկ է, որ բնապահպանության նախարարությունը մտածի այս հարցի շուրջ և իրականացնի: Այսպիսի թանգարան ունենալն իսկապես պատիվ է մեր երկրին և ամեն անգամ այցելելով ես հաճույք եմ զգում նրա աշխատակիցների բարեխիղճ գործելաոճից, թանգարանում տիրող մթնոլորտից, – ասաց պարոն Ահարոնյանը:
Բնության պահպանության թանգարանի ցուցադրության վերաբացման տասնամյակը տոնական էր նաև այս կառույցի պատերից ներս բնապահպանության թեմաների ցուցահանդեսներով ներկայացած արվեստագետների` նկարիչների համար, որոնց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի կողմից հանձնվեցին պատվոգրեր: Մրցանակ ուներ ստանալու նաև թանգարանը: Բընության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Հայաստանի բնության պետական թանգարանին շնորհեց WWF (Հայաստանի լավագույն գործընկեր) մրցանակը: 
 
«Յոյս» թիւ 183
7 Դեկտեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *