«Մոխրացած Յուշեր» գրքից

 
Արաքս Մակարեան
 
 
1998 թւականին Միացեալ նահանգների Բոստոն քաղաքում լոյս է տեսել «Մոխրացած յուշեր» խորագիրը կրող մի գիրք, որը հետաքրքիր կարող է լինել իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայութեան բարքերը արձանագրելու տեսանկիւնից: Գրքի հեղինակն է Արաքս Մակարեանը` իրանահայ անւանի օպերայի երգչուհի` Շաքէ Մակարեանի մայրը: Նա այս գիրքը գրելու օրերին, բարձր տարիքում գտնւող, անկողնում գամւած կին է եղել, որ իրանահայ արձակագիր` Անդրանիկ Սարեանի հետ պատահական մի հանդիպումից յետոյ, նրա առաջարկով ու խրախուսութեամբ սկսել է գրել իր յուշերը: Նրա գրածները խմբագրել եւ գիրքը կազմել է Սարեանը, ով գրել է նաեւ գրքի նախաբանը: Ստորեւ ներկայացնում ենք երկու փոքրիկ հատւած, որոնց մէջ նկարագրւել  է Վանաք գիւղի կեանքը երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին:
 
 
Մատաղը ՎանաՔում
 
Պատերազմի առաջին տարին,1940 թ. որպէս ամառանոց վարձել էինք այժմեան այգին, որը գնեցինք յաջորդ տարի:
Խառը վիճակ էր: Վատ եւ մտահոգիչ լուրեր էին տարածւում, որոնք մի տեսակ սարսափի էին մատնում ժողովրդին: Մի վիճակ, երբ թւում էր, թէ ով, ինչ ուզում է, կարող է անել: Գողութիւն, թալան, նոյնիսկ սպանութիւն եւ այլ չարիքներ…
Մի օր մեր մեքենավար Աշոտին, որը գիւղի լաւ տղաներից էր, ուղարկել էինք քաղաք գնումների: Մի քանի ժամ յետոյ դուրս ենք եկել գիւղի դարբասի յառաջամասի հրապարակը եւ քաղաքականութիւնից ենք խօսում ամէնքով, մէկ էլ հեռւից տեսնում ենք մեր Աշոտը` մի բարձրահասակ երիտասարդ իր երկար թեւերը թափ տալով գալիս է դէպի մեզ:
-Աշոտ, բա մեքենա՞ն,- հարցնում ենք նրան:
-Մի զինւորական կանգնեց մեքենայի առջև, ինձ հրամայեց իջնել ու ինքը նստեց մեքենան ու գնաց…
Շատ սովորական մի դէպք` այդ օրերին, երբ գահընկէց Ռեզա Շահին աքսորեցին անգլիացիները: Այդ բերումով, բոլոր զինւորականները խուճապի էին մատնւել, նրանք կամ թաքնւում էին հեռու գիւղերում, կամ փախչում երկրից:
Ամիսներ յետոյ մեր մեքենան գտնւեց Իսֆահանի ճամբին` քայքայւած դիակի նման:
Պարտէզում մնալը արդէն վտանգաւոր էր դարձել: Ապահովութիւն չկար: Գիւղում մի ընտանիքից երկու սենեակ վարձեցինք ամառը վերջացնելու համար, եւ ահա մի օր էլ ռումբ է ընկնում հայկական Վանաքի հողամասի մօտերքում, գործարանի մօտ, գիւղից հազիւ հինգ հարիւր քայլ հեռաւորութեան վրայ: Սարսափը տիրում է հայերին ու այդ ազդեցութեան ներքոյ, մի տիկին երազ է տեսնում, որ տիկ. Սաթենիկը դրամ է հաւաքում, որպէսզի մատաղ անելով պատերազմից փրկի Ս. Մինաս եկեղեցին: Եկան քրոջս մօտ, թէ նա պէտք է գլխաւորի եւ կարգադրի այս երազի իրականացման գործը…
Քոյրս գիւղից երեք հոգու հետ մի տետրակ ու մատիտ վերցնելով սկսեցին հանգանակութիւն անել: Պէտք է նշել, որ Վանաքի եկեղեցին միշտ էլ ունեցել է իր հոգաբարձութիւնը: Իսկ վերջին տարիներին էլ քոյրս հիմնեց Վանաքի Ս. Մինաս եկեղեցու Տիկնանց օժանդակ միութիւնը:
Դրամը հաւաքւեց, երեք մեծ ոչխար զենեցին ու ամառանոց եկած Թ.Հ.Կ. Եկեղեցասէր միութեան անդամուհի տիկ. Նինա Պետրոսեանի մայրը գլխաւորեց մատաղը եփելու եւ բաժանելու ծանր գործը` տեղացիների օգնութեամբ: Եկեղեցին ունի հսկայական պղնձէ մաքուր կլայեկած կաթսաներ: Աղիւսներից օջախներ շինեցին բակի պատի տակ ու եփեցին մատաղը:
Իւրաքանչիւր տուն իր ընտանիքի անդամների թւի համեմատ մի կաթսայ էր բերել իր բաժինն ստանալու, իսկ ով էլ չէր եկել, երիտասարդների միջոցով ուղարկւում եւ բաժանւում էր ամէնքին: Այսպիսով ժողովուրդը հաւատացած էր, որ մատաղը փրկեց Ս. Մինաս եկեղեցուն, եւ հայերին եւս ոչ մի վտանգ չպատահեց պատերազմի ամբողջ տեւողութեան ընթացքում:
Ամէն տարի Ս.Մինասի տօնին, ուխտաւորները գնում են ուխտի: Ոմանք ոտքով. շատերը նոյնիսկ գիշերում են եկեղեցում, ուր մի պատմական Աւետարան կայ, որով հպարտ է Վանաքի հայութիւնը:
Այդ եկեղեցում մկրտւել է մայրս, ես` Վարդավառին, աղջիկս` Շաքէն նոյնպէս Վարդավառին, եւ ընտանեկան աւանդութիւնը պահելու համար թոռնիկս էլ նոյն եկեղեցու աւազանում մկրտւեց Աստւածածնի տօնի օրը:
Մեր առաջին երեք սերունդները մկրտւել են նոյն քահանայի ձեռքով. դա հանգուցեալ վաստակաշատ Տէր Սահակ աւագ քահանայ Աբրահամեանն էր: Մայրս եղել է նրա առաջին մկրտւողը: Ձեռնադրւեց, յետոյ Շաքէս եղաւ վերջինը, երբ եկեղեցուց տարինք իր մօտ, պահպանիչ ասելու նրա գլխին: Նա իր վերջին օրերն էր ապրում:
Աւաղ, այլեւս աւանդութիւնը մեր ընտանիքում խախտւած եմ տեսնում` իմ վերջալոյսն ապրած օրերում…
Այդպէս եւ շատ ու շատ իմ նմանները, որոնք թողած հին աշխարհն ու հնաւանդ սովորութիւնները, նոր բնակիչներ են դարձել խորթ եւ օտար նոր աշխարհների:
 
Վանաքի Մարիամ Հարսը
 
Թէ որտեղից էին բերել, կամ Վանաք էր ընկել այդ հարսը, չգիտեմ: Բարձրահասակ, շէկ, բարակիրան, բարակ մոմի նման մատնելով, մի լուռ ու մունջ կին էր: Լաչակը մինչև քիթը իջեցրած, ծնօտն ու բերանն էլ միշտ փակ:
Եթէ մէկի հետ էլ խօսելիս լինէր, հայեացքը կը մնար գետնին յառած: Խօսում էր շշուկով եւ ոչ ոք նրա ձայնը բարձր չէր լսել, ոչ ոք նրա բարկութիւնը չէր տեսել, եւ ոչ ոք նրան պարապ-սարապ, ծամոնը բերնին, գիւղի կանանց հետ զրուցելիս չէր տեսել: Առաքինութեան կատարեալ մարմնացում էր նա: Զաւակներն էլ հեզ էին, մօր նման` բարձրահասակ, շէկ, խելօք ու աշխատասէր:
Այդ հարսը մինչև խոր ծերութիւն մնաց որպէս հարս. չէ՞ որ ուրիշ գիւղից էր եկել ու շատ սիրւած էր: Նրա մատներից հազար շնորհք էր թափւում: Մաքրասէր էր, բակն ու տան շէմքը միշտ աւլած, երեխաները` մաքուր: Հասնում էր կալին, կուտին, իլիկը միշտ ձեռքին, քայլելիս էլ մանում էր:
Ճաշից յետոյ, երբ ամբողջ գիւղը մի ժամ քուն էր մտնում, նա դուրս էր գալիս, իրենց երկու մետր բարձրութեամբ շւաքի տակ կարպետ գործում: Մաքոքը արագ-արագ իր բարակ մատների արանքով թելերի մեջից անց էր կացնում, ապա սանրով ամրացնում, թելի գոյնը փոխում, նոր նախշեր էր գցում ու պատի ստւերի անցնելուն պէս ծածկում էր գործը ու գնում ուրիշ գործի: Գիւղի գործը միթէ՞ վերջ ունի. վա՜յ թէ մի օր չհասար, ամբողջ տարւայ արածդ կխառնւի ու տեղ չես հասնի:
Յիշում եմ, թէ ինչ վարպետութեամբ ձաւարի ցորենը մեծ սալաներով առւի ջրի մէջ կը լւանար: Շւարած ու հիացած, կը նայէինք թէ ինչպէս է այդ մեծ կլոր սալան դարձնում և ինքը իր բարակ մատները բուռ արած վերցնում ու  լցնում է մի ուրիշ կողովի մէջ չորացնելու, նորից ծեծելու,ծղոտը մաքրել տալու համար:
Գիւղի ամենավարպետ կուժ ու կուլայ, թոնիր պատրաստողն էր Մարիամ հարսը: Իսկ թէ ի՞նչն էր խառնում ու շաղախում, ոչ ոք չգիտէր:
Հիմա էլ շատերի տնում անգործածելի իրերի շարքին դեռ կան նրա շինած ու թրծած թոնիրները և մանաւանդ` կոտրւած կճուճները` նրա ձեռքով կոծկւած:
Էլ մազի թաղկուճ, էլ բուրդ, էլ ձւի ճերմկուց և ուրիշ ինչեր ասես խառնելով, կոտրած կճուճներ էր, այդ կոծկւած մասը չէր, որ կոտրւում էր, այլ թէ մի ուրիշ տեղից:
Մինչև իր կեանքի վերջը իր սկեսուրը նրա ձայնը չլսեց: Հեզ, խոնարհ. լուռ ու մունջ, իր բազմանդամ ընտանիքի հոգսը տարաւ այդ անմոռանալի Մարիամ հարսը, և յաւէտ էլ կը մնայ անմոռաց իրեն յիշողների սրտերում:
 
 
«Յոյս» թիւ 183
7 Դեկտեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *