Կրկին հայաստանյան եւ դասական ուղղագրությունների մասին

 
ԿՈԼԻԱ ՏԷՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
«Յոյս»-ի թիվ 180 համարում, պարոն Էդվարդ Հարությունյանի ««Յոյս»-ի ուղղագրութիւնը» ակնարկի մեջ կարդում ենք. «Մի բուռ ժողովուրդ ենք, որի մի ստվար մասը գրեթե իր լեզվով չի կարդում ու գրում, նույնիսկ չի խոսում, իսկ մնացյալը տատանվում է տարբեր ուղղագրությունների միջև»:  Իսկ ինչո՞ւ  է «մնացյալը» տատանվում, երբ ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության  պետական լեզուն ըստ երկրի Սահմանադրության հայերենն է նոր ուղղագրությամբ: Ինչո՞ւ է տատանվում, երբ մեր վերջին տասնամյակների ստվար գրականությունն ու մամուլը լույս են տեսել նոր ուղղագրությամբ: Ինչո՞ւ է Սփյուռքը համառորեն կառչած մնում ավանդական ուղղագրությանը (նաև հարգելի հեղինակը, որ իր ակնարկի վերջում, կոչ է անում «Հույս»-ին վերադառնալ ավանդական ուղղագրությանը), որով փաստորեն անտեսում ու արհամարհում է հայոց նորաստեղծ պետականությունը: 
Չեմ հավակնում պնդելու, թե երկու ուղղագրություններից պատմականորեն որն է ճիշտ, որն է սխալ, որն է դյուրին, որը խրթին և այլն: Թերևս, մի գեղեցիկ օր, մեր ակադեմիկոսներն ու լեզվաբանները (չեմ կարծում, թե դա իշխանության պարտականությունը լինի), որոշ փոփոխություններ կմտցնեն հայոց լեզվի արդի ուղղագրության մեջ և կստեղծվի ավանդականի ու նորի մի խառնուրդ, բայց մինչ այդ, նրանք ովքեր ճանաչում ու հարգում են հայոց անկախությունն ու պետականությունը, պետք է ընդունեն նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն իր ուղղագրությամբ, այնպես ինչպես ենթարկվում են Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքների նորմատիվ ու իրավական ներգործությանը : 
Չե՞ք խորհում արդյոք, որ պառակտությունը սերմանում է հենց Սփյուռքը՝ այսպիսով հայոց պետականության դեմ ըմոստանալու ոգին ներարկելով նոր սերնդի գիտակցության մեջ. ավելի ճիշտ՝ Հին Սփյուռքը, մասնավորաբար արևմտահայ հատվածը, որովհետև Նոր Սփյուռքը շարունակում է գործածել նոր ուղղագրությունը Ռուսիայում, ԱՄՆ-ում և այլուր: 
Ես ողջունում եմ «Յոյս» շաբաթերթի հարգո խմբագրության խիզախությունն ու համարձակությունը, իր էջերի մի մասը նոր ուղղագրությամբ հրատարեկելու առթիվ:
Երևանում, իմ գրականագետ  ծանոթներից մեկին հանձնեցի «Յոյս»-ի թարմ համարներից մեկը, նայեց շապիկին, նայեց  երկար ու հարցրեց. «Իսկ ի՞նչ է նշանակում Եօյս»…
 
«Յոյս» թիւ 182
23 Նոյեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *