Արամ Ա. Կաթողիկոսին` որպես ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակումը եւ ԹՀԹ-ի առաջնորդի մոտեցումները

 
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
 
2014  թվականի հոկտեմբերի 25-ին «Յույս» երկշաբաթաթերթում լույս տեսավ հասարակական, ազգային գործիչ ու բարերար պրն. Լևոն Ահարոնյանի հոդվածը` «Թե ինչպես է Թեհրանի Հայոց Թեմի միջոցով Արամ Ա. Կաթողիկոսը աշխարհի հայության առաջնորդ հռչակվում» վերնագրով: Հոդվածագիրն այս շինծու և ոչ ճշմարիտ արարքի մեղավոր է ճանաչում ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանին և Թեմական Խորհրդին: Պետք է ողջունել պրն Ահարոնյանի խիզախությունը և մեր թեմերի անցյալի ու ներկայի մասին նրա ճշմարտախոսությունը: 
Մոտ երեք տարի առաջ Արամ Ա. Վեհափառը կրկին այցելեց  մեր համայնք  և  ԹՀԹ-ն ու Սրբազան հայրը նույն  սխալը կրկնեցին, և կրկին բողոքներ հնչեցին այդ առթիվ: Այստեղ կուզենայի հիշել, թե ինչպես է մեր առաջնորդը վերաբերվում այդ անարդարության դեմ բողոքող սրտացավ հասարակական գործիչներին և հունից դուրս գալով, ցուցաբերում հոգևորականին ու առաջնորդին ոչ վայել դիրքորոշում:
Երեք տարի առաջ Վեհափառի այցելության ընթացքում մտավորականների հավաք էր կազմակերպվել Հայ համալսարանական միության սրահում: Հըրավիրված էին համայնքի մտավորականները և Իրանի տարբեր համալսարանների հայ դասախոսներ: Արամ Ա. Վեհափառին մտավորականները, այդ թվում նաև ես շատ հարցեր տվեցինք:  Իմ հարցը հետևյալն էր. արդյոք տեղյակ է Վեհափառը, որ պարսկերեն գրություններում ու պաստառներում իրեն հռչակում են «Ամենայն Հայոց Կաթողիկոս կամ աշխարհի հայության առաջնորդ»: Նա ասաց. «Ես պարսկերեն չգիտեմ», այնուհետև ավելացրեց, որ  Սրբազան Հայրը և Թեմական Խորհուրդը այս հարցով պետք է զբաղվեն: Այն հարցին, թե  ճի՞շտ  է համարում այդ ոչ իրական հռչակումը, նա պատասխանից  խուսափելով հասկացրեց, որ դա այնքան էլ անիրական չէ, քանի որ ավելի շատ հայություն է ապրում  սփյուռքում, քան Հայաստանում: Այդ ժամանակ հիշեցրինք, որ Անթիլիասին պատկանող թեմերի հայության քանակն աշխարհում 10-15 տոկոսից չի անցնում, որ իր արտահայտությունը սխալ է: Այս հարց ու պատասխանի ընթացքում ո’չ Սրբազանն արտահայտվեց ու ո’չ էլ Թեմական Խորհրդի որևէ անդամ:
Վերոհիշյալ մտքերի փոխանակումից հետո Սրբազանն իրեն վիրավորված զգալով, իր անհանգստությունն արտահայտեց ինձ նման մարդկանց գործունեության առնչությամբ, հիշեց, որ ես առաջադրված էի Թեմական խորհրդի թեկնածու «Իրանահայ անկախ կառույցների միասնական համադրող մարմնի» կողմից: Հարկ է նշել, որ արդեն մի քանի տարի է, որ այդ մարմինը կյանքի է կոչվել ու աշխատում է: Նա գրաքննության էր ենթարկում թեկնածուների տվյալները ու կարծիք հայտնում, թե ո՞վ կարող է Թեմական խորհրդի անդամ լինել և ով չի կարող: Ես  այն մարդկանց ցուցակում էի, ով ըստ նրա, չպետք է ԹԽ-ի անդամ լինէի: Երբ այդ միավորումների ղեկավարները միասնաբար հանդիպեցին Սրբազան հոր հետ և ասացին, որ ԹԽ-ում իմ թեկնածության միակ արգելքն իր կարծիքն է, նա պատասխանեց. «Երբ Արամ Ա. Վեհափառը Թեհրան է գալիս, աղմուկ է բարձրանում»: Այդ ժամանակ նրան հիշեցրին, որ ոչ ճիշտ արտահայտությունների մասին սեփական կարծիք հայտնելն ու մոտեցում ցուցաբերելը աղմուկ չէ և պետք է հանդուրժել քննադատությունները, իսկ սխալ նկատելու դեպքում` զգուշացնել: Բայց, կարծես, Սրբազանը անարդար որոշումների կողմնակից է:
Դժբախտաբար վերջերս նա արդեն իր լիազորությունների սահմաններից դուրս է եկել ու միջամտություններ է կատարում համայնքի միությունների ղեկավար կազմերի ընտրության ընթացքում, բացահայտորեն ասում է, թե ում է ցանկանում տեսնել այդ միությունների վարչական կազմում, իսկ ում` ոչ: Սա արդեն առաջնորդին և հոգևորականին ոչ  վայել ու քայքայիչ մոտեցում է, այն էլ մեր քայքայվող համայնքում:   
Հրավիրում ենք Սրբազան հորը և խնդրում ենք վերանայել իր մոտեցումները, հարցերին վերաբերվել ոչ թե անձնական, այլ համայնքի բոլոր անդամների առաջնորդի ու հոր դիրքերից: 
 
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան – 15.11.2014
 
«Յոյս» թիւ 182
23 Նոյեմբեր 2014

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *