Սրտի կաթւա՞ծ, Բարձր խոլեստերի՞ն

 
ԲՐԱՅԵԱՆ ՎԱԼՇ
ԹԱՐԳՄԱՆԵՑ` ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԸ
 
 
1977-ին, մի տարի յօդւածագրիս ծննդից առաջ, ԱՄՆ-ի Սենատի յանձնախումբը Ջորջ Մաքգաւեռնի նախագահութեամբ հրատարակեց  իր պատմական փաստաթուղթը «Սննդակարգային նպատակներ Միացեալ Նահանգների համար» (Dietary Goals for the United States) խորագրի ներքոյ: Այդ հրատարակութիւնը ամերիկացիներին  քաջալերում էր ուտել աւելի քիչ իւղալի կարմիր միս, հաւկիթ եւ կաթնեղէն, եւ դրանք փոխարինել մրգերից, բանջարեղէններից եւ յատկապէս ածխաջրատներից ստացւած կալորիաներով:
 
1980-ին այս իմաստութիւնն աւելի ձեւաւորւեց: ԱՄՆ-ի գիւղատնտեսութեան նախարարութիւնը հրատարակեց իր առաջին սննդակարգի ուղեցոյցը, որի հիմնական առաջարկներից էր խուսափել ամէն տեսակի խոլեստերինից եւ ճարպից: Ամերիկեան առողջապահութեան ինստիտուտը խորհուրդ էր տալիս 2 տարեկանից աւելի մեծ բոլոր ամերիկացիներին կրճատել ճարպերի գործածութիւնը: Նոյն տարւայ ընթացքին կառավարութիւնը յայտարարեց իր 150 միլիոնանոց հետազօտութեան արդիւնքները, որն  ունէր  մի  պարզ  պատգամ. «սրտի կաթւածի վտանգը իջեցնելու համար աւելի քիչ իւղ ու խոլեստերին կերէք»:
Սննդամթերքի արդիւնաբերութիւնը եւ ամերիկացիների ուտելու սովորութիւնները, համապատասխանաբար փոխւեցին: Մթերավաճառների խանութները լցւեցին «թեթեւ» մածուններով, մայքրովեւով եփելու համար յարմար պատրաստի ընթրիքներով, պանրահամ քրաքերներով եւ խմորեղէններով: Մեր ընտանիքի նման ընտանիքները հետեւեցին պետութեան խորհուրդներին` տաւարի միսը անհետացաւ մեր ընթրիքի պնակներից, նախաճաշին հաւկիթին փոխարինեց հացահատիկներն ու ընդեղէնի շիլաները: Իւղալի կաթը անհետացաւ սեղաններից:
Ամերիկայի գիտութիւնների ակադեմիայի կասկածամիտ նախագահ Ֆիլիպ Հանդլերի 1980-ին ասածով, Ամերիկայի ժողովուրդը սկսում  էր իր «մեծ սննդային փորձարկութիւնը»: Բայց ուրիշ ելք էլ չկար. 80-ականների կէսերին տարեկան մօտաւորապէս մէկ միլիոն ամերիկացիներ մահանում էին սրտի հիւանդութիւններից եւ անհրաժեշտ էր մի բան անել:
Այժմ, մօտաւորապէս չորս տասնամեակ անց, փորձարկութեան արդիւնքները վկայում են, որ այդ փորձը ձախողել է: Ամերիկացիները կրճատել են ճարպը իրենց սննդամթերքից, բայց ամէն հաշւարկով, այսօր  Ամերիկան աւելի հիւանդ է, քան երբեւէ: 1980- 2012 թ.թ. ժամանակահատւածում, երկրորդ կարգի շաքարախտի հիւանդների թիւը ԱՄՆ-ում աճել է 166 տոկոսով: Մօտաւորապէս ամէն 10 ամերիկացիներից մէկն ունի այդ հիւադութիւնը, որ երկրի առողջապահական համակարգի համար վերջանում է 245 բիլիոն դոլար: Եւ ենթադրում են, որ 86 միլիոն ամերիկացիներ կանգնած են հիւանդութեան շեմին, այսինքն նախաշաքարախտային են: Սրտի հիւանդութեան հաշւին մահերի թիւը իջել է, սակայն մեծ թւով մասնագէտներ այդ վերագրում են աւելի լաւ բուժօգնութեան ծառայութիւններին,  աւելի քիչ ծխելուն, եւ խոլեստերինի վերահսկողութեան դեղերի` վաստատինների լայնատարած գործածութեանը:  Յամենայն դէպս, սրտանօթային հիւանդութիւնները երկրի թիւ մէկ մահացուցիչ հիւանդութիւններն են: Նոյնիսկ մարզանքի աւելի բարձր տարածումը չի կարողացել ամերիկացիների առողջութեանն օգնել: Երկրի բնակչութեան մօտաւորապէս մէկ երրորդը գիրուկ է: Դա Ամերիկային դարձնում է օր օրի աւելի գէր, աշխարհի ամենագէր երկիրը: Ինչպէս Դոկտոր Դէյւիդ Լուդւիկն է ասում. «Ամերիկացիներին ասացին կրճատէք ճարպերի սպառումը, նիհարէք, եւ խուսափէք սրտի հիւանդութիւնից, յժմ մեծ քանակութեամբ փաստեր կան, հակառակ տեսակէտը պաշտպանելու համար»:
Բայց այդ հակառակ տեսակէտների պաշտպանութիւնը կարող է վիճահարոյց լինել, չնայած այն փաստերին, որոնք խօսում են ի շահ դրան: Ճարպերին չար ձեւացնելու միտքը այժմ խորն արմատներ է ձգել ամերիկեան մշակոյթի մէջ, որը գտնւում է ուտելիքի հետ սէր-ատելութիւն յարաբերութեան եւ կշռի մասին մշտական մտազբաղմունքի մէջ:
Բայց եթէ հարցը վիճայարոյց դարձնենք, հակառակ հիմնաւորւած փաստերի, ներկայումս ճարպերի նկատմամբ խորը հակա-կրանք է առաջացել ամերիկեան մշակոյթում եւ կամ ատելութիւն սերմանել սննդամթերքների եւ դրանց օգտագործող գէրերի մէջ:
Դա օգտակար հանդիսացաւ այն տեսակէտից, որ գիւղատընտեսութեան հեկտարներով հողատարածքներ անցան եկիպտացորենի ցանքի տակ, որպէսզի  արտադրեն քաղցրացնող նիւթեր:  Այդ բոլորը կատարւում է դրամական նպաստներով եւ ներկայումս այդ գործընթացի օգնութեամբ շուկան լցւել է կենսամթերքներով  եւ այդ տնտեսական աճը, որ ակնկալւում է  տարեկան 6%. անդադար շարունակւում է եւ այդ հարցում բարոյական խրատներն էլ ներխուժել են այդ կենսամթերքների արտադրման վրայ: Օրինակ՝ կարելի է ասել, թէ առեւտուրը փոխւել է շուկայական հարցերի: Ասւում է, թէ արտադրութիւններն արհեստական բնոյթ են կրում: Այս վերաբերեալ Ամերիկայի ժողովրդի խօսքերն էլ փոխւել են: Կենսաբանները շարունակ նոր տեսակէտներ ու կարծիքներ են յայտնում լաւ ու վատ խոլեստերինի ու ճարպերի մասին:
«Այդ բոլոր խօսակցութիւնները ցոյց են  տալիս, որ իմացութիւնները կարճ ժամանակաշըրջանում չի փոխւի. դա արդէն մի գիտական օրինակ է դարձել»,- ասում է բժիշկ Էրիկ Վեստմանը (Eric Westman), որ տնօրէնն է «Duke Lifestyle Medicine Clinic»-ի: Նրա մասնագիտութիւնն է սպասարկել ծայրայեղ աստիճանի ածխաջրատի պակասն ունեցող  հիւանդներին: Նրա կենարար ուսումնասիրութիւններն  կարիք ունեն լուրջ հովանաւորութեան:
Այս պայքարի բովում այն մտայնութիւնը, թէ ճարպը մարդկանց գիրութեան պատճառն է դառնում եւ առիթ է տալիս սրտի հիւանդութիւնների քանակը բար-ձըրանալու, հետազօտողներին մղում է  շարունակել իրենց հետազօտութիւնները ժողովրդական առողջապահական կենտրոններում, իսկ  սովորական հասարակութեանը հետաքրքրում է, թէ  օրական երեք անգամ ինչպիսի՞ սնունդ  պէտք է ընդունել:
Մենք միաժամանակ գիտենք, թէ որոշ իւղեր գտնւում են տարբեր տեսակի բանջարեղէնների մէջ, որոնք օգտակար են մարմնին: Օրինակ՝ ձիթապտղի կամ սալմոն ձկան իւղը, որ իրօք պաշտպանում է սրտանօթային հիւանդութիւնների դէմ: Ներկայումս պարզւել է, որ նոյնիսկ յագեցւած ճարպերը, որոնք մի կտոր կարմիր մսի մէջ էլ գոյութիւն  ունեն կամ մի թեթեւ շերտ կարագ, որը մարդու թիւ 1 եւ 2 թշնամիներն են համարւում, ապացուցւել  է, որ դրանք բարդ բաղադրեալներ են եւ որոշ պարագաներում վատ ազդեցութիւն ունեն մարմնի վրայ: Ըստ այդ վարկածների, ԱՄՆ-ի ժողովրդի համար ճարպերի դիւականացումը հաւանաբար կարող էր բացասական ազդեցութիւն ունենալ, քանի որ երբ խնդիրը համատարած արծարծւեց, սկզբում ժողովուրդը միանգամայն չհրաժարւեց այդ կարգի վնասակար ուտելիքներից, ինչպիսին էին կարագը, կարմիր միսն ու պանիրը, որոնք բարձր կալորիականութիւն են պարունակում: «Մարդիկ մտածում էին, թէ այն դէպքում կարելի է հրաժարւել յագեցւած ճարպերի սպառումից, երբ հնաաւոր կը լինի դրանց փոխարինել առողջ, բնական ու օգտակար սնունդներով, մրգերով ու բանջարեղէններով»,- ասում է  Մարիոն Նեստլին (Maron  Nestli): Նա համալսարանի դասախօս է, կենսամթերքի եւ ընդհանրապէս սննդառութեան մասնագէտ: Բացի այդ, նա նաեւ  սոցիալ-առողջապահութեան գիտնական է Նիու Եօրքի համալսարանում:
Նոր հետազօտողներն առաջարկում են աւելորդ ածխաջըրատներ չօգտագործել, ինչպէս՝ շաքար կամ ուրիշ քաղցրեղէններ, որոնք առիթ են տալիս համաճարակ գիրութեան, ինչպէս նաեւ ածխաջրատներ պարունակող նիւթեր, որոնք գտնւում են հացահատիկների մէջ: Բիսկւիտները, մակարոնը եւ տարբեր տեսակի պաստաները պատճառ են դառնում մարդու արեան քիմիական փոփոխութեանը, որը եւ խթան են հանդիսանում մարմնում աւելորդ կալորիաներ կուտակւեն: Ճարպի գոյացումով  եւ դրա հետեւանքով առաջանում է սաստիկ սովածութիւն  այն աստիճանի, որ ենթակայի համար գիրութեան դէմ պայքարը շատ է դժւարանում: «Մարմնում կուտակւած ճարպերի դէմ փոփոխակի աշխատանքներ կատարելը եւս մի այլ թերութիւն է համարւում«,- ասում է Բժիշկ Ռոբերտ Լոստինգը (Robert Lusting), որը  մի մանկաբոյժ է եւ դասախօս Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկօ քաղաքում եւ նախագահն է այդ քաղաքի կենսամըթերքների վերահսկիչ հիմնարկի: «Մենք փոխարինում ենք մէկ հիւանդութիւնը միւսի հետ», ապա աւելացնում, թէ՝ կարճատեսութեամբ սննդակարգի վրայ կենտրոնանալով օժանդակում ենք  առողջապահական  մի մեծ տագնապի, եւ որ պահն է ասենք՝ ժամանակն է  դադարեցնենք պատերազմը:
 
Աղբիւր`
«Թայմ» շաբաթաթերթ
23 յունիս, 2014
 
Շարունակութիւնը յաջորդ համարում
 
 
«Յոյս» թիւ 182
23 Նոյեմբեր 2014
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *