Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

 
 
Երբ բարին դառնում է կենսակերպ, մարդն անկախ իրավիճակներից սկսում է գործել նրա տիրույթում: «Հայ դպրոց»-ի իրանահայ համայնքին ուղղված կոչը` օգնել Հայաստանի մարզային բնակավայրերում ապրող անապահով երեխաներին` անարձագանք չմնաց: Համայնքի կողմից մեծ քանակությամբ հագուստ, տաք բաճկոններ, վերնազգեստ, տաբատ, կոշիկ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ հավաքվեցին: Նոր և բավականին սրտացավորեն ընտրված այս նվերները իրանահայ համայնքի հայրենիքին օգտակար լինելու, նրա խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու լավագույն վկայությունն են ու շնորհակալ նվիրաբերումը հայ մանուկին, ով այսօր հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում և ունի նման սրտացավ ուշադրության կարիքը:
 
ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազդ գյուղական համայնքները առաջինն էին, ուր ««Հայ դպրոց» հիմնադրամի շնորհիվ հասցվեց իրանահայ համայնքի նվիրատվության առաջին խմբաքանակը: Լեռնային այս բնակավայրը նախկինում եղել է ազերիաբնակ և Հայաստանի  անկախացումից հետո, Սումգայիթյան ցեղասպանությունից մազապուրծ հայերի ընտանիքներով  բնակեցվել Արցախյան պատերազմի տարիներին:      Փախըստականի կարգավիճակ կրող հայ ընտանիքների մի մաս հիմնավորվում է այս լեռնային բարձրադիր  գոտում, ուր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, որոշ ընտանիքների ապրուստի միջոցն էլ ապահովվում է ընտանիքի կարող ուժի արտագնա աշխատանքի մեկնելով:
 
Գյուղապետարանի և ակումբի դահլիճներում իրար խառնված երեխաների և ամոթխած ու կես ուրախ կես թախծոտ ծնողների ելումուտը բավականին հուզիչ էր… Հինգ տասնյակից ավելի  երեխաներ, իրենց անուն ազգանունները բարձրաձայնելով մոտենում էին և ստանում իրենց համար նախատեսված, տարիքային և սեռային նշումները կրող նվեր – փաթեթները: Նախաձեռնությանը ներկա էին «Հայ դպրոց» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լևոն Ահարոնյանը, հիմնադրամի հիմնադիրներից և անմիջական գործող այրերից պարոն Արա Կարապետյանը:
 
Նվիրատվությանը ներկա  Արտավազդ և Փյունիկ գյուղական համայնքի գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանի խոսքերով, գյուղում բավականին թիվ են կազմում անապահով ընտանիքները, սեզոնային աշխատանքի, միայն անասնապահությամբ ու փոքրիկ հողակտորների մշակումով ապրող բնակիչները եկամտի այլ միջոցներ չունեն:
 
Նման անսպասելի նվերը բավականին գովելի քայլ է մեր սփյուռքահայ բարեկամների կողմից, մենք խորապես շնորհակալ ենք իրանահայ համայնքին հանձինս պարոն Լևոն Ահարոնյանին, որ կազմակերպեց  այս նվերների հանձնումը: Սա համայնքի անապահով ընտանիքներին ուղղված մի կարևոր քայլ էր, որը մենք գնահատում ենք: Շնորհակալություն նաև համայնքի անունից: 
 
Արտավազդ գյուղի դպրոցի ուսմասվար տիկին Սվետլանա Ջոմարդյանը կարևորելով նման բարեգործության իրողությունը պարոն Լևոն Ահարոնյանին ասաց, որ այս նվիրատվությամբ իրանահայ համայնքը փորձեց օգնության ձեռք մեկնել այն անապահով ընտանիքների երեխաներին, ովքեր հնարավորություն չունենալով պատշաճ հագուստի պարագաներ ձեռք բերելու` անգամ դպրոց հաճախելուց  են  խուսափում… 
 
– Եվ արձագանքը շատ չուշացավ , մեր համայնքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ հայ մարդը միշտ կանգնած է իր հայրենակցի թիկունքին: Երկու մեքենաներով բեռնված նվերներ, որ տարբեր նոր հագուստներ էին, հասցրեցինք Հայաստան, հաղթահարելով ծագած խնդիրները: Մեր համայնքի անունից Նոր տարվա նվեր էր սա հայ կարիքավոր երեխաներին,-ասում է նախաձեռնության հեղինակ , «Հայ դպրոց» հիմնադրամի հիմնադիր տնօրեն պարոն Ահարոնյանը, ավելացնելով, որ  «Հայ դպրոց» հիմնադրամը տարիներ շարունակ Հայաստանի սահմանամերձ շուրջ 230 դպրոցի կահույք էր նվիրաբերոմ և այդ գործը այսօր էլ շարունակվում է:  
 
-«Հայ դպրոց» հիմնադրամի աշխատակիցները կամավոր նվիրյալներ են , պարոն Արա Կարապետյանը, տիկին Մոնիկ Բաղդասարյանը, բազմաթիվ հայեր, որ նվիրատվություններ են անում և այդ գումարները ծառայում են իրենց նպատակին: Դպրոցներ կատարած այցելությունների ժամանակ նկատեցինք, որ կան շատ չքավոր երեխաներ, որ զգեստների դժվարություններ ունեն, մենք որոշեցինք մի փոքր նվեր անենք, հագուստով ապահովենք: Եվ հիմա կատարում ենք այդ աշխատանքը, ամբողջը հասնելու է 8- ից 16 տարեկան կարիքավոր երեխաներին: Նպատակը այն է, որ հայ երեխան զգա , որ մենակ  չէ , որ մենք մի ազգ ենք, մի ընտանիք ենք և իրար պետք է օգնենք: Այդ երեխաները Հայաստանի վաղվա կառավարողը և ապագան են լինելու և չպետք է խեղճ լինեն, վատ հագուստ հագնեն, վատ աթոռ- սեղանի վրա դաս սովորեն, սա առաջին հերթին ազդում է երեխայի հոգեկանի վրա: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Առաջին տարին թեհրանահայ համայնքի կողմից էր այս նվիրատվությունը, որը կամավոր էր և սրտանց: Փառք ու պատիվ մեր համայնքին իր արած շնորհակալ գործի համար:  
 
Հիմնադրամի անդամներից պարոն Արա Կարապետյանը խորապես ծանոթ լինելով սահմանամերձ գյուղերի դպրոցների խնդիրներին ասաց, որ նախատեսում են իրենց ծրագրի մեջ մտցնել նաև հագուստ հատկացնելու ծրագիրը, որի անհրաժեշտությունը կա այսօր:
 
Ի սկզբանե մեր հիմնադրամը որոշեց գույք հատկացնել Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցներին: Երկու տարի հանգամանալից այցելություններ ունեցանք, ծանոթանալով դպրոցի հիմնախնդիրներին և կատարեցինք բաշխումները: Եղան մեկենասներ, որ իրենց դրամը տվեցին և ցանկացան մեծ գյուղերում էլ անել իրենց բարեգործությունը, որը կատարվեց: Ընդհանրապես  ըս-փյուռքը առատաձեռն է նման աշխատանքների մեջ, երբ տեսնում է, որ իրենց տված դրամները ծառայում են իրենց լավ նպատակին և չեն վատնվում: Դժբախտաբար այսօր աշակերտների թիվը պակասում է գյուղերում: Նորից այցելություններ ենք ունենալու, հավաքագրելու կարիքները, ավելացնելու հատկացվող գույքի տեսականին, նոր բաշխումներ կատարելու համար: Մենք ուրախ ենք մեր կատարած գործով, միայն հույս ունենք, որ աշակերտների նվազման խնդիրը պակասի: Այս ծրագիրը նոր է, բայց շարունակական: Այդ նպատակը վերցրեցինք մեզ վրա այն ժամանակ, երբ  գնացել էի Վայոց Ձորի գյուղական համայնքներ և շատ աղքատ վիճակ տեսա: Նույնիսկ ուսուցչական կազմը, որ պետք է ներկայանալի լիներ արտաքնապես, այդպես չէր:  Հանդիպելու ենք տնօրենների, ազնիվ բաշխում կատարել, մեր ընկերներին էլ, ովքեր մասնակցում են այս աշխատանքներին, խնդրել ենք մասնակցել այս ամենին, գնալ գյուղեր, տեսնել, հավաքագրել` այս գործը բուն նպատակին ծառայեցնելու համար, – ասում է բարեգործական նախաձեռնության համահեղինակը, ով առիթը բաց չթողնելով զրուցեց նաև գյուղերի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթանալով կրթօջախներում առկա խնդիրներին, հետագա նվիրատվության կազմակերպման համար:     
 
Փյունիկ գյուղի դպրոցի ուսմասվար Սվետլանա Ջոմարդյանը շնորհակալանքի իր խոսքը հղելով իրանահայ համայնքին  հուզմունքով ու երախտագիտությամբ ասաց, որ սա մի անակնկալ էր, որից անչափ պիտի ուրախանան երեխաները, որոնց հիսուն տոկոսը անապահով ընտանիքներից են և պատշաճ հագուստի բացակայության պատճառով ոչ միայն բացակայում են դասերից, այլև հոգեբանական բարդույթների առջև են կանգնում: Նվերներ ստացած երեխաները խոստովանում էին, որ սա իրենց համար անսպասելի  ուշա-դրություն էր, որ հրճվանք պարգևեց իրենց, սկսեցին պատմել, թե ո՞վ ինչպես է սովորում,  ինչ պետք է դառնա ապագայում. ուսուցիչ, իրավաբան, վարսավիր, բուժքույր, վարորդ… Երեխաների մեջ հույսի, սիրո և բարության լույսն էր արթնացել: Իրենց երախտագիտությունը իրանահայությանը հայտնում էին նաև երեխաների ծնողները, ոմանք անգամ կոտրատված հայերենի հետ վարժ ռուսերեն խառնելով, ցանկանում էին այնուամենայնիվ ասել իրենց սրտի խոսքը, հուզված անակնկալից, որը բարության մի շող էր մանուկների աչքերում, նրանց միաբերան շնորհակալությունների մեջ, որոնք ուղղված էին իրենց նվերներ մատուցած իրանահայ հայրենակիցներին: Մանուկների ծափահարություններով ու ժպիտներով ողողվեց օրը, որ հագեցած էր մի ափ բարությամբ:

«Յոյս» թիւ 166

8 Մարտ 2014

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *