Ցեղասպանութիւնը թուրք գրականութեան թեմա կամ Ստամբուլի բիճը

 
ՇԱՄԻՐԱԵԱՆ
 
 
Դժւար, համարեա անհնարին է կսկծացող ցաւի մասին խօսել հէնց մահացու վիրաւորման պահին, յայտկապէս եթէ վէրքը միայն քոնդ չէ, այլ հազարաւորների,  եթէ ցաւը համազգային է…
Հայոց Մեծ Եղեռնի մասին հայ գրողները երկար լռեցին.  խօսելն անգամ ցաւ էր պատճառում: Մարդկային գիտակցութիւնը մթագնող, ոչ մի բանականութեան չենթարկւող արարքին անուն տալն անգամ անհնարին էր, որը  շատ յետոյ միջազգային իրաւական լեզւով կոչւեց ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ կատարւած ոճիր:
Եղեռնի յիսուն ամեակ  պիտի նշէինք, որպէսզի գրականութիւն բերւէր ծանր այդ բեռը, փորձ արւէր նկարագրել աննկարագրելին, պատմել` անպատմելին:
Դահիճների իրաւական-իշխանական ժառանգները, ժխտումը դարձնելով իրենց  արտաքին քաղաքականութեան զէնքը, պատրաստւում են մեծամասշտաբ քարոզչական հնարանքներով, կեղտոտ փողերի մսխումով պլստալ  Մեծ Եղեռնի 100-ամեակին պատրաստւող հայ ժողովրդի պահանջատիրութեան,  փոխհատուցման ու Ցեղասպանութեան ճանաչման պատասխանատւութիւնից:
Ժխտումի պատը սակայն ճաք է տւել: Պետական քարոզչական մամլիչի տակ չեն մտել թուրք մտաւորականներ, ովքեր գիտակցութիւնն ունեցան հայ ժողովրդի ներկայացրած անհերքելի փաստերը ուսումնասիրել, ականջալուր լինել իրենց խղճի ձայնին, երկխօսութիւն սկսել բանականութեան լեզւով եւ հասնել ինքնուրոյն եզրահանգումների:
Թաներ Աքչամը միակը չէ, ոչ էլ Ջամալ Փաշայի թոռը, միւսները…
Այսօր Ցեղասպանութիւնը ճանաչող թուրք պատմաբաններ, հրապարակախօսներ ու գրողներ կան, ովքեր ոչ միայն Սփիւռքի  Ցեղասպանութիւնը միջազգայնօրէն ճանաչեցնել տալու ջանքերի շնորհիւ գիտեն եւ ընդունում են այդ փաստը, այլեւ Թուրքիայում Հրանդ Դինքի եւ նրա համախոհների շնորհիւ, եւ ոչ միայն:
Շատերն էլ իրենց ընտանեկան կեանքը ուսումնասիրելով յայտնաբերեցին իրենց ինքնութեան եւ ցեղասպանութեան ողբերգութեան կապը: Տատիկներ ու պապիկներ, որոնք տարիներով թաքցնելով իրենց հայութիւնը, պարտադիր այլադաւանութեամբ ապրեցին եւ միայն մահւան մահիճում իրենց թոռներին ասացին` ես հայ եմ…
Հարիւրամեակի շեմին ենք:
Ցանկանում եմ ներկայացնել մի գիրք, որը հէնց այդ կապի եւ Եղեռնի մասին է խօսում ` գրականութեան ու վէպի լեզւով, հրաշալի մի վէպի, որը էջ առ էջ մեզ ներքաշում է մի հետաքրքիր աշխարհ, ուր իրար են բախւում ճակատագրերը, ուր հայ ու թուրք կերպարները ցաւով, դառնութեամբ  ու տառապանքով են հասնում ինքնութեան ու եսի հաստատման ապահով ափը, թօթափելով նախապաշարումներն ու ատելութիւնը, սուտն ու զայրոյթը:
Թուրք վիպասանուհի Էլիֆ Շաֆաքը գրականութեան սիրահարներին ծանօթ է մի քանի վէպերով եւ շահած մրցանակներով, ֆեմինիստական իր կեցւածքով եւ իհարկէ, որպէս նախկինում Էրդօղանի կուսակից ու համախոհ, այսօր արդէն նրա քաղաքական ընդդիմադիր  Գիւլէնի հարսը: Իսկ Գիւլէնի մասին ասում են, որ նրա երակներով էլ հոսում է հայկական արիւն:
Վէպը  կարդալու հաճոյքն ու հայ լինելուդ ցաւը ընթերցանութիւնը դարձնում են ցաւագին վայելք: Մեծարժէք այս ստեղծագործութիւնը ուշագրաւ է զոհի ու դահճի ժառանգների փոխյարաբերութեան եւ Եղեռնի վերաբերեալ նրանց ընկալումների զուգահեռների ու տարբերութիւնների վարպետ վերլուծութեամբ,  երիտասարդ հայուհու եւ թուրք աղջկայ անսպասելի, բայց սրտառուչ մտերմութեամբ:
Էլիֆ Շաֆաքը, պատիւ իրեն, չի տարւել ենթադրութիւններով. կարդալիս կը նկատէք, թէ նա որքան լաւ է ուսումնասիրել հայերին ու հայ պատմութիւնը: Եղեռնի սարսափների նկարագրութիւնները, ժամանակակից հայերի ու Հայաստանի մասին նրա տեղեկութիւնները,  ճշգրիտ ու հաւաստի, գրողական հրաշալի հնարանքներով վէպում զետեղած, անձնական ու հաւաքական, զոհի ու դահճի  հոգեբանութեան համոզիչ վերլուծութեամբ վէպը դարձրել է այնքան գրաւիչ, համոզիչ ու կլանող, որ մի պահ անգամ չես ուզում կտրւել ընթերցանութիւնից:
Կանացի կերպարները, որոնք վէպի հերոսներն են, թուրք ժամանակակից մի ընտանիքի անդամներ`  մէկը միւսին հակասող, մէկը միւսից տարբեր մարդիկ են, գլխաւորի դերը թողնելով իհարկէ ընտանիքի կրտսերին` Ասիային: Արմանուշը սակայն ուրիշ աշխարհից է, հօրական կողմից հայ այս աղջիկը իր արմատներն ու ինքնութիւնը գտնելու համար Արիզոնայում մօրը եւ    Կալիֆորնիայում հօրը թողած մենմենակ  ու գաղտնի Ստամբուլ է գնում, Պոլիս` ուր մի ժամանակ ապրել է իր տատիկը: Իր համար էլ անըսպասելի, նա յայտնաբերում է բաւականին ժամանակակից ու հայատեացութիւնից հեռու Ասիային` հիւրընկալ ընտանիքի 19-ամեայ աղջկան: Ասիան` Ստամբուլի Բիճը  եւ Արմանուշը միասին բացայայտում են ոչ միայն Պոլսի հմայքն ու քմայքները, այլեւ պարզում Ցեղասպանութեան Զոհի ու Դահճի վարքագծի բարդ ու խճճւած հոգեվիճակների պատկերը;
Թուրքական անուշապուրի բաղադրիչները դառնում են վէպի գլուխների ոչ միայն անւանումները, այլեւ խորհրդանիշերը, եւ վերջինը` դառն նուշի թոյնը վերջ է դնում զղջացած ու մեղայի եկած բռնաբարողի նողկալի կեանքին…
Անձնականն ու հաւաքականը, յիշելն ու մոռանալը, պահանջն ու մերժումը, իրականն ու կախարդականը, մտածւած բազմաթիւ այլ զուգահեռները , թուրքական առածները, աւանդազրոյցները,  ինտերնետային հայ ընկերներն ու հայութեան տարբեր խաւերի տեսակէտները,  օգնում են գրողին ասել աւելին, քան ուղղակի խօս-քըն է ընդունակ ասելու:
2006-ին գրողը Թուրքիայում կանգնեց դատարանի առջեւ 301 տխրահռչակ յօդւածի մասով` թրքութիւնը վիրաւորելու համար, սակայն  վիպասանուհին անպարտ արձակւեց  նշելով, որ վէպը գրողի երեւակայութեան արդիւնքն է, եւ դատը կարծես թէ վէպի հերոսների դէմ է, ոչ թէ գրողի:
Գիրքը, որ գրւել է անգլերէնով, տպագրւեց նաեւ Թուրքիայում  եւ թարգմանւեց այլ լեզուների: “Անտարես”  հրատարակչութիւնը այն լոյս ընծայեց Երեւանում,  Արփի Աթաբէկեանի շատ լաւ թարգմանութեամբ, 2012 թւականին, “Արգելւած գրքեր” մատենաշարով:
Ինտերնետում փնտրէք Էլիֆ Շաֆաքին եւ նրա վէպերը, ինչպէս նաեւ “Անտարես”  հրատարակչութեանը իր բազմաթիւ տպագրած լաւ գրքերով, եւ ի հարկէ հայ եւ օտար նորագոյն եւ վերահրատարակւած բազմաթիւ վէպեր կարող էք գտնել “Նայիրի” հրատարակչութիւն-գրատանը, ինչպէս միշտ:

 

«Յոյս» թիւ 166

8 Մարտ 2014

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *