Մեղուների խորհրդաւոր անհետացումը

 
Մեր առօրեայ կեանքում հազիւ թէ նկատենք մեղուների ներկայութիւնը, սակայն նրանք մեծ դեր են խաղում մարդու կեանքում եւ նրանց սպառնացող վտանգն սպառնում է ողջ մարդկութեանը: Ամերիկեան Թայմ շաբաթաթերթը ընդարձակ յօդւածով անդրադարձել է մեղուների աննախադէպ ոչնչացման երեւոյթին, որը Ամերիկայում անել վիճակի մէջ է դրել գիտնականներին: Թարգմանաբար «Յոյս»-ի մի քանի համարում կը ներկայացնենք այս յօդւածը փոքր յապաւումներով:
 
Առանց մեղրամեղուի, աշխարհը շատ բան կը կորցնի
 
ԲՐԱՅԱՆ ՎԱԼՇ
 
 
Ապիս մելիֆերա կամ ինչպէս աւելի յայտնի է` արեւմտեան մեղրամեղու. ահա նրանից պիտի շնորհակալ լինենք մեր օրական կերակրելի պատառներից մէկի համար: Սկսած կենտրոնական Կալիֆոռնիայի նուշի այգիներից, ուր ամէն գարուն բիլիոնաւոր մեղուներ ողջ Միացեալ Նահանագների տարածքից հաւաքւում են փոշոտելու բազմաբիլիոն բերքը, մինչեւ Մէյնի հապալասիի տարածքները, մեղուները ամերիկեան գիւղատնտեսութեան համակարգի անվճար ու անպայմանագիր բանւորներն են: Այսպիսով նրանք տարեկան աւելի քան 15 բիլիոն յաւելեալ արժէք են ստեղծում Ամերիկայի գիւղատնտեսութեան համար: Յունիսին, Ռոդ Այլանդում մի վաճառատուն իր փեթակներից հաւաքեց մեղուներին յատկացւած բոլոր ուտելիքները: 453 տեսակներից անյայտացան 237-ը, այդ թւում խնձորը, լեմոնը, դդումը: «Մեղուները այն սոսինձն են, որ իրար են միացնում մեր հողագործութեան համակարգը»,- գրում է 2011 թւականին լոյս տեսած «մեղւաբոյծների տրտունջը» գրքի հեղինակ` Հանա Նորդհաուսը:
Եւ հիմա այդ սոսինձն էլ չի գործում: 2006-ի շուրջ արդիւնաբերական մեղւաբուծութեան տէրերը սկսեցին նկատել մի վրդովեցուցիչ երեւոյթ. մեղրամեղուները անհետանում էին: Նրանք բացում էին փեթակը, իրենց տեղում էին մոմը,մեղրախորիսխը եւ նոյնիսկ մեղրը, բայց իրենք մեղուները չկային: Երբ ամէն կողմից ստացւեց մեղւաբոյծների հաղորդումները, գիտնականները այս երեւոյթի համար յօրինեցին մի բաւականին ապոկալիպտիկ անուն. Կոլոնիների քայքայման հիւանդութիւն( colony-collaps disorder) կամ համառօտ CCD :
 Միանգամից մեղւաբուծութեան արդիւնաբերութիւնը իրեն գտաւ լրատւամիջոցների ուշա-դըրութեան կենտրոնում: Ժողովուրդը խիստ հետաքրքրւած էր վախենալի ֆիլմերի ոճով պատահող այս առեղծւածային իրականութեամբ: Այսօր, եօթը տարի անց, մեղուները շարունակում են մեռնել աննախադէպ մասշտաբներով, եւ պատճառները ամենեւին էլ պարզ չեն: Անցեալ ձմեռ, Միացեալ Նահանգների մեղուների կոլոնիների մէկ երրորդը մահացել կամ անհետացել են. դա նախկին տարւայ համեմատութեամբ 42 տոկոս աւելի շատ է:
Թէեւ մեղւաբոյծները կարող են ժամանակի ընթացքում ոչնչացած մեղուները փոխարինել նորերով, սակայն մեղուների ոչընչացման բարձր մակարդակը մեծ ճնշում է բանեցնում արդիւնաբերութեան եւ հողատնտեսութեան վրայ: Պարզապէս այս տարի գարնանը բաւականաչափ մեղուներ չկային Կալիֆոռնիայի նշենու այգիների կենսական փոշոտումը իրականացնելու համար: Դրանով վտանգւում էր 4 բիլիոն արժողութեամբ բերք: Նուշարտադըրութիւնը իրապէս կարեւոր խնդիր է: Նուշը ոսկեայ նահանգի ամենաարժէքաւոր գիւղատնտեսական արտադրանքն է, որի արտահանման արժէքը երկու անգամով գերազանցում է Կալիֆոռնիայի հռչակաւոր խաղողի արտահանման արժէքին: Իսկ նուշարտադրութեան կախւածութիւնը մեղուներին, պարզապէս մի փոքր նմուշն է մեծ խնդրի, քանի որ տարբեր տեսակի մրգերի եւ պտուղների՝ ինչպէս դդմեղէնի, լորամրգիի ու վարունգի բերքը բարձրացնելու միակ միջոցը մեղուների փոշոտումն է: Մեղուների անհետացումը նշանակում է գիւղատնտեսութեան մեծագոյն վը-նաս:
«Այս բոլորի անմիջական պատգամը հետեւեալն է. մենք կանգնած են կործանման սեմին», ասում է Ջեդ Փեթիսը, որը ԱՄՆ-ի Գիւղատնտեսութեան նախարարութեան հետազօտութիւնների մեղուների բաժնի տնօրէնն է: «Մի քայլ եւս ու վերջ», աւելացնում է նա:
Հէնց այս պատճառով էլ գիտնականները խիստ աշխատում են յայտնաբերել, թէ ի՞նչն է խանգարում մեղուներին: Հողագործական փեստիցիդները առաջին կասկածեալներն են, յատկապէս մի տեսակ նոր քիմիական դեղ՝ Նիկոտինոյիդ անունով, որը յանկարծակիօրէն վնասում է մեղուներին եւ այլ միջատներին, նոյնիսկ եթէ դա գործ է ածւում թոյլատրւած չափերով: Այլ գիտնականներ իրենց ուշադրութիւնը կենտրոնացրել են մեղւասպան մակաբոյծերի վրայ, յատկապէս Վարօա ոչնչացնող իմաստալի անունը կրող մակաբոյծի, որը 1980-ականներից կորուստ է պատճառում ԱՄՆ-ի մեղւանոցներում: Այլ հետազօտողներ կասկածում են բակտերիալ եւ վիրուսային հիւանդութիւններին: Յըստակ մեղաւորի բացակայութիւնը պարզապէս աւելի խորացնում է առեղծւածը եւ սարսափը, եւ ահազանգում մի շրջանի սկզբնաւորումը, որ որոշ «կանաչ» խմբա-ւորումներ կոչում են «երկրորդ լուռ գարուն»: Դա մէջբերում է Ռաշէլ Քարսոնի 1962 թւականի գրքից, որն ընդհանրապէս համարւում է բնապահպանական շարժման սկզըբ-նաւորման գործօններից մէկը: Այնշտայնին վերագրւող մի մէջբերում կայ, ըստ որի, «Եթէ մեղուն անհետանայ երկրի երեսից, մարդը միայն չորս տարի է կարող գոյատեւել»:
Մասնագէտները կասկածում են, որ Ալբերտ Այնշտայնը նման բան ասած լինի, բայց հէնց այս թւի վերագրումը լաւ է բնորոշում այն մոլորութիւնը, որով պաշարւած է մեղուների անհետացման առեղծւածը եւ այն, որ մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք մի կենսատեսակի, որին պահել եւ որից մեր կեանքը կախւած է եղել հազարաւոր տարիներ: Մեղրամեղուների անհետացումով մեր մոլորակը կը մնայ աւելի աղքատ եւ աւելի սոված: Սակայն աւելի սարսափելին այն է, որ այս երեւոյթը միայն նշանն է այն վախենալի ապագայի, որ գտնւում է մեր առջեւում: Դա խորհրդանշում է այն փաստը, որ մեզ շրջապատող աշխարհում ինչ-որ խորը սխալ բան է կատարւում: «Եւ եթէ մենք ինչքան շուտ մի փոփոխութիւն չմտցնենք, կանգնելու ենք աղէտի առջեւ», ասում է կոլորադոցի մեղւաբոյծ Թոմ Թէոբալդը: «Մեղուների երեւոյթը միայն սկիզբն է», աւելացնում է նա:
Մեղուն կարող է զոհը լինի բնական վտանգների կամ անբընական երեւոյթների, ինչպիսին են փեստիցիդները: Բայց չպիտի մօռանանք, որ մեղուն ինքը Ամերիկայի բնական բնակիչը չէ: Մեղրամեղուն Ամերիկա է ներմուծւել 17-րդ դարում եւ մինչեւ վերջերս ծաղկել ու զարգացել է այս երկրամասում, քանի որ յարմարագոյն տեղն է գտել մի  սննդային համակարգում, որի նպատակն է արտադրել սննդամթերք հնարաւորին չափ էժան գներով եւ հնարաւորին չափ մեծ քանակութեամբ: Դա մարդ արարածի միջոցով ձեւաւորւած մի առեւտրական էկոսիստեմ է, որը ոչ միայն լաւ է եղել մեղուների եւ մեղւաբոյծների համար, այլ ապահովել է նաեւ լաւ առեւտուր սուպերմարկետների եւ նպարավաճառների համար:
Մեղուների անհասկանալի մահւան հետեւանքով, մեծ թւով մեղւաբոյծներ մեծ վնասներ են կրում եւ լքում են իրենց գործը: Անցեալ 15 տարիների ընթացքում, արդիւնաբերական մեղւաբոյծների թիւը իջել է երեք քառորդի: Նրանք բոլորն էլ այն համոզման են եկել, որ չարժի շարունակել, բայց այս մասին, թէ ի՞նչ է այս վիճակի բուն պատճառը եւ ու՞մ պիտի մեղադրել, զանազան կարծիքներ գոյութիւն ունեն: Ոմանք, ինչպէս տարիների մեղւաբոյծ` Ջիմ Դոնը, մեղադրում է նէոնիկոտինոյիդ փեստիցիդներին, եւ իրօք նրանց դէմ փաստերը բազմաթիւ են: Դրանք գործ են ածւում 140 տեսակ տարբեր բերքի վրայ, ինչպէս նաեւ տների բակերում, եւ դժւար թէ որեւէ միջատ կարողնայ խուսափել դրանց ազդեցութիւնից: Ջիմը կոնգրեսի առջեւ վկայութիւն է տւել նէոնիկոտինոյիդների վտանգի մասին:
Սակայն Ամերիկայի հողագործները տասնամեակներ է, ինչ օգտագործում են փեստիցիդներ: Դա նշանակում է, որ մեղուները, որոնք թռչում են մինչեւ 8 կիլոմետր հեռաւորութիւն իրենց փեթակներից, երկար ժամանակ նախքան CCD-ի երեւան գալը, շփման մէջ են գտնւել այս թունաւոր նիւթերի հետ եւ բան չի պատահել: Սակայն նէոնիկոտինոյիդները, որոնք սկսւեցին գործածւել 1990-ականների կէսերից եւ լայն տարածում գտան հետագայ տարիներին, տարբեր են: Դըրանք կոչւում են սիստեմատիկներ, այսինքն սերմը նախքան ցանւելը լւացւում է դրանցով եւ հետագայում թոյնը անցնում է բոյսի բոլոր մասերի, այդ թւում նեկտարի եւ ծաղկափոշու մէջ, որոնց հետ շփւում է մեղուն:
Որոշ հետազօտութիւնների համաձայն, նէոնիկոտինոյիդ տեսակի թոյները խանգարում են մեղուների թռիչքի եւ ուղղւածութեան ստուգման կարողութիւնը առանց անմիջապէս նրանց սպանելու:
Եւ ամէն ինչ մի կողմ, ի վերջոյ փեստիցիդները միջատներ սպանելու դեղեր են, իսկ մեղուները, ինչ խօսք` միջատներ են:
 
Աղբիւր` Թայմ շաբաթաթերթ
Անգլերէնից թարգմանեց` Լեւոն Ահարոնեանը
 
«Յոյս» թիւ 164
8 Փետրւար 2014
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *