Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

 
Ռ. Ս.
 
 
Վերջին տեղեկութիւնների համաձայն, Վիէննա է մեկնել իրանահայ անւանի աշուղ, ջուղայաբընակ, Ջուղայի պարծանք ու պատիւ՝ աշուղ Ծատուրօղլին: Վիէննա է մեկնել, պարզ է, այնտեղից Ամերիկա մեկնելու համար: Մի խօսքով նա էլ միացել է գաղթականների օրաւուր աճող մեր հայրենակիցներին:
Գաղթելը մեր օրերում մեր համայնքում, իհարկէ, արտառոց բան չէ: Գաղթում են պատգամաւորներ, ազգային մարմինների անդամներ եւ նախագահներ, ուսուցիչներ եւ կուսակցական գործիչներ, գաղթում են իմպերիալիստներ եւ (նախկին) հակաիմպերիալիստներ, մի խօսքով, ամէն տեսակի մարդիկ, որ կարող են օրինակ հանդիսանալ հանրութեան համար, բայց եւ այս բոլորով հանդերձ, Ծատուրօղլու գաղթը օտար բան էր:
Ասում են Ծատուրօղլին հէնց այն գրողն է, որ յեղափոխութիւնից մի քանի տարի յետոյ, Մաթեան կեղծանունով գրել է հակաիմպերիալիստական «Ամերիկացի Փեսացու» անունով թատերգութիւն, որտեղ, այսպէս ասած, լաւ լւացել է «Ամու Սամ»-ին, որ նոյնիսկ եթէ Ջուղայի աղջիկները թողնում են իրենց սիրեկաններին, նրա մեղքն է եւ վերջն էլ աքացիով դուրս են գցում ամերիկացուն … նա գրել է այսպիսի տողեր.
 
Ամու Սամը եօթ գլխանի մի դեւ է
Քանի սա կայ աշխարհի օրը սեւ է:
Պատերազմ  ու կոտորած ու քուդեթա
Թող Աստւած չար սատանի վերջը տայ
Ես ինչ ասեմ էդ հէյւանից դեռ քիչ է
Մարդու միսը նրա համար չամիչ է:
 
Ու հիմա ինքը …
Իհարկէ, կան ուրիշ մօտեցումներ: Ծատուրօղլին վերջին տարիներին հեռախօսային կապի մէջ է եղել Օբամայի հետ եւ նրան քննադատել է, թէ ինչ՞ու Ջենոսայդ բառը չի գործածում: Հէնց «Յոյս»-ում են տպագրւել նրա այս տողերը.
 
Մագամ ի՞նչ իմ ուզում քիզնից, իմ ուզածը մե հատ բառ ա,
Թե վուր ասիս, գովքդ կոսի իմ չունգուռի լարն Օբամա:
 
Ու թէեւ Օբաման էլ նրան ասել է.
 
Ախար չիս հասկանում, որ էդ մե բառըն
Ոնց որ իմ հեծած ջուխտ ձիու օֆսարըն,
Թե ձիռից թողեցի ինձ կուտան քարըն,
Did you understand?!  ո՜վ Ծատուրօղլի:
 
դրանով հանդերձ, անհաւանական չէ, որ նա գնում է Օբամային համոզելու, որ ի վերջոյ սատանայի իշուց ցած գայ ու էդ բառը գործ ածի: Ի՞նչ գիտենաս, Գուցէ մարդը գնում է մեր ազգային հարցերը լուծելու ու մենք ամէն բանից անտեղեակ նրան քննադատում ենք, թէ՝ էսպէս ու էնպէս…
Ինչ որ է, Ծատուրօղլին անտեղեակ մարդ չէ գաղթին վերաբերող հարցերի մասին: Նա իր աշուղական ոճով հետեւել է զանազան կարծիքներ եւ հարցեր գաղթի մասին եւ մի գուցէ հիմա գնում է մի բան անելու, որ գաղթը դադարեցնի: Մի քանի տարի առաջ, երբ գաղթի խօսքը տաք էր, երբ մարդիկ դեռ ուզում էին լուծում գտնել գաղթը կանխելու համար եւ դեռ էն եզրակացութեան չէին եկել, որ ուղտը քնելու է ամէնքի դռան առջեւ, միայն հինգ տարի սրանից առաջ, նա գրել է.
Անցած տարի ուժեղ թափով շարունակւեց արտագաղթը,
Որոշները գլխին տալիս, անիծում են հայի բախտը,
Ո՞վ իմանայ, թէ որտե՞ղ է ինքը գալ տարի էս վախտը,
Ուր էլ գնաք ձեր ոտի տակ աբրեշում- խալի ըլնենայ:
 
Դւինն ասաւ.«Գաղթս ո՞րն է, էս մի տեղափոխութիւն է:»
Ռոբերթն էլ թէ.«Ջա՛ն Գլենդել, էս մի յեղափոխութիւն է:»
Ծատուրն ասաւ.«Ինչ էլ չըլնի, մէ քիչ օդափոխութիւն է:»
Մարդ եմ ուզում, էս գժերի խօսքերը հալի ըլնենայ:
 
Իհարկէ, այսօր այս տողերից կարելի է տեսնել, որ Ծատուրօղլին դեռ այն ժամանակ պատրաստւելիս է եղել «օդափոխութեան» համար:
Նա գաղթի մարդ է: Պիտի գաղթէր, երբ դեռ չորս տարեկան էր: Ասում են Ներգաղթի տարին ընտանիքով պիտի գնային Հայաստան: Ներգաղթը կանգ առաւ: Մընացին: Հիմա են գնում: մի գուցէ ՄԱԿ-ից են ուզել հետը խորհըրդակցել, որպէս գաղթի մասնագէտ: Բայց ախր ո՞ր հայը գաղթի մասնագէտ չէ …
Այսպիսի խօսքեր էին գնում, երբ Ծատուրօղլին հակազդեց: Ստացել ենք նրա «Մնաք բարով»-ի նամակը, որը մեր տեղեկութիւնների համաձայն, կարդացել է իր գուդբայ փարթիում եւ յետոյ ուղարկել է նաեւ մեզ՝ առ ի տեղեկութիւն համայնքի անդամներին: Ահա Ծատուրօղլու «Մնաք բարով»-ը: Կարդացէք ու ինքներդ դատէք, որ դա ճշմարտախօ՞ս մարդու խօսք է, թէ ռենդի պատասխան: Կարդացէք ու տեսէք, թէ ի՞նչ էք հասկանում:
 
 
«Յոյս» թիւ 164
8 Փետրւար 2014

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *