Նկարիչ Սարգիս Մուրադեանի դուստրը իՐ հօր արւեստի եւ կեանքի մասին

 
ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
 
1965 թվականին ես դեռ շատ փոքր էի։ Հիշում եմ՝ գիշերներով մեզ մոտ հաճախ աղմկոտ էր լինում… Մենք արդեն քնած էինք լինում, և հանկարծ մարդիկ էին գալիս՝ Պարույր Սևակը, Ռաֆայել Ղազարյանը, Վարագ Առաքելյանը։ Մայրիկս ննջասենյակի դուռն ամուր փակում էր, քանի որ մինչև առավոտ կարող էին շարունակվել վիճաբանությունները, աղմկոտ բացականչությունները, երգերը, բանաստեղծությունների արտասանությունը…
70-ականների երկրորդ կեսին, երբ ես արդեն 17-18 տարեկան էի, երիտասարդ գիտնականների նախաձեռնող խումբը, ովքեր 65-ին Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին, մի քանի տարի շարունակ աշնանը մտավորականներին հավաքում էին Ծաղկաձորի Մերգելյանի ինստիտուտի պանսիոնատում։ Այնտեղ էին Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Հայկ Ղազարյանը, Եսայի Ստեփանյանը, Լյուդվիգ Խաչատրյանը և ուրիշներ։ (Բոլոր այս մարդիկ հետո՝ 1988-ի փե-տըրվարին նորից հայտնվեցին մեր տանը…)։
Չգիտեմ ինչպես էր պաշտոնապես կոչվում, բայց, դատելով ինձ մոտ պահպանված լուսանըկարներից, այնտեղ ներկա էին լինում Սերգեյ Մերգելյանը, Երվանդ Քոչարը, Սիլվա Կապուտիկյանը, այլ մտավորականներ արվեստի և գիտության բնագավառից։ Եթե Հայաստանում էին լինում ճանաչված մարդիկ Սփյուռքից, նրանք նույնպես հրավիրվում էին։ Առաջին անգամ հայրս այնտեղ գնաց մայրիկի հետ, հետագայում ինձ և քրոջս էլ էին իրենց հետ տանում։
Երբ մարդ էր գալիս Սփյուռքից, հայրենասիրական խոսակցություններ էին լինում Հայաստանի, ցեղասպանության մասին։ Քննադատում էին խորհրդային իշխանությանը, որ չեն թույլատըրում լուծենք մեր ազգային խնդիրները։ 90-ականներին, երբ Հայաստանը դարձավ անկախ, իր ծննդյան օրը հայրս, սեղանի շուրջ ասաց. ՙԵկեք ազնվորեն խոստովանենք, որ մեր ազգը մազապուրծ եղավ կործանվելուց, և խորհրդային շրջանում այստեղ եկան այնպիսի մտավորական մարդիկ, ինչպիսիք էին Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Դրամփյանը, Ալեքսանդր Թամանյանը. սկսվեց արվեստի և գիտության զարթոնքը։ Չնայած շատ դժվարություններին և ճնշումներին՝ վերջապես մեր մի կտոր հողն ունեցանք…՚։
Իհարկե հայրիկիս համար, որպես նկարչի, ամենակարևոր իրադարձությունը 1956 թվականին ստեղծած Կոմիտասին վերաբերող նկարն էր՝ ՙՎերջին գիշերը՚։ Այն կարևոր իրադարձություն էր նաև Հայաստանի գեղարվեստական և քաղաքական կյանքում։ Քառասուն տարի անց, հայրիկիս 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը նվիրված իր խոսքում Վազգեն Մանուկյանն ասաց, որ իրենց սերունդը դաստիարակվել է այս ստեղծագործությամբ։ Հայրս ընտրեց Կոմիտասին որպես ամբողջ հայ մտավորականության հավաքական կերպար։ Եթե հետևենք նրա ստեղծագործական ուղուն, ապա կտեսնենք, որ անընդհատ՝ 5-6 տարին մեկ նա վերադառնում է Կոմիտասի թեմային։ Հետո եղավ ՙԿոմիտաս. ապրիլ, 1915՚ (1965), ապա, 1969-ին՝ ՙԿոմիտաս, Անտունի՚ նկարը, որտեղ նա կանգնած է անապատում, քարուքանդ Հայաստանում, արդեն, միգուցե, խելագարված։ Այդ ամենը, իհարկե, խորհըրդանշական էր։
Կյանքը շարունակվում էր իր սովորական հունով։ Հայրիկն աշխատում էր որպես նկարիչ, դասավանդում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Մի քանի անգամ եղել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր։ Տարին մեկ-երկու անգամ անց էին կացվում համախորհըրդային հոբելյանական ցուցահանդեսներ, որից կես տարի առաջ ստորագրվում էր պայմանագիր, և փոստով պատվեր էր գալիս։ Տեղեկանում էին, թե ինչ հոբելյանի է նվիրված ցուցահանդեսը, օրինակ՝ հոկտեմբերյան տեղափոխության հոբելյանին։ Պատվիրում էին աշխատանք, նշում թեման, նույնիսկ այն, թե ինչ չափի պետք է լինի նկարը։ Սակայն հայրս նկարում էր՝ ինչ ցանկանում էր։ Նույնիսկ 1970-ին Լենինի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսում նա ներկայացրեց իր դուստրերին պատկերող նկարը։ Ամբողջ դահլիճը պատված էր լենիններով, և նըրանց մեջ էր ՙԻմ դուստրերը՚ նկարը, որտեղ ես և քույրս ենք պատկերված կարմիր զգեստներով։
1970-ականների վերջին, 1980 թվականների սկզբին հայրիկս շատ էր աշխատում, ունենում էր տարբեր գործուղումներ, հաճախ լինում էր արտասահմանում՝ որպես կազմակերպիչ տանելով համամիութեանական ցուցահանդեսների։ Նա եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, տարին մի քանի անգամ մեկնում էր Մոսկվա՝ պլենումների, համաժողովների և այլ միջոցառումների։ Որքան էլ տարօրինակ է, բայց նա արժանացավ նախ ԽՍՀՄ պետական մրցանակի՝ 1976-ին, հետո միայն Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման։ Որպես նկարիչների միության վարչության անդամ՝ նա նաև հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր էր։
Հայրս երբեք կուսակցական չի եղել։ 1980-ականներին զբաղեցնելով նկարիչների միության նախագահի պաշտոնը՝ չէր համաձայնվում մտնել կուսակցության շարքերը, չնայած այս հարցով նրան մի քանի անգամ կանչել են Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ։
Հայրիկս ունի 1961-ին ստեղծված մի հայտնի աշխատանք՝ «Հարսանիք Հրազդանում՚, ավանդական հայկական հարսանիք՝ բնորոշ գուղական պատկերներով։ Այնտեղ ես հայտնվել եմ առաջին անգամ՝ որպես նորածին մոր գրկում։ Այնուհետև հայտնվել եմ ՙԻմ դուստրերը՚ կտավում (1969)։ Դա իմ և քույրիկիս դիմա -նկարն է, ես 10 տարեկան եմ, քույրս՝ 12։ Նման ոչ ստանդարտ դիմանկար ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացավ անըսպասելի, միանգամից։ Ինձ և քույրիկիս նվիրել էին կարմիր զգեստներ, իսկ մայրիկս գնեց կարմիր զուգագուլպաներ։ Երբ հագանք մեր զգեստներն ու զուգագուլպաները, հայրս ասաց մայրիկին. ՙԱրի նկարեմ նրանց՚։ Կարգադրեց մեզ համար գտնել կարմիր կոշիկներ, և մեզ տարան արվեստանոց։
Հայրս հաճախ նկարում էր բնօրինակից։ Քույրս՝ Գոհարը, սովորում էր Լենինգրադում, և հայրիկի համար մշտական բնօրինակը ես էի։ ՙԽաղաղ երկնքի տակ՚ նկարում ես 13 տարեկան եմ՝ մի նիհար աղջնակ, որը քայլում է փողրակի եզրով։ Ահավոր դժվար էր այդ դիրքում երկար կեցվածք ընդունել։ ՙԻմ քաղաքը՚ նկարի գրեթե բոլոր կանանց բնորդը ես եմ։ Գործը հասավ նրան, որ հայրս նույնիսկ տատիկներին էր ինձնից նկարում։ Երեկոյան ինձ ասում էր. ՙՎաղը դպրոց չես գնա, արվեստանոց ենք գնալու՚։ Մայրս մեզ համար ճաշ էր պատրաստում, և առավոտվանից մենք գնում էինք արվեստանոց։ Երաժշտություն էինք միացնում, ու հայրս սկսում էր աշխատել։ Երբ ինչ-որ բան արդեն ստացվում էր, նա սկսում էր սուլել երաժշտության տակ։ Լսում էինք թե’ ժամանակակից, թե’ դասական երաժըշտություն։ Նրան շատ էր դուր գալիս ՙԲի Ջիզ՚ խումբը, ասում էր. ՙԻնչ լավ են երգում այս աղջիկները՚։ ՙԱղջիկներ չեն, տղաներ են՚,– ծիծաղում էի ես։ Մենք գրեթե չէինք խոսում, բայց մեր մեջ կար անտեսանելի և ցնցող մի կապ։
Ես կարող էի երկար կանգնել մեկ ոտքի վրա, բայց հետո խնդրում էի. ՙԹող հանգստանամ՚։ ՙՍարդարապատի ճակատամարտի՚ համար պատկերել եմ կոտորածի զոհ դարձած մի աղջկա, որի համար հայրս դուռը հանել էր ծխնիներից և դրել վրաս, ճիշտ այնպես, ինչպես նկարում սպանված աղջիկն է պատկերված դռան տակ։ Կես ժամ անց ես զգուշացրի նրան. ՙԵթե չես ուզում, որ ես էլ մեռնեմ, վրաս ստվարաթղթի կտոր դիր, էլ ուժ չունեմ՚։
1987-ին, ՙՀարսանիք Հրազդանում՚ նկարից 26 տարի անց, նա վերադարձավ հարսանիքի թեմային՝ պատկերելով գրոտեսկային դեմքերով մարդկանց սանձարձակ ուրախությունը։ Հայրս կանխազգում էր գալիք հոգևոր անկումը։ Պարող կնոջ գլխավոր կերպարի համար նա ինձ վրա փաթաթեց մի կարմիր կտոր, և ես նորից ստիպված եղա կանգնել մեկ ոտքի վրա…
Պարույր Սևակի հետ հայրս ծանոթացել էր 1956-ին, Մոսկվայում անցկացվող հայ արվեստի տասնօրյակի առիթով։ Հայրս մտել է դահլիճ և տեսել, որ փոքր-ինչ աֆրիկացու հիշեցնող մեկը բավական երկար կանգնած նայելիս է եղել իր աշխատանքին։ Հայրս հեռվից հետևել է։ Հանկարծ այդ մարդը շրջվել է և բարձրաձայն հարցրել. ՙՍա ո՞ւմ աշխատանքն է՚։ Հայրս մոտեցել է և ներկայացել։ Այդպես ծանոթացել են երկու երիտասարդները. Սևակը 32 տարեկան է եղել, հայրս՝ 30։ Սևակն ասել է, որ պոեմ է գրում Կոմիտասի մասին և հայրիկին հրավիրել է իր մոտ։ Նրանք գնացել են հանրակացարան, որտեղ Սևակն էր ապրում, և նա ամբողջ գիշեր կարդացել է հատվածներ նոր, դեռևս անվերնագիր պոեմից։ Հետագայում հեղինակն այն անվանել է ՙԱնլռելի զանգակատուն՚։ Ավելի ուշ, 1967-ին, ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման օրը Երևանում նա հայրիկիս նվիրեց գիրքը, հրատարակված 1966-ին, շատ տպավորիչ մակագրությամբ. ՙԻմ ստեղծագործական կյանքի եղբայր Սարգիս Մուրադյանին, ում հետ չունենք տարաձայնություններ՚։ Այդ գիրքը հոգատարությամբ պահվում է մեր տանը։
Տարիներ շարունակ հայրս վերադառնում էր Սևակ բանաստեղծի կերպարին։ Նա անընդհատ ստեղծում էր նրա դիմանկարները, ապա՝ ՙԱզի, ես գնացի՚, ՙԱնհանգիստ գիշերը՚ կոմպոզիցիաները։ Երբ որոշվեց Զանգակատուն գյուղում բացել Սևակի թանգարանը, հայրս նախաձեռնեց որմնանկարների աշխատանքը շենքի ամբողջական պատով մեկ։ Այնտեղ պատկերված է Սևակի ողջ կյանքը։
Որմնանկարի աշխատանքները տևեցին 3-4 տարի, այդ ժամանակահատվածում նա մայրիկի հետ ապրում էր հենց թանգարանի շենքում։ Այնտեղ մի փոքր հատված էր առանձնացված, որտեղ մայրս էր քնում, կար նաև էլեկտրական սալօջախ, բակում՝ ջուր։ Էսքիզները հայրս կատարում էր Երևանում, հետո ամբողջ ամառը նրանք անցկացնում էին այնտեղ, հայրս օրվա մեջ աշխատում էր 15-16 ժամ։
….
Հայրիկիս ընկերներից շատերն ափսոսում էին, որ նա այդքան տարիներ քաղաքականության մեջ էր և չէր կարողանում զբաղվել արվեստով: Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ նա շատ մեծ ժառանգություն է թողել: Նա սարսափելի ծանր էր տանում այն ամենը, ինչ կատարվեց Շարժման հաղթանակից հետո: Նրա ստեղծագործություններում հայտնվեցին ռոմանտիկ և ֆանտաստիկ նրբերանգներ: Նա ասես սպասում էր ինչ-որ հրաշքի:
97-ին նա նկարեց “Տեսիլք”-ը, որտեղ պատկերված է, թե ինչպես Արա գյուղում, իր կառուցած տան մոտ, շղարշի մեջ հայտնըվում է մի գեղեցիկ եղջերու` մարդկային աչքերով:
Մեծ դառնությամբ, ցավով նա հեռացավ կյանքից. Չէ՞ որ անկախ Հայաստանն այնպիսին չէր, ինչպիսին ինքն էր երազում:
1994-ին, երբ Լևոնը արգելեց Դաշնակցության գործունեությունը, բոլոը դեռ շատ քաղաքականացված էին, բոլորի տանը ռադիոներ կային: Մենք մեր ռադիոընդունիչը խոհանոցից ճաշասենյակ էինք տանում, հետո նորից՝ խոհանոց, քանի որ ամբողջ օրը, ԳԽ-ի նիստերն էինք լսում: 1990-ից սկսած ուղիղ եթերով հաղորդում էին խորհրդարանի նիստերը: Դաշնակցության կուսակցության ջախջախումից հետո ԳԽ-ի հենց առաջին նիստի ժամանակ, ռադիոյով լսում եմ, թե ինչպես է հայրս խոսք վերցնում և ասում. “Ես համոզված անկուսակցական եմ, հասել եմ այս տարիքիս և արդեն երկրորդ անգամ է՝ խորհրդարանի պատգամավոր եմ: Այն բանից հետո, որ կատարվեց մեր երկրում՝ ես այսօրվանից դաշնակցական եմ”: Նրա այդ դեմարշը Լևոնը և իր խումբը չներեցին երբեք:
Հայաստանի անկախության տարիներին պաշտոնապես չնըշ-վեց հայրիկիս ոչ մի հոբելյան: Դըրա համար 2007-ին, նրա մահից մոտ կես տարի առաջ, մեր ընտանիքը, սեփական նախաձեռնությամբ որոշեց կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված նրա 80-ամյակին: Ես գնացի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի մոտ և խնդրեցի նրա աջակցությունը՝ մեծ ցուցահանդես կազմակերպելու հարցում: Երկուսուկես ամսվա մեջ ես և քույրս պատկերասրահի աշխատակիցների հետ միասին բավական մեծ աշխատանք կատարեցինք: Հայրս ցուցահանդեսի մասին իմացավ բացումից մեկ շաբաթ առաջ, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, հրավիրատոմսերը՝ նույնպես: Նա շատ էր հուզվում, կարծում էր՝ բոլորն իրեն մոռացել են: Մինչդեռ պատկերասըրահի բոլոր չորս դահլիճներում ասեղ գցելու տեղ չկար: Լայն աստիճանների վրա մեծ հերթ էր գոյացել: Պաշտոնատար անձանցից այդպես էլ ոչ ոք չեկավ:
Երկուսուկես ամից անց հայրս մահացավ:
 
ԱՆԻՎ հանդես, Մինսկ, թիվ 4 (43), 2012  (հատվածներ)
Ռուսերենից թարգմանեց Մհեր Ենոքյանը
 
 
«Յոյս» թիւ 163
25 Յունւար 2014

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *