Արաքի Հայ համայնքը

 
ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ
 
 
Արաքը, նախկին անունով՝ Սուլթանաբադ, Թեհրանի հայոց թեմի հայաշատ համայնքներից մէկն է համարւում:
Հայերը քաղաքի հիմնադրութեան սկզբնական շրջաններից (19-րդ դարի սկիզբ) բնակւել են այնտեղ, սակայն հայ համայնքն իրականում իր կազմաւորումը այդտեղ սկսել է 1903 թւականից: Հետագայում նրանք հիմնել են իրենց մշակութային ու կրօնական կառոյցները, ինչպէս՝ «Շարաֆ» դպրոցը՝ 1908 թւականին, Ս. Մեսրոպ եկեղեցին (1914 թ.), «Արեգ» մանկապարտէզը (1931 թ.), մի շարք մարզա-մշակութային միութիւններ եւ գերեզմանատունը:
Գալով Արաքի հայ համայնքի կազմաւորման պատմականին, նշենք, որ 1894 թւականին Արաքում հաստատւում է մի նորջուղայեցի անհատ՝ Աւետիս Թորոսեան անունով, որը որպէս պաշտօնեայ՝ աշխատանքի է անցնում «Հադսըն» ընկերութեան մէջ:
Հայ ժողովուրդը, ուր որ հաստատւել է, իր աւանդական սովորոյթի համաձայն՝ կառուցել է իր ազգապահպանման հիմնասիւներ հանդիսացող եկեղեցին, դպրոցն ու միութիւնները. այդ կերպ են վարւել Արաքում հաստատւած հայ համայնքի առաջին անդամները եւս:
1903 թւականին 27 հոգուց բաղկացած Արաքի հայ համայնքը այն գիտակցութեամբ, որ համայնքի գոյութեան հիմքերը պէտք է ամրապնդել, գումարում է մի ընդհանուր ժողով, ուր որոշւում է կառուցել եկեղեցի ու դպրոց: Այդ ժողովում ընտրւում է մի հանգանակիչ մարմին, որին պարտականութիւն է տրւում հանգանակել հարկ եղած բիւջէն: Քաղաքից հանգանակութիւն կատարելու պարտականութիւնը յանձնւում է՝ Գրիգոր Ստեփանեանին, Ներսէս Ստեփանոսեանին եւ Պօղոս Խաչիկեանին, իսկ Արաքի չորս հայաբնակ գաւառների՝ Քեազազի, Բուրւարիի, Քեամարայի եւ Գափլայի գիւղերից հանգանակութիւն իրականացնելու պարտականութիւնը՝ Տ. Ղազար քհնյ. Տէր-Դաւթեանին, որը յաջողում է հանգանակել 3000 թուման՝ եկեղեցու եւ դպրոցի կառուցման աշխատանքների համար:
1907 թւականի հոկտ. 14-ին Տ. Եղիա քհնյ. Ենովսեանի նախագահութեամբ գումարւում է ընդհանուր ժողով, որի նպատակը եկեղեցու եւ դպրոցի կառուցման ծրագրաւորումը կատարելն էր: Նոյն ժողովն ընտրելով Գրիգոր Թորոսեանին եւ Ներսէս Ստեփանոսեանին՝ նրանց յանձնում է եկեղեցու եւ դպրոցի կառուցմանը յատկացւող հանգանակւած կանխիկ գումարը եւ ապառիկ մնացած վճարելիքների ցանկը:
1908 թւականին կառուցւում է մի երեքսենեականոց շէնք, որը պիտի ծառայէր որպէս դպրոց: Դրա հիմնօրհնէքը կատարում է Տ. Եղիա քհնյ. Ենովսեանը:
1908 թւականի սեպտ. 29-ին Աւետիս Թորոսեանի բնակարանում գումարւում է մի ընդհանուր ժողով՝ Տ. Եղիա քհնյ. Ենովսեանի նախագահութեամբ: Ժողովի օրակարգ է դառնում դպրոցի համար նշանակւած ուսուցչուհի օր. Ովսաննա Յովսէփեանի (հրաւիրւած Նոր Ջուղայից) բնակարանի եւ ամսական աշխատավարձի խնդիրը: Ժողովում նախ ընթերցւում է Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ եւ նոյն թեմի դպրոցների վերատեսուչ Տ. Բագրատ վրդ. Վարդազարեանի նամակը, որտեղ յիշւած էր դպրոցի եւ ուսման կարեւորութեան եւ ուսուցչուհու մասին:
Ուսուցչուհու ամսական աշխատավարձը՝ 75 ղռան, յանձն են առնում վճարել հետեւեալները.
Աւետիս Թորոսեան՝ 30 ղռան
Գրիգոր Ստեփանոսեան 10 ղռան
Բ. Աղայեան՝ 20 ղռան
Մանաւազ Գրիգորեան՝ 2 ղռան
Արտաշէս Յարութիւնեան՝ 3 ղռան
Յակոբ Բարսեղեան՝ 10 ղռան
Համայնքի կազմաւորման սկըզբնական շրջանում արաքահայերը զբաղւել են որպէս պաշտօնեայ, գործակատար կամ գործաւոր, եղել են նաեւ մի շարք գորգի առեւտրով զբաղւող առեւտրականներ, որի բերումով՝ Արաքը կարճ ժամանակում դարձաւ գորգի առեւտրի ու արտածման կենտրոն:
Արաքն իր յարակից գաւառներով յայտնի էր իր թանկարժէք եւ որակեալ գորգերով: Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապէս յետոյ, 1918 թւականի սկզբներում, աւելի քան 30 ամերիկահայ գորգ արտածող վաճառականներ եկել ու հաստատւել են այնտեղ: Նրանք զբաղւել են հետեւեալ վայրերում արտադըրւած ամէն տեսակի գորգերի առեւտրով՝ Սարուղ, Ջովշըղան, Ֆարահան, Մալայեր, Մալմիգ, Քեամարա, Լիլահան, Մուշկաբադ, Մահալ եւ այլն:
Տեղական գորգերից բացի՝ այլ վայրերում գործւած գորգերը եւս վաճառւում էին Արաքում: Այդ վայրերն էին՝ Քերման, Քաշան, Համադան, Սպահան, ուր որակեալ եւ ընտիր գորգեր էին արարտադրում:
1920 թւականից սկսած՝ կարճ ժամանակամիջոցում Թեհրանից, Համադանից, Թաւրիզից, Սպահանից եւ Արաքի հայաբնակ շրջաններից մեծ թւով հայ ընտանիքներ, որպէս մանր առեւտրականներ, գրագիրներ, ուսուցիչներ, արհեստաւորներ, աշխատաւորներ եւ խանութպաններ, գալիս եւ հաստատւում են Արաքում՝ հայ ընտանիքների թիւը բարձրացնելով շուրջ 300-ի:
Այս ժամանակաշրջանում ըզ- գալի թւով ամերիկահայեր, որոնք հաստատւած էին Արաքում եւ զբաղւում էին գորգի առեւտրով, տեսնելով, որ Արաքում նկատառելի հայ համայնք կայ, որոնք դպրոց ու եկեղեցի ունեն, իրենց ընտանիքներին Ամերիկայից փոխադրում են Արաք, որը մեծ ազդեցութիւն է ունենում քաղաքի զարգացման ու բարգաւաճման գործում, մասնաւորաբար՝ կրթական ու մշակութային մարզերում:
Հայաստանի խորհրդայնացումից յետոյ՝1920-21 թթ. մի շարք մտաւորականներ Հայաստանից տարագրւելով՝ հաստատւում են Արաքում, որոնցից կարելի է յիշել՝ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի փոխնախագահ Արմենակ Մաքսապետեանին եւ պրոֆ. Երւանդ Ֆրանգեանին. վերջնիս անունով է կոչւում Արաքի ազգային գրադարանը: Նաեւ մի խումբ թաւրիզահայ մտաւորականներ, որոնք ուսանել էին Թաւրիզի «Արամեան», «Հայկազեան-Թամարեան» եւ Թեմական-Կենտրոնական դպրոցներում, իրենց ընտանիքներով հաստատ-ւում են Արաքում եւ զբաղւում են ուսուցչութեամբ՝ հայոց դպրոցում: Այս շարքում նշենք՝ Արամ եւ Սիրանուշ Աղաբէգեանների, Ադամ Գրիգորեանի, Անուշաւան եւ Հըրանուշ Գրիգորեանների, Միքայէլ Ստեփանեանի եւ Գասպար Յակոբեանի անունները:
Այսպիսով՝ Արաքը դարձաւ իրանահայ մի աչքառու եւ բարգաւաճ համայնք՝ իր ազգային-հասարակական ու մշակութային կեանքով: Հայերը սոյն քաղաքում հետզհետէ կառուցում են իրենց ընդարձակ ու արդիական սեփական բնակարանները:
Յատկանշական է, որ ամերիկեան «Թայմ» թերթի 1976 թւականին լոյս տեսած համարներից մէկում նշւած է, որ Արաքը եղել է տարադրամի առք ու վաճառքի կենտրոն: Երկրի տարբեր վայրերից գալիս էին Արաք եւ գնում իրենց ցանկացած տարադրամը:
Արաք քաղաքում առաջին սինեման, որի անունը «Արիան» էր եւ որի սեփականատէրը Իրմանով անւամբ մի անհատ էր, իր գործունէութիւնն սկսել է 1931 թւականից, որը տեւել է մինչեւ 1935 թւականը: Իսկ քաղաքի երկրորդ սինեման հիմնադրել են հայազգի Խոսրով եւ Օգսէն Աճեմեանները:
Համայնքի ազգային գերագոյն մարմինը Արաքի հայոց Եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնն է, որն ըստ Թեհրանի հայոց թեմի կանոնադրութեան՝ ընտըրւում է համայնքի հասարակական Ընդհանուր ժողովի կողմից՝ երկու տարւայ ժամանակաշրջանով:
Արաքի հայ համայնքի ամենածաղկուն եւ բարգաւաճ ժամանակաշրջանը եղել է 1920-1935 թւականները:
Դժբախտաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, տարբեր պատճառներով, յատկապէս ներգաղթից յետոյ, Արաքի հայ համայնքի թիւը սկսեց նւազել: Համայնքի զգալի մասը Թեհրան եւ արտասահմանեան երկրներ գաղթելով՝ պատճառ է դարձել համայնքի թւի առաւել նօսրացման:
Արաքի հայ համայնքը ներկայում սակաւաթիւ ընտանիքներով շարունակում է իր ազգային-հասարակական եւ մշակութային կեանքը: Ունի իր եկեղեցին, դպրոցը (որը փակւած է) եւ միութիւնները՝ «Արմէն» մարզա-մշակութային միութիւն եւ Հայուհեաց կրթասիրաց միութիւն, ու «Նարեկ» սրահը:
Հայ համայնքը ներկայում, անցեալի նման, վայելում է իր անհատական ու հաւաքական իրաւունքները եւ կապւած լինելով Թեհրանի հայոց թեմին՝ նոյն թեմի Պատգամաւորական ժողովում ունի երկու պատգամաւորներ:
 
«Յոյս» թիւ 163
25 Յունւար 2014
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *