Սուլթանաբադցիները եւ Քեազազցիները ուշադիր կարդան

 
 
Վերջին տարիներին աճել է եւ աճում է հետաքրքութիւնը իրանահայ պատմութեան նկատմամբ` թէ’ հայերի եւ թէ’ ընդհանրապէս իրանցիների մօտ: Սակայն գոյութիւն չունի մի համակողմանի պատմութիւն այս մասին: Այս ոլորտը ուսումնասիրել են մի շարք գրողներ, որոնք իրենց հետազօտութիւնների արդիւնքը հրատարակել էն իրանի զանազան շրջանների մասին հատորներով: Սակայն այս գրքերը, համարեա բոլորը, զուրկ են գիտական ստանդարդներից, եւ կարող են միայն հիմք ծառայել ապագային ուսումնասիրութիւնների համար: Մինչ այժմ կատարւած ուսումնասիրութիւնների մի այլ թերութիւնն այն է, որ յաճախ սահմանափակւում են իրանահայերի համայնքային կեանքի մշակութային եւ ազգագրական կողմերով եւ չեն զբաղւում իրանահայութեան տնտեսական եւ քաղաքական կեանքի ուսումնասիրութեամբ: Ինչ որ է, հետաքրքրութիւնը շարունակւում է, եւ շարունակւում են հրատարակւել նոր գրքեր, որոնք յաճախ տրամադրում են նոր տեղեկութիւններ:
Յովիկ Մինասեանի վերջին աշխատութիւնը այս գրքերից մէկն է: Գիրքը կոչւում է «Արաք քաղաքի եւ քեազազ գաւառի հայ ազգաբնակչութիւնը» եւ լոյս է տեսել Նայիրի հրատարակչութեան միջոցով: Գրքի առաջին 80 էջերը յատկացւած է Արաքի հայ համայնքի պատմութեանը: Առանձին բաժիններ են յատկացւած Շարաֆ հայոց դպրոցին, Արեգ մանկապարտէզին, Ս. Մեսրոպ եկեղեցուն, Արաքի աւետարանական համայնքին եւ Արաքի ազգային գերեզմանատանը:  Գրքի երկրորդ մասը վերաբերում է Քեազազի շըրջանին: Այս բաժնում նկարագրւած են Քեազազի հայութեան սովորութիւններն ու աւանդոյթները, ժողովրդի հաւատալիքները, տարազը եւ գիւղերի նկարագրութիւնը մէկ առ մէկ: Հեղինակը յայտնել է, որ աշխատում է կենտրոնանալ Իրանի Քեամարա եւ այլ շրջանների հայ բնակչութեան պատմութեան վրայ:
Արաքը կամ հայերի մօտ իր նախկին անունով յայտնի` Սուլթանաբադը, Իրանի ամենաճանաչւած հայաբնակ քաղաքներից է եղել: Սակայն հետաքրքիր է իմանալ, որ մինչեւ 1900-ականների սկիզբը, այս քաղաքում համարեայ հայ չի բնակւել:
1920-ականներից է, որ հայաբնակ միւս քաղաքներից եւ շրջակայ գիւղերից մի շարք բնակիչներ գաղթում են Արաք եւ համայնքն աճում է: Արաքը մի կերպ դառնում է երկրի կենտրոնական հայաբնակ գիւղերից քաղաք գաղթել ցանկացող ընտանիքների նպատակակէտ.շատ ընտանիքներ Թեհրան գաղթելը դժւար գտնելով, նախ գիւղից տեղափոխւում էին Արաք:
Ստորեւ ներկայացնում ենք հատւածներ «Արաք քաղաքի եւ քեազազ գաւառի հայ ազգաբնակչութիւնը» գրքից եւ ընթերցողին հրաւիրում ենք կարդալ ամբողջ գիրքը, որը յատկապէս հետաքրքիր կարող է լինել  սուլթանաբադցիների եւ քեազազցիների համար: 
Ռ. Ս.
 
«Յոյս» թիւ 163
25 Յունւար 2014
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *