Աշխարհը` 2013-ին

 
 
Սիրիայի պատերազմից մինչեւ Ֆիլիպինի փոթորիկը
օգոստոսի 21-ի առաւօտեան, լուրեր են տարածում այն մասին, որ Դամասկոսի արւարձանում քիմիական գազ է գործածւել. մի ահաւոր դէպք, նոյնիսկ սիրիական քաղաքացիական պատերազմի չափանիշերով, որը մինչ այդ խլել էր 100000 զոհեր եւ դարձել աշխարհի ամենամեծ ճգնաժամերից մէկը: Սարսափելի տեսանիւթեր, որոնք պատկերում էին զոհերի` կանանց ու երեխաների դիակները: Հետեւանքում միջազգային հանրութիւնը, որ մինչ այդ համարեա կանգնած էր դիտորդի դերում, հակազդեցութիւն ցուցաբերեց:
10 օր յետոյ, երբ անվտանգութեան պատասխանատուների կողմից հրապարակւեց դէպքի մասին հաղորդագրութիւն, ուր ասւած էր, որ Բաշար Ասադի կողմից է գործածւել քիմիական զէնքը, եւ սպանւել են 1429 մարդ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման յայտարարեց, որ խնդրել է Կոնգրեսի թոյլտւութիւնը, Սիրիայի քիմիական զէնք արտադրող հաստատութիւնների վրայ զինւորական յարձակում գործել: Ասադը եւ իր դաշնակիցները, իհարկէ, հերքում էին իրենց կողմից քիմիական զէնքերի գործածութիւնը, սակայն հակաասադ ճակատը պատրաստւում էր յարձակման:
Բայց նման յարձակում տեղի չունեցաւ: Ամերիկայի հանրային կարծիքը դէմ էր Միջին Արեւելքում նոր զինւորակակն միջամըտութեան: Ռուսաստանը յաջողեց Ասադին համոզել, որ թոյլ տայ ՄԱԿ-ի փորձագէտները քննեն եւ ոչնչացնեն նրա քիմիական զէնքերի պահեստները:
Քաղաքացիական պատերազմը շարունակում է աւերել գիւղերն ու քաղաքները եւ տեղահան անել մարդկանց: Հակառակորդները աւելի պառակտւած են, իսլամական եւ սեկուլար խմբերի միջեւ բախումներ են տեղի ունենում: Խաղաղութեան մասին բանակցութիւնները Ժնեւում տեղի կունենան 2014-ին, սակայն քչերն են յոյս յայտնում, որ դրանք կարող է շօշափելի արդիւնքներ ունենան:
 
Աֆրիկեան ահաբեկչութիւնների շարան
Յունւարին ֆրանսիական ուժերը ներխուժում են Մալի: Նրանց յաջողւում է ետ մղել սպառնացող իսլամական ահաբեկիչ խմբին, սակայն հաստատւում են Մալիում ողջ տարին: Դրանից բացի, 2013-ին ահաբեկչական գործողութիւնների աճը շարունակւել է Աֆրիկայում: Ալժերիայի  նաւթարտադրութեան կենտրոններից մէկում տեղի է ունենում պատանդների ճգնաժամ, որն աւարտւում է 39 օտարերկրացիների մահով: Նիգերիայում շարունակւում են Բոքօ հարամ կոչւող ահաբեկչական խմբի անողոք յարձակումները: Իսկ Նայրոբիում տեղի ունեցաւ Ալ շաբաբ խմբակցութեան յարձակումը մի հանրա-խանութի վրայ, որի արդիւնքում սպանւեցին 68 մարդ: Ալ շաբաբը իրեն համարում է Ալ Ղայիդայի համակիր:
 
Հնդկաստան` բռնաբարութիւնների համաճարակ
2012-ին Դելհիում երիտասարդ աղջկայ բռնաբարութեան նկատմամբ զայրոյթը 2013-ին շարունակւեց: Բողոքի ցոյցերը միտւած էին կանանց ապահովութեան երաշխաւորմանը եւ պահանջում էին անմիջական արդարութիւն բռնաբարութեան զոհերի համար: Սեպտեմբերին տեղի ունեցաւ բռնաբարութեան մասնակից վեց տղամարդու դատավարութիւնը, որոնցից չորսը դատապարտւեցին մահապատժի: Այլ բռնաբարութեան դէպքեր, այդ թւում 23-ամեայ աղջկայ բռնաբարութիւնը Մումբայում, որը գրաւեց աշխարհի եւ ներքին լրատւամիջոցների ուշադրութիւնը: Դրա արդիւնքում պարզւեց Հնդկաստանի  հասարակութեան մէջ տիրող բարքերի վերանայման անհրաժեշտութիւնը: Այս դէպքերը նաեւ ապացուցում են, որ երրորդ աշխարհի երկրներում կանանց իրավիճակը յատուկ ուշադրութեան է կարօտ: Այս երկրներում աւելի քան 2 միլիոն աղջիկ երեխայ ծննդաբերում են 14 տարեկանից աւելի փոքր հասակում:
 
Բանգլադեշի արհեստանոցներից մէկի փլման աղէտը
Ապրիլի 24-ին Ռանա Փլազա կոչւող շէնքի փլումը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի արւարձանում վերջին ժամանակներում յիշողութիւններում արձանագըրւած ամենամեծ արդիւնաբերական աղէտն էր, որտեղ սպանւեցին 1100 բանւորներ: Դա վկայում էր Բանգլադեշի ամենամեծ արդիւնաբերութեան աշխատանքի անմխիթար պայմանների մասին: Խօսքը հագուստի արտադրութեան մասին է, որտեղ աշխատում են շուրջ 4 միլիոն բանգլադեշցիներ: Այս աղէտն առիթ հանդիսացաւ լուրջ քննարկումների, թէ‘ երկրի ներսում եւ թէ‘ միջազգային մասշտաբով: Խօսք էր գնում Եւրոպայի եւ Ամերիկայի հագուստը մատակարարող գործարաններում աշխատանքի պայմանները բարելաւելու ան-հրաժեշտութեան մասին:
Նոյեմբերին«Վալմարթ», «Գափ», «էչ անդ էմ» եւ այլ հսկայ մանրավաճառատների մի պատւիրակութիւն համաձայնութեան եկան պարտադրել աւելի խիստ ստանդարտներ իրենց հագուստեղէն տրամադրող գործարաններին, սակայն յառաջադիմութիւնը չնչին է եղել: Մեծ աղէտից յետոյ առանձին դէպքերում զոհւել են առնըւազն 18 բանւորներ, եւ ձեռնավարձերը մնում են աշխարհի նւազագոյնը:
 
Եգիպտոս` Յեղափոխութիւնը տապալւել է:
Յունիսի 3-ին եգիպտական բանակի հրամանատար Աբդուլֆատտահ էլ-Սիսին երկրի հեռուստատեսութիւնից յայտարարեց, որ բանակը պաշտօնից հեռացրել է ժողովրդավարական ընտրութիւններում նախագահ ընտրւած Մուհամեդ Մորսիին: Այս քայլը ողջունեցին միլիոնաւոր մարդիկ, որ փողոցներում բողոքում էին Մորսիի միամեայ քաղաքականութիւնների դէմ: Ըստ հակառակորդների նա չարաշահում էր իր պաշտօնը «Մուսուլման եղբայրներին» ուժեղացնելու համար:
Սակայն Մորսիի պաշտօնանկութեան դէմ ընդվզեցին նրա համակիրները: Եգիպտոսը երկպառակտւեց: Զինւորական կառավարութիւնը փորձեց իրենց տեղը նստեցնել Մորսիի համակիրներին: Օգոստոսի 14-ի ցոյցերի ընթացքում սպանւեցին հարիւրաւոր ցուցարարներ: զինւորական իշխանները խոստացել են ընտրութիւններ` յառաջիկայ տարւայ ընթացքին: Սակայն նրանք այնպէս են ճնշել որեւէ տեսակի հակառակութիւն, որ շատերի կարծիքով պիտի ասել, որ Եգիպտոսի յեղափոխութիւնը, որը յաղթանակեց տասնամեակներից յետոյ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումով, այժմ իր աւարտին է հասել:
 
Նոր շրջան Իրանում
Իրանում ընտրւեց նոր նախագահ: Հասան Ռոհանին եւ նրա կառավարութիւնը քանի ամիսների ընթացքում փոխել են Իրանի մասին միջազգային կարծիքը:  Նա սեպտեմբերին մասնակցեց ՄԱԿ-ի ընդհանուր ժողովին եւ Նիու Եօրքը թողնելու պահին հեռախօսազրոյց ունեցաւ ԱՄՆ-ի  նախագահ Բարաք Օբամայի հետ: Դա երեք տասնամեակների ընթացքում առաջին ուղղակի երկխօսութիւնն էր երկու երկրների նախագահների միջեւ: Նոյեմբերին, Իրանի եւ Արեւմտեան գերպետութիւնների միջեւ սկըզ-բունքային համաձայնութիւն տեղի ունեցաւ այն մասին, որ Իրանը կրճատի իր ատոմային ծրագիրը, որի արդիւնքում Արեւմտեան երկրները մեղմացնեն Իրանի դէմ պատժամիջոցները: Համաձայնութեան հակառակորդները շատ են թէ‘ Իրանում, թէ‘ Ամերիկայում եւ թէ‘ տարածաշրջանում, դրանցից ամենախիստը Իսրայէլն է: Յամենայն դէպս, համաձայնութեան գործնական մանրամասների մասին բանակցութիւնները շարունակւում են եւ դրանց յաջողութեան պարագային, Իրան-Ամերիկա հաշտութիւնը կարող է մեծ ազդեցութիւն ունենալ տարածաշրջանի վրայ:
 
Սնոդէնի բացայայտումները ցնցում են աշխարհը
ԱՄՆ-ի գաղտնի ծառայութիւնների նախկին աշխատակից Էդւարդ Սնոդէնի հրապարակած փաստաթղթերը լոյս նետեցին այն իրականութեան վրայ, թէ ԱՄՆ-ն ինչպիսի լայնածաւալ մակարդակի լրտեսական գործողութիւններ է վարում ողջ աշխարհում: Ամերիկայի դաշնակից երկրները հրապարակաւ դատապարտեցին այդ երկրի  լրտեսութիւնը նոյնիսկ իր բարեկամ երկրների եւ ղեկավարների դէմ: Գերմանիայի ղեկավար Անգելա Մերկէլը հրապարակաւ պատասխան պահանջեց ԱՄՆ-ից, իսկ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը նախ իր ճամբորդութիւնը Ամերիկա բեկանեց եւ յետոյ միջազգային լսարանի առջեւ դատապարտեց իր երկրի իշխանութեան դեմ կատարւած ոտնձգութիւնը:
Սնոդէնի բացայայտումների հետեւանքները միայն քաղաքական չէին: Ամերիկեան համացանցային ընկերութիւնները եւս տուժեցին, քանի որ նրանց յաճախորդներից շատերը դիմեցին այլ ընկերութիւնների, գնելու համար սարքեր, որոնք աւելի դժւար կը լինի գաղտնալսել ամերիկացիների կողմից:
Եւ ի վերջոյ, երբ Ռուսաստանը քաղաքական ապաստանութիւն շնորհեց Սնոդէնին, դա բացասական ազդեց երկու երկրների յարաբերութիւնների վրայ, որ առանց այդ էլ շատ ջերմ չէին:
 
Ֆրանսիսը` առաջատար Պապ
Մարտի 13-ին սպիտակ ծուխը երկինք բարձրացաւ Վատիկանի տանիքից, յայտարարելով նոր պապի ընտրութիւնը: Մի ամիս դրանից առաջ, առաջին անգամ լինելով, պապ Բենեդիկտ տասնվեցերորդը ծերութեան պատճառով հրաժարւել էր իր պաշտօնից եւ այժմ արգենտինացի հոգեւորական Խորխէ Բերգոգլիոն, որը համբաւ էր վայելում որպէս եկեղեցու բարեփոխութիւնների համակիր եւ աղքատների հովանաւոր, ժառանգում է նրա պաշտօնը:
Նա ընտրեց Ֆրանսիս անունը Սուրբ Ֆրանսից Ասիսի անւան վրայից, որը պատմութեան մէջ յայտնի է չքաւորներին օգնելու համար: Նա մինչեւ այժմ բարեփոխութիւններ է կատարել Վատիկանի ֆինանսական համակարգում, դիմակայել է եկեղեցում աւանդական տեսանկիւններին` կանանց եւ համասեռականութեան շուրջ եւ դատապարտել արեւմտեան կապիտալիզմի բռնի էութիւնը:
 
Ֆիլիպինների աննախադէպ փոթորիկը
Ամենասարսափելի փոթորիկը 1991 թւականի Թելմա փոթորկից յետոյ հարւածեց Ֆիլիպինները: Քամու արագութիւնը ժամում 170 մետր էր (20 մետր աւելի արագ, քան Կատերինայի արագութիւնը) եւ ծովի  ալիքների բարձրութիւնը հասնում էր մօտաւորապէս 7 մետրի: Փոթորիկը նախատեսւել էր. տեղափոխւել էին 800 հազար մարդ, դրանով հանդերձ, 5000 հոգի մահացան եւ Կենտրոնական Ֆիլիպիններում գտնւող Թաքլոբան քաղաքի ողջ քաղաքամասերը հողի հետ հաւասարւեցին:
Միջազգային հանրութիւնը, որպէս բարի կամքի եւ ինչու չէ  նաեւ որպէս դիւանագիտական կեցւածք, ուղարկեց մեծ քանակութեամբ դրամ եւ ապրանք: Նոյնիսկ Չինաստանը, որը տարածքային տարաձայնութիւն ունի Ֆիլիպինների հետ, օգնեց 100 հազար դոլարով, որի համար քննադատւեց: Դա ասենք Նոր Զելանդիայի օգնութեան միայն մէկ եօթերորդն էր: Միացեալ նահանգները օգտագործեց առիթը գործի դնելով Ասիայում իր աշխարհագրաքաղաքական «առանցքը», խոստանալով 37 միլիոն դոլար օգնութիւն եւ ուղարկելով մի բեռնատար օդանաւ` օգնութիւնները տեղափոխելու համար:
 
 
«Յոյս» թիւ 162
11 Յունւար 2014
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *