Արարատյան երփներգություն

 
Հարցազրոյց գեղանկարիչ շմավոն շմավոնեանի հետ Պոլսի հունական կենտրոնում նրա ցուցահանդեսի առիթով
 
ԱՐՄԻՆԷ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼԵԱՆ
 
 
Պատմական հայրենիքի մշակութապաշտ քաղաքներից մեկում, ուր ժամանակին հայ արվեստագետների մի հիանալի փաղանգ է ապրել ու ստեղծագործել, առաջին անգամը չէ, որ ներկայացաք ձեր ստեղծագործություններով, ինչպիսին էր տպավորությունները հատկապես Թուրքիո արվեստասեր հասարակության կողմից  վերջերս թուրքահայ մամուլում բավականին հնչեղություն ստացած Ձեր երրորդ ցուցահանդեսի վերաբերյալ:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՙԱկոս՚ թերթի աշխատակից, այժմ ՙՓարոս՚ ամսագրի խմբագիր Մայդա Սարիսի կողմից, ով տարիներ է, ինչ ծանոթ է իմ ստեղծագործություններին  և բավականին բարձր է գնահատում իմ արվեստը: Հրավերքով մեկնեցինք ես և կինս, ներկա գտնվելու իմ ցուցահանդեսին, որը Պոլսի Թաքսիմ հրապարակին կից գլխավոր փողոցներից հայերեն թարգմանությամբ Փերիի փողոցի վրա գտնվող հունական կենտրոնում էր, հսկայական հայտագրով… Բավականին բարձրարվեստ մոտեցում էր ցուցաբերվել ցուցահանդեսի կազմակերպմանը, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներից: Գընահատելի էր այն փաստը, որ բացմանը ներկա էր հունական թեմի տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, քանի որ հունական դեսպանատանը պատկանող կենտրոնում էր բացումը և ինքն էլ հրավիրված էր, ինչպես նաև բարձրաստիճան այլ հոգևորականներ և հայտնի մտավորականներ հայ և թուրք այցելուներ, տեղացիներ և այլազգի զբոսա-շրջիկներ, որոնց այդտեղ էր բերել արվեստը: Պատրիարքը բավականին տպավորված էր ներկայացված ստեղծագործություններով:
 
Այցելուների առումով էլ բավականին գունեղ է եղել ցուցահանդեսը: Հատկապես թուրք այցելույին ինչն էր բերել ցուցահանդես:  Ինչ էիք մտածում հայկական գույնի ու բնանկարի առաջ կանգնած մեր հարևանին նայելիս:
Հայ, թուրք, հույն, նրանք բոլորը արվեստի հետ առնչվող մարդիկ էին ինձ համար, ովքեր այցելելով նաև հետագա օրերին գալիս էին առնչվելու գեղեցիկի հետ, նրանք ազգություն չունեին այդ պահին և դա չէր կարևորը ինձ համար, թե իմ նկարի առաջ հիացմունքը դեմքին կանգնած անձը ով է, այլ այն, որ նա մեկն է այն բազմաթիվ մարդկանցից, ում մեջ իմ արվեստը ինչ-որ հոգեհարազատ բան է գտնում, ինչ-որ անբացատրելի զգացում է առաջացնում, ցանկություն առնչվելու, ունենալու այն… Հոգևոր իր լույսն է գրավում, սերը, բարությունը, որոնք համամարդկային են, օրինակ, տարիներ առաջ ես մի գործ նվիրեցի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցին, կոչվում է ՙՀույս՚, ցանկությունս էր, որ հիվանդները անգամ ամենաանելանելի վիճակում հույսը չկորցնեն ու նայելով իմ ստեղծագործությանը դրական լիցքեր ու էներգիա ստանային նրանից. մարդկանց ուրախություն  և հույզ պետք է տալ…
 
 
Այս ցուցահանդեսում եղա՞ն գնորդներ…
Այո, ինչպես բոլոր ցուցահանդեսներում, նրանց մեջ նաև թուրքեր, մտավորականներ, ովքեր բավականին բարձր կարծիքներ արտահայտեցին իմ ստեղծագործությունների մասին: Եւ իհարկե, ուղղակի այցելուներ, ովքեր անտարբեր չէին և հիացմունքի բառեrով էին հեռանում ցուցասրահից:
Ասացիք, որ գնորդների մեջ եղան նաև ազգությամբ թուրքեր, իսկ «յան» ազգանվան մասնիկը չէր խանգարում նրանց ունենալու այն ՝ ինչը տիպիկ հայկական կոլորիտ ու բնապատկեր է կրում իր մեջ, պատկերի, կերպարի մեջ ունենալով խորը տիպային առանձնահատկություններ, որոնք հատուկ են մեր միջնադարյան հոգեդաշտին:
Ազգանունս և ազգային պատկանելությունս բնավ խոչընդոտ չհանդիսացան, այստեղ դրված չեր Հայաստանի և Թուրքիայի հարցը, այստեղ ներկայացված էր արվեստը և նա էր առաջնայինը, կրոնական պատկանելությունը խոչընդոտ չէր, մարդիկ   նկարչությամբ էին հիացած, կատարողականով, ոճով, որը իրենց համար նորություն էր գուցե: Բոլոր ժողովուրդների համար էլ արվեստի մեջ գեղեցիկը և արժեքավորը առաջնային է: Արվեստի սահմանները բաց են ու գեղեցկությունը մեկն է աշխարհում, որտեղ կա մարդ արարածը, դասակարգումը որերորդական հարց է այս պարագայում:
 
Այնուամենայնիվ, պարոն Շըմավոնյան, չկար ձեր մեջ հայկական գույնը վեր բարձրացնողի, այն հաղթողի զգացողությունը, որ ի վերջո պատմական հայրենիքի մեջ, մի ցուցասրահում ի ցույց է դրել իր Արարատները, իր ազգային արմատներին, ներաշխարհին հատուկ ընկալումները…
Այստեղ խնդիրը լինելությունն էր, հաստատումը, որ մենք շարունակում ենք արարել… եւ այդ հաղթողի զգացողությունը նրանով էր հագեցած, որ մարդիկ, ուղղակի խոնարհվում էին այն արվեստի առաջ, որը ես ներկայացրել էի… Չեմ կարող պատկերացնել արվեստագետի համար մեկ այլ, առավել մեծ զգացում: Այցելությունները բոլոր օրերին մարդաշատ էին, մարդիկ մոտենում էին, հարցեր տալիս իմ արվեստից և մասնավորապես տպավորված էին իմ գունեղությամբ, ուրախության այն զգացողությամբ, որ ստանում էին կտավներից, տեխնիկայի մասին էին հարցնում…
 
Փաստորեն, ստացվե՞ց  չքաղաքականացնել արվեստը…
Այո, այստեղ ուշադրության կենտրոնում արվեստն էր, բնականաբար գիտեին, որ հայ եմ, գիտեին պատմությունը, բայց  ՙԲընության հրաշքները՚, այդ համամարդկայնացնող խորագիրը կրող ցուցահանդեսը յուրաքանչյուրի մեջ ավելացրեց այն լույսը, այն գեղեցիկ երանգը, որ կարող է մարդ ստանալ բարու և հոգևորի հետ առնչվելիս, ինչն էլ ինքնին գալիս է բնությունից: Պետք է բոլորին առնչել դրա հետ, թող տեսնեն, փափկեն, հոգեպես հարստանան, հղկվեն… թեպետ բավականին զարգացած են, ներսից տեսնելը մի բան է, դրսից հայացք ուղղելը մեկ այլ…
Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, այնքան հաստատուն, որ կարողանանք մեր արժեքները ի ցույց դնել, ճանաչելի և ընդունելի դարձնել: Սա մեր իրական հաղթանակը կլինի, արվեստի հաղթանակը ամենամեծն է, ամենաթանկը, ամենադժվարինը, ամենաարժեքավորն ու մնայունը: Ցուցահանդեսի ժամանակ մի պատկառելի հայ մտավորական մոտեցավ ինձ և իր կարծիքն ու հիացմունքը հայտնեց, մասնավորապես նշելով, որ իմ ցուցահանդեսը գտնվում է իր բառերով ասած՝ ՙսարսափելի կենտրոնում՚ և որ այսքան այցելուներ, որ եկել էին, ամենևին պարտավոր չէին գալու, ուրեմն, ընդունել են քեզ, որ եկել են… Ասում էր, որ ինքը հպարտ է…
 
Ձեր ստեղծագործություններում կա միջնադարյան հայկական տաղերգությունը, կա գույնը, կա Կոմիտասը, բայց ոչ խելագարված Կոմիտասը, այլ Կոմիտասի գույնն ու մեղեդին…
Անպայման չէ արյուն և ցավ պատկերել, ապրելու համար… Ես գտնում եմ, որ լույսով, ուրախությամբ, հզոր լիցքերով պետք է հաղթահարել ցավը, ապրել մեր ստեղծածով, իսկ մենք ստեղծել ենք հազարամյակներով և հիմա էլ պետք է ուժեղ զգանք մեզ և ըզգացնել տանք գեղեցկությամբ, մշակույթի լավագույն ձևերով, որը ընդունելի լինի, տեսանելի լինի, որպեսզի ամեն մարդ տեսնելով ասի՝ դա ես եմ: Դրանով մենք իսկապես հաղթած կլինենք ամեն ինչում: Այն, ինչ եղել է, պատմությունը վկայում է, փաստերը խոսում են, հիմա ժամանակն է մեր լինելությունը ի ցույց դնել այնպես, որ խոնարհվեն մեր ստեղծածի առջև և ընդգրկվեն դրա մեջ: Այս է խնդիրը և միակ ճանապարհը իմ կարծիքով:
 
Ազնվական արմատներ կրող հայ արվեստագետի տեսակը կարող էր նման ձևակերպում անել… Արդյո՞ք շմավոնյանական գեները այստեղ որոշիչ դեր ունեն …
Անշուշտ յուրաքնչյուրս ունենք մեր գենը, իմ գեները հայությունն է եղել, որը հսկայական հասկացողություն է, հպարտություն է և պատասխանատվություն է, գոհաբանություն է առ Աստված:
 
 
«Յոյս» թիւ 161
21 Դեկտեմբեր 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *