Ծատուր, հիսուն տարիդ անցավ

 
ԾԱՏՈՒՐՕՂԼԻ
 
 
Ինչքան գիտենք, իրանահայ անւանի աշուղ` Ծատուրօղլին առնւազը յիսուն տարի է, որ ոտանաւորներ է յօրինում եւ առնւազն եօթանասունը պիտի անց կացրած լինի: Ուստի, բնականաբար զարմացանք, երբ մեր ձեռքը հասաւ նրա Նոր տարւայ առթիւ գրած բանաստեղծութիւնը, որում հռչակաւոր աշուղը գանգատւում է իր կեանքի յիսուն տարիները անցկացնելու մասին: Հեռախօսեցինք նրա բջջայինին եւ հետաքրքրւեցինք, թէ ի՞նչ է պատմութիւնը: Ասաց՝ ի՞նչ տարբերութիւն` յիսուն թէ՞ եօթանասուն: Հարցրեցինք չլինի՞ քսան տարի առաջ գրած բանաստեղծութիւնդ ես մեզ ուղարկել: Տպագրւած չլինի՞: Հաստատ տպագրւած չէ, ասաց Աշուղը ու կրկնեց, թէ ի՞նչ տարբերութիւն, երբ «հազար ու մի հրաշքներով դիմացից նոր դարն է գալիս». քսան տարի էս կողմ կամ էն կողմ, ի՞նչ նշանակութիւն ունի: Այսպէս, առաջին անգամ տպագրութեան ենք յանձնում Ծատուրօղլու «Հիսուն տարիդ անցաւ» բանաստեղծութիւնը: Յոյսով ենք ընթերցողի դուր կը գայ:
 
 
Քսաներորդ դարն է հիմա, բայց աշխարհի վերջը չէ դեռ,
Նակազակի, Հիրոսիմա, բայց աշխարհի վերջը չէ դեռ,
Ծատուր քո փուչ կյանքն էլ անցավ էս ցավագար փուչ աշխարում,
Ծերանում ես կամաց-կամաց, բայց աշխարհի վերջը չէ դեռ,
 
Հիսուն տարիդ, չհասկացար, արթուն անցավ, թե երազում,
Էս անիծված ժամանակը էսպես արագ ու՞ր է վազում,
Բայց քո խելառ սիրտը նորից նոր սեր ու երգ է երազում,
Ճերմակ միրքիդ էլ չի սազում, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Դերվիշի պես թափառեցիր, բայց հարազատ տուն չգտար,
Գլխիդ վերև երդ ու կտուր, տակին հաստատ սյուն չգտար,
Գետի նման վարարեցիր, ծովը տանող հուն չգտար,
Մեկ օր խաղաղ քու’ն չմտար, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Անապատով մենակ անցար քամուց քշված թղթի նման,
Փուշ ու տատասկ որոճացիր համբերատար ուղտի նման,
Հավատացիր միրաժներին հավերժական ուխտի նման,
Նավդ ավազի մեջ մնաց, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Ներող եղար նրանց, ովքեր իրենց դռնից քեզ վանեցին,
Քեզ կոչեցին չար սատանա, իսկ իրենց սուրբ դավանեցին,
Առանց դատ ու դատաստանի թքեցին ու խարանեցին,
Դավով ճամփիդ դարանեցին, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Ինչքա՛ն փորձանք եկավ գլխիդ,ականջիդ օղ չելավ էլի,
Դու քո յուղով տապակվեցիր, ցավդ կիսող չելավ էլի,
Սևդ ճերմակ թղթին տվիր, գիրդ բացող չելավ էլի,
Դարդդ լացո՛ղ չելավ է՜լի, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Սազը ձեռիդ աշուղ դառած մեջլիսներում խաղ կանչեցիր,
Մեկ՝ հովի պես սվսվացիր, մեկ՝ ծովի պես շառաչեցիր,
Մեկ՝ լուռ ու մու՛նջ քարի նման, ինքդ քո մեջ հառաչեցիր,
Ինչքա՜ն խոսքեր թողիր չասած, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Ինչ որ ասիր ճշմարիտը, գլխիդ վառող կրակ դառավ,
Ինչ որ չասիր, սիրտդ էրեց, հոգուդ վերք ու վարակ դառավ:
Դարդից գլուխդ ճերմակեց, արցունքն աչքիդ լուսը տարավ,
Էլ գրերը լավ չես ջոկում, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Ամենքի հետ ճաշակեցիր, էս աշխարհի ցուրտ ու տաքը,
 Խալխի ցավը շալակեցիր, ծանր էր, մնացել ես տակը,
Ինչի հետ էլ հույս կապեցիր, նույն գռեխն էր ու նույն քաքը,
Տանուլ տվիր հույս ու հավատ, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
 
Ծատու’ր, ի՞նչ ես բայղուշ դառած, նստել գլխիդ վայ ես տալիս,
Սերունդնե՛ր են եկել անցել, դու քո կորած կյանքդ ես լալիս,
Հազար ու մի հրաշքներով դիմացից նոր դարն է գալիս,
Թեկուզ նրան դու չհասնես, բայց աշխարհի վերջը չէ դեռ:
                                                                                               
Վե’ր կաց, լացդ ծիծաղ արած, ծիծաղիր քո լացի վրա,
Ազիզ ընկերոջ հետ նստիր հալալ աղ ու հացի վրա,
Քաղցր ու անուշ աչքով նայիր բացվող լուսաբացի վրա,
Ա’սա, փա՛ռք քեզ տե’ր բարերար, որ աշխարի վերջը չէ դեռ:
 
 
«Յոյս» թիւ 161
21 Դեկտեմբեր 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *