Տարեմուտի սեմին

 
ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
 
Բարեկամիս  հետ զրուցում էինք Ամանորի, դիմավորման երեկոյի, նվերների, թանկության և այլ հարցերի մասին:
-Անցյալ տարի կնոջս հետ գնացինք Երևան,-ասաց ընկերս,-  հաճելի էր, բայց այնտեղ էլ թանկ էր մեր դոլարով:
-Հա՛, մանավանդ եթե նկատի ունենանք նաև ճանապարhածախսը:
-Իրենց համար էլ է թանկ, այդ օրերին աշխարհում ամեն տեղ զեղջեր են, էժանացում, Հայաստանում՝ թանկացում:  Բայց պիտի տեսնես, ի՜նչ սեղաններ են բացում… Սեղանը լցնում են աշխարհի բարիքներով:
-Սովորույթ է, մենք մի՞թե քիչ ենք ծախսում, վերցնենք հենց դիմավորման երեկոյի թանկ խնջույքները:
-Դրա փոխարեն մեզ մոտ ավելի սահմանափակ է հյուրընկալությունը տանը:
-Դեռ հայտնի չի՝ այս տարի մեկ զույգի համար ինչ գին կուզեն:
-Տարբեր է, բայց ասես-չասես, սրահներում ասեղ գցելու տեղ չի մնում, մարդիկ տանը չեն նստում, գնում են, գինը կարևոր չէ:
-Հա, այդ օրերին մարդիկ հեշտ են ծախսում, Ամանորին ծախսելը խառնվածքային օրինաչափություն է դարձել:
-Եթե ծախսածը մարդու քթից չգա… Ամանորյան խնջույքից հետո, մի քանի օր շարունակ, ծայր են առնում դժգոհանքներ. «Շատ ժխոր էր, պարելու տեղ չէր մնացել», «կերակուրները լավը չէին», «մեր կողքի սեղանին շատ էին խմել, կռիվ սարքեցին» , «Հայաստանից եկած համույթը սրտովս չէր» և այլն, և այլն:
-Դրական կարծիքներն էլ քիչ չեն:
-Ինձ հարցնես, կասեմ՝ ամեն տեղ էլ նույնն է, մարդիկ են տարբեր, քեֆ անողն իր քեֆն անում է, ոչնչից հաճույք է ստանում: Իսկ Երևանում, Ամանորը դիմավորում են տանը, հետո դուրս են գալիս, գնում հրապարակ. երևի միայն իրանահայերն են հավաքվում իրար շուրջ:
-Տեսնես՝  Հայաստանում մի՞շտ են այդպես տոնել Ամանորը, դա գալիս է դարերի խորքից, թե՞ վերցրել են Արևմուտքից: 
-Չեմ կարծում, հայը ավանդապաշտ է: Չգիտեմ ինչո՞ւ մենք ընտանեկան հարկի տակ չենք դիմավորում Նոր տարին:
-Գոնե Ս. Ծնունդը տանն ենք տոնում:
 -Իսկ Ամերիկայում լրիվ յուրացրել են տեղական բարքերը: Նույնիսկ Ամանորից առաջ  Քրիսմիս են տոնում, խոզի բուդ, հնդկահավ են ուտում, հետո էլ թաթախման գիշերը՝ քուքու-փլավ…
-Մենք էլ Քրիսմիս տոնում ենք, բայց մեծ մասամբ՝ սրահներում:
-Սրահներում տոնելը, լինի Ամանոր, Քրիսմիս, Ջրօրհնեք, թե հարսանիք, հիանալի բիզնես է …
-Այդպես մի դատիր, գոնե Կաղանդը, Ձմեռ պապը , տոնածառը, Ծննդյան տոները ընդունված երևույթ են ողջ աշխարհում, ծեսերն են տարբեր: Այդ օրը բոլորը, սկսած երեխաներից, վերջացած տատիկ-պապիկներով,  ուրախանում են, բարիանում, մեկ-մեկ հիշում են աղքատներին.. Առանց այն էլ լարված կյանք է, էլի, լի մտահոգություններով, մարդ չգիտի վաղը գլխին ինչ է գալու: Ամեն բանից հետո դարերից եկող սովորություն է, ավանդույթ…
-Ես էլի կասեմ՝ դա մեզ մոտ դարձել է մի շարք միությունների ու անհատների համար շահի աղբյուր:
-Դեմ չեմ, եթե միություններն են շահում, ի վերջո նման միջոցառումները գոյատևման միջոց են: Իմ կարծիքով այս ձևը ավելի լավ է, քան զանազան հիմնադըրամների ուղղակի հանգանակությունը. մարդիկ գոնե գնում են, ուտում, խմում, պարում և անուղղակիորեն իրենց լուման մուծում տվյալ միության գանձարկղին:
Ընկերս ձեռքը թափ տվեց ու հանկարծ ասաց.
-Ա՛յ մարդ, գիտե՞ս, գլխիցս դուրս չի գալիս այն միտքը, որ մեր չորս հոգիանոց ընտանիքի անդամներով Տարեմուտը շնորհավորում ենք չորս անգամ:
-Ինչպե՞ս թե չորս անգամ:
-Տես, տարին Հայաստանում փոխվում է կես ժամ մեզանից շուտ: Անկախությունից հետո սովորություն է դարձել, որ իրանահայերը բոլոր սրահներում բաժակները բարձրացնում են, շնորհավորում ու խմում են Հայաստանի կենացը:
-Չէի ասի՝ բոլորը. ոմանք կամ ուշադրություն չեն դարձնում, կամ էլ թթված դեմքերով նայում են կենաց խմողներին: Չկա առաջին տարիների խանդավառությունը:
-Ինչևէ, սա մեկ: Հազիվ ես հասցնում շնորհավորել սրահում գտնվող ծանոթ հայաստանցիներին, մի երկու բաժակ էլ խմել, երբ հանկարծ երաժշտության հետ մարում են սրահի լույսերի մի մասը, լսվում է բարձր  զանգի ձայն կամ ջազի թնդյուն, և հայտարավում է Նոր տարվա գալուստը: Հավատա՛, ոչ հարսանիքներին ու ոչ էլ որևէ ուրախ երեկույթի էսպիսի ուրախություն չես տեսնի: Դրսից նայողը կկարծի՝ մարդիկ մեծ վիճակախաղ են շահել…  Ծանոթ-անծանոթ, կիսամութի մեջ, իրար կոխկրտելով՝ ո՜նց են գրկախառնվում, համբուրվում աջ ու ձախ…  Այնպիսի մի ժխոր, իրարանցում է լինում, որ հազիվ ես լսում բջջայինիդ ձայնը, ավելի շուտ՝ դրա թրթռումից ես հասկանում, որ զանգում են: Աղջիկդ է, Անգլիայից, քիչ հետո տղադ՝ Ամերիկայից: Լսափողի մեջ բղավելուվ շնորհակալություն ես հայտնում: Սա երկու: 
-Ի՞նչը երկու:
-Դե, երկրորդ անգամ Նոր տարին շնորհավորելը:
-Ըհը:
-Անցնում է ևս երեք ու կես ժամ: Կինս ինձ բոթում է: Խմած, պարելուց քրտնած, աննկատ դուրս ենք գալիս սրահից, որպեսզի բջջայինով կապվենք աղջկաս ու թոռանս հետ: «Շնորհավոր Նոր տարի»,- ասում ենք երկուսով՝ դժվարությամբ կապվելուց հետո: Նրանք տանն են, էնտեղ էլ  աղմուկ է, նվագի ձայն, լսում եմ թոռանս ճվճվոցը, բայց մեր ականջ խլացնող դմդմբոցներից հետո սա պարզապես լսողությունը շոյող մեղեդի է… Մի խոսքով գլուխդ չցավեցնեմ, խոսում եմ նաև թոռանս հետ, էլի շնորհավորում, համբույրներ ուղարկում ու լցված աչքերով վերադառնում սրահ: Սա երեք:
-Դե, պարզ է, չորորդն էլ տղադ է:
-Հա’, էլի’: Տուն ենք գալիս, քնում առավոտյան Ժամը տասնմեկն անց քսան րոպեին. կինս նորից բոթում է: «Վե’ր կա՛ց, զանգի՛ր Ամերիկա»: Նոր տարին էնտեղ փոխվելու վրա է: Նորից շնորհավորանքներ, համբույրներ, թաց աչքեր և այլն: Ես ասում եմ՝ շնորհավոր Նոր տարի, Ամերիկայի թոռս ասում է «Happy New Year»… Սա էլ չորս: Ախր, տարին քանի՞ անգամ  կփոխվի:
-Իրավացի ես, հայի համար տարին փոխվում է մի քանի անգամ:
-Ասում եմ՝ լավ չէ՞ր լինի, ողջ հայության համար տարին փոխվեր Երևանի ժամանակով ժամը 12-ին, դեկտեմբեր 31-ի գիշերը, դա կլիներ աշխարհում տարածված ողջ հայության միասնության ու միաբանության խորհրդանիշը՝ Նոր տարվա սեմին:
-Լինելու բան չի, շատ ուժեղ է հայերի կախվածությունը կամ կապվածությունը իրենց ապրած երկրների հետ. հայկական ի՞նչ միասնության մասին է խոսքը, երբ դեռ ունենք երկու հանրապետություն, երկու կաթողիկոսություն, երկու ուղղագրություն, երկու Սփյուռք…
-Երկու Սփյուռքը ո՞րն է:
-Մենք՝ «հնաբնակներս»,  աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի անկախությունից հետո արտագաղթած հայերը՝ Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայի տարածքում և այլն: Այ, նոր Սփյուռքը ավելի նշանակություն է տալիս Հայաստանի ժամանակով Նոր Տարուն, քան մենք: Հետո, Սփյուռքը մեծամասնություն է, բուն հայությունը Հայաստանում՝ փոքրամասնություն: Մեծը ո՞նց ենթարկվի փոքրին…
-Տեսնես հայի նման էլի ազգ կա՞, որ այսքան ցրված լինի, որ հազար գույն և բույր ունենա, որ Նոր Տարին շնորհավորի տարբեր լեզուներով՝ 24 ժամվա մեջ մի քանի անգամ:
-Դժվար թե…
 
2, դեկտեմբեր, 2013
Թեհրան
 
 
«Յոյս» թիւ 161
21 Դեկտեմբեր 2013

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *