Սասունի պատգամավորները պատասխանում են

 
Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 18.00-ին «Րաֆֆի» ՄՄ Համալիրում տեղի ունեցավ Նարմաք-Սասուն քաղաքամասի պատգամավորների հանդիպումը հայ բնակչության հետ: Հանդիպմանը ներկա էին ԹՀԹ-ի Պատգամավորական ժողովի անդամներ Ժոզեֆ Մեհրաբյանը, Գուրգեն Քեշիշ Հարությունը, Ալվարդ Այդինյանը, Հրաչ Մարգոսյանը, Ռուբինա Մարգոսյանը, Խաչիկ Քեշիշյանը, Էդիկ Մեհրաբյանը, Վահիկ Ռաթևոսյանը և Վահիկ Աղաջանյանը: Ինչ-ինչ պատճառներով հանդիպմանը չէին մասնակցում պատգամավորներ Արմեն Հայրապետյանը, Արին Միրզոյանը, Հրաչ Իսախանյանը և Վահե Բաբայանը:
Հրավիրված էին նաև իրանահայ լրատվամիջոցները` «Ալիք» օրաթերթը, «Հույս» երկշաբաթաթերթը, «Արաքս» շաբաթաթերթը, «Հայելի»  ու  «Համայնք» կայքէջերը:
Ներկաներին նախ` ողջունեցին և շնորհակալական խոսքեր ասացին «Րաֆֆի» համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանին, «Աշխարհատեսների» հայկական կենտրոն Նարմաքի նախագահ տիկ. Ալվարդ Աբրահամյանը և «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը: Պատգամավորների անունից ողջույնի խոսք ասաց պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը: Այնուհետև դկտ. Ռուբիկ Սարդարյանը և մյուս հյուրընկալողները ներկաներից խնդրեցին իրենց հարցերն ուղղել հարգելի պատգամավորներին:
 
 
Հարց- Հանգուցյալ Ալբերտ Քոչարյանի թափուր տեղի հարցը ինչպես է լուծվելու: Անձնափոխանորդի հարցով հայերեն և պարսկերեն կանոնադրության մեջ հակասություն գոյություն ունի: Հայերեն տարբերակում անձնափոխանորդի համար նշված է, որ նման դեպքերում անձնափոխանորդը կարող է ՊԺ-ի անդամ լինել:
Պատասխան- Անցյալ 25 տարվա ընթացքում նման դեպքերում անձնափոխանորդ չի հրավիրվել ժողովին, կարգն այդպես է եղել: Եթե հակասություն կա կանոնադրության հայերեն և պարսկերեն տարբերակների մեջ, բնականաբար պետք է այդ մասին խոսել, որովհետև պատգամավորը ընտրվում է ուղղակի ժողովրդի քվեով, այսպիսով պետք է նոր ընտրություն տեղի ունենա: Եթե նման մի կետ նշված չէ կանոնագրի մեջ, ապա  պետք է ավելացնել:
Վարող- Նախադեպը եղել է. երբ շրջաններից պատգամավորը հրաժարվել է կամ արտագաղթել է, նրան փոխարինել է անձնափոխանորդը:
 
Հարց- Իրանահայ հայտնի արվեստագետ, ցեխագործ և նըկարիչ Մարկո Գրիգորյանի ստեղծագործությունները Հայաստանում անտերության են մատնըված: Արդյո՞ք Պատգամավորական ժողովը կամ Թեմական խորհուրդը որևէ քայլ այդ ուղղությամբ չի կարող ձեռնարկել:
Պատասխան- Մարկոն Իրանի մասշտաբով մեծ արվեստագետ ու գյուտարար է, իր գործերը Չարենցի տուն թանգարանի նկուղում է պահվում: Բացի ցեխի գործերից ունի թեյարանային (Ղահվեխանեյի) նկարներ, իր գործերից երկուսը Նյու Յորքի թանգարանում է պահվում: Բարձր արժեք են ներկայացնում Մարկոյի գործերը: Պարսիկ և հայ մտավորականները ստորագրահավաք են կազմակերպել, որն ուղղել են  ՀՀ Մշակույթի նախարարին և ըզգուշացրել, որ Մարկո Գրիգորյանի գործերը ոչնչանում են, խնդրել են, որ թանգարան տեղափոխեն և ըստ պատշաճի պահպանեն: Արդեն մի քանի տարի է հետևում ենք ու պահանջում, սակայն ՊԺ-ում այնքան ուրիշ հարցեր կան, որ դեռ առիթ չի ստեղծվել, որ տեսնենք այս առաջարկը կհաստատվի, թե ոչ:
 
Հարց –  Տարիներ շարունակ  խոսվում է թեմի կանոնագրի վերանայման անհրաժեշտության մասին, ուզում ենք իմանալ, թե  ինչ է կատարվել այդ ուղղությամբ:
Պատասխան- Կանոնագրերը պետք է տեղի և ժամանակի հետ համահունչ լինեն և վերանայման հարցն էլ անհրաժեշտություն է: Մինչ այժմ այդ հարցը դեռ օրակարգ չի մտել և որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի կատարվել:
Անցյալ Պատգամավորական ժողովում հստակ որոշում է կայացվել և հանձնախումբ է ստեղծվել, որը կանոնագրին պետք է վերահասություն տա և նախնական քայլեր կատարի: Այս շրջանի ՊԺ-ը պետք է հետևի այդ որոշմանը: Գոյություն ունեն 2-3 խնդիրներ, որոնք պետք է վերանայվեն, օրինակ` անձնափոխանորդների, իրավունքների սահմանների հստակեցում և այլն:
Հարց- Արդյո՞ք այդ հանձնախումբը ՊԺ-ում է ստեղծվել և ովքեր են այդ հանձնախմբի անդամները:
Պատասխան- Այդ հանձնախումբը կյանքի է կոչվել անցյալ նստաշրջանի կեսերին, մոտ երեք տարի առաջ, առաջնորդի գլխավորությամբ, մյուս անդամների անունները ևս հաստատվել են: Կարող եք զանգահարել առաջնորդարան և այդ անունները պահանջել:
Վարող-Ելնելով պայմաններից, 1983 թվականին շատ շտապ կազմվել է ներկայիս կանոնագըրությունը, սակայն ըստ կազմողների, անհրաժեշտ էր ավելի երկար և խորն ուսումնասիրությունից հետո այն կազմել, բայց պայմանները ստիպել են  արագորեն ստեղծել: Որոշ ժամանակ անցել է, և  բոլորը  պնդում են, որ անհըրաժեշտ է կանոնագրությունը վերանայել: Նախկինում վերանայման որևէ մեխանիզմ չի եղել, վերջին ժամանակներում ՊԺ-ում ստեղծվել է կազմակերպչական հանձնաժողով,որը զբաղվել է այս հարցով և մեխանիզմներ առաջարկել, որոնք, ցավոք, ի կատար չեն ածվել: Հուսով ենք, որ նորաստեղծ   հանձնաժողովը այս հարցով կզբաղվի:
 
Հարց- Մեկ տարուց ավել է, որ 15-րդ շրջանի ՊԺ-ը կյանքի է կոչվել, մինչ այժմ ընդամենը 10 նիստ է անցկացրել, ինչո՞ւ: Համայնքային շատ հարցեր կան, որ  նիստերում չեն քննարկվում:
Պատասխան- Մեր անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երկրորդ նիստը 2013 թվականի հունվարի 23-ին է եղել, 27 փետրվարին հաջորդաբար  5 նիստ ենք ունեցել, որտեղ լսվել են երեք գործադիր մարմինների երկամյա զեկույցներն ու քննարկումները, իսկ վերջում այդ երեք մարմինների ընտրություններն են տեղի ունեցել: 9-րդ նիստը մայիսի 15-ին տեղի ունեցավ, որտեղ Թեմական խորհուրդը նախահաշիվ ներկայացրեց ապագա երկու տարվա գործունեության համար: Օգոստոսի 21-ին վերջին նիստը տեղի ունեցավ, որտեղ պատգամավորները ծանոթացան ԹԽ-ի և Կրոնական խորհրդի երկամյա գործունեությանը: Այդ նիստի ընթացքում հաստատվեցին թեմի 17 ենթամարմինները, որոնց մեջ ընդգրկվում են 148 անդամ:
Վարող- Քանի որ նշվեց, որ այս հանդիպումը նաև պահանջատիրական հանդիպում է, պետք է ասեմ, որ այդ բոլոր նիստերը գումարվել են, որպեսզի լսվեն մարմինների զեկույցները, ընտրություններ կատարվեն, որևէ  բան վաճառելու կամ գնելու հարց լսեն ու  հաստատեն և նման այլ նպատակներով, այսինքն առօրյա հարցերի շուրջ են նիստերը տեղի ունեցել: Երբեք նիստը չի լինում երկարաժամկետ կամ միջին տևողությամբ կամ կարճաժամկետ ծրագրեր մշակելու համար, կամ ռազմավարություն, հայեցակարգեր ճշտելու, տարբեր համայնքային հարցերի քննարկումներ անցկացնելու եւ լուծումներ տալու համար: Մեր պահանջն է, որ բացի առօրեական հարցերից նաև հայեցակարգային հարցեր ընդգրկող նիստեր գումարվեն:
 
Հարց- Տարիներ առաջ որպես արտագաղթի դեմ պայքարի միջոց մեր համայնքի բյուջեից մոտ 500.000 դոլար գումար փոխանցվեց Հայաստան հողատարածքներ գնելու ու երիտասարդների համար բնակարաններ կառուցելու համար: Ինչ ընթացք ունի այդ աշխատանքը եւ ինչ մոտեցում կա այդ կապակցությամբ:
Պատասխան-  Մի քանի հեկտար հողատարածք է գնվել Աբովյանի ճանապարհին: Այն ժամանակ կար տարբեր տեսակետներ այդ հողատարածքն օգտագործելու վերաբերյալ, ոմանք առաջարկում էին ուսանողների համար հանրակացարան կառուցել, ոմանք առաջարկում էին շենքեր կառուցել, որպեսզի  Հայաստան մեկնող իրանահայերը հանգրվանեն դրանցում և այլն: Ցավոք սրտի, մինչ այժմ որևէ բան չի կատարվել: Մեր Պատգամավորական Ժողովի կարևոր հարցերից մեկն էլ դա է և հույս ունենք երկարատև ծրագրեր կմշակենք ու կգործադրենք:
 
Հարց-Սասուն մանկապարտեզը, որ հիմա դատարկ է, ինչ ճակատագիր կունենա: Դկտ. Սուլթանի հողատարածքում, կարծես, նպատակ կա բնակարաններ կառուցել: Ինչ կարգավիճակում է գտնվում այն:
Պատասխան-Մեր քաղաքամասում գործող տարբեր միավորներ պահանջ են ներկայացնում մանկապարտեզը տնօրինելու: Ցանկություն կա կիրակնօրյա դասարանները տեղափոխել այնտեղ: «Փերիո» կրթասիրաց միությունը հարց է դնում, որ իրենց ազգապատկան երկու փոքր հարկերը վերադարձնեն ազգային  իշխանությանը և տեղափոխվեն այդտեղ: «Սիփան» միությունն էլ պնդում է, որ տարիներ հոգ են տարել այդտեղ ու իրենց էլ պետք է մի բաժին հասնի: Բայց մինչ այժմ որևէ որոշում չկա: Այդ հարցը նախ Թեմական խորհուրդը կքննարկի և կփոխանցի ՊԺ-ին կամ ինքնուրույն որոշում կկայացնի: Հնարավոր է ուրիշ տարբերակ առաջարկվի, օրինակ՝ տրվի անօթևան մարդկանց որպես կացարան:
Դկտ. Սուլթանի հողատարածքի համար անցյալ ԹԽ-ը ներկայացրել է մոտ 50 բնակարան կառուցելու հարցը, ըստ մեր տեղեկության, գործը ընթացքի մեջ է և պետք է շահութաբեր լինի մեր թեմի համար:
Վարող-Որոշում է եղել կապալառուի հետ, որ երկու բլոկ բնակարաններ կառուցվի, մեկն իր համար, իսկ  մյուսը կհանձնի ԹԽ-ին: Կապալառուն «Անբուհ սազան» ընկերությունն է:
 
Հարց- Թունյան դպրոցին կից գետի վրա կամուրջ կառուցելը բոլորիս պահանջն է և մահացու վթարներ են պատահել այդտեղ: Մենք ո՞ւմ պիտի դիմենք այս հարցով: Տարիքավորները մեծ դժվարությամբ են այդտեղից անցնում, ինչ պետք է անել:
Պատասխան-Տարիներ շարունակ բազմաթիվ անգամ քաղաքապետարան դիմել են մարդիկ, քաղաքապետարանը ևս ծրագրել է այդ կամուրջի կառուցումը, սակայն  դա շատ դժվար հարց է: Կամրջի վրա էլեկտրական աստիճաններ պետք է տեղադրվեն և հենց դա էլ դժվարություն է առաջացնում: Գետի երկու կողմում էլ տարածք պետք է հատկացվի, ինչն էլ իր հերթին դժվարություն է առաջացնում: Մեկ այլ առաջարկ էլ գոյություն ունի, որ «Սասուն մանկապարտեզի նոր շենքից որոշ տարածք վերցնեն կամուրջը սարքելու համար, սակայն, կարծես ԹԽ-ը դեռ չի վավերացրել դա:
 
Հարց- Թունյան դպրոցը կառուցելու և հիմքը պատրաստելու ընթացքում նյութական չարաշահումներ են եղել ու գործը հասել է դատարան: Կուզենայինք իմանալ,  թե ի՞նչ ընթացք է ստացել այդ գործը:
Պատասխան- Պատգամավորական ժողովում հարցը քննարկվել է և Թեմական խորհրդին հանձնարարել են չարաշահումներ իրականացրած մարդու դեմ դատական գործ հարուցել, գործը հարուցված է և ընթացքի մեջ է:
 
Հարց- Թեմի կանոնագրութ-յան մեջ նշված է, որ պետք է ունենալ մշակութային մարմին, սակայն դա գոյություն չունի, պատճառն ինչ է: Համայնքում կան երկու ակտիվ կայքէջեր «Հայելի» և «Համայնք», սակայն նրանց չի թույլատրվում մասնակցել ՊԺ-ի նիստերին, դրանք լուսաբանել, թե ինչո՞ւ: Արդյոք հնարավոր չէ՞ որոշում կայացնել, որպեսզի այդ երկու կայքէջերը մասնակցեն ՊԺ-ի նիստերին:
Պատասխան- Մարզական և մշակութային հանձնախմբերը կյանքի կոչելու վերաբերյալ կազմակերպվել են խորհրդակցական հանդիպումներ միությունների ներկայացուցիչների հետ: Գըտնում ենք, որ մարզական հանձնախումբ կյանքի կոչելու փոխարեն առայժմ պետք է կյանքի կոչել Հայաստանի համահայկական մրցույթներին մասնակցելու կազմակերպիչ մարմին: Իսկ որպես մշակութային մարմին որոշել ենք կյանքի կոչել մշակութային հարցեր ուսումնասիրող հանձնախումբ:
Վարող- Թեմի կանոնադրության մեջ նշված է, որ պետք է մնայուն մարմին ունենալ և ոչ թե ժամանակավոր հանձնախումբ: Սրա կյանքի կոչելը երբեմն կախված է Թեմական խորհրդի ճաշակից, օրինակ՝ դկտ. Աիդա Հովհաննիսյանը այն կարծիքին էր, որ նման մի մարմնի աշխատանքները կարող են խաչաձևել միությունների աշխատանքները: Հակառակն էլ կա, օրինակ՝ որոշ ժամանակ այդ մարմինը կյանքի կոչվեց պրն. Վարուժ Սուրենյանի ղեկավարությամբ և հետաքրքիր աշխատանքներ էր կատարում: Այս կետը կամ կանոնագրությունից պետք է հանվի, կամ էլ գործադրվի:
Երկու կայքերի ՊԺ-ում մասնակցելու մասին պետք է ասել, որ օրենքը միայն տպագիր մամուլին է  թույլատրում մասնակցել նիստերին, այսինքն «Արաքս» շաբաթաթերթին, «Ալիք» օրաթերթին և «Հույս» երկշաբաթաթերթին: Կայքէջերի մասին խոսվեց, բայց չհաստատվեց, մտահոգությունն այն էր, որ հնարավոր է 10-15 կայքէջ լինի և հնարավոր չլինի բոլորին կանչել:
 
Հարց- Ինչո՞ւ մեր թեմը տեղեկատու չունի, իսկ Ջուղայի թեմն ունի: Գիտենք, որ կայքէջ ունի, սակայն մեծ մասամբ և հատկապես տարեցները չեն կարողանում դրանից օգտվել: Մեր դպրոցի աշակերտության համար ինչո՞ւ բավարար պայմաններ չեն ստեղծվում Հայաստանի հնարավորություններից  օգտվելու համար:
Պատասխան- Մենք յուրաքանչյուր տարի ուսուցիչներին ուղարկում ենք Հայաստան վերապատրաստվելու համար: Աշակերտության միջև անցյալ տարի Արցախում եղել են մրցույթներ: Կրթականն այդ ուղղությամբ անտարբեր չէ և վստահ մտածում է այդ կապակցությամբ:
Տեղեկատու առայժմ չունենք և եթե առիթ լինի, այդ հարցը կքննարկենք:
 
 
«Յոյս» թիւ 160
7 Դեկտեմբեր 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *