Իրան-արեւմուտք միջուկային համաձայնութիւնը` կայունութեան յուսալի հեռանկարներ

 
Ռոբերտ Սաֆարեան
 
 
Իրանի եւ Արեւմտեան վեց պետութիւնների միջեւ կայացած համաձայնութիւնը Իրանի միջուկային ծրագրի եւ արեւմտեան պատժամիջոցների վերաբերեալ յիրաւի անւանւել է «պատմական գործարք» (համաձայնութեան մանրամասների մասին կարդայ յաջորդ էջում տպագրւած յօդւածում): Դրանով Իրանը եւ Արեւ-մըտեան գերպետութիինները երկու տասնամեակ բանակցութիւններից յետոյ համաձայնութեան են եկել կարեւոր հարցերի շուրջ: Արեւմուտքը ճանաչել է Իրանի իրաւունքը խաղաղ նպատակների համար զարգացնել իր միջուկային ծրագիրը, ներառեալ ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացման հնարաւորութիւնը, իսկ Իրանը յանձն է առել դադարեցնել ուրանի 20 տոկոս հարստացման ծրա-գիրը: Սակայն ինչը խիստ կարեւոր է իրանցիների համար, արեւ-մըտեան պատժամիջոցների մեղմացումն է եւ դրա ազդեցութիւնը երկրի տնտեսական բարելաւման, գների աճի կանխման եւ դոլարի գնի իջեցման վրայ: Արդէն դոլարի արժէքը իջել է 3000 թումանից վար, որի անմիջական ազդեցութիւնը կարելի է նկատել որոշ ապրանքների գների իջեցման վրայ: Երկրի տնտեսական եւ արտաքին քաղաքականութեան նորմալացման հեռանկարները այսօր աւելի հաւանական են, քան երբեւէ վերջին տասնամեակում: Սա ընկալւում է որպէս կարեւոր քայլ նախագահ Հասան Ռոհանիի ընտրարշաւում հնչած յոյսի եւ հնարամտութեան խոստումների իրականացում: Իրանի ժողովուրդը, յատկապէս երիտա-սարդութիւնը, որի հովանաւորութեամբ Ռոհանին կարողացաւ յաղթել նախագահական ընտրութիւններում, րոպէ առ րոպէ յետեւում էր Ժնեւում ընթացող բանակցութիւններին, ինչպէս յետեւում է ֆուտբոլի մրցութիւններին: Իսկ արտգործնախարար Ջաւադ Զարիֆը, իր ժիր ու ժպտերես ներկայութեամբ հեռուստակամերաների առջեւ եւ իր ֆէյսբուքեան էջով դարձաւ երիտասարդութեան սիրելին, ինչը հազւադէպ է պատահում պետայրերի եւ երիտասարդութեան յարաբերութիւններում:
Համաձայնութիւնը հնարաւոր դարձաւ փոխադարձ իրական զիջումներով, ինչը թէեւ պարզ ըս- կըզբունք է, բայց յաճախ անտեսւում է: Սա մեծ դաս կարող է լինել տարածաշրջանի բոլոր հակամարտութիւնների լուծման համար` Լոզունգներով ու ճառախօսութիւններով հնարաւոր չէ լուծել բարդ տարաձայնութիւնները:
Համաձայնագիրը առայժմ ժամանակաւոր է: Մինչեւ վեց ամիս կողմերը պիտի ապացուցեն, որ կատարում են իրենց ստանձնած պարտաւորութիւնները: Դրանից յետոյ,դա պիտի ընդարձակւի եւ  մշտական դառնայ:Հէնց սրա հա- մար էլ, հասարակութեան յուսադըրութիւնը ինչ-որ չափով զգուշաւոր է եւ չի վերածւում բուռն խանդավառութեան: Այս գործարքի վերջնական յաջողութիւնը մեծ կարեւորութիւն ունի թէ’ տարածաշրջանի քաղաքական նոր պատկերի ձեւաւորման առումով եւ թէ’ Իրանի ներքին քաղաքականութեան տեսակէտից: Հասան Ռոհանիի յաջողութիւնը այս ոլորտում կամրա-պընդի նրա դիրքերը երկրի ներքին քաղաքականութեան հարթակում եւ յուսալի է, որ նա կը կարողանայ իրագործել նաեւ ներքին քաղաքականութեան մասին տւած իր խոստումները:
 
 
«Յոյս» թիւ 160
Դեկտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *