Նոր Ջուղայի Թատրոնի Պատմութեան Հետքերով

 
Նիկիտ Միրզայեանց
 
Նոր Ջուղան իր 125-ամեայ թատրոնի անցեալով (1887-2012) ըստ արժանաւոյնս չի գնահատել եւ չի նկատել իր տաղանդաւոր եւ վաստակաշատ անձերից ոմանց, վկան «Նոր Ջուղայի թատրոնը» միակ գիրքը, Լ. Գ. Մինասեանի հեղինակութեամբ:
Այստեղ իմ պարտքն եմ համարում ներկայացնել եւս երեք անձանց Մայքլ Աղաջանեանին, Հովիկ Ալլահվերդեանին եւ Գրիգոր Դաւթեանին, որոնք իրենց թատերական վաստակով մեծ ներդրում են ունեցել մեր մշակոյթի զարգացման գործում, որը հերթաբար կանդրադառնամ նրանց մօտ ապագայում:
Երեւի, այս յօդւածաշարով կարողանանք մեր գնահատանքի խօսքն ասել եւ նրանց սիրտը սփոփել որպեսզի «ազգային»  ամօթխածութիւն չզգանք:
Եթէ խօսում ենք մեր մշակոյթից, եւ ազգային արժանապատւութիւն ենք քարոզում, ուրեմն եկէք մեծարենք մեր անխոնջ մշակներին իրենց կենդանութեան օրօք, այս հրամայականով էլ սկսենք Մայքլ Աղաջանեանից, որը 1950-ից 60 թւականները Ջուղան ապրեցրել է իր թատրոնով եւ Հայոց Քլուբում «ակումբում» չարմահալցու, փերեցու, եւ ջուղայեցու բարբառով «լոտօ» կարդալիս, ժողովրդին վարակիչ ծիծաղ է պարգեւել իր երգիծանքով ու հումորով, մի անձնաւորութիւն, որը սիրւած է եղել ժողովրդի կողմից եւ ճանաչւած որպես «կրակոտ չարմահալցի», հիմա արդէն իսկ նա ամիսներ է, ինչ կորցնելով իր կնոջը Օֆիկ Վանոյին, 80 տարեկան հասակում մենակեաց կեանք է վարում Թեհրան քաղաքում եւ մխիթարւում միայն իր զաւակներով եւ թոռներով:
Այսպիսով էլ հայ թատրոնի անխոնջ հետազօտող, Բախտիար Յովակիմեանն է անդրադարձել նրա թատերական կեանքին ու վաստակին, եւ վաւերագրել  իր կնիքով:
 
Յունիս 2012
Նոր Ջուղա
 
 
 
Աղաջանեան Մայքլ Օհանի (ծնւ.20.2.1932 Նոր Ջուղա) դէրասան, դրամատուրգ:
Սովորել է Նոր Ջուղայի Հայոց ազգային դպրոցում: Աշակերտական տարիներից մասնակցել է դպրոցական հանդէսների ժամանակ տրւած ներկայացումներին: Առաջին դերը խաղացել է պարսկերէն, կատարելով բանաստեղծի դերը դրամատուրգ եւ բեմադրիչ Նեզամ Վաֆայի «Բանաստեղծն ու նկարիչը» պիեսի բեմադրութեան մէջ եւ արժանացել ներկանների ուշադրութեանը:
Թատերական արւեստի նկատմամբ սէրը նրան մօտեցրել է Նոր Ջուղա հիւրախաղերի եկած անւանի բեմական գործիչներ Մ.Մարութեանի, Ռուբէն եւ Լիդա Աթայեանների եւ ուրիշների հետ, հետաքրքրւել նրանց արւեստով, հետեւել նրանց խաղին, մասնակցել նրանց ներկայացումներին:
1950-1960-ական թթ. Աղաջանեանը թէ խաղացել է թատրոնում եւ թէ պիեսներ գրել նրա համար: Խ.Մարգարեանների բեմադրութիւններում նա կատարել է Մինասի («Մարւող ճրագներ»,1953), Ծիպլի Ծատուրի («Նամուս»,1958) եւ այլ կատակերգական ու բնութագրական դերեր: Ագռաւի դերով ելոյթ է ունեցել Նիկոլ Գալանդերեանի ղեկավարութեամբ տրւած «Չարի վերջը» օպերետում:
Աղաջանեանի գրած առաջին պիեսը՝ «Մարիթա Ալֆայեան» 3 գործ. դրաման 1955-ին բեմադրւել է Նոր Ջուղայի թատրոնում յօգուտ Փերիայի հիւանդանոցի կանանց օժանդակ միութեան: Նրա գրչին են պատկանում նաեւ «Շեղւած ճամբի զոհերը» (դրամա 3 գործ.), «Քաղցածները» (կատակ.1 գործ.) եւ այլ փոքր գործեր, որոնք պատկերում են մերօրեայ կեանքի յուզող հարցերը:
Փոխադրւելով Թեհրան՝ թողել է բեմն ու թատրոնը:
 
Բ.Յովակիմեան
6.6.2010
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *