Դժգոհ հայի մասին

 
ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Վերջին տարիներին, թվում է՝ հայերի* մոտ սրվել է ամեն բանից դժգոհ լինելու հատկանիշը: Իրավացի են, թե ոչ, հակա են, թե իշխանամետ, կարևոր չէ, կարևորն այն է, որ մոտիկից շփվելիս՝ ստացվում է այն տպավորությունը, որ նրանք սիրում են դժգոհել կամ տրտնջալ: Չեղավ, որ Երևանի տաքսիների վարորդներից գոնե մեկը «սիրտը չբացեր» քիչ եկամուտի, թանկության, երեխաների անորոշ ապագայի, իշխանավորների «փող ուտելու», քաղաքացիների հաշվին օլիգարխների հարստանալու և նմանատիպ խնդիրների մասին: Չեղավ, որ մեր բակի բնակիչներից մեկը առանց հիմնավորումների և խորանալու պատճառների մեջ, չդժգոհեր անօրինականություններից, ցածր աշխատավարձերից, մարմնավաճառ հարևանուհու ուշ գիշերին հանած ձայներից, սոցիալական անապահովությունից և էլի բազմաթիվ խնդիրներից: Իմ այն առարկումին, թե այդ ամենով հանդերձ ես սիրում եմ Հայաստանը, պատասխանում էին. «Մենք էլ ենք սիրում, բայց…», և այդ «բայց»-ին կրկին հաջորդում էր դժգոհությունների անվերջանալի մի նոր ալիք: Իշխանամետ անհատների մեջ ևս կային դժգոհներ, բայց նրանց շարժառիթները տարբեր էին: 
Դժգոհ հայերը  նաև «նախագահ», «պատգամավոր», «քաղաքապետ» և նման բառերի նկատմամբ ուժեղ զգայնություն (ալերգիա) ունեն: Երեկվա սիրված մարդը, գրողը, դերասանը, երգիչը բավական է դառնա նախագահ, կարևոր չէ՝ հանրապետության, թե որևէ միության, դառնա պատգամավոր, կարևոր չէ՝ ԱԺ-ի, թե այլ կառույցի, դառնա քաղաքապետ, մարզպետ, գյուղապետ, մի խոսքով, պարզապես պաշտոնի բերումով պիտակավորվի նշված բառերից մեկով (հատկապես, եթե դրան հասել է քվեարկության միջոցով),  և հենց  հաջորդ օրվանից դառնում է բոլորի (մինչև անգամ իրեն օգտին քվեարկողների) աչքի փուշը, դառնում է առօրյա պախարակումների թիրախ: Մարդը նույն մարդն է, երևութապես ոչինչ չի փոխվել, դեռ չի սկսել գործունեություն ծավալել, բայց… մարդիկ անունը լսելիս՝ ուղղակի լարվում են,  երբ անվանը կցվում է այդ  «չարաբաստիկ» կոչումներից մեկը: Իշխող կուսակցության անդամներից մեկը մի օր, աջ ու ձախ նայելով ու ձայնը ցածրացնելով, սաստիկ փնովեց բարձր պաշտոն զբաղեցրած մի անձնավորության: 
-Մի՞թե դուք չեք քվեարկել նրա օգտին,-հարցրի ես:
-Քվեարկել եմ, բայց… Երկիրը երկիր չի…
Չես հասկանում երկիրն ինչ գործ ունի այստեղ:
Հայի դժգոհ լինելուն թերևս նպաստում է նրա ամենագետ լինելու առանձնահատկությունը: Դժվար գտնվի մի բնագավառ, լինի դա՝ տեխնիկական, գիտական, քաղաքական, մշակութային, հասարակական, արվեստի…, որի շուրջ հայն անվարան չարտահայտի իր կարծիքը՝ առարկություն չընդունող տոնով: Յուրաքանչյուր հայ, ինքը նախագահ է, պատգամավոր, բժիշկ, պետ,  ունի կառավարման իր ուրույն տեսությունը՝ երկրի տնտեսության,  արդունաբերության և հատկապես քաղաքականության ոլորտներում: Նա չի սիրում ասել«չգիտեմ»: Մինչև անգամ չիմանալիս կամ մի խնդրի մասին հարցնելիս (դա էլ շատ հազվադեպ է պատահում), երբ լսում է բացատրությունը, ասում է. «Նորություն ասա, էդ հո գիտենք»: Ամենագետ լինելու արդյունքում, հայը սիրում է լավը լսել իր մասին, չի հանդուրժում քննադատություն: Դժվար չէ կռահել, թե որքան խրթին ու խճճված գործ է նման դժգոհ ու  ամենագետ ժողովրդին կառավարելը, երևի ավելի դժվար, քան, միլիարդանոց չինացիներին…   
Իմանալու ունակությունը տարածվում է նաև ապագայի վրա: Թերևս ոչ ոք դժգոհ հայի չափ ապագան կանխատեսելու տաղանդ չունի: Օրինակ, իշխանությունների կողմից յուրաքանչյուր որոշման, լինի դա քաղաքական, սահմանադրական,  հասարակական, թե այլ բնագավառում՝ ճիշտ, թե սխալ,  անմիջապես հաջորդում են դոգմատիկ, առհասարակ հոռետեսական կանխատեսումներ, որոնք առաջին հայացքից թվում են համոզիչ, հիմնավորված ու կատարյալ այնքան, որ պարզապես առարկելու տեղ չի մնում: Ըստ այդ «կիկոսյան» կանխատեսումների, մինչև այժմ, Հայաստանը կործանված պիտի լիներ մի քանի անգամ, պիտի հայտնվեր այս կամ այն պետության կազմում, հիմնովին դատարկվեր հայերից, և այլն… 
Դժգոհ հայի հականիշներից  մեկն էլ առօրյա կամ տևական պրոբլեմներին դիմագրավելու իր ուրույն ձևն է: Քչերն են ցանկանում պայքարել, հանգամանորեն ուսումնասիրել որևէ հասարակական թնջուկ, փորձել բացել հանգույցը, գտնել լուծման տարբերակներ, հասնել վերջնական եզրահանգման ու դրա կիրառմանը: Նա ընտրում է ամենահեշտ, թերևս «ամենախելացի» տարբերակը,- թողնել տվյալ պրոբլեմը այնպես, ինչպես կա ու քաշվել մի կողմ: Այլ խոսքով, մի խնդրի առջև կանգնելիս, դժգոհ հայը չի ասում «ինչ անեմ», ասում է՝ «ուր գնամ», ընդ որում, անձնական անհաջողության «մեղքը» բարդում է այլոց վրա, նույնիսկ երկրի նախագահի: Մի օր երթուղայինի սպասելիս՝ լսեցի հետևյալ խոսակցությունը:
-Տասնչորս տարեկանից աշխատել եմ,-բողոքում էր  մի կին,-հիմի արդեն յոթանասունն անց եմ, բայց հըլա աշխատում եմ:
-Էդ ընչի՞ հարսդ չի աշխատում, որ դու ես աշխատում, որ հարսիդ պահե՞ս…,-ասաց մի ծեր մարդ:
-Լավ ա, հարսիկին հասնում ա,-մեջ մտավ միջահասակ մի պարոն,- որ մենք սենց նախագահ ունենք, ուրեմն հարսն էլ տենց պըտի ըլնի էլի…
Կարելի է եզրակացնել, որ եթե հարսը լավը չէ, երկրի նախագահն է մեղավոր…
Ես չգիտեմ, թե որքանով է լավ կամ վատ դժգոհ լինելը, գուցե դա դրական երևույթ է, որովհետև նպաստում է թերությունների մատնանշմանն ու դրանց վերացմանը: Գուցե դա արդարացվում է նաև նրանով, որ դժգոհելով հանդերձ՝ հայն աշխատասեր է, շինարար, ստեղծագործ, արվեստագետ: Զուր չէ, որ նա ինքն իր մասին ասում է՝
-Մենք տաղանդավոր ազգ ենք…
Թող նա չարտագաղթի, մնա իր դարավոր հայրենիքում, կառչած մնա իր մշակութային արժեքներից, և ինչ ուզում է, թող ասի, մեկ է՝ լսողների թիվը քիչ է…
 
Հոկտեմբեր 2013
Երևան-Թեհրան
 
*) Հայ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի հայերին, որովհետև սփյուռքահայերը հայ են «ա» հոդակապով:
 
 
«Յոյս» թիւ 159
23 Նոյեմբեր 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *