Որքան հիշում եմ…

 
ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ
 
 
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Թե որտեղից եկավ և ինչպես իմը դարձավ Հայաստանը, դժվարանում եմ մտաբերել, բայց ամեն անգամ, որ մտածում եմ գրել իմ, այսպես կոչված, գիտակցական կյանքի պատմությունը, ամեն ինչ սկսվում է նրանից, երբ հայրս տուն մտավ ու հայտարարեց. «Գնում ենք Հայաստան»: Ես երևի չորս տարեկան էի, որովհետեվ ծնվել եմ պատերազմի տարին, իսկ ներգաղթը եղավ պատերազմի ավարտին: Ներգաղթի տարին ծնվել է եղբայրս՝ Մասիսը: Այսպես էր ասում մայրս, և դա ասում էր իր ձայնին ու դեմքին տալով հանդիսավոր արտահայտություն, կարծես թե պատերազմի և ներգաղթի տարին ծնված լինելը մի կարևոր առանձնաշնորհ լիներ, տրված իրեն ու իր զավակներին:
Թե ինչ կապ կար պատերազմի և ներգաղթի միջև, այն ժամանակ ես , պարզ է, չէի կարող իմանալ, չեմ էլ կարծում, թե այդ մասին որևէ բան գիտեին կամ նույնիսկ մտածում էին այն հազարավոր ընտանիքները, որոնք լքեցին իրենց երեք-չորս հարյուր տարվա բնակավայրերը և ներգաղթեցին hայրենիք՝ Սովետական Հայաստան: Նրանց նախնիներն էլ երեք չորս հարյուր տարի առաջ հաստատ չէին կռահել, թե ինչու էր պարսիկ շահը միանգամից որոշել նրանց տեղահան անել իրենց պապենական տուն ու տեղից և բնակություն տալ յոթ սարի ու ձորի հետևում ընկած պարսկական այս դաշտերում ու հովիտներում: Բայց կար մի ոչ այնքան անկարեվոր տարբերություն. պարսիկ շահը նրանց քշել բերել էր զոռով, իսկ Հայաստանը նրանց տանում էր իրենց ազատ կամքով, առանց պարտադրանքի: Այդուհանդերձ մարդիկ այդպես էլ ավելի հաճախ ասում էին «տանում են», քան թե «գնում ենք»: Հինավուրց հայրենիքի մոգական ձգողությու՞նն էր նրանց հմայում, թե՞ օտարության ու ստրկության դարավոր ցավը: Այս ամենի մասին ես իհարկե գաղափար ունենալ չէի կարող չորս-հինգ տարեկան հասակում, իսկ երբ այդ մասին սկսեցի մտածել շատ ավելի ուշ, հասուն տարիքում, չեմ կարող ասել, թե դա այլևս պետք էր ինձ, որովհետև, այսպես, թե այնպես, իմ կամքից անկախ տեղի էին ունեցել, թե 1604-ի բռնագաղթը և թե 1946-ի ներգաղթը, թվականներ, որոնք անկասկած ճակատագրական են եղել ինձ համար, բայց չէ՞ որ ճակատագիրը հենց այն է, ինչը գրում են ուրիշ, անտես ու անհաս, վերին ուժերը: Բոլոր պարագաներոմ ես ուրախ էի, որ գնում ենք Հայաստան, ինչպես ուրախանում էի, երբ մայրս մեզ կառքով տանում էր Հասանաբադ քեռանցս տուն, այդ ո՞ր երեխան չի ուրախանում, երբ նրան ինչ որ տեղ զբոսանքի են տանում, բայց դա միայն մանկական ուրախություն չէր, կար նաև ազգային հպարտության զգացումը, որը ես ինձ համար հայտնաբերեցի հատկապես այն օրը, երբ հորս հետ գնացել էի հաց առնելու, և հացթուխը, իբրև թե կատակով, ասաց, որ ինձ հաց չի տալու, որովհետև մենք գնում ենք Հայաստան: Ես անմիջապես պատասխանեցի, որ գնալու եմ Հայաստան զորք բերեմ հացթուխին սպանեմ: Մինչև օրս էլ դժվարանում եմ գտնել իմ այդ ընդվզման ակունքները, թեև այդ օրերին հաճախ էր ականջիս դիպչում, իբր թե հայերին գործ չեն տալիս, ասում են, դուք գնում եք Հայաստան:
Մեծ էր իմ ուրախությունը նաև այն օրը, երբ հայրս լուսանկարիչ բերեց մեր բակը: Մենք ընտանյոք շարվեցինք եռոտանու առջև, որի վրա նկարիչը հագցրեց քառակուսի , փայտյա մի տուփ, հայրս ու մայրս կենտրոնում աթոռին նստած, Մասիսը մորս գրկում, իսկ ես ու մեծ եղբայրս՝ Ասքանազը աջ և ձախ կողմերում ոտքի կանգնած: Նկարիչը սև շորը քաշեց գլխին, այդպես մնաց մի պահ, հետո սև շորը գցեց քառակուսի տփի վրա, մոտեցավ մեզ, ինձ հրեց հորս ծնկների արանքը, պատվիրեց չշարժվել, վերադարձավ, գլուխը խոթեց սև շորի տակը, հրամայեց նայել տփի կենտրոնոմ եղած ծակին, ապա ձեռքի մոգական շարժումով վերցրեց կափարիչը, նրանով մի շրջագիծ գծեց օդում և դրանով ծածկեց կենտրոնի կլոր , պսպղուն ապակին: Դա իմ և կարծում եմ մեր ընտանիքի առաջին լուսանկարն էր, որ հայրս պիտի ներկայացներ Ներգաղթի Կոմիտե՝ պարոն Արտաշին:
Որքան հիշում եմ, մեր ընտանիքում միայն մայրս էր, որ այնքան էլ խանդավառված չէր թվում ներգաղթով, այսօր ես կարող եմ արդեն ամենայն վստահությամբ ասել, որ նա ամբողջ հոգով դեմ էր, որովհետև իր ծննդավայրից՝ Չարմահալ գավառի վերին Քոնարք գյուղից մինչև Թեհրանում հաստատվելը անհանգիստ ու արկածախնդիր հորս հետ չարչարանաց մի ամբողջ ճանապարհ էր անցել և չէր ուզում  իր տունը մեկ անգամ ևս քանդել: Հետագային, ամեն անգամ, երբ խոսք էր լինում ներգաղթի մասին, նա առիթը բաց չէր թողնում միշտ միևնույն դարդոտ հոգոցով ու կիսաձայն , ինչ որ ցավոտ ու անասելի գաղտնիք բացելու նման անիծել. «Խարաբ ըլներ Հայաստանի ճամփեն»: Մորս կյանքի ծանր փորձով սրված նախազգացումները շատ արագ իրականություն դարձան: Մենք Հայաստան չգնացինք, ավելի ճիշտ մեզ չտարան, որովհետև, ինչպես ասում էին մեծերը, ճամփեն կապվեց, մեր նոմերը այնպես էլ դուրս չեկավ ու, մորս ասելով, մեր տունը նորից քանդվեց:
 
ՌՈՒՍԱԿԱՆ ՔՅԱՄՓԸ
Մեզ դեռ կարելի էր բախտավորներից համարել, որովհետև մենք բնակվում էինք Թեհրանում ու թեև հայրս մեր ապրանքի մեծ մասը ծախել էր «սմսարին»,որը երևի պիտի թարգմանել «հնավաճառ», բայց դեռևս մեր գլխի վերև առաստաղ ունեինք, ինչից զրկված էին այն հարյուրավոր ընտանիքները, որոնք վաճառել, կամ պարզապես լքել էին իրենց տուն ու տեղը և Չարմահալի, Փերիո և Բուրվարի գավառներից լցվել էին Թեհրան, հերթական «կարավանով» Հայաստան մեկնելու:
Հայրս բռնեց ձեռքս և ասաց, քեզ տանեմ «Ռուսական քյամփը»:
Դա մի ընդարձակ, ժամանակավոր ցանկապատով շրջափակված տարածք էր, որտեղ տեղավորել էին ներգաղթի աղետյալներին: Յուրաքանչյուր ընտանիք իր ունեցած ջուլ ու փալասով մի հովանոց էր սարքել արևից պաշտպանվելու, գուցե և սեփական շրջափակի զգացողությունը բավարարելու համար, ոմանք նույնիսկ հասցրել էին իրենց դաշտային բիզնեսը հիմնելու: Դրանցից մեկից հայրս ինձ համար նոխոչի-քիշմիշ (բոված սիսեռ և չամիչ) գնեց: Խանութպանը ապրանքը կշռեց կոշիկի վաքսի տուփով սարքած կշեռքով, որի նմանը ես հետո փորձեցի պատրաստել ինձ համար, բակի երեխաների հետ խանութ-խանութ խաղալիս, իսկ կշռաքարերը սովորական խճեր էին, որոնց վավերականությունը հաստատել էր ինքը՝ խանութպանը:
Հայրս Նշանի գառաժում  դալանդար (պահակ) էր աշխատում: Գառաժում էր գտնվում նաև մեր բնակարանը,որը բաղկացած էր երկու կից սենյակներից: Կարծում եմ, որ այդ գառաժն էլ ինչ-որ կապ պիտի ունենար ներգաղթի կոմիտեի հետ, որովհետև, ինչպես ծը- նողներիս խոսակցությունից էի լը- սել, կոմիտեն հենց գառաժի տնորեն պարոն Արտաշն էր, որը խոստացել էր մեզ հաջորդ կարավանով անպայման ուղարկել Հայաստան, բայց հաջորդ կարավանը այնպես էլ չեղավ: Հայրս պարոն Արտաշի թույլտվությամբ իր ծանոթ ընտանիքներից մեկին Ռուսական քյամփից տեղափոխեց գառաժ և տեղավորեց մի հին բեռնատար մեքենայի թափքում: ինձ զբաղեցնում էր այն միտքը, թե նրանք ու մանավանդ երկու փոքր երեխաները ինչպե՞ս չեն վախենում գիշերային խավարից:
 
ՌՈՄԱՆ ԻՍԱՅՈՎ
Մի ուրիշ օրէլ հայրս ինձ տարավ Իսայովի տան դուռը: Ասում էր, որ մարդիկ որոշել են բենզին տանել, նրա տունը կրակ տալ, որովհետև հենց նա էր ներգաղթի կոմիտեի գլխավորը: Իսկ թե ինչու՞ էր հորս իմ մասնակցությունը նման տեռորիստական ակցիային թվացել անհրաժեշտ, ստիպված եմ դիմել իմ հետագա մեկնություններին, ինչ վերաբերում է նույն օրվան, հիշողությանս մեջ մնացել են միայն կցկտուր պատկերներ: Լայնարձակ մի փողոց, աստիճաններով և պատշգամբով շքեղ մի շքամուտք ու մանավանդ բարձր, շատ բարձր սաղարթախիտ ծառեր, որոնց թանձր շվաքում էլ հավաքվել էր մարդկանց մի խումբ,  կային նաև կանայք ու ինձ նման երեխաներ: Հիշում եմ նաև բենզինի թիթեղյա պսպղուն ամանը (դալլեն) կամ գուցե ոչ մի աման էլ չի եղել, և դա, ընդամենը, իմ երևակայության արդյունքն է, որը հորս խոսքերի հիման վրա հետագային է մուտք  գործել իմ մտապատկերի մեջ, բայց պըս- պղացող ամանի փայլը արևի տակ դեռ այնքան վառ է իմ հիշողության մեջ, որ դժվար թե զուտ երևակայություն լինի: Ինչև Է, փաստն այն է, որ այդ օրը ոչ մի հրկիզում էլ տեղի չունեցավ: Շքեղ պատշգամբում հայտնվեց ճաղատ գլխով և ամեն ինչով կլորիկ մի մարդ (բանատեղյակ ընթերցողը կարող է առարկել, որ կոմիտեի նախագահը երբեք էլ այդպիսին չի եղել և որ սա էլ իմ երևակայության հորինումն է, ուրիշ ոչինչ: Խոստանում եմ, որ նրա հետ չեմ վիճի, որովհետև անձամբ համոզված չեմ, թե մարդիկ ընդհանրապես, որքանով են ապրում իրենց ապրած իրականության և որքանով հենց այսպիսի մտապատրանքների մեջ): Ինչ որ է, կոլոտ ու կլորիկ մարդը, որը պիտի ակնոցներ էլ ունենար, որը այն օրերին այնքան էլ սովորական բան չէր, ինչ-որ բաներ ասավ հավաքվածներին, տեսիլքի պես անհետացավ մեծ դռների հետևում, և մենք վերադարձանք տուն: Ինչ վերաբերում է իմ մեկնությանը, ապա կարծում եմ, հայրս, ինչպես նաև ակցիայի մասնակիցներից շատերը իրենց կանանց ու երեխաներին բերել էին իրենց հետ, ավելի շուտ պարոն Իսայովի խղճահարությունը շարժելու, քան թե նրան ահաբեկելու նպատակով:
Բայց ո՞վ էր պարոն Ռոման Իսայովը: Հայրս նրա մասին խոսում ու պատմում էր ճիշտ այն ոճով ու շնչով, որով ներկայացնում էր իր պատմած հեքիաթների հերոսներին: Իսայովին էր պատկանում այն լուցկու գործարանը, որտեղ Նշանի գառաժը փակվելուց հետո, աշխատում էին թե’ հայրս և թե’ մայրս: Սուտ, թե՞ ճիշտ, ասում էին, թե Իսայովին էր պատկանում նաև Բեհջաթաբադի այն տարածքը, որը տրամադրվեց ներգաղթի պատճառով իրենց դարավոր բնակավայրերից տեղահան եղածներին, իրենց նոր բնակավայրը հիմնելու համար: Հայրս պատմում էր նաև, որ Ռզա Շահը Իսայովին Գրիգոր Լուսավորչի պես բանտարկել է հորում, իհարկե շատ ավելի ծանր պայմաններում:
«Գառնիկ ջան,- ասում էր նա,- էդ հորն էնքան նեղ էր, օր Իսայովը նա’ կարողանում  էր նստեր, նա’ կարողանում էր պառկեր, կանգնած ուտում էր, կանգնած էլ …, հորի պատերն էլ չորս կողից մեխ էր վեր տվի, առաջ էր գալիս մեխերը մտնում ին փորը, ետ էր էրթում,…»: Բայց բարեբախտաբար Իսայովը հորում մնում է, ոչ թե տասներեք տարի, այլ միայն քառասուն օր, բավական խոր- հըրդանշական թիվ: Ռուսները որ մտնում են Թեհրան, Ռզա Շահը Իսայովին ազատում է: Թե ո՞րն է այս ամենի մեջ ճիշտը, ո՞րը հորս առասպելաբանության արդյունքը, և թե ի՞նչ պատճառական կապ կարող էր գոյություն ունենալ  նշյալ դեպքերի և դեմքերի միջև, թողնում ենք պատմաբաններին, իսկ ինչ վերաբերում է մեր ընտանիքին, մեզ վտարեցին, ոչ միայն Նշանի գառաժից ու Իսայովի լուցկու գործարանից, այլ նաև անբաժին մնացինք Բեհջաթաբադի հողամասերից, ըստ երևույթին այն պարզ պատճառով, որ մենք գյուղերից չէինք տարագրվել, այլ ապրում էինք Թեհրանում:
 
ՄԱՐՇԱԼ ՍՏԱԼԻՆ
Իմ այդ օրերի հուշերից ճիշտ հենց այստեղ ուզում եմ թղթին հանձնել մի պատառիկ, որի ներգաղթի հետ ունեցած պատճառական կապի մասին այդ օրերին ոչ մի գաղափար ունենալ չէի կարող,  բայց, ճիշտ, թե սխալ, ինչ-որ առնչակցություն ենթադրել եմ շատ տարիներ հետո: Բանն այն էր, որ չգիտես « որդիան որդի» մեր տանը հայտնվել էր մի կրծքանշան, եթե չեմ սխալվում, այդ կրծքանշանը կոմիտե պարոն Արտաշն էր տվել հորս, իսկ հայրս էլ այն տվել էր մեծ եղբորս՝ Ասքանազին, որը այդ ժամանակ մեծ տղա էր, սովորում էր Քուշեշ դպրոցում, և որ ամենակարևորն էր, շուտով ավարտելու էր վեցերորդը: Մեդալիոնը իհարկե կլոր էր, մետաղյա շրջանակի մեջ հագցված էր չգիտես ինչ սպիտակ նյութից քանդակված երկու կիսադեմ, մեկը բեղերով ու փոքրիկ մորուսով, ճաղատ, մյուսը բեղերով, անմորուս, խնամված մազերով, երկուսն էլ շատ լուրջ հայացքով նայում էին դեպի առաջ ու հեռուն: Ասքանազը այդ հրաշալի իրը փակցնում էր իր մոխրագույն կոշտ «քազեռունի» կտորից կարված դպրոցական համազգեստի ձախ վարատնիկի անկյունում հատկապես մեդալիոնի կամ ծաղկի համար բացված կոճակի ծակին: Դրա համար էլ մեդալիոնը ուներ համապատասխան հարմարանք, դա մի կլոր պտուտակ էր, որը հարկավոր էր հեռացնել, մեդալիոնի ասեղը անց կացնել կոճակի ծակից և հետևից ամրացնել պտուտակը: Մեդալիոնը գուցե և դպրոցում էին բաժանել աշակերտներին, չեմ կարող ասել, բայց բանն այն է, որ ես այրվում էի այդ կլոր կոճակը իմ կրծքին փակցնելու տենչանքից, իսկ եղբայրս ոչ մի գնով չէր ցանկանում նրանից, թեկուզ մի քանի վայրկյանով բաժանվել: Վերջապես իմ աղի արցունքներն ու մորս պաղատանքները հաղթեցին: Բայց ես համապատասխան բաճկոն չունեի, որը իր օձիքին ունենար մեդալիոն կամ ծաղիկ ամրացնելու հատուկ ծակ: Մայրս եկավ ինձ օգնության: Մեդալիոնը մի կերպ ամրացրեց իմ բրդյա բլուզին, հետո մի քայլ հեռացավ ինձանից, աջ ձեռքի երեք մատները մոտեցրեց քունքին ու հանդիսավոր արտասանեց. «Մարշալ Ստալին»: Թե ո՞վ էր այդ Մարշալ Ստալինը և ի՞նչ կապ ուներ իմ կրծքին բազմած մեդալիոնի հետ, ես բնականաբար չգիտեի, և չեմ կարծում, որ իմ պարզ ու միամիտ մայրիկս շատ բան գիտեր այդ մասին, սակայն շքանշանի շնորհման այդ արարողությունը մի շքեղ ու հանդիսավոր բան էր հուշում, որը, նույնպես, ես պիտի հայտնաբերեի տարիներ հետո, երբ ինչ որ զինվորականներ մտան մեր բնակարանը…, բայց դա այդեն մի մասին երևի կպատմեմ հետո: 
 
 
«Յոյս» թիւ 159
23 Նոյեմբեր 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *