Իրանական ժամանակակից արւեստագէտներ՝ Մանուչեհր Մոթաբար

 
 
Նրա  գործերը ո‘չ գծագրութիւններ են եւ ո‘չ էլ նկարչութիւններ, այլ դրանց միջեւ մի բան: Գըծերի արտայայտիչ նկարագիրը նրա կարեւորագոյն միջոցն է եւ ներկը օգտագործւում է աւելի սակաւ, ասես իր գունաւորութեամբ աւելի շեշտակի դարձնելու համար նրա գծագրութիւնների սեւ ու մութ ընդհանուր մթնոլորտը: Նրա գործերի նիւթը հիմնականում իր արհեստանոցը եւ դրանում գըտ-նըւող իրերն են` երկաթէ աթոռը, աւարտւած եւ կիսաւարտ կտաւները, այդ թւում հէնց իր դիմանըկարները, գոյների տուփերը, զանազան շիշերը եւ ամանները, վրձինները, պատուհանները, կատուն եւ ինքը, որ յաճախ նստած աթոռին նայում է նկարչին (իրեն): Դրանք նկարւած են ուժեղ գծերով եւ վրձնի արտայայտիչ շարժումներով, իսկ յետոյ մասամբ, ոնց որ կիսատ-պռատ ներկւած են մեծամասնաբար մուգ գոյներով: Այս բոլորը խօսում են արհեստանոցում իր մենակեաց կեանքը վարող արւեստագէտի մասին: Նոյնիսկ, երբ նա նկարում է դուրսը` փողոցներ, չադրայով կանայք, կառքեր, յուղարկաւորութիւն, դրանք աւելի շատ նմանում են մտապատկերների, մանկութեան յուշերի (երեւի կառքերի եւ հին ցեխէ պատերի պատճառով), քան ռէալ իրական մարդիկ եւ փողոցներ:
 
 
Խօսքը Իրանի լաւագոյն նկարիչներից` Մանուչեհր Մոթաբարի մասին է: Նա ծնւել է 1936 թւականին Շիրազում: Նկարչութիւն է սովորել Շիրազի լաւագոյն վարպետների, այդ թւում Քամալ օլ Մոլքի աշակերտ` Նասեր Նամազիի մօտ: Աւելի մեծ տարիքում քանի անգամ ճամբորդել է Միացեալ Նահանգներ, ուր Նիւ-Եօրքում եւ Ինդիանայում նկարչութիւն է սովորել եւ ծանօթացել ժամանակակից արւետի հետ: 1971 թւականին վերադարձել է Իրան եւ Սէյհուն պատկերասրահում ներկայացրել է իր գործերը: 1985 թւականին ստացել է Մոնակոյի ժամանակակից նկարիչների ցուցահանդէսի գնահատանքի դիպլոման:
Մոթաբարը երկար տարիներ դասաւանդել է Իրանի զանազան համալսարաններում եւ արւեստի դպրոցներում: 2004 թւականին հրատարակւել է նրա 1961-2004 ժամանակահատւածի գործերի հատընտիրը:
Նա համարւում է մոդեռն արւեստագէտ, որը սակայն իր ուսման եւ նախասիրութիւնների բերումով սնւում է Եւրոպայի  նախամոդեռն շրջանի արւեստից: Նա խիստ կարեւոր է համարում, այսպէս կոչւած, ակադեմիական արւեստի սկզբունքների հետ լաւածանօթ լիները ժամանակակից արւեստագէտի համար: 2013 թւականի յունիսին Թեհրանում կայացաւ նրա ողջ կեանքի գործերի լաւագոյնի ցուցահադէսը:
 
 
«Յոյս» թիւ 158
Նոյեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *