Նամակ Ռուսաց թագաւորին

 
ԶՕրի Բալայեանի նամակը Պուտինին, Հայերի ռուսամէտութիւնը եւ Արթին պապի պատմութիւնը
 
 
Հայերի ռուսամէտութիւնը,ի հարկէ, նոր բան չէ:Սկըսած Իսրայէլ Օրիից, հայ զանազան քաղաքական գործիչներ մտածել են Հայաստանը ազատագրել ռուս ցարի օգնութեամբ: Հայերի կամաւոր գնդերը առաջին համաշխարհային պատերազմի օրերին, որոնք կռւում էին ռուս զօրքերի կողքին եւս արդէն ծանօթ պատմութիւն է: Նոյնն է մեր օրերին «Ռուսաստանի դաշնութեան հետ ռազմավարական դաշինքը»: Եւ այս բոլորը դիմագրաւելու համար պանթուրքիզմի եւ թրքական ծաւալապաշտութեան վտանգը: Այս բոլորով հանդերձ, Զօրի Բալայեանի կոչը Վլադիմիր Պուտինին է` եկ տէր կանգնի Գիւլիստան պայմանագրով յաւերժ քեզ տրւած երկրամասին, որ Ղարաբաղը Ռուսաստանի խնդիրն է, բոլորի ձայնը հանել է: Այս նամակի մասին գործ են ածւում «սարսափելի» եւ «խայտառակ» որակումները: Նամակի որոշ հատւածներ մէջբերւել են Մարինէ Պետրոսեանի յօդւածում: Ընթերցողը ինքը կարող է դատել այդ մասին: Ասւում է, թէ նամակը գրւել է Սերժ Սարգսեանի հետ խորհրդակցելով, որ դա կապ ունի Պուտինի հաւանական Հայաստան այցելութեան հետ եւ դա կարող է նախաբանը լինել Ղարաբաղի` Մաքսային միութեան անդամակցութեանը, սակայն նախագահը վստահեցնում է, որ ինքը տեղեակ չի եղել այդ մասին եւ Ստեփանակերտը բողոքում է, որ ոչ ոք իրաւունք չունի Ղարաբղի կողմից խօսել: Դաշնակցութեան ղեկավարներից Կիրօ Մանոյեանը յայտարարում է, որ Հայ դատի գրասենեակը կիսում է Զօրի Բալայեանի «պանթուրանական վտանգի եւ սպառնալիքների հետ կապւած մտքերը» եւ  շեշտում է ռուս-հայկական ռազմավարական դաշինքի կարեւորութիւնը, իսկ ոչ մի խօսք նամակում տեղ գտած ուրիշ մտքերի մասին: Նա չի դատապարտում Պուտինին Ղարաբաղ հրաւիրելու Բալայեանի կոչը, պարզապէս չկամենալով միանալ հակառուսական աղաղակին: Փոխարէնը «երկիրմիդիան» մէջբերում է Բալայեանի այն նախադասութիւնը, թէ նա չի ասել պիտի յանձնել Ղարաբաղը: Իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանը ուղղակի մեկնաբանութիւնից խուսափելով, հետաքրքրւող լրագրողին խորհուրդ է տւել այդ մասին կարդայ իր 1989 թւականին գրւած յօդւածը: Յիշեալ յօդւածում նա բացատրել է, թէ պանթուրքիզմի դերը մեծացնող մտայնութիւնը, որը եզրակացնում է պիտի յենւել Ռուսաստանի վրայ, չափազանց վտանգաւոր է:
Մի խօսքով, ինչպէս երեւում է ստորեւ ներկայացւած գրութիւններից, Զօրի Բալայեանի նամակը միանգամից վեր է հանել հայ քաղաքական մտքի ամենահիմնական հարցը, այն է, ինչ հետեւանքներ ունի ռուսների վրայ յոյս դնելը: Չլինի, մեզ, որպէս պետութիւն պատահի այն, ինչ պատահեց Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագաւորին» պատմւածքի գիւղացի Արթին պապին, որը  յոյս կապեց ռուսաց թագաւորի բարի կամքի հետ եւ արդիւնքում ծեծւեց ու արիւնլւայ եղաւ:
Ռ.Ս.
 
Բալայանի նամակը Պուտինին սուր քննադատության է արժանանում
 
Ծավալուն նամակում Բալայանը հիշեցնում է ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլև ողջ ռուս ժողովրդին, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ռուսական կայսրության մաս էր կազմում, և ընդգծում, որ այս պայմանագիրը կնքվել էր հավերժական ժամանակների համար։
«Իրոք, չկա Ղարաբաղի խըն-դիր, կա Ռուսաստանի խնդիր», – գրում է Ղարաբաղի անկախու-
թյան համար ժամանակին պայ-քարած գրողը:
Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցից առաջ հրապարակված նամակը, ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, «հերթական քծնանքն է Կրեմլին»: Հայրիկյանի խոսքով, Զորի Բալայանը մոռացել է Ռուսաստանի թողտվությամբ ու մասնակցությամբ պատճառված կորուստների մասին՝ վանական ունեցվածքի առգրավումից մինչև «Կոլցո» օպերացիան:
«Ի՞նչ պիտի զեկուցեն Պուտինին: Պիտի ասեն՝ Զորի Բալայանը՝ հայտնի լրագրող, «վիստուպել ս օչերեդնիմ պոդխալիմաժեմ»: Ինքնորոշում բառը օգտագործող արցախցին, և այս պայմաններում «ռուսորոշման» մասին խոսելը դա, իհարկե, պիտի որ արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու վրդովեցներ: Դու ո՞վ ես, որ ինձ ստիպում ես, ես իմ ինքնորոշման տերն եմ, իմ երկրի վրա, իմ պապենական հողում ես եմ որոշելու: Բնական է, պիտի առողջ մարդիկ դրա դեմ ընդվզեին»:
Զորի Բալայանի նամակը քննարկման նյութ է դարձել նաև Ղարաբաղում: ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող Գեղամ Բաղդասարյանը հիշեցնում է Բալայանին ու նրա տեսակետը պաշտպանողներին, որ Ստեփանակերտը իր ապագան ընտրել է 22 տարի առաջ՝ անկախության հանրաքվեով, և որ այսօր որևէ մեկը իրավունք չունի հանդես գալ Ղարաբաղի ժողովրդի անունից՝ հաշվի չառնելով այդ ժողովրդի կամքը։
«Բայց հանկարծ օրը ցերեկով հայտնվում է մեկը և ասում է՝ սա Ռուսաստան է «ի ֆսյո»: Առիթ ունեցել եմ ասելու ու փաստելու մի դառը ճշմարտություն է մենք տիրասեր ու տիրադավ ժողովուրդ ենք: Ընդ որում, այս տիրադավությունը հիմնականում գալիս է չափից ավելի, անբնական տիրասիրությունից: Ինչքան տիրասեր, այնքան, գուցե անգամ կրկնակի տիրադավ ենք: Գրեթե բոլոր դարերում, բոլոր ժամանակահատվածներում մեր հայացքը հառել ենք այս կամ այն տիրոջը: Մենք իսկապես մեծ գնով նվաճել ենք այս անկախությունը և այսքան հեշտությամբ որևիցե մեկին տալ, ուղղակի աբսուրդ է»:
Ինքը՝ Զորի Բալայանը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Ասում է, որ Պուտինին հասցեագրված ծավալուն նամակի վրա աշխատել է շուրջ կես տարի։ Շարունակ գրել-ջնջել է, բայց բովանդակությունը հայրենիքում սխալ են հասկացել. – «Բոլոր հարցերի պատասխանը կա այդ տեքստի մեջ: Որտե՞ղ եմ ես գրել, որ Ռուսաստանի մեջ պետք է լինի: Ես խոսում եմ Նախիջևանի մասին, խոսում եմ նրա մասին, որ եթե ուզում են հավաքվեն ու փոխզիջում անեն, ուզում եմ փոխզիջման ցուցակը իմանան: Չէ՞ որ Ղարաբաղը մեջն է՝ այդ ազատագրված հողերը: Եթե այս ազատագրված հողերը վերցնեն, թողնեն ընդամենը տասը կիլոմետր և այդ հողերը տան փաստորեն Ադրբեջանին կամ Թուրքիային, դու չես մտածում դրա մասին, մտածում ես, որ կարող է Ռուսաստանի՞ն տան»:
Չնայած նամակի շուրջ քննադատությունը չի դադարում, իսկ Ռուսաստանի բարձրաստիճան այրերից էլ դեռևս արձագանք չի հնչում, այդուամենյանիվ, Բալայանը չի բացառում, որ առաջիկայում կարող է Պուտինին ուղղված ևս մեկ նամակ հեղինակել։
 
 
«Յոյս» թիւ 158
Նոյեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *