Հոկտեմբերը՝ Հայ մշակոյթի ամիս

 
ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
 
Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Գրիգոր Լուսաւորչի, Ագաթանգեղոսի, Խորենացու, Եզնիկ Կողբացու գործերով,  եւ սքանչելի Եղիշէի Աւարայրի պատմութեամբ սկզբնաւորւած հայ մատենագրութեան շրջանը կոչւեց հայ դպրութեան ոսկեդար:
Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի եւ նրանց աշակերտների սխրանքը, նախ՝ Աստւածաշնչի, ապա եւ այլ հոգեւոր գրականութեան թարգմանութիւնները, նաեւ ձեւաւորեց թարգմանիչների բոյլը, որոնք հետագային հայ եկեղեցու կողմից սրբացւեցին:
Սուրբ թարգմանչաց տօնի առիթով, ոչ միայն պատարագ է մատուցւում Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում, այլեւ, ահա եւ 11 տարի անընդհատ, կազմակերպւում է Հայ գրքի ցուցահանդէս:
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի մտայղացմամբ սկսւած աւանդոյթը հրաշալի առիթ է գրասէրների համար, ծանօթանալու եւ գնելու հայերէն գրքեր, Ս. Սարգիս  եւ Ս. Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում;
Ցուցահանդէսի բացումը այս տարի կատարւեց հինգշաբթի, հոկտեմբեր 10-ին, Սուրբ Սարգիս եկեղեցու երգեցիկ խմբի, Սիփան մարզամշակութային միութեան  ասմունքող խմբի կատարումներով եւ իհարկէ, Սրբազան հօր օրհնութեան խօսքով:
Հրաւիրեալները դիտեցին “Նայիրի”, “Գրողների միութիւն”,  “Սիփան միութիւն”, “Հուսկ” եւ “Առաջնորդարան” տաղաւարներում ներկայացւած գրքերը  եւ ի հարկէ նաեւ գնեցին:
Ցուցահանդէսի կազմակերպիչն է ԹՀ Թեմի Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակը, որն էլ ամէն տարի ընտրած յանձնախմբի միջոցով եւ անդամների  սիրայօժար համագործակցութեամբ իրականացնում է այս շատ կարեւոր ցուցահանդէսը:
Ութ օր տեւող ցուցահանդէս են այցելում նաեւ հայոց դպրոցների աշակերտները, իրենց ուսուցիչների հետ:
Ցաւօք,  օրէցօր պակասում են դպրոցականները, եւ աւելի շատ են պակասում գրքով հետաքըրքըրւողները: Յատկապէս հիմա, երբ գրքի ցուցահանդէսի կողքին նաեւ վաճառւում են գոյնզգոյն խաչեր, ականջօղեր եւ թեւնոցներ` երեխաները նախընտրում են խաչակիր, բայց այնուամենայնիւ զարդեղէնը: Իսկ ուսուցիչները  այցելութեան ժամանակ, կան-գընում են մի անկիւն եւ զրուցում են, կարծես մի քանի րոպէ հանգստանալու առիթ են գտել: Քիչ են այն ուսուցիչները, որոնք երեխաների հետ մօտենում են գրքերի տաղաւարներին եւ պատմում  են նրանց այս կամ այն գրքի մասին եւ քաջալերում գնել այն: Կարծում ենք, որ երեխաներին պիտի նախապէս բացատրել թէ ուր են գնում եւ այդ այցելութեան նպատակն ինչ է:
Խաչ կամ խաչակիր զարդեր կարելի է վաճառել ամէն օր, ամէն կիրակի եւ ամէն մի եկեղեցական տօնի առիթով, յատկապէս, որ մեր եկեղեցին նաեւ ունի Խաչին նւիրւած տօներ, իսկ գրքի ցուցահանդէսը թող լինի իսկական ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ:
Առաջնորդարանի կամ աւելի ճիշտ Քրիստոնէական դաստիարակութեան բաժնի եւ Սրբազան հօր անմիջական հսկողութեամբ այս վերջին 11 տարում տպագըրւել են բազմաթիւ գրքեր, որոնցից նշանակալի են եւ արժանի ներկայացման հետեւեալները.- Մանկական գրականութեան բաժնից Սասնայ ծռերի չորս ճիւղը ներկայացնող պատկերազարդ գրքոյկները.
Սուրբ   Գրիգոր    Լուսաւորչի «Յաճախապատում ճառեր»-ը,  «Հայոց եկեղեցական իրաւունքը», Ներսէս արք. Մելիք Թանգեանի մեծարժէք աշխատութեան վերատպութիւնը, «Կեանքիս յուշերից”` Հրաչեայ Աճառեանի Պարսկաստանեան յուշերը …, շուրջ 70 անուն կրօնական եւ հոգեւոր բովանդակութեամբ այլ  գրքեր եւ գրքոյկներ:
Ամենանորը եւ յոյժ կարեւորը «Հայ տպագրութիւնը Իրանում» (1638-2011) աշխատութիւնն է, աշխատասիրութեամբ Իրանից հայրենադարձ Արշալոյս Աղայեանի եւ Բագրատ Տէրտէրեանի, որը վերախմբագրել են Սեպուհ արք. Սարգսեանը եւ դկ. Անդրանիկ Սիմոնեանը: Գիրքը իրենից ներկայացնում է Իրանում տպագրւած հայերէն գրքերի ցանկը, ժամանակագրական եւ բովանդակային բաժանումներով: Գիրք, որի պակասը խիստ էր զգացւում: Թէպէտ գրքում տեղ են գտել մի քանի անճշտութիւններ, յատկապէս բովանդակային բաժանումների պատճառով, սակայն ողջունելի է այս գրքի հրատարակումը:
«Հուսկ»-ը ներկայացրել էր իր մինչ այժմ տպագրած հայոց ցեղասպանութեանը եւ ընդհանրապէս հայ քաղաքական կեանքին եւ Ղարաբաղի խնդրին նւիրւած պարսկերէն գրքերը, ինչպէս նաեւ «Պայման» պարսկալեզու պարբերականի համարները: Որպէս այդ տաղաւարի նոր գիրք պիտի մատնանշել “Նաշր Սալես”-ի հրատարակութեամբ  “ Հայրենիքից հեռու” կամ ինչպէս թարգմանւել է` “Ռահէ Ղորբաթ” գիրքը, որի հեղինակն է Դաւիթ Խորդեանը, ով գրի է առել իր մօր յուշերը եւ ներկայացրել 7-ամեայ վերոնի Եղեռնի տարիների անցած փշոտ ուղին: Վերոնը, ի վերջոյ  փրկւում եւ հասնում է Յունաստան եւ ապա Ամերիկա: Նրա պատմութիւնը մէկն է հազարաւոր այն հայերի, որոնք անցել են Սիրիական անապատով եւ հանգրւանել աշխարհի այս կամ այն կողմը, չմոռանալով Եղեռնի իրական պատմութիւնը պատմել ի լուր աշխարհի:
«Նայիրի» հրատարակչութեան տաղաւարում գերակշռում էին մանկական գրքերը, թէ «Նայիրի»–ի սեփական տպագրութիւնները եւ թէ Հայաստանի տարբեր հրատարակչութիւններից ներմուծւածները: Ներկայացւած էր նորոգ հանգուցեալ հայրենի անւանի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանի ստեղծագործութիւնների ընտրանին, Վահէ Արմէնի պարսկերէն թարգմանութեամբ:  Թումանեանի եւ Աղայեանի հեքիաթներից մի փունջ` Անդրանիկ Խեչումեանի թարգմանութեամբ  եւս համեմատաբար նոր էր եւ ներկայացւում էր առաջին անգամ:
Հայաստանում տպագրւած “Իրանահայոց հանրագիտարանը”  այս ցուցահանդէսում առաջին անգամ էր ներկայացւում, որը Ժ.Լազարեանի կազմած պարսկերէն տարբերակի թարգմանութիւնն է` թարմացւած նիւթերով եւ նկարներով:
Այսպիսով,  ուրբաթ,  հոկտեմբեր 18-ին աւարտւեց Հայ գրքի 11-րդ ցուցահանդէսը, կարեւոր մի իրադարձութիւն թեհրանահայ կեանքում, որն աւաղ հատ ու կենտ այցելուներ ունի, եթէ չհաշւենք դպրոցականներին:
 
 
«Յոյս» թիւ 157
26 Հոկտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *