Էլիպս Մասեհեանը Ալբերտի մասին

 
Նա ձգտում էր հաւասարութեան, հաւասարակշռութեան եւ օրէնքի հաստատման
 
 
Համոզւած լինելով, որ Ալբերտ Քոչարեանին ամէնից շատ ճանաչում էին նրա մօտ եւ համախոհ ընկերները, Ալբերտի մասին մի քանի հարցով դիմեցինք նրանց: Ստորեւ ներկայացնում ենք Էլիպս Մասեհեանի պատասխանը եւ Ալբերտի մասին նրա գրչին պատկանող բանաստեղծութիւնը, ուր նա նկարագրել է հանգուցեալի կերպարի հակասական գծերը:
 
ինչպէ՞ս ծանօթացաք Ալբերտի հետ: Երբւանի՞ց էիք ճանաչում նրան:
Այնքան որ գիտեմ, մեր ընտանիքները շատ վաղ ժամանակներից, այսինքն մի քանի սերունդ, քաւոր-սանիկ և այլ բարեկամական կապերով հարազատ են եղել: Իսկ հետագային բնակւելով Մաջիդիէ քաղաքամասում՝ յարաբերութիւնը շարունակւել է նաև թաղամասի կրթական, մշակութային և համայնքային աշխատանքների ընթացքում: Անձամբ Ալբերտին ճանաչել եմ 10-11 տարեկանից, երբ ժամանակաւորապէս բնակւում էինք նոյն փողոցում՝ որտեղ իրենց բնակարանն էր: Բնականաբար մանկական-պատանեկան խաղերի ընթացքում շփւում էինք, սակայն աւելի մօտ ծանօթութիւնը սկսւեց, երբ համալսարանի ուսանող էի և Նայիրի միութեան ուսանողական բաժանմունքի հիմնադրման և հետագայ աշխատանքներին մասնակից դարձանք որպէս վարիչ մարմնի անդամ՝ Վալոդ Հախինեանի և Էդւարդ Ղարիբեանի հետ միասին: Դրան զուգահեռ՝ մի քանի տարի միութեան մանկական ամառային ծրագրի (ՄԱԾ) շրջագծում համատեղ կազմակերպչական և դաստիարակչական աշխատանքներ տարանք:
Այնուհետև տարբեր առիթներով, ինչպիսին են՝ Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան «Դաւիթ Անյաղթ» բարձրագոյն ուսման գնահատական ծրագրերում (որի հիմնադիրներից էր Ալբերտը) և նորամուտ ուսանողների գնահատական երեկոներում, ԹՀԹ Կրթական խորհըրդին կից արտադասարանային յանձնախմբի կազմակերպած ճամբարներում, ուսանողական միութիւնների միասնական ճամբարում (Նամակերտ, Իսֆահան), աստղագիտական խմբի էքսկուրսիայում, և շատ ուրիշ աշխատանքներում բախտ եմ ունեցել Ալբերտի հետ համագործակցելու: Իսկ ամենալուրջ և տևական աշխատանքը եղել է Թեմի Պատգամաւորական Ժողովի ծիրում, որտեղ Ալբերտը և միւս ընկերները 2000 թւականից՝ իսկ ես 2004 թւականից ընտրւեցինք որպէս Զէյթուն քաղաքամասի պատգամաւոր:
 
Ինչպէ՞ս էք գնահատում նրան որպէս մարդ եւ ընկեր:
Եթէ մէկ բառով բնութագրեմ՝ հէնց ՄԱՐԴ: Իրօք այնքան բազմաթիւ ու բազմազան են նրա բարեմասնութիւնները, որ դժւար թէ տեղաւորւեն այս սեղմ տողերում: Նա ազնիւ մարդ, ազգասէր հայ, օրինակելի քաղաքացի, և հրաշալի ընկեր էր: Հանգուցեալի թաղման նախքին օրը փորձեցի որպէս դամբանախօսական ի մի բերել իր իւրայատկութիւններն ու բնորոշ գծերը. յուզւած ու չկենտրոնացած լինելով հանդերձ՝ ածականներն արագ-արագ շարւեցին ու շուտով անցան երկու հարիւրից: Ստացւած քերթւածքը ոչ թէ որպէս բանաստեղծութիւն՝ այլ վշտաբեկ մի սրտի խօսք պէտք է ընկալել…
 
Ինչպէ՞ս կը բնորոշէք նրա հասարակական-քաղաքական գիծը: Ո՞րն էր նրա նպատակը որպէս հասարակական գործիչ:
Նա միշտ ասում էր՝ ինքը հասարակական գործիչ է և ոչ քաղաքական: Չնայած երբեմն աշխատանքները քաղաքական համ ու հոտ էր ստանում, բայց իր նախասիրած ոլորտը հասարակական աշխատանքներն էր: Նա լայնօրէն ուսումնասիրում էր հասարակութեան վիճակագրական, հասարակական, քաղաքական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, և այլ ոլորտների զարգացումները և ընթացքը, և դա միայն մեր՝ Թեհրանահայութեան շրջանակում չէր, այլ նաև Թեհրան քաղաքի, Իրանի, Հայաստանի, և շատ յաճախ ամբողջ աշխարհի մասշտաբում: Սիրում էր փաստերով խօսել, հիմնւած գիտական և իրական ուսումնասիրութիւնների, և անաչառ դատել ու ճիշտ կողմնորոշւել:
Նա արդարութեան և ճշմարտութեան ջատագով և զինւոր էր: Մշտապէս ձգտում էր հաւասարութեան, հաւասարակշռութեան, և օրէնքի հաստատման ու վերականգնման, և դա անում էր իր ողջ էութեամբ՝ առանց իր անձնական շահերը նկատի ունենալով: Շատ լաւ էր հասկանում շրջապատի իրադարձութիւնները, և լաւապէս տիրապետում մեր համայնքի դրւածքին, գրւած ու չգրւած օրէնքներին, և զօրաւոր ու խոցելի կողմերին: Միշտ թոյլի, իրաւազուրկի, և անպաշտպանի պաշտպանն էր, և դա անում էր առանց յոգնումի, նահանջի կամ վախի, բայց և առանց վիրաւորելու, ճշմարտութիւնից և արդարութիւնից շեղւելու, կամ անբարեկիրթ միջոցների դիմելու: Ցանկացակ հարցում կողմնորոշւելիս՝ միշտ դիմում էր Աստւածային օրէնքներին, սահմանադրական կամ կանոնադրական կետերին, իր խղճին, տրամաբանութեանը, փորձին, և իհարկէ, ժողովրդի շահերին ու պահանջներին:
Իրապէս սիրահար էր արդարութեան. որևէ հարցում, մեր համայնքի գաղափարական հոսանքների ոչ շատ գունագեղ լուսապատկերում՝ կողմնակիցն էր արդար և համընդհանուր շահերը ապահովող այս կամ այն մտքի, ձայնի, և արարքի, և ոչ’ անպայմանօրէն և մշտապէս մի յատուկ կողմի: Դրա պատճառով չէր կաղապարւում ու կարծրանում մի հոսանքի շուրջ: Միաժամանակ բոլոր հոսանքների դրական կողմերին յարողը, և դրանց բացասական երևոյթները քննադատողն էր: Հաւատացած էր բազմաձայնութեան՝ բայց միաժամանակ միասնականութեանը. լաւապէս ըմբռնում էր իրական մեկնութիւնն ու իմաստը բառերի՝ որ երբեմն գիտակցաբար կամ անգիտակցաբար հոլովւում են համայնքում, զորօրինակ՝ անտարբեր, անպատասխանատու, չեզոք, անկախ, կախւած, համակիր, այլախոհ, մրցակից, քննադատող, ընդդիմադիր, հակադիր, հակառակորդ, դաւաճան, թշնամի, …, և դրանց չէր շփոթում: Այստեղ յիշում եմ իր վերջին խօսքերից՝ երբ գամւած հիւանդանոցի մահճակալին և բազմաթիւ ասեղներ, խողովակներ, և բժշկական սարքեր միացւած իր ուժասպառ մարմնին, նւազ ձայնով ասեց՝ «գիտե՞ս մեզ թշնամի են անւանել… մենք շա՜տ լինենք՝ մրցակից, քննադատող…», ու ես տեսայ իր դալկացած աչքերում աւելի մեծ վիշտ ու ցաւ՝ քան ֆիզիկական ահռելի ախտը, որից երբէք էլ չտրտնջաց…
 
Խորապէս համոզւած եմ, որ Ալբերտին կորցնելով՝ մեր համայնքը զրկւեց իր ամենագիտուն, գործունեայ, ազգասէր, օժտւած, շնորհալի, արդարամիտ, հաւատացեալ ու նւիրեալ անձնաւորութիւններից մէկից, և իր բացը կըզգացւի ոչ միայն իր ընտանիքում ու շրջապատում, այլ՝ թաղամասում, միութիւններում, ժողովներում, յանձնախմբերում, մամուլում, պետական շրջանակներում, և ուր որ նա իր լուման ներդրեց՝ ի շահ համայնքի, ազգի ու մարդկութեան:
 
 
«Յոյս» թիւ 157
26 Հոկտեմբեր 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *