Ալբերտ Քոչարեանը որպէս մարդ եւ որպէս հասարակական գործիչ

 
ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին այս աշխարհից առյաւէտ հեռացաւ Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասի տարիների պատգամաւոր Ալբերտ Քոչարեանը: Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ կիրակի, հոկտեմբերի 13-ին նոյն թաղամասի Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում, որից յետոյ հանգուցեալի դին փոխադրւեց Բուրաստան գերեզմանատուն եւ յանձնւեց հողին:
Ալբերթ Քոչարեանի մահը մեծ կորուստ էր թեհրանահայութեան համար:
 
Պաշտօնական
Ալբերտ Քոչարեանի կենսագրական տւեալներն ըստ անկախ պատգամաւորների ընտրական կայքի.
«Ծնւել է 1967 թւին Զէյթուն քաղաքամասում և կրտսերագոյն զաւակն է թաղի առաջին բնակիչներից՝ Թևան Քոչարեանի: Բարձրագոյն կրթութիւնը շարունակել է Թեհրանի «Էլմ-օ-Սանաթ» համալսարանի էլեկտրական ճարտարագիտութեան ֆակուլտետում՝ ստանալով էլեկտրաէներգիա ճիւղի լիսանս : 5 տարի աշխատել է գիտութեան նախարարութեան Էներգիայի եւ նիւթերի հետազօտութիւնների կենտրոնում, ապա 13 տարի աշխատել է Էներգետիկայի նախարարութեան ենթակայ գիտահետազօտական  և ճարտարագիտական «Մոշանիր» կենտրոններում: էներգիայի խնայողութեան և ղեկավարման մասնագէտ էր և այդ բնագաւառում ներկայացրել է բազմաթիւ գիտական յօդւածներ և իրագործել նախագծեր: 1986 թւականից անդամակցել է Հայ համալսարանականների ընդհ. միութեանը, որտեղ 6 տարի վարչութեան անդամ և 2 տարի նախագահ է եղել: Երկու շրջան եղել է Հ.Մ. Նայիրի միութեան վարչութեան անդամ և հիմնադիրներից է եղել միութեան ուսանողական բաժանմունքի: 2006 թւականից Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի անդամ է եղել՝ մի քանի շրջան ստանձնելով ատենապետի պաշտօնը: 12 տարի մաս է կազմել Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովին՝ որպէս Զէյթուն քաղաքամասի պատգամաւոր, իսկ 2009 թւականից անդամակցել է ՊԺ-ի Կազմակերպչական յանձնաժողովին: Հիմնադիր անդամներից էր Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան»:
 
Ընկերական-անձնական
Ալբերտին ճանաչում եմ նախ համալսարանական միութիւնից: Որեւէ դէպք,  որ յիշում եմ մեր հանդիպումների ու յարաբերութիւնների մասին, մի կերպ վկայում է նրա բարի կամքի եւ դրական մօտեցման դրսեւորումը:
Նա մեծ ջանք էր թափում ապրիլ 24-ի կազմակերպիչ յանձնածմբին համոզելու՝  Ս. Սարգիս եկեղեցու եւ այլ հանրահաւաքներն ու ձեռնարկները նկարահանելու համար եւ այդ գործը յանձնարարում էր ինձ: Պատրաստւած ու յանձնախմբին յանձնւած տեսանիւթի ճակատագրից ոչ մի լուր:
Հանդէս. մի օր Արւեստ թերթի խմբագրի հետ ներկայանում է խմբագրութիւն եւ փորձում է կապ հաստատել Հանդէսի եւ Հայաստանում հրատարակւող Արւեստ թերթի միջեւ: Գիտեմ, որ ինքը կամաւոր կատարում էր «Արւեստ»-ի ներկայացուցչի դերը Իրանում:
«Յոյս»-ի հրատարակութեան սկզբից ի վեր իր խորհրդակցութիւններով եւ նկատողութիւններով օժանդակում էր մեզ: …
 
Ամէն բանից աւելի, նրա անձնական խառնւածքի մէջ դրական մօտեցումն էր, անշահախնդիր ձգտումը՝ առնել որեւէ դրական քայլ, որ հնարաւոր է: Եւ հարցերը տրամաբանօրէն , եթէ չասենք գիտականօրէն ,  քննելու եւ ուսումնասիրելու հակումը: Նա լինելով ճարտարագէտ, կողմ էր հնարաւորին չափ արդիական լինելուն, մերօրեայ տեխնոլոգիաներից օգտւելուն: Ինքը խիստ հետեւում էր ինտերնետին եւ երբ հետաքրքիր լիստ էր գտնում, չէր խնայում այն ուղարկել իր մէյլինգ լիստին, որը կազմւած էր մեր համայնքի ամէն կարգի մարդկանցից: Մի որոշ  շրջան էլ շաբաթը մի երաժշտութեան ֆայլ էր ուղարկում բոլորին:
Սիրում էր գիրքը եւ արւեստը: Մասնաւոր կարծիքներ ունէր մեր թերթի գեղարւեստական ձեւաւորման մասին:Մի տարի առաջ, վերջին հանդիպումներից մէկի ընթացքում մի գիրք նւիրեց ինձ: Հասկացայ, որ երբ գիրք գնելու է գնում եւ յարմար գիրք է տեսնում, մի քանի օրինակ գնում է եւ նւիրում իր շրջապատի մարդկանց, ովքեր,  մտածում էր կը սիրեն գիրքը,  բայց երեւի ժամանակ չեն անի անձամբ գնալ եւ առնել այն:
Ուզում եմ եզրափակել, որ հաւատացած էր մեր փոքր գործերը զուր չեն անցնում եւ մարդ կարող է իր փոքր գործերով ժամանակի ընթացքում ազդեցութիւն թողնել հասարակութեան վրայ: Եւ սա հազւադէպ յատկութիւն էր մեր ժամանակներում: Եւ նա այն  անում էր ոչ թէ լոզունգներ տալով, այլ գործնականապէս եւ համոզմունքով:
Իր հիւանդութեան բուժման առաջին շրջանում, երբ արդէն անց էր կացրել աղիքի քաղցկեղի բուժման դժւար գործընթացը, մի օր այցելեց «Յոյս»-ի խմբագրութիւն: Հետաքրքիր փոփոխութիւն կար նրա բնաւորութեան մէջ: Ինքը պատմում էր, թէ հիւանդութեան ծանր պահերին, երբ մօտ էր զգում մահը, երբ շրջապատի մարդիկ առօրեայ հասարակ հարցերի մասին վիճում էին, զարմանում էր, թէ սրանք ինչի մասին են վիճում, ինչպիսի հասարակ հարցեր են զբաղեցնում մարդու միտքը, քանի որ նա մոռանում է, որ ամէն վայրկեան կարող է վրայ հասնել մահը:
Մեր վերջին հանդիպումը՝ անկախ պատգամաւորների կողմից կազմակերպւած մամուլի ասուլիսն էր Մաջիդիէյի եկեղեցու հարցերի շուրջ: Նա իր խօսքերի ընթացքում մի բան ասաց, որից սթափւեցի: Երբ խօսում էր եկեղեցուն կից գետինների վրայ կառուցւող շէնքերի ապագայ ծրագրերի մասին, ասաց. «որոնք սկի յայտնի չէ մենք տեսնենք»: Մի պահ զգացի, որ նա ոչ թէ ընդհանուր առմամբ է խօսում, այլ ստոյգ իր մասին: Նա գիտէր, որ ինքը չի տեսնելու իր աշխատանքներից շատերի արդիւնքները, բայց իրեն պատասխանատու էր զգում ապագայ սերունդների նկատմամբ:
Ալբերտ Քոչարեանը նաեւ մեր խնամին էր: Հօրեղբօրս աղջիկը նրա եղբօր` Սերոժի կինն է: Թէեւ մեր ծանօթութիւնը եւ ընկերութիւնը սկսել էր հասարակական աշխատանքների հունի վրայ, բայց բարեկամական կապը կարծես աւելի մտերմիկ ու ջերմ էր դարձնում այն: Գիտեմ Ալբերտի կորուստը շատ ծանր է նրա հօր` Թեւանի, եղբօր` Սերոժի եւ եղբօր կնոջ` Քաթրինի ու միւս հարազատների համար: Բոլորին համբերութիւն եմ մաղթում:
 
Հասարակական-քաղաքական
Գիտենք Ալբերտը չորս շրջան բարձր քւէով ընտրւեց Մաջիդիէ թաղամասի պատգամաւոր: Նա եւ իր համախոհները, որ այժմ եօթ պատգամաւոր են Թեհրանի Հայոց թեմի Պատգամաւորական ժողովում,  հանդէս են գալիս «ԹՀԹ անկախ պատգամաւորներ» անւան տակ: իսկ ինչ է նշանակում «անկախ»:
Ալբերտ Քոչարեանը Մաջիդիյի իրենց կողմից հրաւիրւած մամլոյ ասուլիսում հետեւեալ ձեւով բնութագրեց անկախ պատգամաւորին. «Նախ, կուսակցական չլինի: Երկրորդ, ընդհանրապէս չլինի որեւէ տնտեսական, քաղաքական կամ նոյնիսկ որեւէ անհատի ճնշման տակ: Մենք ժողովից առաջ միասին քննարկում ենք հարցերը, մեր մտքերը համադրում ենք, բայց հէնց մեր ընկերներից ով չի համոզւում, կարող է ժողովում հակառակ քւէ տալ: Մեր կարգախօսն է «Մտածե՛նք անկախ, խօսե՛նք ճշմարիտ, գործե՛նք արդար»: Անկախ չի նշանակում չեզոք: Ընդհակառակը, մենք մեզ խիստ պատասխանատու ենք զգում նախ Աստծու առաջ, ինչպէս նաեւ մեր թեմի անդամների ներկայ եւ ապագայ սերունդների դիմաց: Ու նաեւ մեր խղճի»: Խումբն ունէր միասնական ծրագիր ՊԺ-ում աշխատելու համար:
«անկախ պատգամաւորները» չունեն ղեկավար, բայց Ալբերտ Քոչարեանը անպայման նրանց ամենաակտիւ եւ ամենաազդեցիկ անդամն էր: Նա անպայման որոշիչ դեր է ունեցել խմբի ձեւաւորման եւ ինքնաբնորոշման գործում:
Ալբերտ Քոչարեանը իր խօսքերում երբեմն խօսում էր «երրորդ ուժի» կամ «երրորդ գծի» մասին: Նա նպատակ ունէր համայնքի  հասարակական-քաղաքական կեանքում ստեղծել մի ուղղութիւն, որը հեռու է Դաշնակցական-հակադաշնակցական աւանդական հակադրութիւնից: Այսպիսի մօտեցում, իհարկէ դաշնակցականների դուրը չէր գալիս,  եւ չէր վայելում նաեւ «ձախերի» լիարժէք հովանաւորութիւնը: Եւ հէնց դա էլ էր նշանակում «անկախ» որակում: Այս «անկուսակցական» մտածելակերպը  ունի իր հակասութիւններն ու թոյլ կողմերը, բայց այստեղ նպատակս ոչ թէ այդ ուղղութեան քննադատութիւնն է, այլ այն, որ Ալբերտ Քոչարեանին պիտի գնահատել որպէս համայնքի մասշտաբով նոր հոսանք եւ ուղղութիւն ձեւաւորողի եւ ոչ միայն հասարակ պատգամաւոր:
 
Պատգամաւոր
Ալբերտի նպատակն էր Պատգամաւորական ժողովը դարձնել աւելի թափանցիկ, աւելի գիտակից, աւելի անկախ, աւելի մասնագիտական: Նա մի հարցազրոյցում «Յոյս»-ին ասել է, որ մեր խնդիրները աւելի քաղաքային են, քան քաղաքական: Այսինքն ՊԺ-ում քննարկւող հարցերից շատերը տուժում են ոչ մասնագիտական մօտեցումներից: Ուստի աւելի փորձագիտական ուսումնասիրութիւնով, յաճախ կարելի է աւելի արդիւնաւէտ աշխատել: Մի ուրիշ հարցազրոյցում, երբ նրանից հարցրել ենք, թէ երբ միշտ ՊԺ-ի մեծամասնութիւնը Դաշնակցականների ձեռքում է,  այլեւս ի՞նչ օգուտ ունի այդ մարմնում աշխատելը: Նա պատասխանել է. «ոչ ամէն հարցերն են նախապէս որոշւում կուսակցութեան մէջ»: Եզրակացութիւն. ուրեմն կարելի է աշխատել եւ հնարաւոր է բարելաւել:
Այս մտածելակերպից ելնելով էր, որ նա խիստ համակրում էր մասնագիտական յանձնախմբեր ստեղծել ՊԺ-ում եւ դա իրականացաւ: Ինքը մասնակցում էր կազմակերպչական յանձնախմբին: Այս յանձնախմբերի պարտականութիւնն է ուսումնասիրել առաջարկները` նախքան դրանց ՊԺ-ի օրակարգում յայտնւելը:
Նա աշխատանք տարաւ նաեւ մամուլի ներկայացուցիչների ներկայութիւնը ՊԺ-ում թոյլատրելու ուղղութեամբ եւ միշտ  մեզ խրախուսում էր ներկայ գտնւել ՊԺ-ի նիստերին:
Դա եւս ՊԺ-ի թափանցիկութիւնը ապահովելու ուղղութեամբ:
 
քաղխորհուրդ
«Անկախ պատգամաւորները», ինչպէս նաեւ Ալբերտը, կարեւոր էին համարում երկրի մասշտաբում աշխատող տեղական մարմիններին (շորայարիներին) մասնակցելու հարցը: Ինքը Ալբերտը  մի  քանի շրջան Մաջիդիէյի թաղային խորհրդի անդամ էր: Դա խօսում էր այն մասին, որ նախ Իրանի հայ քաղաքացու խնդիրների կարեւոր մասը նոյնն է, ինչ Իրանի այլ քաղաքացիների խնդիրները: Երկրորդ ,հայ անդամը այդ խորհուրդներում կարող է արծարծել եւ հետեւել հայերի յատուկ խնդիրները: Այս մտածելակերպից ելնելով նա անտարբեր չէր նաեւ Թեհրանի քաղխորհրդի ընտրութիւնների նկատմամբ, եւ միւս անկախ պատգամաւորների հետ ցանկ ներկայացրին այդ խորհրդում ընտրւելու  համար:
Ահա Ալբերտ Քոչարեանի հասարակական մտքի ընդհանուր ուրւագիծը: Նա ոչ միայն ազնիւ, այլ նաեւ մտածող հասարակական գործիչ էր: Ի պատասխան, ժողովրդը վստահում էր նրան, եւ դա ցուցաբերեց քանի շրջան անընդմէջ նրան քւէարկելով:
Ալբերտ Քոչարեանի աշխատանքը կարեւոր էր յատկապէս մեր համայնքի համար, ուր մենատիրական մտածելակերպը տարիներ իշխել է: Արմատաւորւած հասարակական-քաղաքական մտայնութիւնները եւ իրավիճակները փոխելու համար հարկաւոր է երկարատեւ եւ մտածւած աշխատանք, եւ Ալբերտ Քոչարեանը այն անձն էր, որ իրեն նւիրեց այդ աշխատանքին:
Պատիւ նրան. ազնիւ եւ խելօք բարեկամ էր ու ընկեր: Տեղը միշտ դատարկ կը լինի մեր սրտում:
 
 
«Յոյս» թիւ 157
26 Հոկտեմբեր 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *