Հնարավո՞ր է արդյոք թարգմանությունը

 
ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ
 
1- Ի՞նչ է թարգմանությունը:
Բանավոր կամ գրավոր տեքստի վերարտադրում մի այլ լեզվով: ( Հայրենագիտական բառարան, Հ.Զ Պետրոսյան, Երևան «Հայաստան» 1987): Այս սահմանումը թվում է պարզ եւ սպառիչ, սակայն իրականում խնդիրը ավելի բարդ է:
 
2- Հնարավո՞ր է արդյոք թարգմանությունը:
Թարգմանություն հասկացությունը վերոհիշյալ սահմանումով ենթադրում է, որ ցանկացած տեքստ, անկախ նրա լեզվական, գրա- պատմական, եւ մշակութաբանական առանձնահատկություններից, հնարավոր է վերարտադրել, այսինքն թարգմանել որևէ այլ լեզվի:
Դա նշանակում է, որ ցանկացած տեքստ ընդհանուր է(ունիվերսալ) և կարող է նույնությամբ ընկալվել և վերարտադրվել ցանկացած լեզվով:
Կա նաև հակառակ ծայրահեղ կարծիք, ըստ որի, յուրաքանչյուր տեքստ անհատական, եզակի և անկրկնելի է հենց իր   լեզվում, ուստի անհնար է այն թարգմանել մի այլ լեզվով:
Բոլոր դեպքերում թարգմանությունը հնագույն ժամանակներից եղել և մնում է մարդու մտավոր գործունեության բնագավառներից մեկը, որովհետև եզակին գոյություն ունի միայն ընդհանուրի հարաբերությամբ, այլապես անհնար կդառնար հենց լեզուն, որպես հասարակական հաղորդակցման միջոց: Լեզուները բոլոր տարբերություներով հանդերձ ունեն ընդհանրություններ, որոնք հնարավոր են դարձնում տեքստերի, եթե ոչ բացարձակ, գոնե մոտավոր վերարտադրությունը:
 
3- Տեքստի երկու ընկալում
 
3-1) Տեքստերի թարգմանելիության եւ անթարգմանելիության վերոհիշյալ տեսակետների մեջ կա մի ընդհանուր համաձայնություն: Դրանք երկուսն էլ յուրաքանչյուր տեքստ պատկերացնում են որպես եզակի, փակ, ինքնաբավ , ավարտուն և ամբողջական միավոր,անկախ այլ լեզվական , թե արտալեզվական իրողություներից,որը կարելի է կամ չի կարելի նույն ամբողջականությամբ փոխադրել մի այլ լեզվի մեջ:
 
3-2) Հակառակ տեսակետն այն է, որ յուրաքանչյուր տեքստ նախ հենց  իր եւ ապա բազում այլ իրական, թե հնարավոր տեքստերի տարբերակներից մեկն է եւ նրանց հետ անդադար փոխհարաբերության մեջ էլ կայանում է տվյալ  տեքստի եւ եզակիությունը եւ ընդհանրությունը:
 
4- Թարգմանության երկու ընկալում
Ըստ վերոհիշյալի, կարելի է զանազանել նաև թարգմանության երկու ընկալում:
 
4-1) Թարգմանությունը, որպես բնագրի ճշգրիտ, ուրեմն և միակ հնարավոր  և ընդունելի պատճեն:
 
4-2) Թարգմանությունը, որպես բնագրի բազմաթիվ հնարավոր, մոտավոր և ընդունելի տարբերակներից  մեկը:
 
5- Թարգմանության տեսակները
Նորից, ըստ վերոհիշյալի, ենթադրվում է Թարգմանության հետևյալ տեսակները
 
5-1) Բառացի Թարգմանություն , որը ձգտում է,
ա.-  բնագիրը բառ առ բառ վերարտադրել երկրորդ լեզվի նույնիմաստ բառերով:
բ.- Պահպանել բնագրի շարահյուսական և այլ լեզվական կառույցները, այնքան ժամանակ , որ դրանք չեն խախտի բնագրի իմաստային ճշգրտությունը և հստակությունը:
գ.- Եթե որևէ բառ գոյություն չունի երկրորդ լեզվում, ապա
գ.1- Բառը չի թարգմանվում, այլ բերվում է նույնությամբ :
գ.2-Բառի համարժեքը ստեղծվում է ելնելով երկրորդ լեզվի բառապաշարից եւ բառակերտման կանոններից, օր.՝ հեռախոս, հանրակառք:
Բառացի Թարգմանությունը խրախուսելի և անհըրաժեշտ է հատկապես գիտական եւ վարչա- գործարարական տեքստերի Թարգմանության մեջ, որոնց լեզուն խիստ կոդավորված է եւ պահանջում է ճշգրտություն:
 
5-2) Ստեղծագործական Թարգմանությունը հնարավորին չափ հետեվելով  բառացի Թարգմանության վերոհիշյալ սկզբունքներին, մի շարք նկատառումներով ենթադրում է նաև հնարավոր շեղումներ բնագրից: ըստ այդմ ստեղծագործական Թարգմանությունը կոչվում է նաև ազատ Թարգմանություն, փոխադրություն,նմանություն:
Ստեղծագործական Թարգմանության նպատակն է՝ ստեղծել երկրորդ լեզվի լեզվամտածողությանը հարազատ տեքստ, այնպիսին, որ, ինչպես ասում են, չզգացվի տեքստի Թարգմանություն լինելը:
Ստեղծագործական Թարգմանությունը խրախուսելի, այլև անխուսափելի է գեղարվեստական տեքստերի պարագային հենց այն պատճառով,որ այդ տեքստերի լեզուն այլ լեզվա-ոճական ձևերի համեմատությամբ խիստ անհատականացված է և նվազ չափով է ենթարկվում ընդհանուր կոդավորումներին: Այլ խոսքով, այստեղ դրվում է անհատական ոճի խնդիրը:
 
6-Ձևի և բովանդակության  խնդիր
Այնքանով, որ կարելի է ընդունել ձևի  եւ բովանդակության պայմանական տարանջատումը, Թարգմանության մեջ հիմնական է համարվում բնագրի իմաստային  բովանդակությանը հավատարիմ մնալու սկզբունքը:Հետեվաբար բնագրից շեղումները հանդուրժելի են միայն ձևական առումով, պայմանով, որ դրանք չփոխեն կամ չմթագնեն բնագրի իմաստը:
Իսկ, քանի որ յուրաքանչյուր իմաստակիր ձև ենթադրում է որոշակի բովանդակություն և ընդհակառակը, եւ իրականում դրանք անհնար է անջատել միմյանցից, ուստի անհնար է նաև որևէ տեքստի բացարձակապես ճշգրիտ թարգմանություն, հատկապես գեղարվեստական գրականության մեջ:
 
7- Գեղարվեստական գրականության թարգմանությունը
Լեզուն մարդու ինքնարտահայտման և այլ մարդկանց  հետ հաղորդակցվելու ամենակատարյալ և ամենաբարդ նշանային համակարգն է,  իսկ գեղարվեստական գրականությունը հանդիսանում է լեզվի կեցության ամենահնարավոր գրավոր ձևը,( կենդանի խոսակցական լեզուն և բանավոր բանահյուսությունը լինելով դրանց բանավոր ձևը):
Եթե գիտությունը, փիլիսոփայությունը, վարչական պաշտոնական հաստատությունները, մեծ չափով նաև հրապարակախոսությունը ձգտում են բառերի իմաստի բացարձակ ճշգրտման և վերացարկման , այսինքն խոսում են եզրերով. ապա գեղարվեստական գրականությունը այն բնագավառն է, որտեղ բառերը և բառակապակցությունները ներկայանում են իրենց ամբողջ կենսագրությամբ, որը չափվում է հազարամյակներով: Նրանք այստեղ մուտք են գործում ապրելու լիարյուն կյանքով, դրսեվորելու իրենց բազմիմաստությունը, վերանորոգվելու և վերածնվելու նոր հարաբերությունների մեջ, ստանալու նոր իմաստ ու բովանդակություն:
Արդ, ի՞նչ է կատարվում նրանց հետ,երբ նրանք ընկնում են նոր միջավայր, երբ ստիպված են հագնել նոր տարազ, պատասխանել այլ մշակույթի, այլ ժամանակի, այլ լեզվամտածողության պահանջներին , ձգտելով նաև պահպանել իրենց ինքնությունը: Ահա այս հարցերին է, որ պարտավորվում է պատասխանել գեղարվեստական գրականության թարգմանիչը:
 
8-Ազատություն և սահմանափակություն
Նախ հայտնի է, որ յուրաքանչյուր մշակութային գործունեություն բնական մի սահմանափակություն հաղթահարելու փորձ է: Ծանրորդը հաղթահարում է երկրի ձգողական ուժը իր բնականից սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով, երաժիշտը մարդու լսողությանը հաճելի  եւ տանելի  ընդամենը յոթ հնչյունից ստեղծում է անսահմանափակ թվով համադրություններ……. Լեզուն ևս իր, ըստ էության, սահմանափակ միջոցներով՝ տառ-հնչյուններով փորձում է հաղթահարել մարդու ճանաչողության եւ հաղորդակցության արգելքները:
Գրական յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն, հաղթահարում է լեզվի և նրանով ստեղծված նախկին գլուխգործոցների և դրանց ծնունդ տվող օրենքների սահմանափակությունը, ստեղծելով ազատության և անսահմանության պատրանք:
Գրական ստեղծագործությունը, իր հերթին, սահմանափակում է թարգմանչին և դրանով իսկ նրան պարտադրում է բնագրից շեղվելու թեկուզ սահմանափակ ազատություն:
 
9-Տաղաչափությունը, որպես սահմանափակում
Սահմանափակ ազատության խնդիրը գործնական հողի վրա, քննարկելու նպատակով ընտրել ենք դասական չափածո ստեղծագործության թարգմանությունը, ելնելով Հաֆեզի գազելների եւ Օմար Խայամի քառյակների թարգմանության սեփական փորձից:
Հայտնի է , որ համաշխարհային դասական գրականության շատ գլուխգործոցներ ստեղծվել են  կամովին ընդունված սահմանափակումների, օրենքների և չափանիշների հիման վրա: Այդ սահմանափակումներից խստագույնը երևի Տաղաչափությունն է:
Չափն ու հանգը գրվածքի բովանդակությունից բոլորովին անկախ վերածվում են խոսքի կազմակերպման գլխավոր գործոնի: Նրանք են ճշտում տողի չափը, ուստի և նրանում ներառված բառերի, դրանք կազմող վանկերի թիվը, դրանց հնչյունային որակը: Պարսկերեն դասական բանաստեղծության մեջ հնարավոր էր օգտագործել առավելագույնը եռավանկ, խիստ հազվադեպ նաև հնգավանկ բառեր, պայմանով որ վերջինս հնարավոր լիներ բաժանել երկու վանկի:Հայերէն վանկա-շեշտական ոտանավորում ևս հնարավոր է առավելագույնը հինգ վանկանոց բառերի գործածությունը: Իրականում այստեղ ևս տիրապետող յամբ-անապեստական(2 և 3 վանկանոց) ոտքերն են: Եւ Քանի որ խոսքը Հաֆեզի գազելների և ընդհանրապես պարսկերեն դասական բանաստեղծության մասին է, արժե նշել, որ այստեղ հանգը և չափը իրապես հանդես են գալիս որպես խոսքի կազմակերպման գլխավոր գործոն: Գազելի երկտող տները՝ բեյթերը, միմյանց հաջորդում և հաղորդակցվում են ոչ թե իրենց իմաստային, տրամաբանական բովանդակությամբ ,այլ հիմնականում իրենց հանգավորումով: Բեյթերի տրամաբանական կապը այնքան աննշան է, որ դրանք հեշտությամբ ընկալվում են որպես իմաստային անկախ միավորներ:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել,որ Հաֆեզի գազելները և Խայամի քառյակները, ինչպես ընդհանրապես դասական արվեստը, հիմնված են սահմանափակ թվով բաղադրիչների կրկնության վրա, որոնք իրենց անակնկալի բերող բազմազան  համադրություններով թողնում են ստեղծագործական անսահման հնարավորության, այսինքն բացարձակ ազատության տպավորություն:
Համաչափ եւ սահմանափակ միավորների կրկնությամբ է ստացվում բանաստեղծական չափը:  Կրկնվում են սահմանափակ թվով մոտիվները, սիմվոլները, պատկերները, կերպարները, իրենց անփոփոխ իմաստով կամ իմաստային նրբերանգներով:
Եվ, վերջին հաշվով, այս բոլորի միջոցով կրկնվում է նաև մի և միակ թեման և նրանից բխող ու նրա շուրջը հյուսվող ենթաթեմաները:
Այսպիսով այդ գազելներն ու քառյակները մեզ ներկայանում են, որպես մի վերացական բնօրինակի, ինչպես պլատոնական իդեայի, բազմաթիվ ու բազմաձև տարբերակները: Մշակութաբանական , գրա-պատմական և ժանրային առումով, ինչպես արդեն ասել ենք (տես.3-2), այս գազելներն ու քառյակները մեզ ներկայանում են որպես նախ իրենց և ապա ընդհանրապես պարսկական, արաբական, հնդկական, միջին ասիական, կրոնական առումով՝ իսլամական քրիստոնեական, բուդդայական, մանիքեիստական մշակույթներին պատկանող իրական և հնարավոր տեքստերի տարբերակներ:
Նման մոտեցումը հնարավորություն է տալիս թարգմանչին, ոչ թե կաշկանդված մնալ թարգմանվող բառի և տողի սահմաններում, այլ ազատ շարժվել նվազագույնը հեղինակի ամբողջ ստեղծագործության տարածքում, փոխարինելով տարբեր կտորներում նրա օգտագործած հոմանիշ սիմվոլները և նշանային այլ միջոցները:
Մյուս կողմից, թարգմանությունը ևս ընտրություն է հնարավոր բազմաթիվ տարբերակների մեջ, ըստ որում նույն տեքստը կարող է տարբեր թարգմանվել ոչ միայն տարբեր թարգմանիչների միջոցով, այլև միևնույն թարգմանիչը նույն տեքստը կարող է թարգմանել մեկից ավելի տարբերակներով:
 
10-Չափածոյի թարգմանությունը
Չափածոյի թարգմանության պարագային գլխավոր հարցը հենց չափի և հանգի խնդիրն է: Այստեղ ևս կարելի է տեսականորեն  առաջադրել հետևյալ հնարավորությունները՝ արձակ, թե չափածո, բառացի, թե ազատ: Իսկ դրանց համադրումից կստացվի հետևյալ չորս տարբերակը՝ բառացի-արձակ, ազատ-արձակ, բառացի-չափածո, ազատ-չափածո: Սույն տարբերակներից բնագրին ամենից հարազատը, տեսականորեն կարող է լինել երրորդ՝ բառացի-չափածո տարբերակը , որը սակայն գործնականորեն թվում է անհնար: Թարգմանիչները մեծ մասամբ ընտրում են առաջին կամ երկրորդ տարբերակը՝ չափածոն թարգմանելով արձակ, առաջնահերթությունը տալով բովանդակությանը,անտեսելով չափի և հանգի ոճական հույժ կարևորությունը: Հատկապես պատումային, ոչ պատկերավոր կամ նվազ ոճավորված չափածո տեքստերի արձակ թարգմանությունը հաճախ ամբողջովին, կորցնում է բնագրի հմայքը: Չէ՞ որ նման գրությունների արվեստը հենց չափաբերման և հանգավորման մեջ է: Ինչ վերաբերում է ազատ-չափածո տարբերակին, ապա այն առաջին հայացքից կարող է թվալ տարամետ: Չէ՞ որ չափածոն ինքը կաշկանդում է, ուրեմն ինչ խոսք կարող է լինել ազատության մասին: Բանն այն է, որ չափի և հանգի պահպանումը ինքնին պարտադրում է բնագրից  շեղումներ՝ զեղչում, փոխատեղում, փոխարինում և այլն, որոնց օրինակները ընթերցողին ենք ներկայացնում Հաֆեզի եւ Խայյամի մեր թարգմանությունից:
Սույն թարգմանությունների մեջ նույնությամբ պահպանված են քառյակի և գազելի կառույցը, հանգավորման ձևը, որոնք մեծապես պայմանավորել են թարգմանության բառապաշարը և մանավանդ շարահյուսությունը, ստիպելով շեղվել բնագրից: Քըննարկումը տարվելու է ուղղահայաց և հորիզոնական առանցքներով: Ուղղահայաց առանցքում քննարկվելու են իմաստային ,այսինքն բառերի և բառակապակցությունների փոխարինումը հայերեն համարժեքներով, իսկ հորիզոնական առանցքում շարահյուսության հետ կապված խնդիրները:
 
 
11 փոխարինում
Ելնելով այն բանից, որ թարգմանության հիմնական խնդիրը տվյալ տեքստի բովանդակությունը երկրորդ լեզվով վերարտադրելն է, իսկ տեքստի իմաստակիր միավորները բառերն ու բառակապակցություններն են, հտևաբար նախ և առաջ դրվում է սրանց փոխարինման խնդիրը երկրորդ լեզվի համարժեք միավորներով:
11-1) փոխարինումը կարող է լինել պարտադիր և կամային: պարտադիր ենք համարում այն փոխարինումը, որը պայմանավորված է երկու լեզուների քերականական կառուցվածքով:Օրինակ, գնալով և գնալիս դերբայական ձևերը պարսկերենում չկան և հայերենից պարսկերեն թարգմանելիս դրանք պիտի փոխարինել խոնարհված ձևերով:
Նա տեղից ելնելով ասաց:
او از جا برخاست وگفت           
Փողոցով անցնելիս նրան տեսա:
 در حالی که ازخیابان می گذشتم او را دیدم
 
Կամային ենք կոչում թարգմանչի կողմից երկրորդ լեզվի ընձեռած տարբերակներից կատարած ընտրությունը, որի մեջ որոշիչ դեր ունեն թարգմանչի անձնական տվյալները, ճաշակը, փորձը, երկրորդ լեզվի  քերականական և ոճաբանական առանձնահատկություններին տիրապետելու աստիճանը և ընդհանրապես թարգմանվող տեքստի բազմակողմանի ծանոթությունը:
2-11) Բառային փոխարինում
Բառային մակարդակում հնարավոր է հետևյալ դասակարգումը:
3-11) Թարգմանական հոմանիշներ
Թարգմանական հոմանիշներ անվանում ենք բառերի և կապակցությունների  այն մեծամասնությունը, որոնք հնարավոր է համեմատաբար նույնությամբ փոխարինել երկրորդ լեզվի բառերով և կապակցություններով: Այստեղ հստակորեն առանձնանում են իմաստային և ձևական հոմանիշները:
1-3-11) Իմաստային հոմանիշներ:
Իմաստային հոմանիշներ ենք կոչում այն բառերը, որոնք փոխարինում են բնագրին միայն իրենց իմաստով, անկախ վերջինիս ձևականհնչյունային կաղապարից: Փոխարինումը կարող է կատարվել ուղիղ կամ փոխաբերական  հոմանիշներով:
ԱԹարգմանական ուղիղ հոմանիշներ, երբ բառը փոխարինվում է նրա ուղղակի համարժեքով, օր. Աչքچشم   արևخورشید ևն:
Թվում է, թե սա թարգմանչի ամենից դյուրին գործն է և նա կատարում է թարգմանական բառարանի դերը, և սա հավանաբար թարգմանական արվեստի մասին գոյություն ունեցող մեծագույն թյուրիմացությունն է, վատթարգմանությունների հիմնական ակունքըԹարգմանական        հոմանիշների  ընտրության մեջ հարկավոր է ուշադրություն դարձնել  հետևյալ խնդիրներին: Հավանական է, որ թեկուզ սահմանափակ թվով բառեր ընդհանրապես գոյություն չունենան այս կամ այն լեզվում: Օրինակ պարսկերենում չկա արդեն կապը և կարոտել բայը, ուստի թարգմանիչը ստիպված է դրանք թարգմանել այլ միջոցներով: Գեղարվեստական տեքստերի թարգմանության մեջ հատկապես մեծ նշանակություն են ստանում երկու լեզվում գոյություն ունեցող հոմանիշ բառերը իրենց իմաստային և ոճական նրբերանգներով: Թարգմանիչը պարտավոր է նաև հաշվի նստել  բառերի բազմիմաստության, փոխաբերական իմաստի, համանունության և հատկապես տվյալ  տեքստի ( բնագիր, թե թարգմանություն) միջավայրում դրանց իմաստային և հնչյունային արժեքի հետ: Այս խնդիրները չեն դրվում ասենք գիտական և վարչական տեքստերի   թարգմանության պարագային, որոնցում թարգմանիչը բավական է, որ տիրապետի տվյալ նյութի ճշգրիտ տերմինաբանությանը: Ասենք սակայն, որ այնպիսի դասական  տեքստերի պարագային ևս ինչպիսիք են Հաֆեզի գազելները, մենք դարձյալ գործ ունենք մտավոր հատուկ համակարգի ( պարսկական էրֆանի) ըմբռնումներին և աշխարհայացքին համապատասխան խիստ կոդավորված մի լեզվի հետ, այս այլաբանական միջավայրում, սովորական համարվող բառերի մի կարևոր մասն անգամ իրենց ուղղակի իմաստից ավելի արտահայտում են նաև փոխաբերական իմաստ, ինչպես՝ հոնք- աղեղ, թարթիչ- նիզակ, բերան- վարդ, ծամ- թակարդ ևն. Ուստի դժվար է հավակնել, որ նման բառերի փոխարինումը  մի այլ լեզվի  հոմանիշներով կարող են փոխանցել բնագրի ամբողջ իմաստը :Բերենք մի օրինակ ուղիղ հոմանիշներով կատարված թարգմանության համար.
در دیر مغان آمد یارم قدحی در دست
 مست از می و میخواران از نرگس مستش مست
Յարս մոգի մենաստանը մտավ գինու գավը ձեռին,
Ինքը գինով,, գինովները հարբած գինովն իր աչքերի:
 Սույն երկտողի բառերի մեծ մասը թարգմանված են ուղիղ հոմանիշներով, բացառություն է կազմում نرگس (նարգիզ) բառը որը այստեղ փոխաբերաբար նշանակում է աչք, այս վերջինի մասին ստորև:
ԲԹարգմանական փոխաբերական հոմանիշները
Այն բառերն են, որոնք փոխարինել են բնագրին իրենց մոտավոր կամ փոխաբերական իմաստով, առանց խախտելու տեքստի բուն բովանդակությունը:
تا زهره و مه در آسمان گشت پدید 
Այն օրվանից, երբ երկնքում երևացին աստղ ու լուսին,
زهره աստղի անուն է( Արուսյակ), որի փոխարեն օգտագործվել է աստղ ընդհանուր բառը, հիմնականում տողի չափը պահելու նպատակով:
صبح امید که بد معتکف  پرده غیب
Լույսը հույսի, որ պահվել էր անդենական վարագույրում.
 صبح (առավոտ) բառի փոխարեն օգտագործել ենք լույս բառը, իսկ معتکفը (մենանալ) փոխարինել ենք պահվել( թաքնվելբառով:
حافظا در کنج فقر و خلوت شب های تار
Հաֆեզ՜, խուղում այս աղքատիկ, մութ գիշերում մենության,
 کنج فقر ( աղքատության անկյուն) թարգմանվել է աղքատիկ խուղ: Վերջին երկու պարագայում էլ զգալիորեն նվազում է բնագրի միստիկական երանգավորումը:
Ընդհանուր առմամբ  բառերի իմաստային փոխարինումները կատարվել են՝ ուղղակիից ուղղակի, ուղղակիից փոխաբերականիփոխաբերականից ուղղակիի և փոխաբերականից  փոխաբերականի անցնելով: Բառերի և կապակցությունների միմյանց փոխարինման մասին կխոսենք համապատասխան բաժնում: Բացի վերոհիշյալ ուղիղ, թե փոխաբերական հոմանիշներով թարգմանվող բառերից պետք է առանձնացնել նաև հետևյալ բառիմաստային պարագաները:
4-11) Անփոխարինելի բառեր են համարվում հատուկ  անունները, որոնք մեր թարգմանության մեջ կամ պահպանել ենք նույնությամբ,ինչպես՝ Քեյղոբադ , Քեյքավուս, Բահրամ, Թուս, Զամզամ,Քոսար ևն, և կամ օգտագործել ենք հայերեն տառադարձությամբ՝ Մովսես, Հովսեփ, Սողոմոն, Իսկյանդար ևն:
5-11) Կերպարային և խորհրդանշական բառեր: Նկատի ունենք  բառերի այն խումբը, որոնք բնագրում ունեն շեշտված պատմական կամ մշակութաբանական արժեք, որը հնարավոր չէ թարգմանել առանց խախտելու դրանց կերպարային, պաշտամունքային, ծիսական և այլ իմաստները: Նման պարագաներում նույնությամբ կամ հայերեն տառադարձությամբ պահպանում ենք պարսկերեն բնագիրը,տալով համապատասխան ծանոթագրություն: Այդպիսի բառեր են, ռենդ, սաղի, մուֆտի, մուհտասիբ, սուֆի, խանղահ, էրֆան, նովրուզ մեհրաբ, նամազ, սամա՜ ևն:
6-11) Օտարաբանություններ:
Առանձին պարագաներում նույնությամբ օգտագործել ենք այնպիսի բառեր, որոնք հայ խոսակցական թե աշուղական լեզվի միջոցով ծանոթ են հայ ընթերցողին և կարող են համարվել պարսկաբանություններ: Այդպիսիք են՝ ռաղիբ( ախոյան),  ղուլում ( ղուլ, ծառա), ֆալաք (տիեզերք), յար, դերվիշ, ջիվանի (երիտասարդություն) ևն:
7-11) Նորաբանություններ:
Բնագրի որևէ հոմանիշ  երկրորդ լեզվում  չգտնելու պարագային թարգմանիչը կարող է դիմել բառակերտման ,երկրորդ լեզվի քերականական կանոների համապատասխան: Մեր թարգմանության մեջ այդպիսի նորաբանություններ ենք համարում հետևյալ բառերը՝. Գիշերահեն( գիշերով գողություն անող) դավանահեն راهزن دین , մոգորդի–     հիսուսաշունչمسیحا نفس, ակնարածنظر باز, սրտագիտակقلب شناس, ակնագետ (ակնեղեն ճանաչող), շաքարապաշար, սիրասպան, սրտագող, հիսուսատիպ, զովստվեր ևն:
8-11) Բառային հակադրությունը متضاد դասական բանաստեղծության մեջ լայնորեն կիրառվող հնարանքներից է , որի թարգմանությունը, կարող է որոշ դժվարություն ներկայացնել:
اکنون که ز خوشدلی بجز نام نماند            یک همدم پخته جز می خام نماند
دست طرب از ساغر می باز مگیر         امروز که در دست  بجز جام نماند
Հիմա, երբ հին խնդությունից քեզ երանին մնաց միայն,
Որպես հասուն մի սրտակից, տհաս գինին մնաց միայն,
 Ոչ մի բանի  ձեռք մի զարկիր, ուրախության սափորից զատ,
Քո մի ձեռքում երբ գավաթը սպեղանի մնաց միայն:
 Առաջին երկտողում հակադրված են خامپخته (հասունտհաս) բառերը: Երկրորդ երկտողում دست   (ձեռք) բառի «ջենաս» է օգտագործված:
 
Շար. հաջորդ համարում
 
 
«Յոյս» թիւ 156
12 Հոկտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *