Լուսահոգի ճորտարապետ` Ռոստոմ Ոսկանեանի յուշերեկոյ

 
 
Հինգշաբթի, հոկտեմբերի 3-ի երեկոյեան Արարատ մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում կայացաւ հանգուցեալ Ճարտարապետ եւ նկարիչ` Ռոստոմ Ոսկանեանի մեծարման յուշերեկոն, որին ներկայ էին ԻԻՀ Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար` Ալի Ջաննաթին, երկրի Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորները եւ այլ պետական եւ ազգային այրեր: Ծրագիրն սկսեց  Ոսկանեանի կենսագրականի մասին տեսանիւթի ցուցադրութեամբ, յետոյ Լիդա Բերբերեանը խօսեց արւեստագէտի գործերի գեղարւեստական արժէքի մասին: Ծրագրի ընթացքում արտայայտւեցին ճարտարապետ Դկտ. Համեդ Մազահերեանը, ԻԻՀ Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր` Կարէն Խանլարեանը, Ոսկանեանի քրոջ որդի` Հրաչ Զարիֆեանը: Իսկ Մշակոյթի նախարար` Ջաննաթին իր խօսքերում խոստացաւ, որ իր պատկան նախարարութիւնը ոչ մի ջանք չի խնայի աջակցել իրանահայ արւեստի եւ արւեստագէտների զարգացմանը: Ծրագրին մաս էին կազմում նաեւ մեներգեր եւ երաժշտական կատարումներ: ծրագիրը կայացաւ բացօթեայ, մատուռի առջեւ, որը գիշերային լուսաւորմամբ կրկնակի գեղեցիկ ու գրաւիչ էր դարձել: Դա ամենայարմար ձեւն էր յիշելու համար գեղարւեստագէտին իր մտայղացմամբ բարձրացած կառոյցի առջեւ: Լիդա Բերբերեանը իր խօսքերում մէջբերեց մի մանրանկարչի ասոյթը. «ձեռքը կը գնայ, բայց ձեռագիրը կը մնայ»: Մատուռը ձեռագիրն էր, եւ ի մի եկած արւեստասէր լսարանը Ոսկանեանի ձեռագրի առջեւ յիշեց նրան:
Յուշերեկոն կազմակերպել էր «Արարատ մարզամշակութային կազմակերպութիւն»-ը համագործակցութեամբ «Թեհրանի համալսարանի ճարտարապետների կենտրոն»-ի, «Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան», «Հայ համալըսարանականների միութեան» եւ «Հայ ակումբ»-ի:
Ստորեւ ներկայացնում ենք Ռոստոմ Ոսկանեանի կենսագրութիւնը համաձայն ծրագրի բրոշուրի.
 
Ռոստոմ Ոսկանեանը`մարդը եւ արւեստագէտը
Ծնւել է  1932 թւականին` Թաւրիզում: Միջնակարգ կրթութիւնն ստացել է Թեհրանի Ալբորզ դպրոցում:
Ռոստոմը հմայիչ անհատականութիւն էր. տակաւին վաղ երիտասարդ տարիքից անդամագրւելով Արարատ միութեանը, իր շուրջը բոլորեց իր պէս վառվռուն եւ օժտւած երիտասարդների: Ընկերների կողմից համարւում էր բնական առաջնորդ, առանց տիրելու եւ հրամայելու յաւակնութիւնների:
Թեհրանի համալսարանի գեղարւեստից դպրոցի ճարտարապետական բաժինը գերազանց աւարտելով Հուշանգ Սէյհունի արւեստանոցում, ստանում է կրթաթոշակ եւ մեկնում Ֆրանսիա:
Նա իր դրական լիցքերով համալսարանում եւս գերել էր դասախօսներին եւ ուսանողներին:
Թեհրանի նկարչական առաջին Բիենալէում շահել էր առաջնութիւնը եւ պարգեւատրւել միակ ոսկեայ շքանշանով:
Փարիզի Բոաարը` գեղարւեստի բարձրագոյն դպրոցն աւարտում է ոսկեայ մեդալով, աշակերտելով անւանի ճարտարապետ Զաւարոնիին:
Իրան վերադառնալով 1967 թւականին, մասնագիտական լուրջ աշխատանք է ծաւալում, մէկը միւսին յաջորդող կառոյցներով, միաժամանակ մասնակցելով ցուցահանդէսների, եւ թեհրանահայ ազգային, մշակութային կեանքին:
Արտասահմանից վերադառնալուց յետոյ, հրաւիրւեց Թեհրանի պետական համալսարանի ճարտարապետական  դպրոցում դասախօսելու, ուր սիրւեց իր ուսանողների կողմից , ապա եւ նշանակւեց ամբիոնի վարիչ:
Ռոստոմ  Ոսկանեանի նախագծերով կառուցւել են մի քանի առանձնատներ եւ վարչական, մշակութային, կրթական եւ մարզական նշանակութեամբ բազմաթիւ կառոյցներ:
Ճարտարապետ Ոսկանեանի մասնագիտական մեծ նւաճումը եւ բարձունքը հանդիսացաւ Հ.Մ.Մ.Ա. Կ.-ի մարզաւանի համալիրը եւ ի հարկէ Ս.Խաչ մատուռը, որը հայ եկեղեցաշինութեան պատմութեան մէջ կը մնայ որպէս նորարարական յանդուգն սխրանք, հայ եկեղեցու աւանդական հին ձեւի եւ ժամանակակից արդիական ոճի համադրութեամբ:
Հայ Ակումբի հանդիսութիւնների դահլիճը, իրանական կարմիր աղիւսի եւ հետաքրքիր ծաւալների համադրումով, նոյնպէս յիշարժան կառոյց է Ռ. Ոսկանեանի նախագծերում:
Մշակութային մի այլ կառոյց եւս Թաւրիզի« Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի շէնքն է,որը վկայում է  Ոսկանեանի ճարտարապետական  ինքնատիպ եւ նորարար ոճի մասին, որ աւաղ, ըստ իր խոստովանութեան, մարզաւանի կառուցումից յետոյ, այլեւս չդրսեւորւեց: 1986 թւականին Ամերիկա հաստատւելուց յետոյ, Ռոստոմ Ոսկանեան ճարտարապետը այլեւս կառուցելու հնարաւորութիւն չունեցաւ:
Ռոստոմի հետ աշխատող երիտասադ ճարտարապետները նրան համարել են իրենց վարպետն ու ուսուցիչը: Նրանց համար Ռոստոմի կողքին կատարած աշխատանքը պատիւ է ու վարկանիշ մասնագիտական ոլորտում:
Ռոստոմը սիրում էր իրանական ժողովրդական արւեստը, եւ աւանդական փականների, թակիչների եւ ծորակների ներկայանալի հաւաքածոյ ունէր:
Նրա ժպիտը եւ մեղմ ու հանդարտ բնաւորութիւնը, նրա անհատական հմայքը, արւեստագէտի բարդ խառնւածքը եւ միաժամանակ պարզ վարւելաձեւը  վառ կը մնայ մեր բոլորի յիշողութեան մէջ:
 
 
«Յոյս» թիւ 156
12 Հոկտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *