Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

 
 
Ա‘յ ճիշտ անցեալ ամիս էր, որ տօնեցինք Հայաստանի անկախութեան 22- ամեակը, որի առիթով բնականաբար մեծ-մեծ խօսքեր հնչեցին հայ ժողովրդի «դարաւոր երազի իրականացման» մասին: Միաժամանակ մամուլը եւ կայքերը լիքն են արտագաղթի աննախադէպ ծաւալների մասին վերնագրերով: Ասւում է, որ արտագաղթը արդէն պիտի համարել ազգային անվըտանգութեան խնդիր: Այս 22 տարիներում  Հայաստանից ընդմիշտ հեռացել են 1.1 միլիոն հոգի:
Սա ի՞նչ է նշանակում` դարաւոր երազի իրականացու՞մ եւ բնակչութեան այսպի՞սի արտահոսք: Արդեօք սա չի նշանակում, որ անկախութիւնը ինքնին բաւական չէ մի ժողովուրդի իր ծննդավայրում պահելու համար, որ «հայրենիք» հասկացողութիւնը այնքան հզօր չէ, որ կարողանայ մարդկանց գայթակղել, որ անտեսեն այլ երկրներում իրական կամ թւացեալ աւելի լաւ կեանքի հնարաւորութիւնները եւ սազւել հայրենիքի լաւին ու վատին:
Այսպիսի արտագաղթ վկայում է նաեւ հայ ժողովրդի հակասական ազգային նկարագրի մասին: Ժողովուրդ, որ մի կողմից դէմ է Ղարաբաղեան հակամարտութեան հարցում որեւէ զիջման եւ կոմպրոմիսի, միւս կողմից պատրաստ չէ մնալ իր երկրում: Ազգային արժանապատւութիւնը գործում է շատ հակասական եղանակով: Մի կողմից նւաստացուցիչ է համարւում որեւէ անհրաժեշտ զիջում հարեւանների հետ հարցերը լուծելու համար, միւս կողմից  ոչ մի հարց պանդխտութեան ցուպը ձեռքին օտար երկրներում թափառել եւ տանել բոլոր այն արհամարանքները, որ յատուկ են գաղթականի կեանքում:
 
Չմոռանանք նաեւ, որ խօսքը չպիտի սահմանափակւի գնացողներին, պիտի խօսել նաեւ չեկողների մասին` այն բոլոր հայերի, որ ճառերում ու խօսքերում, հայրենասիրութեան յաւակնութիւնների հարցում չեն զիջում մէկը միւսին, որ պատրաստ են ժամանակաւոր այցելել Հայաստան, նոյնիսկ մասնակցել այս կամ այն շինարարական կամ բարեգործական աշխատանքներին, բայց պատրաստ չեն բնակութիւն հաստատել Հայաստանում:  Մի խօսքով, պիտի խօսել նաեւ ներգաղթի համարեա բացակայութեան մասին: Համարեա  անօգուտ են անցել «Արի Տուն» կարգախօսի Սփիւռքի նախարարութեան ծրագրերը:
Հետագայ էջերում նախ ներկայացնում ենք տւեալներ արտագաղթի մասին, ապա դրա պատճառներն ու հետեւանքները քննարկող մի յօդւած, որը թէեւ գրւած է մէկ տարի սրանից առաջ, բայց պատճառաբանութիւններն ու եզրակացութիւնները ճիշտ են նաեւ այսօր:
Ռ. Ս.
 
 
ԱնկախոՒթեան շրջանում Հայաստանից գաղթել է 1.1 միլիոն մարդ
 
Հայաստանի բնակչութիւնը խորհրդային շրջանում
1926, 911 հազար (որից շուրջ 200 հազարը` ոչ հայեր, հիմնականում` ադրբեջանցիներ)
1989, 3,3 միլիոն
Խորհրդային Հայաստանի եօթ տասնամեակների ընթացքում հայերի թիւը աւելացել է աւելի քան չորս անգամ
 
Խորհրդային շրջանի վերջին տարիներին  (1985-1991)
Խորհրդային Հայաստանից հաւանաբար հեռացել է մինչեւ 100 հազար մարդ: Իսկ եթէ հաշւի առնենք, որ Խորհրդային Հայաստանում բնակւում էր շուրջ 170 հազար ադրբեջանցի, որոնք եւս հեռացան, ապա կը ստացւի, որ Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին հանրապետութիւնից հեռացել է շուրջ 300 հազար մարդ: Սրա կողքին պէտք է նշել, որ այդ նոյն ժամանակահատւածում Ադրեջանից Հայաստան է գաղթել շուրջ 300 հազար հայ, որոնք, սակայն, հետագայ տարիներին, երբ արդէն Հայաստանը անկախ էր, հիմնականում հեռացան երկրից:
 
Լեւոն Տէր-Պետրոսեանի նախագահութեան շրջանին (1991-1998)
Հայաստանի նախկին վարչապետներից Հրանդ Բագրատեանը (1993-1996) պնդում է, որ Տէր-Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 600 հազար մարդ, որից 300 հազարը այն հայերն էին, որոնք եկել էին Ադըրբեջանից: Ստացւում է, որ Տէր-Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներին արտագաղթել է 300 հազար մարդ, կամ ամէն տարի` շուրջ 45 հազար Հայաստանի քաղաքացի:
 
Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան շրջանին (1998-2007)
1998-1999,  շուրջ 100 հազար մարդ (վիճակագրական տւեալներ չեն պահպանւել, սակայն հաշւի առնելով յաջորդ երկու-երեք տարիների տւեալները եւ միտումները` գուշակւում է)
պաշտօնական տուեալներ պահպանւել է
2000,  57 հազար
2001, աւելի քան 60 հազար
2002, ընդամէնը 2700
2003, շուրջ 10 հազար
Այսպիսով, Քոչարեանի նախագահութեան առաջին վեց տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 230 հազար մարդ:
2004-ից արտագաղթը կանգ առաւ: Աւելի՛ն. սկսւեց փոքր ծաւալների ներգաղթ:
պաշտօնական տւեալներ
ներգաղթը
2004, շուրջ 2 հազար
2005, աւելի քան 12 հազար
2006` շուրջ 22 հազար
Այսպիսով, նախագահ Քոչարեանի նախագահութեան յաջորդ երեք տարիներին Հայաստան վերադարձաւ շուրջ 35 հազար մարդ
2007-ին, կրկին սկսւեց արտագաղթ, ճիշտ է փոքր ծաւալով` 3 հազար
Մօտաւոր տւեալներով, նախագահ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 200 հազար մարդ:
 
Սերժ Սարգսեանի նախագահութեան շրջանին (2008-2013)
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով,
2008, 23 հազար,
2009, 25 հազար,
2010, գրեթէ 47 հազար,
2011, 44 հազար,
2012, 43 հազար
առաջին հինգ տարիներին, շուրջ 182 հազար մարդ:
2013-ի առաջին վեց ամիսների արտագաղթի ծաւալը աննախադէպ է Հայաստանի վերջին 25 տարիների ընթացքում: Այսպիսի ծաւալով արտագաղթ չի եղել անգամ 90-ականների մութ ու ցուրտ, պատերազմի տարիներին:
 
Տէր-Պետրոսեանի նախագահութեան եօթ տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 600 հազար մարդ, որից 300 հազարը` ադրբեջանահայեր: Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 200 հազար մարդ: Սերժ Սարգսեանի նախագահութեան հինգ ու կէս տարիներին մօտ 300 հազար մարդ:
Երեք նախագահների իշխանութեան տարիներին Հայաստանից հեռացել է 1,1 միլիոն մարդ:
 
վերի թւերը հիմնւած են «Ազդակ» թերթում հրատարակւած Թաթուլ Յակոբեանի «Մաշուող Հայաստան. Արտագաղթը Աննախադէպ Է» յօդւածում տեղ գտած տւեալների վրայ, որոնք հեղինակը փոխ է առել տարբեր աղբիւրներից, հիմնականում պաշտօնական վիճակագրութիւններից:
 
 
«Յոյս» թիւ 156
12 Հոկտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *