Տիկնիկների շքերթ դսեղում ժողովրդական եւ ծիսական ներկայացումների փառատօն` Թեհրանում

 
ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
 
Ամառ-աշուն` տիկնիկներին չի խանգարում պար գալու, խաղալու եւ հեքիաթներ պատմելու մեծին ու փոքրին:
Երբ Ալբերտ Բեգիջանեանը իր հերթական ներկայացումն էր տարել Հայաստան`  “Հայ ԻՒՆԻՄԱ” Տիկնիկային թատրոնի փառատօնին ցուցադրելու, իրանական մի այլ խմբի “Վատ ու հսկայ գայլն ու կարմիր գոգնոց” տիկնիկների հետ Դսեղում հիւրընկալւելով Թումանեանին, այստեղ Թեհրանում, Սեպտեմբեր 15-ից 20-ը ընթանում էր Թեհրանի ժողովրդական ու ծիսական թատրոնի 16-րդ փառատօնը,  Թէաթրէ Շահրի դահլիճներում, Սանգելաջում եւ իհարկէ, բացօթեայ` Քաղաքային թատրոնի շրջափակում:
Փառատօնին կից, Սեպտ. 13-15-ը տեղի ունեցաւ նոյն թեմայով միջազգային 4-րդ սեմինարը, Քաղաքային թատրոնի համագումարների դահլիճում: Մասնակիցնրը աշխարհի 4 ծագերից էին, հեռաւոր Կուբայից ու Սիբիրից, Իտալիայից, Աւստրիայից ու Գերմանիայից Ֆինլանդիայից ու Ֆըրանսիայից եւ ի հարկէ` մէկ մասնագէտ Հայաստանից:
Աւանդոյթների, առասպելների, ժողովրդական ու ծիսական տօների ու խաղերի, ներկայացումների եւ այս բոլորի չար ու բարի կերպարների, ժամանական, ծիսական երաժշտութեան,  պատիժների, թատրոնի տեսական հարցերի մասին հետաքրքիր զեկոյցներ ներկայացրեցին ոլորտի մասնագէտները:
Գունագեղ ու կախարդական այդ աշխարհի բնակիչների հանդերձանքի մասին, մասնաւորապէս հայկական աւանդական լարախաղաց-փահլեւանի եւ  ծաղրածուի , բարեկենդանի տօնի մասնակիցների կերպարների հագուստ-կապուստի գունային մոգական նշանակութեան, նախշ ու զարդարանքների, կենդանական դիմակների եւ դրանց տոտեմական ծագման եւ շպարի նիւթերի մասին հակիրճ խօսեց ՀՀ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, “Սարդարապատ” յուշահամալիր-թանգարանի գիտական փոխ-տնօրէն, ազգագրագէտ  Սւետլանա Պօղոսեանը: Նա  յատկապէս անդրադարձաւ այն ցաւալի փաստին, որ ժողովրդական աւանդական ծէսերը, խաղերն ու ներկայացումները գլոբալացման ահագնացող ու ծաւալւող պայմաններում ենթակայ են  ոչնչացման ու մոռացման, եւ շուտով կը դառնան թանգարանային նմուշներ, եթէ դրանց վերակենդանացման եւ հովանաւորութեան համար քայլեր չձեռնարկւեն: Ս. Պօղոսեանը օրինակի համար նշեց  հայկական ստւերների թատրոնի մասին, որի վերականգմանը, ուսուցմանը եւ  տարածմանը նպաստելու նպատակով, Հայաստանի “Այրուձի” միութիւնը պատրաստել էր տեսանիւթ տիկնիկային ներկայացումից եւ ցուցադրել “Սարդարապատ” ազգագրական թանգարանում:
Բարեկենդանին արջի, աղւէսի, գայլի կերպարներով մարդկանց տուն ներխուժող տօնի մասնակիցներ վաղուց արդէն Հայաստանում չկան, իսկ ահա իրանահայ գաղութում վերջին անգամ Բարեկենդանի “գազանները”` նաղալդիները երեւացել են Արաքի հայկական թաղամասի բնակիչների տներում, տնեցիներից իւղ, ալիւր ու ձու խնդրելու փոխարէն հիւրասիրւել համադամ ուտելիքներով ու ըմպելիքներով:
Սեմինարը մասնագէտների հաւաք է, ուր մասնագիտական լուրջ ուսումնասիրութիւնները հասանելի են դառնում նոյն ոլորտում աշխատողներին, սակայն նիստերին կարող են մասնակցել նաեւ ոչ մասնագէտներ: Պարսիկ ուսանողները անընդհատ ել ու մուտ էին անում դահլիճ եւ լսում իրենց հետաքրքրող զեկոյցները: Իսկ հայեր… չկային…
Սեմինարի աւարտից յետոյ, մասնակիցները առիթ ունեցան Թէաթրէ Շահրի շրջափակում Իրանի զանազան նահանգներից եկած ժողովրդական ներկայացումների ականատեսը դառնալ: Յատկապէս հետաքրքիր էր Բոջնուրդից եկած “Ռահի” խմբի ելոյթը: Քուրդ Կորմանջի ցեղախմբի երիտասարդները ներկայացրեցին “Անձրեւի հարսը” աւանդական ծէսը: Երաշտի մատնւած գիւղացիները ծիսական պարեր են պարում յատուկ երաժշտութեան ընկերակցութեամբ եւ ապա ձեռքները երկինք կառկառած աղօթում եւ անձրեւ են հայցում ծարաւ արտերի ու արօտների համար: Հրաշալի ձայնով երգիչ, երկլար թառ նւագողին ընկերակցում էր մի այլ երաժիշտ,  բազէի ոտքի ոսկորներից պատրաստւած աւանդական Ղուշմէ նւագարանով, շատ նման փոքր զուռնայի հնչեղութեանը: Նւագարանը զոյգ ոսկորների վրայ արւած համապատասխան անցքեր եւ մեր դուդուկի պէս լեզւակ ունէր: Քուրդ աղջիկների մասն էլ պարեցին տղաները.  հարսանիքի ծէսի աւարտին էլ կատարեցին իրենց յայտնի ռազմական ու յաղթական մահակախաղը:
Լարախաղացը` Ռաշտից, բաւական բարդ շարժումներ կատարեց պարանի վրայ, իսկ Մոբարաքը մի այլ անկիւնում իր ծւծւացող ձայնով զւարճացնում էր փոքրիկներին:
Ահա, այսպիսին էր Սեպտեմբերեան Թեհրանը, իսկ Հայաստանի հիւսիսում, Մեծն Թումանեանի ծննդավայր Դսեղում, թատերագէտ Արդեշիր Սալեհ Փուրը, հայ, ռուս եւ ուկրայինացի հրաւիրեալ իրաւարարների հետ “Հայ Իւնիմա”-ի 8-րդ փառատօնի  22 այլ մասնակիցների միջից լաւագոյն են համարում իրանական Կարմիր գոգնոցիկին, որը շահում է առաջին մրցանակը, “Նոր հայեացք” մրցակցային բաժնում: Սինա Եյլաղբէյգիի եւ Սալմա Մոհսենիի համատեղ այս աշխատանքը բարձր գնահատւեց նաեւ հանդիսատեսի կողմից: Ոչ մրցակցային բաժնում եւս փայլում է Իրանից մասնակցած հայկական խումբը, “Մարշմելօ” ներկայացումով: Հայր եւ որդի Բեգիջանեանները անցեալ տարի մրցանակ շահեցին. իսկ այս տարի 13-ամեայ Ադէ Բեգիջանեանը, ըստ պարոն Սալեհ Փուրի, հայ եւ օտար իրաւարարներին հիացրեց իր անմիջականութեամբ, հանդիսատեսի հետ ջերմ կապ ստեղծելու հմտութեամբ, միայնակ տանելով խաղարկային ու տիկնիկային դերի ողջ ծանրութիւնը: Ներկայացման տեքստը թարգմանել եւ բեմադըրութիւնը կատարել էր Ալբերտ Բեգիջանեանը, նկարչութիւնները, տիկնիկները եւ թատերական այլ հնարանքները Ադէինն էր, որն էլ կատակասէր հեքիաթասացի դերում իսկապէս լաւն էր: Ես Դսեղում չէի, բայց Թեհրանում  տեսայ նրանց վերջին փորձը, որը տեղի ունեցաւ Շանթ դպրոցում, եւ բոլորը ծափահարեցին պատանի արտիստին:
Արդեշիր Սալեհ Փուրը Հայաստանից վերադառնալուց յետոյ, տարբեր հարցազրոյցներում ներկայացրել  է “Թումանեանի հեքիաթների փերիները” անւանբ Իւնիմա Արմենիայի այս տարւայ փառատօնը, նշելով որ այն տեղի է ունենում Թումանեանի ծննդավայր Դսեղում: Նա պատմել է որ, հայերը Թումանեանին համարում են ամենայն հայոց բանաստեղծ եւ նրա տեղն ու դերը հայ գրականութեան մէջ համեմատում են Հաֆէզի հետ: “Այսինքն, այն արժէքը, որ Հաֆէզը մեր գրականութեան մէջ ունի, ունի նաեւ Թումանեանը հայ գրականութեան մէջ“: Նրա գրականութիւնը, մշակած հեքիաթների, բանահիւսութեան, մանկական գրականութեան, առասպելների ու բանաստեղծութիւնների մի ամբողջութիւն է: Փառատօնը միջազգային է եւ այս տարի Իրանից բացի, մասնակցել էին Վրաստանի, Դաղստանի, Ուկրայինայի, Ռուսաստանի, Ֆըրանսիայի տիկնիկային թատերական խմբերը, ազատ թեմայով, բայց տիկնիկային խաղարկութեամբ: Սեպտեմբերեան  այս փառատօնը ներկայացումներ ցուցադրեց Դսեղում, Վանաձորում, Երեւանում, իսկ փակման արարողութիւնը կայացաւ լեռնային Սեւան քաղաքում: Ա. Սալեհփուրը նաեւ վարպետութեան դասեր է անցկացրել փառատօնի մասնակիցների համար եւ բանախօսել Իրանի հնադարեան աւանդական ու ժողովրդական ծէսերում տարբեր տիկնիկային կերպարների մասին:    
Մինչ յաջորդ փառատօն, թոյլ տւէք իջեցնել վարագոյրը:
 
 
«Յոյս» թիւ 155
28 Սեպտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *