Երազներ ու հույսեր արեվմտյան Հայաստանի ու Հայ դատի մասին

 
ԴՈԿՏ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
 
 
Հայ ազգայնականների ճառերում հաճախ ենք լսում «մեր երազները կիրականանան Արևմտյան Հայաստանի հողերը հետ վերցնելու կապակցությամբ», «մի օր կիրականանա հայ ժողովրդի արդար դատը» և նման արտահայտություններ: Սրանք կարող ենք  երազանք համարել:
Կան մարդիկ, ովքեր որոշ գործունեության մասին հույս են հայտնում կամ ասում են, որ կաշխատենք այս գործը անել և այլն: Սրանք արդեն երազանք չեն, այլ  հույսեր են, որոնք գործ ու աշխատանք են ընդգրկում իրենց մեջ:
Հիմա տեսնենք երազի ու հույսի տարբերությունները: Երազներով ապրելը մարդու գործունեությունը չէ, այս դեպքում հույսը դրվում է ավելի շուտ գերբնական կամ անտեսանելի ուժերի ու հավանական պատահականությունների և երևույթների վրա: Սակայն հույսը կարող է իր մեջ պարունակել մարդկային որոշ գործունեություն, որը գործադրելուց հետո մարդը հույս է հայտնում, որ իր արածը արդյունք կունենա և արդյունավետ կլինի: Կան նաև երևակայական հույսեր, որոնք հենց երազների բնույթ են կրում ու որևէ մարդկային գործունեություն չեն պարունակում:
Ժան Պոլ Սարթերն ասում էր. «Նոր օվկիանոսներ գտնելու կամ փնտրելու համար մարդը պետք է համարձակություն ունենա թողնելու ծովի ափը և հեռանա ծովի ափից»: Այս աշխարհը փոփոխության աշխարհ է և ոչ թե ինքնակամորեն ու պատահականության: 
Եթե հույսը լոկ որպես հույս կամ երազանք մնա, և դրան չհետևի որևէ կամայական ակտիվ աշխատանք հասարակական կամ քաղաքական տարբեր բնագավառներում, ապա այդ հույսը կամ երազանքը կարող է հեշտորեն վերածվել անհուսության ու անգործունեության: 
Այն հույսը, որ մեկ օր մեր հողերը կվերադարձվեն, կարող ենք մեր երազանքներն ու ցանկությունները համարել: Դա մեր ներքին ցանկությունն է առանց վերլուծությունների ու օբյեկտիվ գնահատականների:
  Երազանքի ժամանակ մենք մեր հողերի վերադարձի համար փաստորեն սպասում ենք օտար ուժերի միջամտությանը և անսպասելի դեպքերի ու իրադարձությունների ազդեցությանը, որոնք կիրականացնեն մեր երազանքը: Չէ՞ որ երազանքը մարդու զգացմունքների արտահայտումն է, երբ մարդը այդ երազանքի իրականացման համար որևէ դերակատարություն  չունի: Այդ երազանքը իրականանալու համար, հաճախ մեր ազգայինները հետեվյալ արտահայտություններն են անում. «Աստված տա», «Հույս Աստծու», «տեսնենք մեր ճակատագիրը ինչպիսին է լինելու» և այլն: Այդ գործը կամ երազը Արեվմտյան Հայաստանի կամ Հայ դատի համար իրականություն դառնալու որևէ դերակատարություն չի նախատեսում: Սակայն հնարավոր է մարդը ակտիվորեն հույս ունենա և հույսեր փայփայի, այսինքն` լավ պայմաններ ստեղծելու համար որոշակի քայլերի դիմի և ապագայի գործնական ծրագրեր մշակի: Հակառակ երազանք ունեցողի, որի դեպքում մարդը միայն դիտորդի կարգավիճակում է լինում. ակտիվ հույս ունեցողը օբյեկտիվ պայմանները գնահատում է և համապատասխան ծրագրեր է մշակում ու քայլեր կատարում:  
 Ակտիվ հույս ունեցողը աներեւույթ ու արտաքին գործոնների վրա հույս չի դնում և հույսերը իրականացնելու ուղղությամբ առաջին հերթին ինքն է պատասխանատվություն հանձն առնում: Այսպիսով, երազներով տարված մարդը որևէ պատասխանատըվություն հանձն չի առնում ու ճակատագրի հույսով է ապրում:
Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն այն միտքը, թե հույսերը, որոնք մեր երազներն են միայն ու մենք որևէ ակտիվ դեր չունենք դրանց իրականացման գործում, համարում է «բոլոր վատ բաների ու բացասական երևույթների սկիզբ», քանի որ «տանջալի ու ցավալի կյանքը շարունակելու պատճառ է դառնում»: Խլում է մեզանից աշխույժ և ուրախ կյանքը, պատճառ է դառնում, որ մենք անընդհատ սպասողական վիճակում լինենք: Այն հույսերը, որոնք ակտիվություն և գործունեություն չեն առաջացնում և մարդը հույսեր է կապում ճակատագրի կամ  մի փրկչի հետ, մարդուն անգործունյա և պասսիվ են դարձնում:
 Փիլիսոփան այն կարծիքին է, որ նրանք, ովքեր մեծ երազներ չունեն ու երևակայական հույսեր էլ չեն փայփայում և այնքան էլ լավատեսորեն չեն տրամադրված ապագայի հանդեպ, ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում, եւ իրենց կարողություններից օգտվում են իրավիճակը կամ պայմանները փոխելու համար: Օբյեկտիվ մարդը  ընդունում է այն իրականությունը, որ արտերկրի ուժերը չեն որոշում իր ճակատագիրը, և մի կողմ է թողնում երևակայական հույսերը եւ իր կամքով է գործունեության մեջ մտնում: Մարդու ստեղծման պահից և հասարակության պատմության ընթացքում կրկնվում է վերոհիշյալ երևույթը: Նման մարդկանց համար իրականում այդպիսի ապրելակերպը կյանքի անբաժանելի մասն է դառնում: Նման մարդիկ են, որ կարողանում են աշխարհը կառուցել ու բնական աղետներին դիմագրավել:
Եթե մեր` հայերիս երազանքներն ու հույսերը չվերածվեն համոզմունքի եւ վճռական կամքի, և եթե մենք չընդունենք ուղղակի պատասխանատվություն դրանց համար, ապա դեռ երկար ժամանակ պետք է ապրենք Արեվմտյան Հայաստանի երազներով, Հայ դատի ու Հայոց ցեղասպանության մասին, որոնք ավելի տխրության և անհուսության պատճառ են դառնում: Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի, հայկական հողերի ու Հայ դատի նկատմամբ, այս փոփոխությունները կարող են առաջանալ ամեն տեղ, դրանք խոսակցության թեմաներ պետք է դարձնենք: 
Մենք եթե ուզում ենք երազներով չապրել ու օբյեկտիվ լինել Հայոց ցեղասպանության, հայկական հողերի ու հայության ապագայի նկատմամբ, նախ ստիպված ենք օբյեկտիվ ու զգացմունքներից հեռու մոտեցումներ ցուցաբերել այդ հարցերի նկատմամբ եւ չվախենալ ավանդական դիրքորոշումներից հրաժարվելուց:
Թուրքիայի այն հողատարածքներում, որտեղ հայերս մեծամասնություն ենք կազմել, հիմա ապրում են քրդեր, որոնք այդտեղ ծնվել, մեծացել ու համարում են, որ այդ տարածքները պատկանում է իրենց: Ինչ պիտի լինի նրանց կարգավիճակը. արդյո՞ք նրանց հետ մեկտեղ պետք է ապրել և անպայման նրանք պետք է ենթարկվեն մեզ ու մեր իշխանությանը: Թե՞ նրանք պետք է լքեն այդ տարածքները, բայց ո՞ւր գնան: Մեր տարածքներում ապրող քրդերի հարցը երբեք չեն շոշափում մեր ազգայնականները, որովհետև այդ դեպքում ստիպված կլինեն հրաժարվել  իրենց երազներից ու օբյեկտիվ նայել այդ հարցին, որի դեպքում փոփոխություններ կլինեն մեր երազանքներում ու մոտեցումներում:
Ովքե՞ր են ցանկանալու գնալ ու ապրել այդ հողերում, քանի որ դա էլ երազ է եղել միայն, այդ իսկ պատճառով որևէ աշխատանք չի տարվել ու որևէ ծրագիր էլ չկա, որպեսզի հայերին վերաբնակեցնեն Արեվմտյան Հայաստանի հողերում:
Արդյոք ավելի լավ չի լինի մինիմում և որոշակի պահանջներ ներկայացնել ու այդ ուղղությամբ աշխատել, օրինակ` Թուրքիայում ազգապատկան կալվածների պատկանելության, հայոց լեզվի դասավանդման հարցը հայկական դպրոցներում ու հայոց դպրոցների բարեփոխումների, մշակութային աշխատանքների իրավունքների ձեռքբերումը, Թուրքիայում հայաստանցի քաղաքացիներին իմիգրանտի կարգավիճակ շնորհելը, որպեսզի նրանք կարողանան իրենց երեխաներին կրթության տալ ու օգտվել քաղաքացու բոլոր իրավունքներից, միությունների ու եկեղեցիների ազատ աշխատանքի իրավունք, ցեղասպանության ենթարկված մարդկանց թոռներին ու ծոռներին իրավունք տրվի այցելել կամ ապրել իրենց պապենական հողամասերում կամ տներում, մուսուլմանացած հայերի ինքնուրույնության վերականգնում և նման իրավունքներ, որոնք ունեն օբյեկտիվ հիմքեր ու իրականություն դառնալու  հնարավորություններ:
Արդյոք ավելի լավ չի լինի հետևել Հրանտ Դինքի ուսմունքին ու մոտեցումներին, և  թուրքին համարել ոչ թե թշնամի, այլ իր հետ հարցեր ունեցող և իր հետ ապրող ժողովուրդ:
Արդյո՞ք լավ չի լինի քրդական տարբեր կուսակցությունների եւ ոչ պետական կազմակերպությունների ու ժողովրդի հետ շոշափել բոլոր այդ հարցերը և նրանց հետ` որպես հայերի դաշնակիցներ, սերտ օրգանիկ հարաբերություններ ստեղծել:
Ավելի լավ չի՞ լինի թուրք դեմոկրատ ու առաջադեմ զանգվածի հետ հարաբերությունները զարգացնել և ցեղասպանության պատմական ճանաչման գործում օգտագործել հիմնականում նման մարդկանց: Մեզ հարկավոր է, որ թուրք ժողովուրդը հասկանա պատմական ցեղասպանության իրական լինելու փաստը, և ընդունի ու ճանաչի դա և վերջ դրվի մեր ու թուրքերի թշնամական վերաբերմունքին: 
Մենք պետք է մշակենք ծրագրեր` մինիմում իրավունքներ ձեռք բերելու համար ու հրաժարվենք երազային կյանքից ու գործի դնենք մեր կամքը, հնարամտությունը և հնարավորությունները:
 
 
«Յոյս» թիւ 155
28 Սեպտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *