Ժամանակակից լրատւամիջոցները եւ համաշխարհային տագնապը

 
Ռ. ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Վերջին տարիներին, ամէն օր, աշխարհի զանազան շրջաններում, ականատես ենք եղել քաղաքային ցոյցերի, պատերազմների, պայթիւնների եւ մարտական գործողութիւնների: Ականատես ենք լինում բառիս բուն իմաստով, քանի որ ժամանակակից լրատւամիջոցները այս դէպքերի պատկերները ցուցադրում են ողջ աշխարհի համար: Աշխարհի սովորական մարդը, երբէք այսօրւայ չափ, ձեռնհասութիւն չի ունեցել հազարաւոր կիլոմետրեր հեռու վայրերում տեղի ունեցող իրադարձութիւնների պատկերներին: Մի կողմից լուսանկարիչները մօտիկից հետեւում են հասարակական բողոքների դէպքերը ողջ աշխարհում, միւս կողմից  ռազմական գօտիներում տեղի ունեցող բռնութիւնները, որոնք մինչեւ վերջերս կատարւում էին թաքուն հասարակութիւնից, այժմ հէնց դրանց գործադրողների կողմից ցուցադրւում են «Իւթուպ»-ում եւ այլ սոցիալական ցանցերում: Արդիւնքում, հասարակ քաղաքացին, այսօր կարողանում է շնորհիւ թերթերի էջերում հրատարակւող լուսանկարների եւ հեռուստատեսութեան ու համակարգիչների էկրանների վրայ ցուցադրւող տեսանիւթերի,ականատես լինել իրենից հեռու վայրերում ընթացող պատերազմներին ու քաղաքային ընդվզումներին :
 
 
Լուսանկարիչները` հրապարակում
 
Ամերիկացի լուսանկարիչ Իւջին Սմիթը (1918-1978), որ համբաւ է վայելում իր պատերազմական լուսանկարների համար, ժամանակին ասել է. «եթէ լուսանկարը բաւականաչափ ազդեցիկ չէ, անհրաժեշտ չափի չէք մօտեցել սիւժէին»: Իսկ այսօր, լուսանկարիչները, ասես թէ լսելով Սմիթի խորհուրդը, գնում են առաջ մինչեւ ճիշտ տագնապի կենտրոնը, մինչեւ ինքը դէպքը: եւ ինչ խօսք, իրենք էլ դառնում են այլ լուսանկարիչների, իրենց գործընկերների սիւժէն:
Նրանք յաճախ են դառնում կարգապահ ուժերի յարձակումների թիրախը: Նրանք մեծ քաջութեամբ միանում են ցուցարարներին, իսկ երբ ոստիկանները յարձակւում են, նրանց հետ միասին փախչում են: Սակայն ոչ միշտ են յաջողում ազատւել բռնութիւններից: Զոհւած, խոշտանգւած եւ ձերբակալւած լուսանկարիչների թիւը տարէց  տարի աճում է:
Պրոֆեսիոնալ լուսանկարիչը անպայման չի համակրում իր աչքերի առջեւ բողոքող մարդկանց նպատակները եւ գաղափարները: Այդ պատճառով նա յաճախ է իր կամերան դարձնում դէպի ոստիկանները, դէպի ծեծւող մարդու ցաւից այլանդակւած դէմքը, որը աւելի սարսափ է ներշնչում, քան խանդավառութիւն: Լուսանկարիչները մեզ տանում են ճիշտ ցոյցերի կենտրոն, սակայն պահում են իրենց օբիեկտիւ հայեացքը:
Վերջին երեք տարիների ընթացքին աշխարհը ականատես է եղել քաղաքային ընդվզումների. սկսած Արաբական գարունից մինչեւ Բրազիլիա, Թուրքիա, Յունաստան, եւ նոյնիսկ Ամերիկա («Գրաւէք Վալ Սթրիթը» շարժումը):
 
 
Սիրիական դաժանութիւնները օնլայն
 
 
Սիրիայի պատերազմը ժամանակակից պատմութեան ամենադաժան պատերազմներից է: Զինեալ բախումների ընթացքում զոհ են գնացել հարիւր հազարից աւելի մարդ, իսկ փախստականների թիւը հասել է միլիոնների: Սիրիայի պատերազմն աչքի է ընկնում նաեւ իր վայրագութիւններով ու բռնի վերաբերմունքով. սկսած քիմիական զէնքերի գործածութիւնից  մինչեւ սպանւած հակառակորդի լեարդի ուտելը կամերայի առաջ: Այս վերջին դէպքը, որը ցուցադրւեց ողջ աշխարհի հեռուստատեսութիւններում, միայն մէկն էր այն բռնութիւնների տեսանիւթերի շարքից, որ կարելի է դիտել «Իւթուպ»-ում եւ այլ սոցիալական ցանցերում:
Տեսանիւթերը յաճախ նկարահանւում եւ օնլայն տեղադրւում են հէնց վայրագութիւնը կատարած անձանց կամ խմբերի միջոցով: Կան նիւթեր թէ‘ սիրիական ուժերի միջոցով կատարւած բռնութիւնների մասին եւ թէ‘ հակառակորդների: Նրանք ոչ միայն չեն ամաչում իրենց արածից, այլ հպարտութեամբ այն ցուցադրում են աշխարհի համար: Նրանց նպատակն է նաեւ վախեցնել հակառակորդներին, ցուցադրելով, թէ ինչ է գալու իրենց գլխին, եթէ ձերբակալւեն:
Իսկ սոցցանցերը ինչու են թոյլ տալիս նման նիւթեր տեղադրւի իրենց էջերում: Նախ, նկատի ունենալով տեղադրւող նիւթերի հսկայական ծաւալը,  անհնարին է ստուգել տեսանիւթերի բովանդակութիւնը: Իհարկէ, մեծամասնաբար նման տեսանիւթերի սկզբում կայ մի նախազգուշացում, որն ասում է, թէ նիւթը յարմար չէ երեխաների համար, կամ պարունակում են բռնութեան տեսարաններ: Բայց կայ նաեւ ցենզուրայի խնդիրը: Սոցիալական ցանցերը ինչ չափանիշերով պիտի արգելեն որոշ տեսանիւթերի տեղադրումը եւ դա չի կարող վերածւել ցենզուրայի, որի բացակայութեան համար սոցիալական ցանցերը արժանացել են մարդկանց վստահութեան:
 
 
«Յոյս» թիւ 155
28 Սեպտեմբեր 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *