Ճոռոմաբանութիւն

 
ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ
 
Հայերենի խեղաթյուրումը հայկական հեռուստատեսության հաղորդումներում
 
 
Հայաստանյան հեռուստատեսության հաղորդումներին հետևելով, ի շարս լեզվական  այլ խեղաթյուրումների,  նկատելի է պարզ բառերից հրաժարվելու և դրանք բարդ կամ ածանցավոր բառերով  փոխարինելու համաճարակը:
Ստորև բերված օրինակները առնված են տարբեր մարդկանց, ինչպես նաև տարբեր բնույթի հաղորդումների բառապաշարից, որը նշանակում է, թե մենք գործ ունենք, ո՛չ թե պատահական վրիպումների, այլ ընդհանրացած  երևույթի հետ:
Ահա և օրինակները.
Ժամանակ-ժամանակահատված,- ինչքա՞ն ժամանակահատված է հարկավոր…,կգա ժամանակահատված, երբ…,խորհրդային ժամանակահատվածից հետո…գոնե երեք տարի ժամանակահատվածով…
Օրինակել-կրկնօրինակել,- երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողներին:
Լուրջ-լրջագույն,-դա շատ  լըր-ջագույն խնդիր է: Դա ամենալըրջագույն խնդիրներից մեկն է:
Վատ- վատթարագույն,- այդքան էլ վատթարագույն սցենար…:
Վերը բերված օրինակների մեջ ահավորն այն է, որ խոսողները իսպառ կորցրել են ածականի համեմատական աստիճանների հասկացությունը:
Դիտել-դիտարկել,- դիտարկում էինք Լուիզային…,գործողությունը որպես ահաբեկչություն է դիտարկվում…, Նստել եմ այստեղ և փորձում եմ դիտարկել:…բայց այն, ինչ որ ես եմ դիտարկել, դատապարտում եմ…: Վերջին նախադասությունը   պատկանում է Հարսնաքարի վկաներից մեկին, որը դիտարկելը օգտագործվել է տեսնելու փոխարեն:
Հաշվել- հաշվարկել,- Էդքան, որ հաշվարկում ենք…
Շահ-շահաբեր- շահաբերություն,- շատ շահաբերություն չունի:
Վիճակ-իրավիճակ- կարգավիճակ,- նրա պատճառով է, որ ես այս ողորմելի կարգավիճակում եմ հայտնվել:
Դեղ- դեղամիջոց,- դեղամիջոցների միջոցով…:
Մեղք- մեղավորություն,- դա իմ մեղավորությունն էր:
Կառույց, կառուցում,- կառուցապատում,- կառուցապատումների ծավալները…
Երդում- երդմնակալություն,- երդմնակալության արարողությունը…
Տեղեկություն- տեղեկատվություն,- …գտնել ճշգրիտ տեղեկատվություն:
Պայման-նախապայման,- դրա առաջին նախապայմանը…
Պատիվ-արժանապատվություն, -ընտրությունների արժանապատվությունը…
Առաջին-առաջնային,-գլխավոր և առաջնային հարցը…
Հարց-հարցադրում,- այդ հարցադրման մասին մենք կխոսենք հետո:
Չափ-չափորոշիչ,- նայած ինչ չափորոշիչներով է դա արտահայտվում:
Ծափ-ծափողջույն,- Եկեք, հատուկ ծափողջույններով ողջունենք…
Շեշտ-շեշտադրում,-Հիմնական շեշտադրումները դրվում են….:Առանց որևէ շեշտադրում դնելու…
Հատուկ-յուրահատուկ,-Ուզում եմ յուրահատուկ շնորհակալություն հայտնել
Հաջող-հաջողված,-Ես կարծում եմ, որ շատ հաջողված ծրագիր է(վարչապետ): Խոսքը դեռևս չգործադրված ծրագրի մասին է, և չի կարելի ի սկզբանե այն որակել հաջողված:
Խորհուրդ-խորհրդավոր-խորհրդավորություն,- …ծածկված է խորհրդավորության մշուշով…
Հարմար-հարմարավետ,- Պատահական չէ, որ ես ինձ հարմարավետ եմ զգում:
Առաջ, նախ- առաջնահերթ,- …բայց առաջնահերթը դու պիտի այդ ցանկանաս:
Մենք առաջնահերթ այցելեցինք…
Սկզբում, նախ – ի սկզբանե,- ես ի սկզբանե ուզում եմ անդրադառնալ…
Զգայուն-զգայունակ,- երեխաները զգայունակ են…
Առանձին-առանձնակի,- երեխաները առանձնակի ուշադրության են արժանի:
Դժվար- դժվարին,- ինչ դժվարին հարց ես տալիս:
Տրամադրություն- տրամադըրվածություն,- …պայմանավորված է մարդու տրամադրվածությունից:
Պարզել- պարզաբանել,- դեռ մնում է պարզաբանել, թե…
Հաճախ-հաճախակի,- նրանք հաճախակի են հանդիպում…
Մանր-մանրակրկիտ,- կերակուրը պիտի մանրակրկիտ ծամել:
Լսել- ականջալուր լինել,- առաջին անգամ այդ մասին ականջալուր եղա…:
Նոր, նորընտիր- նորաթուխ պատգամավոր, նաև նորաթուխ հայր, նորաթուխ ուսանողներ…
Կենսագործման- կենսագործության արդյունքում…
Նպատակ ունենալ- նպատակադրված լինել,- Ահաբեկիչները նպատակադրված են եղել…
Միջև- միջակայքում, -Ծիրանի գինը տատանվում էր 400- 500 դրամի միջակայքում: Հավանաբար շփոթել է շրջակայք բառի հետ:
Ընտիր- հատընտիր,- …կհամոզվեք, որ հատընտիր տոլմա ունենք:
Այստեղ նույնացվել են տոլմայի տեսականին և բանաստեղծության ժողովածուն: Օգտագործողը հավանաբար հատընտիր բառը լսել է դպրոցական շրջանում, այնքան էլ չխորանալով դրա իմաստի մեջ:
Խնդիր- հիմնախնդիր,-…քըն-նարկեցին սևանա ձկի հիմնախնդիրը:
Ստացվում է, որ Հայաստանում չկա խնդիր, այլ միայն և միայն հիմնախնդիրներ:
Նորոգել- հիմնանորոգել,- …մենք չգիտենք մանկապարտեզը փակվել է հիմնանորոգման պատճառով, թե…(Անահիտ Բախշյան):
 Նույն մեկնաբանությամբ Հայաստանում ոչինչ չի նորոգվում կամ նույնիսկ վերանորոգվում, այլ ամեն ինչ միայն հիմնանորոգվում է, կամ գուցե հիմնահատակա նորոգվում, այդ թվում նաև հայոց մեծասքանչը:
Արգելել- կանխարգելել,- Պետությունը ինքը պետք է կանխարգելեր…:
Նման- նմանատիպ,- Վերահսկիչ Պալատի վերջին հայտարարություններից մեկում նույնիսկ ասված է. «նման կամ համանըման…» ըստ երևույթին գրողը միայն «նման» բառը բավականաչափ գրագետ չի համարել:
Այլ օրինակներ են. մոտ-մոտալուտ, հավաքել-հավաքագրել, հետաքրքիր- հետաքրքրաշարժ, Զիջում- փոխզիջում, Ջերմ- ջերմագին-ջերմագինս,Նախանձ-նախանձախնդրություն, ավելորդ-ավելորդաբանություն, զգույշ-զգուշավոր,բաժին-չափաբաժին, պատիժ- պատժաչափ, կարևոր- կա-րևորագույն, և այլն:
 
Ինչպես տեսնում ենք, խոսքը, ո՛չ թե լեզվի զարգացման առողջ միտումի մասին է, այլ ճոռոմաբանության առանձին դրսևորման:
Առողջ զարգացում ասելով հասկանում ենք այն բոլոր նոր երևույթները, որոնք գալիս են ընդլայնելու տվյալ լեզվի արտահայտչական այլև այլ հնարավորությունները, նրան հաղորդելով ժամանակակից հնչեղություն, հասարակական, գիտական և մշակութային կյանքի բոլոր ասպարեզներում: Իսկ դա կատարվում է առավելաբար առաջավոր մտավորականության ակտիվ մասնակցությամբ և ղեկավարությամբ:
Այնինչ ճոռոմաբանությունը լեզվի արատ է, հոգեբանական երևույթ , որը սկիզբ է առնում սեփական լեզվին չտիրապետելու, ուստի և նրա իմացական և արտահայտչական կարողություններին բավարար չափով չհավատալու բարդույթից: Նրանով վարակվում են իմաստուն ու ճարտար երևալու ձգտող , կիսագրագետ մարդիկ, միջակ «մտավորականները», պետական, կուսակցական պաշտոնյաները և այլն: Այն ասելիքը ծանրաբեռնումն է անհարկի, ոչինչ չասող և սխալ  լեզվական տարրերով և կարող է արտահայտվել  քերականական և ոճաբանական տարբեր մակարդակներում՝ հնչյունաբանություն, շարահյուսություն, առոգանություն և այլն:
Մենք այստեղ անդրադարձել ենք դրա մի դրսևորմանը բառային մակարդակում:
 
Ստորև ներկայացնում ենք մի շարք այլ կարգի սխալներ (սխալը շատ մեղմ բառ է), որոնք իրենց հերթին կամ օրինաչափ են դարձել հայաստանյան հայերենի համար կամ էլ հեռուստատեսության տքնաջան աշխատանքով սպառնում են անդառնալիորեն աղավաղել լեզուն:
 
Մենք պարտավորված ենք զգում անդրադառնալ…
Պետք է ասել
Մենք պարտք ենք համարում անդրադառնալ: Կամ՝ մենք պարտավոր ենք անդրադառնալ:
Նախ առաջինը
Նախ հենց նշանակում է առաջինը:
Արշակին տար իրա մոտ, թող պառկի:
Թե ինչպես Արշակը պիտի պառկի ինքն իր մոտ միայն ասողին է հայտնի:
Եթե քո հետ կա ֆիզիքական խնդիր…
Ուզում է ասել. Եթե դու ֆիզիկական խնդիր ունես:
Երբեմն քեզանից քիչ բանով չի տարբերվում…
Երևի ուզում է ասել. երբեմն շատ բանով քեզ է նման կամ շատ է նմանվում քեզ:
Սա միակ եզակի տարբերակն է:
Միակ արդեն իսկ նշանակում է եզակի: Ուրեմն կամ պիտի ասել միակ տարբերակն է կամ էլ սա եզակի տարբերակ է:
Չնայած իրականում հիմնականում նոր երգեր են:
Առանց մեկնաբանության: Իսկ եթե ուզենք սխալը քերականորեն մեկնաբանել, պիտի ասենք, որ ընդհանրապես մեկից ավելի մակբայների անհարկի գործածությունը ևս խիստ տարածված է ժամանակակից «գրական» հայերենում:
 …շատ առավել հաճախ հնչեն այսպիսի երգեր:
Սա ևս վերին օրինակի տարատեսակն է, այս անգամ արդեն երեք մակբայի գործածությամբ: Առավել ևս, որ այստեղ «առավել» բառը սխալմամբ օգտագործված է «ավելի» բառի փոխարեն: «ավելի հաճախ»-ը ընդունելի տարբերակ է:
Պատվավոր պատվանդան
Որքան գիտենք անպատիվ պատվանդան չի լինում, մանավանդ որ պատվանդան բառի մեջ արդեն իսկ առկա է պատիվ արմատը:
Նստացույցի են նստել…
Թույլատվություն են տվել…
Մի բան, որի առկայությունը կա մեր հասարակության մեջ:
Սրանք էլ ենթարկվում են վերի օրինակի «տրամաբանությանը»: Խոսողը չի անդրադառնում, որ նստացույց բառի մեջ արդեն կա նստել բայը, ինչպես և թույլտվություն բառի մեջ տալ բայը, իսկ հարգելի հասարակագետը չի անդրադառնում, որ առկայություն բառի մեջ արդեն իսկ առկա է կա բայը:
Նա պիտի պատժվի արարքների համար, որ արել է:
Նույնը կամ «Նոն կոմենտ»
Երկրաշարժից տուժվածներ
 Նորից կրկնվում եմ:
Արդեն ուրիշ տեղ ասել ենք, որ ներգործական բայի փոխարեն կրավորականի օգտագործումը ևս ընդհանրացած աղճատում է հայաստանյան հայերենում: Պիտի լինի տուժածները և կրկնում եմ: Ինչ վերաբերում է ընդհանրապես ներգործական սեռից հրաժարվելուն, մենք միայն խնդիրը հանձնում ենք լեզվի հոգեբանների ուշադրությանը:
Ցուցահանդեսային գործունեություն քիչ է ծավալվում:
Ճոռոմաբանության անգերազանցելի նմուշ է: Ուզում է ասել  ցուցահանդեսներ քիչ են կազմակերպվում:
Շատերս արդեն հասցրել ենք քաղցած լինել:
Սա ի՞նչ է, Աստված իմ: Կարծում եմ ուզում է ասել. Շատերս ենք քաղցած եղել կամ քաղց զգացել:
Կյանքի որակը պայմանավորող պայմաններն են տարբեր:
Բավական էր ասել «կյանքի պայմաններն են տարբեր»:
Պայմանավորված է եղանակային անբարենըպաստ պայմաններով:
Պայման արմատի չարչրկումից խուսափելու համար գուցե ասեինք. Պայմանավորված է անբարենպաստ եղանակով կամ հետևանք է եղանակային անբարենպաստ պայմանների:
Մինչ մենք կանցնենք մեր բուն նյութի խոսակցությանը…(Հովո)
Կամ ասա բուն նյութին կամ բուն խոսակցությանը, կամ էլ եթե շատ ես ուզում երկու բառն էլ օգտագործել, քո բառապաշարի հարստությունը ցուցադրելու համար, ասա. Մինչ մենք կանցնենք մեր խոսակցության բուն նյութին:
Տեխնիկական հագեցվածության մակարդակով գերազանցում են…
Իսկ չէ՞ր կարելի ասել. Տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում է կամ տեխնիկական մակարդակով գերազանցում է:
Երկու զույգերին
Խոսքը, իհարկե միայն մեկ զույգի մասին է, բայց խոսողը հաստատ չգիտի, որ զույգ հենց երկու է նշանակում:
Շնորհակալություն ենք խնդրում: (Ավետ Բարսեղ.)
Շնորհակալությունը հայտնում են, իսկ ներողությունը խնդրում, ուրեմն, սիրելի Ավետ բարի եղիր հայ ժողովրդից ներողություն խնդրելու, եթե ոչ գրածդ երգերի, առնվազն այս չնչին վրիպումի համար:
Կզանգ տա, Կցույց տա, կդուրս գա …
Որպես ժողովրդական ձև, դե՛, ոչինչ:
Աննկարագրելի ավելի կոնֆորտ պայմաններ են վիրաբույժի համար:
Երևի ցանկացել է ասել «անհամեմատ», որովհետև աննկարագրելին հենց նրանով է աննկարագրելի, որ ոչ մի բանի հետ համեմատել չի լինի: Իսկ կոնֆորտի փոխարեն այստեղ կարելի էր հանգիստ ասել հարմարավետ, կամ նպաստավոր:
Նոր սկսում ենք բուժական միջամտությունը:
Ուզում է ասել բուժումը:
Պահելաձև, Խոսելաժամ,
Հայոց լեզուն չունի՞ «պահվածք» բառը կամ չի կարելի ասել «խոսաժամ»:
Համարյա չեմ կասկածում, որ դու բարի կամքի դրսևորումից ես դա արել:
Համարյա բառն ավելորդ է, որովհետև կասկածի տակ է առնում քո չկասկածելը, իսկ մարդիկ կամ բարի կամք են դրսևորում, կամ բարի կամքից դրդված են մի բան անում, բայց երկուսը միասին հաստատ չեն անում:
Պիտի ասեր. Չեմ կասկածում, որ դու բարի կամքով ես դա արել կամ…որ դու բարի կամք ես դըր-սեւորել:
Գիտեք, բայց լրացուցիչ հիշեցումը չի խանգարի:
Այս լրացուցիչ բառը ի՞նչ է նշանակում: Կարելի է լրացուցիչ տեղեկություն տալ, բայց լրացուցիչ հիշեցնել, ո՛չ:
Երբ երեխան զգում է որևէ ցավային սինդրոմ
Դե, իհարկե, խոսողը գիտնական է, հո չէր կարող պարզապես ասել. Երբ երեխան ցավ է զգում:
Անհամաձայնության խնդիր կարող է առաջանալ (Շանթ):
Խնդիր բառը ավելորդ է:
Համատեղ ջանքերի արդյունավետությունը կլինի շատ ավելի արդյունավետ (Շանթ, Արտյոմ Երկանյան):
Ցավալի է, որ նման սխալները թափանցում են նույնիսկ ամենագրագետ մարդկանց լեզվի մեջ:
Արքայադստեր որդին, որպես թագաժառանգ, հերթագայությամբ երրորդն է:
 Խոսքը Անգլիաի նորածին արքայազնի մասին է: Բայց որքան մենք գիտենք, Բուկինգհեմ պալատում հերթագայում են մուտքի առջևի պահակները, պարզվում է թագաժառանգներն էլ են հերթագայում: Շանթի խոսնակը ուզում է ասել հերթականությամբ:
Այսօր մեր սցենարիստին խնդրեցինք նախապատրաստել հետևյալ թեման:
Խոսնակը պատրաստել պարզ բառի փոխարեն օգտագործում է նախապատրաստել բարդ բառը, որը, թե ավելորդ է, և թե տրամաբանորեն սխալ, որովհետև թեման չի կարելի նախապատրաստել, այն կարելի է մշակել: Նախապատրաստվում է կամ նախապատրաստում է  ընդհանրապես մարդը:
 
 
«Յոյս» թիւ 154
14 Սեպտեմբեր 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *