«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

 
ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Օգոստոսի 14-16-ին, երեք գիշեր Թեհրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միութեան» Ն. Աղբալեան սրահում բեմադրւեց Սեդրակ Գոջամանեանի հեղինակած «Համայակ ջան» ներկայացումը:
Եթէ առիթն ունեցել էք ներկայ լինելու թատրոնին, այսուհետեւ, երբ լսելու լինէք եղեռնի (ներողութիւն` ցեղասպանութեան) կամ   ազգային որեւէ ամեակին վերաբերող վերամբարձ ճառերից մէկը, կարող էք երեւակայել, թէ դա հաւանաբար ինչ պայմաններում է գրւել: Ի հարկէ, նպատակս ճիշտ, հարիւրին հարիւր տոկոս այն պայմանները չեն, որ նկարագրւել են «Համայակ ջան»-ում: Կարէնը կամ Վարուժը, Սեպուհը կամ Էդւարդը, Անդրանիկը կամ Ժոզէֆը, ով կարդում է բանաձեւը կամ արտասանում ճառը, դժւար թէ Համայակի նման ծուղակն ընկած լինի եւ իր «ներքին գործերի նախարարութիւն»-ում լինելու մասին ստախօսի: Սա կատակերգութիւն է  եւ  ամէն  բան,   բնականաբար,
 չափազանցւած  է:  Եւ  այս  չափազանցւած հակադրութիւնը իրանահայի առօրեայ կեանքի, հասարակ մտահոգութիւնների ու խղճուկ վէճերի հակասութիւնն է, մեր միջոցառումներում հնչող ճոռոմախօսութիւնների հետ: Սեդրակ Գոջամանեանը հետաքրքիր է գտել,  թէ այդպիսի ճառերում կրկնւող բառակապակցութիւնները որտեղից կարող են եկած լինել:
Այսքանը դրամատիկ դրութեան մասին:
Իսկ բեմադրութիւնը:
Բեմադրութիւնը, մի խօսքով լաւ է, ճաշակով: «Հումորի տուն»-ը հիմա երեսուներկու ատամեան ծռթկութիւններից բացի (ի հարկէ կոմեդիայի մէջ ծռթկութիւն է պէտք , եւ «Համայակ ջան»-ում էլ բաւականին կայ) լուրջ հումոր ներկայացնել, որ իհարկէ, չի կարող չափից աւելի լուրջ լինել, եթէ ուզում է նաեւ հումոր լինել: Ճաշակով արւած գործ է: դեկորը մինիմալ, երաժշտութիւնը Ֆունկցիոնալ, այսինքն իր նպատակին ծառայող, (Թէեւ երաժշտի նստատեղին աւելի տուփի էր նմանում, քան նկարի շրջանակի եւ թէ ինչո՞ւ տան պապը պիտի խաղար մեկնաբանողի ու գործողութիւնը առաջնորդողի դերը), եւ Քաջազնունու դերակատարութիւնը միջակից աւելի բարձր էր: Այս բոլորի արդիւնքում, բեմադրութիւնը յաջողում էր ծիծաղելի լինել, բայց նաեւ ունենալ խորք, եւ պահել հանդիսատեսի հետաքրքրութիւնը մինչեւ վերջ: Լաւ, գլուխ գործոց մի սպասէք մեր ընդհանուր պայմաններում եւ հնարաւորութիւնների սահմաններում արւած գործից: Դա իրանահայկական գործ է, իրանահայկական թերթի ու իրանահայկական երգի ու պարի չափանիշներով յաջողած է:
Եւ  իրանահայկական լինելու կարեւոր մասնիկը դրա լեզուն է` պարսկերէնախառն, պարսկերէնի առոգանութեամբ ու նւագով լեզուն, որ ինչ խօսք, հեշտացնում է կապը հանդիսատեսի հետ: Սակայն դա հասարակ լեզու է եւ դա Գոջամանեանի  որպէս թատերագրի, կարեւորագոյն թերութիւնն է: Ստեղծել մի լեզու, որ գրքային չլինի, սնւի իրականում խօսակցական լեզւից, բայց միաժամանակ լինի յղկւած ու մշակւած: Սա, իհարկէ, հեշտ բան չէ, եւ մեր մամուլը եւ գրողները եւս պիտի մասնակցեն նման լեզւի ձեւաւորման գործին (սա նոյն վիթխարի գործն է, որ ժամանակին արել է Աբովեանը, յետոյ երեւի կարելի է նմուշներ գտնել, ասենք, Սունդուկեանի թատրոնում, եւ Ազատ Մաթեանը դա անում է իր երգիծականներում, սակայն չափածոյ խօսքի սահմաններում): «Համայակ ջան»-ի լեզուն հասարակ է, քիչ թէ շատ հէնց իրական կեանքում խօսւող հայերէնն է, քան դրա մշակւած ձեւը:
Եւ ի վերջոյ, «Համայակ ջան»-ի քննադատութիւնը սահմանափակ է: Նախ կերպարները կարիկատուրներ են եւ չեն վերածւում ներքին հոգեբանական քաշքշուկ ունեցող բարդ կերպարների: Չունեն հակասութիւններ եւ իւրայատկութիւններ. պարզապէս տիպարներ են,քան կերպարներ:Երկրորդ, այս գրութեան սկզբում նկարագրւած հակասութիւնն ունի աւելի խորը պատճառներ, որ նոյնիսկ այս մակարդակի գործում կարող են նիւթ դառնալ եւ գեղարւեստականօրէն ուսումնասիրւել: Եւ հաւատացէք, դրանք շատ կոմիկ են: Հիմա, որ Գոջամանեանը նաեւ Պատգամաւորական ժողովի անդամ է, լաւ առիթ է, որպէսզի ծանօթանայ նման դէպքերի, որոնք կարող են լաւ հումք ծառայել նրա գալիք կատակերգութիւնների համար:
Դերերում` Քաջունի Արզումանեան,  Արէն Սաֆարեան, Սեւան Շամիրեան
 
 
«Յոյս» թիւ 153
31 Օգոստոս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *