Երկկենցաղ հայեր

 
ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
 
Իրանահայի այս տեսակը գոյավորվել է Հայաստանի անկախացումից հետո ու թերևս իր նմանը չունի կամ քիչ ունի աշխարհում:
Երբ Հայաստանը անկախացավ, իրանահայությունը անմաս չմնաց ընդհանուր ոգևորությունից ու խանդավառությունից. բոլորի հայացքն ուղղված էր դեպի Հայաստան. ընկերային բոլոր հավաքների գլխավոր թեման Հայաստանն էր, խոսում էին այնտեղ տուն գնելու, գործ դնելու մասին, ոմանք պատրաստվում էին ընտանիքներով ներգաղթել:
Եվ մինչև անգամ խավարի ու ցրտի տարիներին չդադարեց իրանահայերի հոսքը դեպի Հայաստան. եկան, գնեցին բնակարաններ, առանձնատներ ու հողամասեր: Եղան նաև անհատ կամ խմբով գործարարներ, որ սկսեցին եռանդով ու մեծ հույսերով ֆինանսական ներդրումներ կատարել զանազան ոլորտներում:
Անցան տարիներ: Գնալով խամրեց ոգևորությունն երկուստեք՝ թե ներսում և թե դրսում: Մեկը մյուսի հետևից հիասթափված ու ձեռնունայն հեռացան իրանահայ մանր ու խոշոր ձեռնարկատերերը: Մնացին նրանք, ովքեր «մեջք» ունեին Հայաստանում: Հեռացան նաև մնայուն բնակություն հաստացած որոշ ընտանիքներ՝ ուղղություն վերցնելով դեպի ԱՄՆ կամ եվրոպական երկրներ: Քչերը վերադարձան Իրան:
Ներկա դրությամբ՝ Հայաստանում բացի մնայուն բնակություն հաստատածներից,  կան նաև երկկենցաղ իրանահայեր: Նրանք մեծ մասամբ ունեն «հատուկ կարգավիճակով»  հայկական անձնագրեր կամ վերջին տարիներին, ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նրանք ո’չ լիարժեք հայաստանցի են, ո’չ լիարժեք քաղաքացի իրենց ծննդավայրում. բայց, այնուամենայնիվ, իրավական կարգավիճակով՝ թե’ մեկն են, թե’ մյուսը: Պարզապես տուն-տունիկ են խաղում, գալիս են Հայաստան, մտահոգվում իրենց թափուր թողած տան համար՝ Թեհրանում, վերադառնում են Իրան, մտահոգվում՝ Երևանում թողած տան համար: Այլ խոսքով, իրենց տեղը չեն գըտ- նում…
Թվում է՝ երկկենցաղ իրանահայերը տարիների ընթացքում կարողացել են բնիկ հայերի հետ գտնել շփման եզրեր: Տվյալ դեպքում երկու կողմերին իրար միացնող միակ գործոնը հայերեն լեզուն է: Շատ քիչ են ազգային-ավանդական ընդհանրությունները, այնքան քիչ, որ եթե չլիներ լեզուն, կստացվեր այն տպավորութունը, որ խոսքը երկու տարբեր ազգերի մասին է: Լեզուն, թեև կիսատ-պռատ, ի վերջո նպաստում է կողմերի փոխըմբռնմանը: Խանգարիչ հանգամանքը, առհասարակ, միջնորդ լեզունների առկայությունն է, բնիկ հայերի մոտ ռուսերենը, իրանահայ երկկենցաղների մոտ՝ պարսկերենը: Հայաստանցիները աննրբանկատորեն գործածում են ռուսերեն բառեր, խոսում են ռուսերեն առոգանությամբ ու տառադարձությամբ: Ընդհակառակը, իրանահայերը ճգնում են չգործածել պարսկերեն բառեր, խոսել «մաքուր» հայերեն, ընդ որում, նույնիսկ հավակնում են, որ իրենք ավելի «ճիշտ» հայերեն են խոսում, քան բնիկները, բայց իրականում, ուղղակի թարգմանում են պարսկերեն ասացվածքները, խաթարում հոլովները, բայի խոնարհումները, ինչի արդյունքում, բնիկ հայերը դժվար են հասկանում այդ բազմաչարչար, «նորամուտ» հայերենը: Դա ավելի հատկանշական է կենցաղային ու մասնագիտական ոլորտներում, օրինակ՝ գնումներ կատարելիս, շինարարության մեջ, բժշկի դիմելիս և այլն:
Կա նաև հոգեբանական անջատիչ գործոնը, այսպես ասած՝ երկուստեք խորթության զգացումը, որն առաջանում է վերը նշած ազգային ու մշակութային  անհամատեղելիության պայմաններում: Տարբեր են «ադաթներն» ու ավանդույթները, բարոյական նորմերը, պարզ հարաբերությունները, հյուրընկալության ձևերը, հագուկապը, կերակրատեսակները, դրանց պատրաստման եղանակները և այլ հասարակական ու մշակութային երևույթներ, որոնց մասնակի յուրացման շնորհիվ, թեև որոշ չափով նվազել է երկկենցաղ հայերի կղզիացումը, բայց ակնհայտ է այն հանգամանքը, որ լինելով փոքրամասնություն և իրենց բնօրրաններում ունենալով փոքրամասնություններին բնորոշ զիջողականության ունակություն, այստեղ ևս հարմարվող կողմը իրենք են: Դա, բնականաբար, առաջ է բերում հոգեկան նստվածք, հատկապես նրանց մոտ, ովքեր իրենց բարձր են դասում բնիկներից, երբեմն խոսքը հասցնելով վեճի, «դաստիարակելու» մարմաջի և առերես սրտցավության…
Այդուհանդերձ, անջատիչ գործոնները չեն խանգարում խառն ամուսնություններին (մեծ մասամբ երկկենցաղ տղամարդ- հայաստանցի կին դրվածքով, որով հայաստանցի կինն էլ դառնում է երկկենցաղ հայ), դրացիական ավելի սերտ կապերին, մտերմիկ հանդիպումներին և այլն: Դրա գլխավոր պատճառներից  մեկն էլ, բնիկների կողմից երկկենցաղ հայերի գոյության հետ աստիճանաբար համակերպվելու փաստն է: Եթե անկախության առաջին տարիներին, բնիկները խրտնում էին «օտար» հայերի ներկայությունից, վանում նրանց, հիմա ավելի հեշտ են տանում, անգամ քաջալերում նրանց գոյությունը: Այս հանգամանքը, Հայաստանի հանդեպ տածած սերը, ընդհանուր առմամբ Հայաստանում արվեստի համեմատաբար բարձր մակարդակը, բազմաթիվ մշակութային միջոցառումները, որոնք հոգեկան առատ սնունդ են հայթայթում երկկենցաղ իրանահայերին, նոր շփումները, ազատությունը և օր- ավուր զարգացող հասարակական ու կենցաղային արդիական պայմանները, ձեռք- ձեռքի տված՝ երկկենցաղ հայերի համար կյանքը դարձնում են ավելի տանելի, և չնայած փոքր ու մեծ հիասթափությունների, զուր չէ, որ մեկ տարվա կտրվածքով նժարը թեքվում է հօգուտ Հայաստանի՝ ավելացնելով Հայաստանում մնալու ամիսների թիվը:
Եվ որքան երկար են մնում երկկենցաղ հայերը Հայաստանում, այնքան աճում  է ներքին խնդիրների նկատմամբ նրանց հետաքրքությունը. առավել իմաստ ու նշանակություն են ստանում տեղական իրադարձությունները, թանկացումները, քաղաքական անցուդարձերը, մարզական թիմերի հաջողությունները կամ պարտությունները, այլ խոսքով նրանք սկսում են ուրախանալ ու տխրել բնիկներին հավասար: Այդ ընթացքում, ճիշտ է, հետին պլան չեն մղվում Իրանից հասնող նորությունները, բայց կորցնում են իրենց գույնը:
Եվ ահա մոտենում է վերադարձի պահը: Դարձյալ տնից տուն… Կարճատև թռիչքից հետո, ահա տանն ես: Միանգամից ամեն բան փոխվում է 180 աստիճանով: Այստեղ կենսակերպի առումով թերևս ավելի հանգիստ է, ավելի հոգեհարազատ,  բայց տնից դուրս՝ ազատ կյանքին վարժված հայի համար, այլևս դժվար է համակերպվել որոշ սահմանափակումների հետ կամ տան չորս պատերի մեջ մնալուն, ինչին սովոր էին նախկինում: Հետզհետե, հետաքրքության կենտրոնում սկսում են հայտնվել տեղական իրադարձությունները, քաղաքական լուրերը, կիրավող պատժամիջոցները, ընտրությունները, դոլարի կուրսը, ասենք ֆուտբոլի միջակումբային կամ Իրանի հավաքականի խաղերը, անհատի ճակատագրին ու կյանքին անմիջականորեն կապվող արտաքին ազդակները: Արդյունքում, Հայաստանը հառնում է երազի պես, սակայն մի մեծ տարբերությամբ, դա Հայաստանի հանդեպ աճող կարոտի տանջող զգացումն է, ինչը չկա այնտեղ եղած ժամանակ՝ հանդեպ իրենց դարավոր բնօրրանը: Ակամա ուզում ես հավատալ, որ հողը ույժ ունի, ձգում, կանչում է…
Արդյոք այս զգացումն առկա՞ է նաև արտագաղթած հայերի մոտ…
Իրոք նման ենք երկկենցաղ կենդանիների. ջրից՝ ցամաք, ցամաքից՝ ջուր, անդադար այս տնից, այն տուն, այն տնից, այս տուն…
 
Հուլիս, 2013
Երևան
 
 
«Յոյս» թիւ 153
31 Օգոստոս 2013
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *