Երկկենցաղայինները` Ապրել «Թեհրան-Երեւան» վիրտուալ քաղաքում

 
 
Իրանի եւ իրանահայութեան յարաբերութիւնները Հայաստանի հետ տեղի է ունենում երկու մակարդակում: Վերեւում` պաշտօնական մակարդակի վրայ եւ ներքեւում` երկու երկրների հասարակ քաղաքացիների միջեւ: Վերեւում տեղի են ունենում հանդիսաւոր հանդիպումներ երկու երկրների պաշտօնեաների միջեւ, պատւիրակութիւնների այցելութիւն լի սիրալիր խօսքերով, ինչու չէ նաեւ հայ գրողների, հայ լրագրողների, հայ բժիշկների եւ … նման, այսպէս կոչւած, համազգային հանդիպումներ, որոնց մասնակցում են նաեւ իրանահայերը: Դրանք յաճախ կազմակերպւում են Հայաստանի պատկան միութիւնների միջոցով եւ իրանահայ այցելուները եւս ըն-տըրւում են Իրանի համապատասխան միութեան կողմից: Սակայն, արդէն քսան տարիներից աւելի է անցնում Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից եւ այս տարիներում ստեղծւել են շփումներ թէ’ Իրանի ոչ հայ քաղաքացիների ու հայաստանցիների միջեւ եւ թէ’ իրանահայերի ու Հայաստանի: Այս գրութիւնում սահմանփակւում ենք երկրորդ տեսակի յարաբերութիւններով, չմոռանալով, որ համարեա ոչինչ չգիտենք Հայաստանում ժամանակաւոր կամ մշտապէս հաստատւած պարսիկների մասին:
Հետաքրքիր է, որ Հայաստանի անկախութիւնից յետոյ երկու տասնամեակներին աւելի քիչ հայեր են գաղթել Հայաստան եւ բնակութիւն հաստատել այնտեղ, քան խորհրդային շրջանում: Տուրիստական այցելութիւններ` ինչու չէ: Շատ քիչ հայեր կան, որ գոնէ մէկ անգամ մէկ-երկու շաբաթով Հայաստան այցելած չլինեն: Գուցէ հէնց այս այցելութիւնների հնարաւորութիւնն է գաղթի նւազ մակարդակի պատճառը: Հիմա կարող ես գնալ Հայաստանը մօտիկից տեսնել, ուսումնասիրել աշխատանքի, ուսման եւ այլ հնարաւորութիւնները եւ այսպիսի պայմաններում, եթէ որոշում ես գնալ Հայաստան, դա անում ես շատ գիտակցաբար, ո‘չ թէ երեւակայութիւնների եւ երազների հիման վրայ: Եւ այսպիսի գիտակցաբար Հայաստան գաղթած իրանահայերի քանակը շատ քիչ է: Ու ամենակարեւոր պատճառը երկրի տնտեսական վիճակն է, աշխատանք չկայ եւ աշխատանք հիմնելու պայմանները շատ դժւար են, ըստ ոմանց` անհնարին:
Սակայն այստեղ երեւան է եկել մի նոր իւրովի լուծում: Ապրել կէս Հայաստանում, կէս այստեղ` Իրանում: Ապրել Թեհրան-Երեւանում: Երկկենցաղայինների մի խաւ, վիրտուալ մի քաղաքի բնակիչներ, որի փողոցներն են Թումանեանը, Նադերշահը, Հանրապետութեան հրապարակը, Շիրմարդը, կասկադը, Մաջիդիէն եւ այլն:
Իհարկէ,  այս խմբին միանալու համար պայմաններեն հարկաւոր: Նախ` նիւթական այնպիսի հնարաւորութիւններ, որ կարողանաս երկու բնակարան ունենալ` մէկը Թեհրանում, միւսը` Երեւանում: Երկրորդ, կայուն եկամուտ, որ հնարաւորութիւն տայ գոնէ տարւայ մի մասը չաշխատել: Այս պատճառով էլ, այս երկկենցաղայինների միջին տարիքը յաճախ բարձր է: Յամենայն դէպս, կան մեծ թւով այսպիսի մարդիկ եւ ընտանիքներ, որոնց ապրելաոճի հետ կը ծանօթանաք հետեւեալ գրութիւններում:
 
 
«Յոյս» թիւ 153
31 Օգոստոս 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *