Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

 
 
Նովռուզ
Նովռուզը իրանցիների Նոր տարին է եւ իր մէջ է պարունակում մի շարք ծէսեր եւ սովորոյթներ, այդ թւում իրանական յայտնի հաֆթսինի սփռոցը: Սակայն Նովռուզը տօնում են  ոչ անպայման որպէս Նոր տարի Միջին Ասիայի պարսկախօս եւ թրքախօս ժողովուրդները: Հին ժամանակներից արիական ցեղերին հասած ժառանգութիւն է:
 
Իրանական ռադիֆ երաժշտութիւն
Ռադիֆ-ը իրանական դասական երաժշտութեան յօրինման եւ կատարման համակարգ է, որի օգնութեամբ Իրանի երաժշտութեան գեղարւեստական կառոյցները  սերնդէսերունդ եւ վարպետից աշակերտ փոխանցւում է: Դա հիմնականում ձեւաւորւել է Ղաջարների թագաւորութեան օրօք, սակայն դրա ակունքները հասնում է Սաֆաւիների շրջանին:
 
Ֆարս նահանգի գորգագործութիւն
Իրանական Ֆարս նահանգի մեծ տարածքներում բնակւում են զանազան քոչւոր ցեղախըմբեր, որոնցից իւրաքանչիւրը դարերի շրջանում  մշակել է իր գորգագործութեան իւրայատուկ ոճը: 2001 թւականին Ֆարսի գորգերի եւ գելիմների արտադրութեան եղանակները արձանագրւեցին որպէս համաշխարհային ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն:
 
Փահլեւանական ծէսերը  (Զուրխանէ)
Իրանի աւանդական մարզաձեւերը, որոնք տեղի են ունենում Զուրխանէ կոչւած յատուկ ճարտարապետական կառոյցներում, երաժշտութեան եւ ռազմաշունչ երգեցողութեան ընկերակցութեամբ: Զուրխանէյի մարզաձեւերը սերտօրէն կապւած են ռազմական հմտութիւնների զարգացման, ինչպէս նաեւ բարոյական սկզբունքների եւ տղամարդկային կենցաղի հետ:
 
Թազիէյ
Իրանի աւանդական թատրոնի ձեւ, որը երկրի իսլամականացումից յետոյ, հիմնականում յատկացւած է Էմամ Հոսէյնի նահատակութեան պատումներին: Թազիէյի որոշ կողմերը նմանում են ժամանակակից թատրոնի ձեւերին. ոչ մի ջանք չի գործադրւում թաքցնել թատրոնի թատերականութիւնը եւ հաշւի առնել ռէալիստական պատկեր ստեղծելու հնարքները: Դերասանները յաճախ խաղում են միկրոֆոնները ձեռքներին, եւ Եզիդի դերասանը կարող է ինքը խօսքեր ասի նաեւ իր միջոցով մարմնաւորւած կերպարի մասին:
 
Աւանդական գորգագործութիւն Քաշանում
Քաշանի գորգերը աչքի են ընկնում իրենց նրբութեամբ եւ նախշերի իւրայատկութեամբ: Դրանք հիւսւում են թէ բրդից, նորերս նաեւ Աւստրալիայի մերինուսի բրդից, եւ թէ մետաքսից: Քաշանի գորգերը միաժամանակ նուրբ եւ ամուր են, քանի որ արտադրւում են իւրայատուկ տեխնիկայով:
 
Խորասանի  բախշիների երաժշտութիւն
Բախշիները հիւսիսային Խորասան նահանգի ժողովրդական երգիչներն ու նւագիչներն են, որոնք պատկանում են թրքախօս, քրդախօս, ինչպէս նաեւ պարսկախօս ցեղերի: Ղուչանը բախշիների երաժշտութեան օրրանն է, բայց Խաւաֆ, Թայբադ եւ Թորբաթէ Ջամ քաղաքները եւս հռչակ են վայելում իրենց բախշիների համար: Բախշիների արւեստը փոխանցւում է սերնդէ սերունդ, յաճախ հօրից որդի: Վերջին տարիներին աշխատանք է տարւել ձայնագրել եւ արձանագրել այդ երաժշտութեան օրինակները:
 
Մաշհադ Արդահալի գորգալւացութիւն
Հազարամեայ աւանդութեան համաձայն, ամէն տարի աշնան երկրորդ ուրբաթ օրը, Քաշան քաղաքի Մաշհադ Արդահալ շրջանում տեղի է ունենում գորգալւացութեան մեծ ծիսակատարութիւն, որին մասնակցում են հազարաւոր մարդիկ: Գորգերը թակելու համար փայտերը ձեռքներն առած տղամարդիկ  գորգերով ծածկւած բլուրներում գեղեցիկ տեսարան են ստեղծում, որ երեւի աննման է ողջ աշխարհում:
 
Հարաւային Իրանում լենջ արտադրութեան տեխնոլոգիա
Իրանի հարաւային շրջանում, Պարսից ծոցի ափերին, տեղական տեխնոլոգիայով պատրաստւող նաւակները, որոնք կոչւում են Լենջ, օգտագործւում են առեւտրի, ձկնորսութեան եւ մարգարիտներ յայտնաբերելու աշխատանքների համար: Այս նաւակները դարերից ի վեր արտադրւել են տեղացի արհեստաւորների միջոցով, հիմնւած տեղական գիտելիքների եւ հաւատամքների վրայ: 2011 թւականին լենջաշինութիւնը արձանագրւել է որպէս ոչ նիւթական մշակութային արժէք, որը պիտի պաշտպանւի եւ փրկւի ոչնչացումից:
 
Նաղղալի
2009 թւականին իրանական բանւոր պատումային ներկայացումը եւս դասւեց որպէս հովանաւորութեան արժանի ոչ նիւթական ժառանգութիւն: Այս ժողովրդական արւեստի մէջ, պատմողը կանգնում է պատումի տեսարանը ներկայացնող պաստառի առջեւ եւ մէկը միւսի ետեւից կատարում զանազան կերպարների դերերը: Պատմութիւնը յաճախ Շահնամէյի դրւագներն է կամ Էմամ Հոսէյնի Քարբալայի պատերազմը: Նաղղալը կամ պատմողը պիտի օժտւած լինի երգելու, խաղալու եւ զւարճացնելու մեծ ունակութիւններով: Դարեր շարունակ նաղղալին մեծ ժողովրդականութիւն է վայելել Իրանի հասարակ ժողովրդի մօտ:
 
 
«Յոյս» թիւ 152
17 Օգոստոս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *