Զէյթուն (Մաջիդիէ) թաղամասի անկախ պատգամաւորների մամլոյ ասուլիս

 
 
Կիրակի, օգոստոսի 4-ին, Թեհրանի Մաջիդիէ թաղամասի Պատգամաւորական ժողովի անկախ պատգամաւորները մամուլի ներկայացուցիչներին հրաւիրել էին բացատրելու թաղի Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցու յարակից կալւածների գնման պատմութիւնը եւ պարզաբանելու իրենց դիրքորոշումը որպէս թաղի ժողովրդի կողմից ընտրւած ներկայացուցիչներ: Նիւթը ներկայացնում էր Ալբերտ Քոչարեանը որպէս Մաջիդիէի «անկախ» ցանկի ընտրւած պատգամաւորների տեսակէտներ եւ մօտեցումներ:
Ալբերտ Քոչարեանի բացատրութեամբ, Տէր Արտակ արք. Մանուկեանի օրօք Մաջիդիէ թաղամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հիմնադրութեան օրւանից, զգալի է եղել եկեղեցու տարածքի փոքրութիւնը (ընդամէնը 600 քառակուսի մետր) հարց է եղել՝ գնե՞լ եկեղեցու հարաւում ընկած չորս փոքրիկ տարածքները եւ դրանք միացնել եկեղեցուն: Տարածքի փոքրութեան պատճառով եկեղեցին չունի առանձին զանգակատուն, ու ճակատում տեղադրւած խաչը չի համապատասխանում հայկական ոճին: Սակայն առաջին անգամ հարցը պաշտօնապէս Պատգամաւորական ժողովում քննարկւել է 2001 թւականի յուլիսին, երբ եկեղեցու խորհուրդը գրաւոր դիմել է Թեմական խորհըրդին եւ առաջարկել է գնել եկեղեցուն կից երեք հողամասերը (եկեղեցու հարաւում կան չորս հողամասեր, որոնցից մէկը գնւել էր եկեղեցու շինարարութեան աւարտից մի քանի ամիս յետոյ եւ օգտագործւում է որպէս եկեղեցու պահակի բնակավայր): Այդ թւականին, այսին-քըն 12 տարի առաջ, ժողովը միաձայնութեամբ վաւերացրել է առաջարկը.
«2001 թւականի յուլիսի 25-ին, 12-րդ շրջանի ՊԺ-ի 9-րդ նիստում, Թեմական խորհուրդը ներկայացրեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի դիմումը եկեղեցուն կից 3 բնակարանները գնելու և կրօնական ու մշակութային աշխատանքների համար օգտագործելու մասին: Եկեղեցական խորհուրդը նամակում նաև յայտնում է, որ բնակարաններից մէկը վաճառքի է դրւել: ՊԺ-ը հաստատում է վաճառքի դրւած մէկ բնակարանի գնումը, և միւս 2 բնակարանների գնման խնդիրը որոշում է պահել Թեմական խորհրդի աշխատանքների օրակարգի մէջ և յարմար առիթով իրագործել այն, օգտւելով ապագայում վաճառւելիք կալւածներից գոյացած գումարներից»:
Սակայն այս որոշումը չի գործադրւում ժամանակի Թեմական խորհրդի կողմից ատենապետութեամբ դոկտ. Այիդա Յովհաննիսեանի: Յաջորդ Թեմական խորհրդի օրօք, որի ատենապետն էր Նորայր Արամեանը, 2006 թւականին գնւում է երեք հողամասերից մէկը, որը օգտագործւում է զանազան կրօնական, կրթական եւ մշակութային ծրագրերի համար:
Այժմ խօսքը մնացած երկու հողատարածքների գնման մասին է: 2007, 2008 եւ 2010 թւականներին Զէյթուն թաղի պատգամաւորները գրաւոր դիմում են ներկայացնում Պատգամաւորականի դիւանին մնացած երկու տարածքները գնելու առաջարկով: Սակայն մինչ օրս այս գործարքը չի իրականացել: Յայտարարւած պատճառը հիմնականում պէտք եղած գումարը չունենալն է: Սակայն այս տարիներում իրականացւել են բազմաթիւ շինարարական նախագծեր, գումարներ է պարտք տրւել Արարատ, Նայիրի եւ Սիփան միութիւններին, եւ վերջերս գնւել է Միրզայէ Շիրազի շէնքի մի կէս յարկը, որի վաճառքից գոյա-ցող գումարը կարելի է յատկացնել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից տարածքների գնմանը, որի մասին որոշում է կայացւել դեռեւս 12 տարի սրանից առաջ:
Ալբերտ Քոչարեանը շեշտեց՝ գործադիր մարմինների աշխատանքների վերահսկումը պատգամաւորների պարտականութիւնն է, եւ իրենք պիտի ժողովըրդին պատասխանեն, թէ արդեօք հետեւել են եկեղեցուն կից տարածքների մասին անցկացւած որոշումը, թէ ոչ: Իրենք պարտաւոր են պատասխանել ժողովրդին, թէ ինչու մինչեւ այսօր այդ որոշումը չի իրականացւել: Մինչդեռ այդ ընթացքում անհամեմատ մեծ գումարներ են յատկացւել այլ նախագծերի: Նա աւելացրեց, թէ՝ ուզում եմ իմանալ «բա մեր հերթը չի հասնու՞մ»:
Զէյթուն քաղաքամասի անկախ պատգամաւորների կողմից, Ալբերտ Քոչարեանը յայտարարեց, թէ թաղի ժողովուրդը տեսնելով, որ արդէն եկեղեցուն կից տարածներից մէկում սկսել են շինարարական աշխատանքներ, ստորագրութիւններ են հաւաքել եւ դիմել են Թեմական խորհրդին, նրանց ահազանգելու, թէ ինչքան շուտ այդ տարածքը գնել: Դրանից անմիջապէս յետոյ նաեւ դիմումներ են ներկայացւել թաղի ժողովրդին Նայիրի միութեան միջոցով կիսակառոյց սրահի եւ Արարատ դպրոցի նորոգութեան համար: Ըստ պարոն Քոչարեանի, դրանք էլ կարող են իրենց հիմնաւարումներն ունենալ եւ յատկապէս Արարատ դպրոցի շէնքի վիճակը շատ վատ է եւ պիտի վերակառուցել: Սակայն սրանք առանձին խնդիրներ են եւ պիտի քննարկւեն Պատգամաւորական ժողովում, մինչդեռ եկեղեցու յարակից տարածքների գնումը կայացած որոշում է, եւ միայն գումարը վաւերացնելու  համար պիտի արծարծւի ՊԺ-ում:
Այն հարցին, թէ ինչու պարոն Քոչարեանի  ներկայացրած այսքան օրինական ու պարզ գործընթացով հանդերձ, այսօր թաղում, ինչպէս ոմանք են ասում, «անդորրը խախտւել է», նա պատասխանեց, թէ՝ թաղի կեանքը ընթանում է նորմալ:
Այս հարցում, «Ալիք»-ի թղթակիցը կարդաց հետեւեալ էս էմ էսը, որն ըստ նրա, ապացուցում է, որ իրապէս վիճակը այնքան էլ հանդարտ ու նորմալ չէ.
«Բարեւ, եթէ միութեան կողմից նամակ բերեցին, չստորագրէք՝ եկեղեցուն հակառակ է, մի ստորագրէք:Այսօր եւ վաղը ժամը 6-ից 9-ը հաւաքւում ենք եկեղեցում»:
Ալբերտ Քոչարեանը դատապարտեց նման էս էմ էս ուղարկող մարդկանց գործը: Դա սխալ արարք է, քանի որ ոչ ոք իրաւունք չունի ուրիշին հրաւիրել, թէ՝ մի‘ սսորագրիր այնինչ ստորագրահաւաքը: Սակայն նա աւելացրեց. «բայց դա ինչ կապ ունի մեզ»: Նա թղթակցից խնդրեց, որ եթէ ճանաչում է այդ էս էմ էս ուղարկողին, կապւի նրա հետ եւ հասկանայ, որ ով է այդպիսի էս էմ էսերի յղումը կազմակերպում: «Ես ձեզանից աւելի շատ եմ հետաքրքրւած, թէ դա ում գործն է: Նոյնիսկ դա կարող է հէնց այն մարդկանց գործը լինել, որ դէմ են եկեղեցու հարցի համար ստորագրահաւաքին»:
Ալբերտ Քոչարեանը նաեւ ներկաներին տեղեկացրեց, որ նորերս, ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովը եւս քննարկել է հարցը եւ աւռաջարկել է գնել խնդրոյ առարկայ կալւածները, վաճառելով Միրզայէ Շիրազի շէնքի կէս յարկը:
Նա շեշտեց, որ այսօր անմիջական հարցը կալւածների գնումն է եւ իրենք չեն առաջարկում անմիջապէս որեւէ շինարարական աշխատանք սկսել դրանց վրայ: Դա կարող է տեղի ունենալ քննարկելուց յետոյ:
Պարոն Քոչարեանի փոխանցած տեղեկութեան համաձայն, իրեն դիմել են թաղի ժողովուրդը Պատգամաւորական ժողովի դիւանի հետ հանդիպում ունենալու խնդրանքով, սակայն դիմումը մերժւել է: Մարդիկ նաեւ դիմում են ներկայացրել պատգամաւորների հետ հանդիպելու եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցու հարցերը լուսաբանելու համար, սակայն դա էլ է մերժւել: Նախկին շրջանում Պատգամաւորական ժողովը  մի քանի անգամ Ժողովրդի հետ հանդիպում է ունեցել, սակայն նոր դիւանը մերժել է նման հանդիպման պահանջը:
Հանդիպմանը ներկայ էին «Ալիք» օրաթերթի, «Արաքս» շաբաթաթերթի, «Յոյս» երկշաբաթաթերթի, «Հայելի»  եւ «Համայնք» կայքերի ներկայացուցիչները:
 
 
Կալւածների գնման հիմնաւորումներ
Մաջիդիէյի անկախ պատգամաւՈրների տեսակէտից
1- Եկեղեցու ներկայ տարածքը չի բաւարարում տարւող աշխատանքներին, քանզի՝
(ա) Բակը  քաղաքամասի բնակչութեան համեմատ փոքր է,
(բ) Ներկայ սրահը 5.35 մետր լայնութեամբ թէ’ փոքր է և թէ’ անապահով՝ դէպքեր պատահելու պարագայում,
(գ)  Կիրակնօրեայի շուրջ 300 աշակերտները չեն տեղաւորւում ներկայ դասարաններում:
2- Կալւածները գնելով կարելի կը լինի ցանկացած յարմար շինարարական ծրագիր իրագործել՝ որպէսզի աւելի պատշաճ կերպով հոգալ Զէյթուն քաղաքամասի բնակիչների հոգևոր, ազգային, և կրթական կարիքները, այդ թւում՝ հոգեհացի և այլ հաւաքների համար սրահ, դասընթացների և լսարանների կազմակերպում , ազգային տօների նշում և այլն:
3- Այս որոշումը Ազգային կառոյցի օպտիմալացման (թաբդիլ բէ ահսան) ռազմավարութեան ուղղութեամբ է՝ ազգային ունեցւածքը կենտրոնացնելու հայաշատ վայրերում:
4- Այս նախագիծը մանրամասն քննարկումներից յետոյ ստացել է Պատգամաւորական Ժողովի հաստատումը երեք անգամ՝ սկսեալ 2001 թւականից:
5- Կալւածները գնելով նոր մուտք է բացւում դէպի հարաւային Զառին Ղաբայի փողոց, որը դիւրութիւն կըստեղծի այցելուների ելևմըտին:
6- Կալւածների գնումը նաև համարւում է նիւթական ներդրում: Ներկայ վիճակում, եթէ հողամասի քառակուսի մետրի միջին գինը քաղաքամասում լինի 7.5 միլիոն թուման, ապա այն գնելով (129 x 6.3)+(87 x 9.3) = 1622 միլիոն թումանով համազօր կլինի 216 ք. մետր կալւածի գնման՝ 7.5 միլիոն թումանով (87+129) x 7.5 = 1620 միլիոն թուման:
7- Կալւածները գնելով և մէկտեղելով (թաջմի )՝ քաղաքապետարանից առաւել շինարարական արտօնութիւն (թարաքոմ) կըստացւի:
8- Կալւածները գնելով՝ կարելի կը լինի փակուղու վերջում գտնւող շուրջ 20 ք. մետր տարածքը գնել քաղաքապետարանից՝ էժան արժէքով, որը կապահովի շուրջ 150 միլիոն թուման շահ:
9- Կալւածները գնելով՝դրանց հարևանութեամբ գտնող երկու նախապէս գնւած կալւածների գները աւելիով կը բարձրանան, և ընդհակառակը՝ չգնելու պարագային անկում կունենան:
 
 
«Յոյս» թիւ 152
17 Օգոստոս 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *