Իրանահայ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը վախճանւեց

 
 
Ամերիկայի Լոս Անջելէսում իր մահկանացուն կնքեց իրանահայ անւանի ճարտարապետ, նկարիչ եւ քանդակագործ Ռոստոմ Ոսկանեանը: Նա ծնւել է 1932 թւականին Թաւրիզում: Սովորել է Թեհրանի Ալբորզ միջնակարգ դպրոցում, յետոյ Թեհրանի Համալսարանի գեղարւեստից բաժնում: Ապա մեկնել է Ֆրանսիա, ուր շարունակել է իր ուսումը Բոզարում: 1964-ին վերադարձել է Թեհրան եւ նւիրւել ճարտարապետական լուրջ աշխատանքի: Գծել է Հայ ակումբի շէնքի նախագիծը, ապա Թաւրիզի հայկական մանկապարտէզ-նախակրթարանի շէնքը, եւ ի վերջոյ Արարատ մարզաւանի համալիրն  ու դրա շրջափակում գտնւող մատուռը: Նա գծագրել է նաեւ պարսկական Զուրխանէ, աւտոկայան եւ բազմաթիւ բնակարաններ: Ոսկանեանը միաժամանակ դասաւանդել է Թեհրանի համալսարանում, ուր նրան ուսանել են իրանցի ժամանակակից ճարտարապետներից շատերը:
Ոսկանեանն իր կեանքի վերջին երեք տասնամեակներին բնակութիւն է հաստատել արտասահմանում: Նա թէեւ այնտեղ չկարողացաւ շարունակել իր ճարտարապետական աշխատանքը, սակայն գեղարւեստական ստեղծագործութիւնը մինչեւ կեանքի վերջ մնաց նրա միակ զբաղմունքը: Նա հիմնականում նկարում էր, գծագրում, պատրաստում փափէյէ մաշէ (թղթի խմորից) եւ կերամիկայից պատրաստւած արձաններ:
2009 թւականին Ռոստոմ Ոսկանեանը Թեհրանի համալսարանի ճարտարապետական բաժնի ուսանողութեան եւ դասախօսների հրաւէրով ժամանեց Թեհրան: Նրա այցի ընթացքում տեղի ունեցան մեծարման զանազան հանդիսութիւններ ու ծրագրեր, այդ թւում նաեւ մեծարման երեկոյ հէնց իր գծագրած Հայ ակումբի սրահում:
Ռոստոմ Ոսկանեանը բնաւորութեամբ աչքի էր ընկնում իր համեստութեամբ, իսկ որպէս արւեստագէտ, նրա գործերը բոլոր բնագաւառներում  իւրովի եւ ներդաշնակ համադրումն էին արդի արւեստի եւ դասական ոգու միջեւ:
 
 
«Յոյս» թիւ 152
17 Օգոստոս 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *