Ինչպէ՞ս իրանահայ թեմերը միացան Կիլիկիոյ կաթողիկոսութեան

 

Թեհրանի առաջնորդարանի կայքում տեղադրւած Թեհրանի հայոց թեմի համառօտ պատմութիւնը ընթերցելիս աչքի է ընկնում մի կարեւոր բաց: Այնտեղ ասւած է, որ Թեհրանի թեմը հիմնադրւել է երկրորդ աշխարհամարտից յետոյ, 1945 թւականին: Մինչ այդ, Թեհրանը մաս է կազմել Սպահանի թեմին, որը գտնւում էր Ս. Էջմիածնի հովանու ներքոյ: Նոյն գրութեան համաձայն, Էջմիածնի կողմից նշանակւած թեմի առաջնորդ` Գերշ. Տէր Ռուբէն Եպիսկ. Դրամբեանը, 1949 թւականին «իր պաշտօնից հեռացւում է եւ առաջնորդական աթոռը մի առ ժամանակ թափուր է մնում»: Գրութիւնը այս տեղեկութիւնները հաղորդելուց յետոյ, թռիչք է կատարում 1960 թւական, երբ Կիլիկիայի կաթողիկոսութիւնից Գերշ. Տէր Արտակ Եպիսկ Մանուկեանը գալիս է Թեհրան եւ ստանձնում թեմի ղեկավարութեան պաշտօնը: Ահա մէկ օրինակ եւս այն մտածելակերպի, ըստ որի բաւական է չխօսել իրադարձութիւնների մասին եւ նրանք կը դադարեն գոյութիւն ունենալ: Անկախ նրանից թէ ինչ գնահատական ենք տալիս այն պատմական իրողութեան, որով 1950-ականների վերջերին, իրանահայ թեմերը անջատւել են էջմիածնից եւ միացւել Կիլիկիոյ կաթողիկոսութեանը, դա արդէն պատմական փաստ է, որի մանրամասները, նոյնիսկ ստոյգ թւականը շատերը չգիտեն: Շատերը չգիտեն, որ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի պատգամաւորական ժողովները նամակներ են յղել Ս. Էջմիածին եւ յայտարարել են, որ խզում են իրենց կապը Մայր Աթոռի հետ, որպէսզի միանան Կիլիկիոյ կաթողիկոսութեանը: Որո՞նք են եղել նրանց յայտնած պատճառները եւ ի՞նչ է եղել Ս. Էջմիածնի պատասխանը: Ստորեւ մեր ընթերցողին ենք ներկայացնում Թեհրանի պատգամաւորական ժողովի պատմական նամակը էջմիածնից անջատւելու իր որոշման մասին: Նմանատիպ նամակներ է յղւել նաեւ Ատրպատականի եւ Սպահանի պատգամաւորական ժողովների կողմից: Վերատպում ենք նաեւ որոշ հատւածներ, Էջմիածնի հոգեւոր խորհուրդի պատասխան նամակից, ուր նրանք մէկ առ մէկ պատասխանել են Թեհրանի պատգամաւորական ժողովի պատճառաբանութիւններին: Ընթերցողի ուշադրութեանն ենք յանձնում, որ Իրանի կառավարութեան 1949-ի որոշումը, որի մասին խօսւում է նամակներում, պահանջում է, որ թեմերի առաջորդները լինեն Իրանի քաղաքացի:
Գաղտնիք չէ, որ Էջմիածինը իրանահայ թեմերի անջատումը համարում է Դաշնակցութեան գործը: Տարիներ յետոյ Վազգէն Ա. կաթողիկոսը AIM ամսաթերթի հետ մի հարցազրոյցում ասում է հետեւեալը. «Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ հակամարտութեան արմատը քաղաքականութիւնն էր: Ձեւականօրէն դա կրօնական եւ հոգեւոր էր, բայց էութեամբ, դա քաղաքական պայմաններն էին որոշիչ գործօնը: Դաշնակցութիւնը իր հակա-սովետական քաղաքականութիւնը հետապնդելու եւ իր դիրքերն ամրացնելու համար, իր ձեռքն առաւ Կիլիկիայի աթոռի ղեկը որպէսզի այս հոգեւոր կազմակերպութիւնը դարձնի կոիսակցութեան քաղաքականութեան գործադրման յենակէտն ու պաշտպանը»: Ինքը Դաշնակցութիւնը եւս չի հերքում իր որոշիչ դերակատարութիւնը այս հարցում եւ ժամանակին «Ալիք» օրաթերթը հանգամանօրէն պաշտպանել է իրանահայ թեմերի էջմիածնից անջատման մասին որոշումը: Ինչ որ է, դա իրանահայ համայնքի պատմութեան կարեւոր էջերից մէկն է, որը հասկանալու եւ լուսաբանելու համար, հարկաւոր է այն ճանաչել, ոչ թէ ջնջել պատմութիւնից:

 

Ռ.Ս.

 

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱՄԱԿԸ Ս. ԷՋՄԻԱԾՆԻՆ
1958 թւականի Մայիսին Մայր Աթոռում ստացւեց Թեհրանի հայոց թեմական խորհրդի Մարտ 29 թւակիր հետեւեալ նամակը, որով հաղորդւում էր, որ Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովը, Փետրւարի 26-ին գումարած իր հերթական նիստում, քննելով 1949 թւականի Յուլիս 25-ի նախարարաց խորհրդի որոշումը ի մասին Իրանի փոքրամասնութեանց կրօնական պետերի եւ պատւիրակների, եւ որոշել է «դադարեցնել Ս. Էջմիածնի Մայր Աթոռի հետ ունեցած ձեւական կապն եւս եւ խնդրամատոյց լինել» Անթիլիաս՝«Թեհրանի թեմն առնելու իր հովանու ներքոյ».
«Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Վազգէն Ա Ծայրագոյն 
Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին
Վեհափառ Տէ՛ր.
Այսու որդիական պարտք ենք համարում Ձերդ Վեհափառութեանը խոնարհաբար հաղորդելու, որ Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովը, սոյն թւականի Փետրւարի 26-ին գումարած իր հերթական նիստում քննութեան առնելով Ս. Էջմիածնի Մայր Աթոռի եւ Թեհրանի թեմի փոխյարաբերութիւնների խնդիրը, յանգեց այն եզրակացութեան, որ Իրանի փոքրամասնութեանց կրօնական պետերի եւ պատւիրակաների նկատմամբ, Իրանի Նախարարաց խորհրդի 1949 թւականի Յուլիսի 25-ի, Ձերդ Վեհափառութեանը ծանօթ, որոշումից ի վեր, Թեհրանի թեմի եւ Ս. Էջմիածնի Մայր Աթոռի յարաբերութիւններն ունեցել են միայն ձեւական եւ անւանական բնոյթ։ Միաժամանակ, նկատի ունենալով Թեհրանի թեմի համար ստեղծւած խիստ բացառիկ պայմանները եւ մեր Եկեղեցու անվտանգութեանը կապւած որոշ մտահոգութիւններ, ինչպէս եւ մի շարք այլ հիմունքներ, պատգամաւորական ժողովն իր վերոյիշեալ նիստում միաձայնութեամբ որոշեց՝ դադարեցնել Ս.Էջմիածնի Մայր Աթոռի հետ ունեցած կապն եւս եւ խնդրամատոյց լինել Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին՝ Թեհրանի թեմն առնելու իր հովանու ներքոյ։
Մատչելով ի համբոյր Ձերդ Վեհափառութեան Ս. Աջոյն, մնամք խորին յարգանօք՝

Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝
դոկտ. Ա. Բաբալեան
Թեհրան,
20 Մարտի 1958թ.
No 165/25»

 

ՎԱԶԳԷՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
«Թեհրանի հայոց թեմական խորհրդին 
Թեհրան 
Ապրիլի 22-ին ստացանք ձեր 29 Մարտի նամակը։
Մայր Աթոռը չի կարող համաձայն լինել ձեր որոշման։ Ոչ ոք իրաւասութիւն չունի հայ եկեղեցիների եւ հա-ւատացեալների հոգեւոր կապը կտրել Ս. Էջմիածնից։ Մենք պիտի գրենք ձեզ, մեր խօսքը ուղղելով թեմական ժողովիդ եւ իրանահայ ժողովրդին։
Ի հարկին մենք պիտի դիմենք Իրանի բարեխնամ կառավարութեան։
Մինչ այդ, մնացէք խաղաղ եւ լաւատես եւ մի՛ կատարէք որեւէ ձեռնարկ՝ դիմելու այլ կենտրոնի։
Մենք վստահ ենք, թէ ամէն դժւարութիւն կը յաղթահարւի եւ Ս. Էջմիածինը, իբրեւ հոգեւոր կենտրոն, իր դարաւոր հովանին կը պահպանի Իրանի դրացի եւ բարեկամ պետութեան մէջ գործող հայ եկեղեցիների վրայ, յարգելով իրանական պետական օրէնքներն ու շահերը։
Իրանի հայ թեմերը, ինչպէս անցեալում, դարեր շարունակ, կան ու կը մնան նաեւ այսուհետեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր իշխանութեան ներքեւ։
Կը յաջորդէ նամակը։
Լսեցէ՛ք Էջմիածնի սուրբ ձայնը եւ ընդունեցէք Աստծու եւ Մեր Հայրապետական օրհնութիւնը։

ՎԱԶԳԷՆ Ա
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
24 Ապրիլի 1958 թ.
Ս. ԷՋՄԻԱԾԻՆ»։
 

ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
«ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՒԱՐԺԱՆ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Սոյն թւականի Ապրիլի 22-ի երեկոյեան Վեհափառ Հայրապետը ստացել եւ ընթերցել է ձեր 29 Մարտի 1958 թւակիր համար 165/25 նամակը, որով «որդիական պարտք էք համարում» խոնարհաբար հաղորդելու, որ Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովը, 1958 Փետրւարի 26-ին գումարւած իր հերթական նիստում, ի նկատի ունենալով Իրանի Նախարարաց խորհրդի 1949 թւականի Յուլիս 21-ի որոշումը «Իրանի փոքրամասնութեան կրօնական պետերի եւ պատւիրակների նկատմամբ», ինչպէս նաեւ «նկատի ունենալով Թեհրանի թեմի համար ստեղծւած խիստ բացառիկ պայմանները եւ մեր Եկեղեցու անվտանգութեանը կապւած որոշ մտահոգութիւններ, ինչպէս եւ մի շարք այլ հիմունքներ», որոշել է «դադարեցնել Ս.Էջմիածնի Մայր Աթոռի հետ ունեցած ձեւական կապն եւս եւ խնդրամատոյց լինել Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին՝ Թեհրանի թեմը առնելու իր հովանու ներքոյ»։
. . . 
Թէ վերոյիշեալ ձեր գրութիւնը Վեհափառ Հայրապետի սրտի եւ ապրումների վրայ ինչ ազդեցութիւն է գործել , այդ մասին մենք չենք գրում, որովհետեւ գուցէ չկարողանանք չափել Ամենայն Հայոց կաթողիկոսի վիշտը, այս ահաւոր եւ պատմականօրէն ողբերգութեան առաջ։
Ներկայ գրութեամբ կամենում ենք պատասխանել ձեր 29 Մարտ 1958 թւականի նամակին՝ Յանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի, Նորին Վեհափառութիւն Տ.Տ. Վազգէն Ա Հայրապետի հաւանութեամբ, այն յոյսով, որ դուք, ծանօթանալով նրա բովանդակութեանը, պիտի փարատւեն բոլոր թիւրիմացութիւնները, պիտի լսւի Ամենայն Հայոց Կաթողիկոսի Յորդորը եւ պիտի վերահաստատւեն դարաւոր հոգեւոր կապերը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Թեհրանի թեմի միջեւ։
1. Նախ մենք պէտք է նկատենք, թէ դժւար է հաւատալ, որ իրանահայ հաւատացեալ ժողովուրդը, հոգեւոր դասը եւ եկեղեցական-ազգային իշխանութիւնները կարողանային նման որոշման յանգել, այսքան անսպասելի եւ անբացատրելի կերպով։ Եւ իրօք, այդ երեւում է նաեւ ձեր նամակից, ուր խօսում էք «Թեհրանի թեմի համար ստեղծւած խիստ բացառիկ պայմանների եւ մեր Եկեղեցու անվտանգութեանը կապւած որոշ մտահոգութիւններ»-ի մասին։ Հետեւաբար պէտք է եզրակացնել, թէ ինչ-որ նոր արտաքին պատճառներ ստեղծել են խիստ բացառիկ եւ վտանգաւոր պայմաններ ձեր եկեղեցական կեանքում։ Մնում է մեզ իմանալ եւ հաստատել, թէ որո՞նք են այդ խիստ բացառիկ ու վտանգաւոր պայմանները, որոնց մասին որոշակի կերպով դուք ոչինչ չէք ասում ձեր նամակում։
2.Դուք յիշում էք միայն մի օրինական պարագայ, այն է՝ 1949 թւականի իրանական կառավարութեան որո-շումը Իրանի փոքրամասնութեանց կրօնական պետերի նկատմամբ։
Այդ որոշումը ծանօթ է մեզ 18 Յունիս 1956 թւակիր Թեհրանի հայոց թեմական խորհրդի զեկուցագրից։
Ինչքան մենք հասկանում ենք, այդ որոշումից բնաւ չի բխում որեւէ անհաշտ վիճակ կամ տրամադրութիւն Թեհրանի թեմի՝ Ս. Էջմիածնի հոգեւոր հովանա-ւորութեան տակ լինելու նկատմամբ։ Մնաց որ այն հոգեւոր կենտրոնը, որին կամենում էք կապել ձեր թեմը, նոյնպէս օտար մի պետութեան հողամասի վրայ է գտնւում, եւ այն էլ ոչ իսկ դրացի։ Ուստի ձեր ակնարկած պետական օրէնքի կապակցութեամբ իրական կացութիւնը մնում է նոյնը։
Ուրեմն Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը չի կարող ընդունել ձեր այդ փաստարկումը իբրեւ հիմնաւորւած։ Եւ չենք էլ կարող մտածել, թէ իրանական մեր դրացի եւ բարեկամ պետութիւնը այլ կերպ կը մեկնաբանի իր 1949 թւականի որոշումը փոքրամասնութեանց կրօնապետների նկատմամբ։
3.Իրանի բարեխնամ կառավարութեան 1949 թւականի որոշումը Մայր Աթոռի համար ոչ մի անբնական որոշում չէ. արտասահմանեան մեր մի շարք թեմեր նոյնպիսի պետական օրէնքների ներքեւ են գործում երկար տարիներից ի վեր, ինչպէս օրինակ Ռումինիայում եւ Բուլղարիայում։ Նման օրէնքներ բնաւ երբեք արգելք չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որ յիշեալ երկրների հայ եկեղեցիները հոգեւոր իմաստով ենթակայ լինեն բազմադարեան Ս. Էջմիածնին, որ, ինչպէս ամբողջ աշխարհ գիտէ, գլուխն է Հայ Եկեղեցու եւ կենտրոնը հայոց սուրբ հաւատի Դ դարից ի վեր։
4. Մայր Աթոռը յարգել է եւ յարգում է Իրանի պետական օրէնքները եւ 1949 թւականի որոշումը, եւ այդ իսկ պատճառով այդ թւականից ի վեր չի առաջարկել որեւէ հոգեւոր պետ իրանահայ թեմերի համար, միշտ յուսալով, որ հնարաւոր կը լինի իրանահայութեան ծոցից յարմար թեկնածուներ գտնել, ժողովրդի հա-ւանութեամբ։
Այս ոգով առաջնորդւելով, Մայր Աթոռը ուրախութեամբ հաստատեց, որ Թաւրիզի թեմին իբրեւ առաջնորդական տեղապահ ընտրւեց տեղի վաստակաւոր քահանաներից արժանապատիւ Տ. Կարապէտ աւագ քահանայ Մանուկեանը։ Եւ նոյն ոգով առաջնորդւելով, անցեալ տարւայ Փետրւարի 27-ին Վեհափառ Հայրապետը առաջարկեց թեմական խորհրդիդ, որ նաեւ Թեհրանի թեմը իբրեւ առաջնորդ ընտրի թեմիդ հոգեւորականներից արժանապատիւ Տ. Յովհաննէս աւագ քահանայ Հաճեանին, որ կարող էր եւ վարդապետական վեղար ընդունել այդ պաշտօին կոչւելու առթիւ։ Ահա թէ ինչ էր գրում ձեզ Նորին Ս. Օծութիւնը այդ նամակում։

«…Ահա թէ ինչու Մենք մտածում ենք լիազօրել առաջնորդական տեղապահի պաշտօնով ձեր հոգեւոր հովիւ արժանապատիւ Տ. Յովհաննէս աւագ քահանայ Հաճեանին, թեմական խորհրդիդ հաւանութեամբ, այնպէս ինչպէս այդ կացութիւնը կայ Թաւրիզի թեմում, մնալով, որ մօտ ապագայում հնարաւոր լինի մի վերջնական կարգադրութիւն տնօրինել, որպէսզի Թեհրանի թեմն ունենայ իր վարդապետ կամ եպիսկոպոս առաջնորդը։»

Թեհրանի թեմական խորհրդի 1957 թւականի Մարտ 25 թւակիր համար 720/320 պատասխանի մէջ ասւում է. «Ամենայն հաճոյքով ստացանք Ձերդ Սրբութեան 27 Փետրւար համար 94 թւակիր օրհնաբեր գրութիւնը։ Չենք կարող մեր երախտագիտութիւնը չյայտնել այն բարձր հոգածութեան համար, որ Ձերդ Վեհափառութիւնը, իր բազմազբաղ վիճակում, հնարաւորութիւն է ունեցել ցոյց տալ մեր թեմին։
Վեհափառ Տէր, շտապում ենք յայտնել Ձերդ Սրբութեան, որ վերոյիշեալ գրութիւնն իսկոյն յղեցինք թեմիս պատգամաւորական ժողովին, որի իրաւասութիւնների սահմաններում է գտնւում առաջնորդական փոխանորդի ընտրութեան հարցը, համաձայն հոգելոյս Կաթողիկոս Գեւորգ Զ-ի կողմից հաստատւած թեմական կանոնագրութեան եւ խնդրել, որ ամենակարճ ժամանակաշրջանում հանգամանօրէն քննութեան առնւեն ընտրելի եւ ընտրութեան պարագաները եւ արդիւնքը, առաջին հերթին ներկայացնելով Ձերդ Վեհափառութեան։ Գործի ընթացքը հաղորդելով Ձերդ Վեհափառութեան եւ մի անգամ եւս շնորհակալութիւն յայտնելով Ձեր հայրական հոգածութեան եւ ուշադրութեան համար, որդիական խորին յարգանօք մատչում ենք ի համբոյր Ս.Աջոյդ, խնդրելով Ձեր հայրական օրհնութիւնը» (ստորագրողներ՝ նախագահ Վահրամ Դաւիթխանեան, անդամ քարտուղար Դաւիթ Փափազեան)։
Նոյն հարցի կապակցութեամբ Վեհափառ Հայրապետը ստացաւ Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովի կողմից 15 Մայիս 1957 թւակիր պաշտօնագիրը, որտեղ ասւում էր.
«Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովը, սոյն թւականի Մայիսի 7-ի իր արտակարգ նիստում, զբաղւեց Ձերդ Վեհափառութեան 27 Փետրւար No 94 օրհնաբեր գրութիւնով, ուղղւած Թեհրանի թեմական խորհրդին։
Պատգամաւորական ժողովն իր խորին շնորհակալութիւններն եւ երախտագիտական արտայայտութիւնները արձանագրեց Ձերդ Վեհափառութեան հոգածութեան եւ ուշադրութեան համար։
Առաջնորդական տեղապահ ունենալու հարցը պատգամաւորական ժողովը մանրամասն ու հանգամանօրէն քննութեան առնելուց յետոյ միաձայնութեամբ կայացրեց հետեւեալ որոշումը, որ շտապում ենք յայտնել Ձերդ Վեհափառութեան։ Նկատի ունենալով, որ թեմիս պատգամաւորական ժողովի, թեմական խորհրդի եւ հասարակական միւս մարմինների պաշտօնավարութեան եռամեայ շրջանը լրանալու վրայ է եւ շատ մօտ ապագայում նոր ընտրութիւններ տեղի պիտի ունենան, առաջնորդական տեղապահի ընտրութեան խնդիրները թողնել նոր ընտրւելիք պատգամաւորական ժողովին, պատշաճ տնօրինութիւն անելու համար։
Որդիական խորին յարգանօք համբուրում ենք Ձերդ Վեհափառութեան Ս. Աջը։
Դիւան Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովի Նախագահ՝ Պերճ Գրիգորեան, քարտուղար՝ դոկտ.Վ. Նահապետեան։»
Ս. Էջմիածնի կողմից այս բոլոր առաջարկութիւնները եղան՝ յարգելու համար Իրանի կառավարութեան որոշումները եւ իրանահայ եկեղեցական կեանքը համաձայնեցնելու համար տեղական պետական օրէնքներին։
5. Մեզ անհասկանալի է թւում ձեր գանգատը, որով յայտնում էք, թէ իրանական կառավարութեան 1949 թւականի որոշման պատճառով «Թեհրանի թեմի եւ Ս. Էջմիածնի Մայր Աթոռի յարաբերութիւնները ունեցել են միայն ձեւական եւ անւանական բնոյթ։»
Եթէ «ձեւական եւ անւանական բնոյթ» բառերը գործածում էք կամենալով հասկանալ, որ Ս. Էջմիածնի եւ Թեհրանի թեմի միջեւ որեւէ կապ գոյութիւն չի ունեցել եւ թէ փաստօրէն արդէն իսկ խզւած են պաշտօնական փոխադարձ հոգեւոր բարոյական յարաբերութիւնները, ապա այն դէպքում պէտք է նշենք, թէ այդ բնաւ չի համապատասխանում իրականութեանը։
Յիշենք մի քանի կարեւոր փաստեր, որոնք ցոյց են տալիս, թէ իրականութեան մէջ սերտ կապ եւ գործակցութիւն է գոյութիւն ունեցել վերջին տարիների ընթացքում եւս՝ Մայր Աթոռի եւ ձեր թեմի միջեւ….

Այսուհետեւ նամակում մանրամասն ներկայացւած է Էջմիածնի եւ Թեհրանի Հայոց թեմի միջեւ կապերը, որոնք ապացուցում են, որ այդ յարաբերութիւնը միայն ձեւական չի եղել:

Գերագոյն հոգեւոր խորհուրդ
Ատենապետ` Սահակ Արքեպիսկոպոս
2 Մայիսի 1958 թ.
Ս. Էջմիածին

 

 

Նամակների տեքստերը փոխառնւած են Ս. Էջմիածնի պաշտօնաթերթ` «Էջմիածին» ամսագրի 1960 թւականի Մարտ ամսւայ համարում տպագրւած «Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը պատմութեան լոյսի տակ» յօդւածից, որի PDF տարբերակը կարող էք ստանալ այստեղ: Յօդւածի էջ 53-63-ը (PDF ֆայլի էջ 25-35) վերաբերում են իրանահայ թեմերին:

 

 

«Յոյս» թիւ 123

30 Մայիս 2012

 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *