Իրանի գործարարների պատւիրակութեան այցը Հայաստան

 
ԱՐՄԻՆԷ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆ
 
 
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտօնական հրաւէրը Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ Դոկտ. Եահեա Ալէ Էսհաղից հիմք հանդիսացաւ, որպէսզի վերոյիշեալ առեւտըրաարդիւնաբերական պալատն Իրան-Հայաստան Առեւտրական պալատի եւ Հայաստանի Զարգացման հայկական գործակալութեան համագործակցութեամբ՝ իրանական 60 գործարարների համար նախատեսի եւ կազմակերպի բիզնես-ֆորում, որտեղ պիտի քննարկւէին երկու երկրների առեւտրային եւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարները:
Բիզնես-Ֆորումի բացման արարողութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Արա Պետրոսեանը, Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ Դոկտ. Եահեա Ալէ-Էսհաղը, ՀՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն՝ Արայիկ Վարդանեանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան՝ Մոհամմադ Ռայիսին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան՝ Գրիգոր Առաքելեանը, «Արաս» ազատ առեւտրի եւ արդիւնաբերու-թեան գօտու նախագահ՝ Սադեղ Նաջաֆի Խեզերլուն: Բացման արարողութեան ընթացքում Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ դոկտ. Ալէ Էսհաղը կարեւորութեամբ մատնանշեց, թէ ընդհանուր առմամբ հայ եւ իրանցի ձեռներէցները քիչ են ծանօթ միմեանց, եւ 60 հոգանոց պատւիրակութեան այցը վկայում է իրանական կողմի համագործակցութեան մասին:
 «Հայաստանի հետ մեր համագործակցութիւնը բաւականին բարձր մակարդակի վրայ է, բայց կան որոշ վարչական հարցեր, որոնք կազմաւորման կարիք ունեն: Մասնաւորապէս՝ դա փոխշահաւէտ սակագների սահմանման, երկու երկրների գործարարների ազատ տեղաշարժման գործընթացի դիւրացման հարցն է».-ասաց դոկտ. Ալէ-Էսհաղը:
ՀՀ Էկոնոմիայի նախարարի տեղակալ՝ Արա Պետրոսեանը ընդգծեց.-«Վերջին երկու տարիներին Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է մօտ 320 մլն. դոլար, եւ այդ ցուցանիշը, իհարկէ, պէտք է աւելացնել, առաւել եւս, որ դրա համար ներուժ կայ: Ներկայ կարգավիճակում քաղաքական երկկողմ յարաբերութիւններն ամենաբարձր մակարդակի վրայ են»:
ԻԻՀ-ում  ՀՀ  արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Գըրիրգոր Առաքելեանն իր հերթին ողջունելով բիզնես-ֆորումը եւ Իրան-Հայաստան առեւտրատնտեսական համագործակցութեան մասշտաբային հեռանըկարները, խօսելով երկու երկրների յարաբերութիւնների սերտացման անհրաժեշտութեան մասին, աւելացրեց, որ Իրանը նոյնպէս պէտք է բաց լինի հայաստանցի գործարարների ներդրումների համար եւ որ Իրանում հայաստանցի գործարարը կարողանայ հիմնել իր արտադրութիւնը, ինչպէս ՀՀ-ում գործող շուրջ 3000 պարսկական ընկերութիւններն են:
 «Արաս» ազատ առեւտրի եւ արդիւնաբերութեան գօտու նախագահ՝ Սադեղ Նաջաֆի Խեզերլուն իր ելոյթում մանրամասնօրէն ներկայացրեց այն բոլոր հնարաւորութիւնները, մաքսային եւ հարկային արտօնութիւնները, որոնցից օգտւելով հայ գործարարները նոյնպէս կարող են ԻԻՀ տարածքում գործունէութիւն ծաւալել:
Ապա ՀՀ Զարգացման Հայկական գործակալութեան տնօրէն Ռոբերտ Յարութիւնեանն իրանցի գործարարներին տեսաշարային տարբերակով մանրամասնօրէն ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրի նկարագիրը:
Երկու երկրների բանախօսներից եւ ելոյթ ունեցողներից իւրաքանչիւրը իր խօսքում իր երախտագիտական ու շնորհակալական խօսքով բարձր գնահատեցին Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ պրն. Լեւոն Ահարոնեանի մեծ ջանքերն ու երկու երկրների գործարար համագործակցութեանը նւիրւած նրա տեւական ու շարունակական աշխատանքները, որոնցից էր նաեւ այս բիզնես-ֆորումը:            
Ֆորումին մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետութեան արդիւնաբերութեան տարբեր ոլորտներ ներկայացնող աւելի քան 60 ընկերութիւններ, որոնք էին՝ մսամթերքի արտադրութիւն, էլեկտրասարքաւորումների փորձարկում եւ ստուգում, պոլիէտիլէն սարքաւորումների եւ կաղապարների արտադրութիւն, ճենապակեայ անօթների արտադրութիւն, մոլիբդէն ածանցեալների արտադրութիւն, պլաստմասսայէ նիւթերի առեւտուր, երկաթեայ խողովակների եւ միացումների պաշտպանութեան համակարգեր, հոսանք, մալուխ, ընտանի կենդանիների եւ սպիտակուցների ներմուծում, բնական կաշւի արտադրութիւն եւ վաճառք, նաւթաքիմիական արտադրանք, ինժեներա-տեխնիկական ծառայութիւններ, ճարտարագիտական ծառայութիւններ, ջրի ռեսուրսների ոլորտում տեխնիկական ծառայութիւններ, պոլիմերի եւ լաբորատորիայի արտադրութիւններ, նաւթի, գազի տեխնիկական ծառայութիւններ եւ խորհրդատւութիւն, բետոն արտադրող կաղապարների արտադրութիւն, ապահովագրական ծառայութիւններ, բոյսերի արտադրութիւն, արդիւնաբերութիւն, գիւղատնտեսութիւն եւ հանքային արտադըրանքների զարգացման այլ ոլորտներ:
Հայ-իրանական տնտեսական, տեխնոլոգիական եւ մշակութային յարաբերութիւններն ընդլայնելու եւ խթանելու նպատակով միջոցառմանը Երեւանի Առեւտրաարդիւնաբերական պալատի եւ Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի միջեւ ստորագրւեց փոխըմբռնման յուշագիր, որից յետոյ հայ եւ իրանցի գործարարների միջեւ տեղի ունեցաւ անհատական գործարար հանդիպում-քննարկումներ:
Պատւիրակութեան եռօրեայ այցի շրջանակում նախատեսւած էին հանդիպումներ ՀՀ շահագրգիռ նախարարութիւնների եւ գերատեսչութիւնների հետ:
Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը 2012 թւականին ազգային վիճակագրական ծառայութեան տւեալներով, կազմել է 317.7 մլն. դոլար: Հայկական ապրանքների արտահանման ծաւալը կազմել է 97.8 մլն. դոլար:
Իրան-Հայաստան Առեւտրական պալատից պատւիրակութեան կազմում ներկայ էին պրն. Լեւոն Ահարոնեանը, պրն. Ռեզա Հէյդարին, պրն. Սուրէն Շահբազեանը եւ օր. Թինա Թամազեանը:
Պատւիրակութեանս տոմսերը, հիւրանոցը, ճաշարանները եւ քաղաքային երթեւեկութիւնը կարգադրւել էր «Սաթի» Թեհրան եւ «Սաթի» Երեւան զբօսաշրջութեան եւ ճամբորդական գործակալութիւնների միջոցով, իսկ պետական ու հայաստանեան առեւտրականների եւ ներդրողների շրջանակներում պաշտօնական եւ պետական հանդիպումների համադրումը, ինչպէս նաեւ ընդհանուր տնօրինութիւնը կատարեց Իրան-Հայաստան Առեւտրական պալատը:
Վերջին 35-ամեակներում ամենամեծաքանակ 60 հոգանոց պատւիրակութիւնը յուլիսի 18-ի երեկոյեան վերադարձաւ Թեհրան:
 
«Յոյս» թիւ 151
Օգոստոս 2013
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *